Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե հայտնի ռուս հարցազրուցավար Յուրի Դուդը հանդիպեր Արցախյան պատերազմի վետերանի հետ ու սկսեր տալ բոլոր այն հարցերը, որոնցից մենք սովորաբար խուսափում ենք։ 2025թ. ապրիլի 17-ին այդպիսի մի հանդիպում էր Common Ground մշակութային հանգույցում, որտեղ թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Պլոտնիկովն անցկացրեց իր ներկայացման առաջին բաց փորձը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սրահը լեփ-լեցուն է, տեղերը վաղուց զբաղեցված են, մարդիկ կուտակվել են մուտքի մոտ եւ աթոռների կողքին։ Բեմին մոտենում է գլխավոր հերոսը՝ Կոլյա Ստեփանյանը, 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցը: Նա եւ ընկերները հայտնվել էին շրջափակման մեջ եւ մեծ դժվարությամբ էին փրկվել։ Դուդի կերպարը մարմնավորող դերասանն արդեն սպասում է։ Ներկայացումը կոչվում է՝ «Ի՞նչ կհարցներ Յուրի Դուդը ինձնից՝ արցախյան պատերազմի վետերանից»։
Ո՞վ է Կոլյա Ստեփանյանը
Կոլյա Ստեփանյանը ծնվել է 1998 թվականին Մոսկվայում։ 20 տարեկանում որոշել է տեղափոխվել Հայաստան եւ կամավոր զինվորական հաշվառման է կանգնել։ Շատ չանցած՝ հայտնվել է Արցախի երկրորդ պատերազմի ամենաթեժ հատվածներում։ Երկու շաբաթ առաջնագծում լինելուց հետո Կոլյան եւ իր ընկերները 70 օր անհետ կորել են։ Այդ փորձառությունը դարձել է նրա գրքի՝ «Где»-ի հիմքը։
Գիրքը Մոսկվայում լույս է ընծայել «Individuum» հրատարակչությունը։
«Մաֆիան» արթնանում է գիշերը
Ներկայացման ընթացքում Կոլյան պատմում էր, թե ինչպես էին ապրում շրջափակման օրերին։ Սմարթֆոն չկար՝ ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ։ Օրերը սկսվում էին գուշակումներով՝ ուտելու ի՞նչ կգտնեն այսօր։ «Տղերքից մեկին հարցրի՝ հիմա ինչ կուզեիք ուտել, ասում է՝ նուտելլա։ Լուրջ դեմքով ասում էր, մենք էլ` հա, իհարկե, մնում ա՝ գտնենք»։
Մի շրջան ապրում էին մի տան տանիքում։ Ցերեկը գյուղում ադրբեջանցիներ էին, գիշերը՝ «արթնանում էր մաֆիան», ինչպես ինքն է նկարագրում։ Այսինքն՝ իրենք, գիշերը դուրս էին գալիս ուտելիք փնտրելու։ Քաղաքը, ըստ Կոլյայի, բնակիչներից դատարկ էր, բայց լցված՝ շներով։
Մի գիշեր, պատահաբար, մի տնակ մտնելով՝ թոնրում խոզ գտան։ Ուրախությունը մեծ էր։ Կոլյան պատմում էր, թե ինչպես խոզին սպանելուց հետո վերադառնում էին իրենց «տանիք տունը», երբ հանկարծ խոզը սկսեց շարժվել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ գիշերը, ասում է, ծանր էր։ Տեղանքն անծանոթ էր, բնակավայրը՝ շներով լի, խոզը՝ «վերակենդանացած», իսկ իրենք՝ սոված եւ ուժասպառ։
«Փակիր ինձ մի սենյակում, ես գիրք կգրեմ»
Պատերազմից հետո, երբ Կոլյան որոշեց գրել այդ փորձառության մասին, խնդրեց իր ընկերոջը մեկ ամսով փակել իրեն իր տանը։ Այդ ընթացքում գրեց հիսուն էջ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենակությունն, իրականում, օգնել էր գրելու պրոցեսում։ Բայց ամսվա ավարտին Կոլյան զգացել էր, որ իրեն պակասում է մարդկանց հետ շփումը եւ գնաց Birthright Armenia-ի գրասենյակ: «Այնտեղ միշտ մարդիկ կային, ու ես շատ էի ուզում մարդկանց հետ շփվել», - ասում է նա։ Այնտեղ էլ հանդիպեց իր կնոջը։ Մի քանի շաբաթ անց որոշեցին ամուսնանալ։
«Դուդը» հարցնում է՝ կինը կարդացե՞լ է գիրքը։ Կոլյան ժպտալով ասում է, որ կինը ոչ միայն կարդացել է, այլեւ շատ է օգնել խմբագրել. «Ահագին հայհոյանքներ ջնջվեցին նրա շնորհիվ»։
Անհանգիստ հարցեր, հանգիստ պատասխաններ
Մի պահ «Դուդը» հարցնում է՝ արդյո՞ք Կոլյան երբեւէ փոշմանել է, որ պատերազմի ժամանակ ստիպված է եղել մարդկանց սպանել։ Կոլյան հակիրճ ու հանգիստ պատասխանում է՝ «ոչ»։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Դուդը» փորձում է ավելի խորանալ, սկսում է տարբեր հոգեբանական վերլուծություններ անել՝ կարծես բացատրություն փնտրելով։ Կոլյան հանգիստ ասում է.
«Ոչ դուք եք հոգեթերապեւտ, ոչ էլ ես։ Եկեք ինձ դիագնոզներ չվերագրենք»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Պատերազմի ժամանակ Կոլյան կորցրել է երկու ոտքերը, բայց ասում է՝ շատ է սիրում իր պրոթեզները, հատկապես կարճ շորտեր է կրում, որ ցույց տա դրանք։ «Սկսեցի վերջապես հասկանալ հայ աղջիկներին, ովքեր կարճ շորեր են հագնում», - կատակում է նա։ «Դուդը» հետաքրքրվում է՝ ինչ է զգացել, երբ առաջին անգամ լսել է՝ պետք է ոտքերը կտրեն։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ի՞նչ պիտի զգայի։ Ես մտածում էի՝ պատերազմի ժամանակ մեռնելու եմ, ու գալիս, ասում են՝ ոտքերդ պիտի կտրենք։ Ասեցի՝ դե լավ, կտրեք»։
«Դուդը» հարցնում է՝ «Չե՞ս մտածում, որ պրոթեզներդ էլ են օգնում, որ մարդիկ կարդան գիրքդ»։ Կոլյան առանց շրջանցելու պատասխանում է. «Շատ եմ մտածել դրա մասին։ Հասկանալի է՝ чем мертвее я, тем интереснее книга»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ «Դուդը» հարցրեց՝ ինչն է Կոլյան սիրում Հայաստանում, առանց երկար մտածելու պատասխանեց՝ այն, որ այստեղ կարող է ազատ խոսել ու գրել պատերազմի մասին, առանց գրաքննության։
Որտե՞ղ է «Где»-ն
Կոլյայի պատմության մեջ «Где»-ն ուղղակի տեղանվան հարց չէ։ Այն շատ ավելի բարդ, մարդուն ներսից քանդող հարց է՝ ո՞ւր էի ես այդ պահին, ո՞ւր են իմ ընկերները, ո՞ւր է իմ մարմինը, ո՞ւր է իմ տեղը այս կյանքում։ Գիրքն իր անվան պես շրջում է ոչ թե քարտեզներով, այլ հիշողություններով ու վերքերով։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գեղարվեստական իմաստով «Где»-ն մշտական խզում է՝ անցյալի ու ներկայի, մարմնի ու մտքի, կենդանիի ու մեռածի միջեւ։ Կոլյայի հերոսը ֆիզիկապես տեղ ունի՝ տանիք, ապաստարան, հայրենիք, բայց ներքին տեղ չունի։ Նա վերապրած է, բայց վերապրողի համար նախատեսված տեղ չունի։ Նա վերադարձած է, բայց հասարակությունը տեղ չի պահել վերադարձողների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եվ այդ «Где»-ն չի վերաբերում միայն իրեն։ Այն մեր բոլորի հարցն է՝ որտե՞ղ ենք մենք որպես հասարակություն, երբ մարդը, անցնելով այս ամենի միջով, ստիպված է կատակով թեթեւացնել իր վերքերը՝ որ գուցե նրա գիրքը հետաքրքիր է, որովհետեւ ինքն «ավելի մեռած է»։
«Где»-ն հենց սա է։ Վայր, որ չկա։ Մարդ, որ կա։
Եվ երբ Կոլյային վերջում հարցրի՝ ո՞րտեղ է մարդու տեղը պատերազմից հետո, պատասխանեց՝ այնտեղ, որտեղ այդ մարդը կուզի։ Իր դեպքում՝ դա սերն է։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: