«Դեպի Սվանը». կյանքի անդադար հոսքն ու Պրուստյան ժամանակը - Mediamax.am

exclusive
595 դիտում

«Դեպի Սվանը». կյանքի անդադար հոսքն ու Պրուստյան ժամանակը


Մարսել Պրուստը 1892 թվականին
Մարսել Պրուստը 1892 թվականին
Սերգեյ Մկրտչյանը
Սերգեյ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Մկրտչյանը
Սերգեյ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անտարես


Ֆրանսիացի նշանավոր վիպասան, քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակը որոնելիս» վիպաշարը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարեւոր ստեղծագործություններից մեկը։

«Անտարես» հրատարակչությունը Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ լույս է ընծայել վիպաշարի առաջին՝ «Դեպի Սվանը» վեպը (1913)։

Թարգմանության երկար ու ոչ ավանդական ընթացքի, Պրուստ իրողության ու Պրուստյան ժամանակի մասին է մեր զրույցը  Սերգեյ Մկրտչյանի հետ։
 
- Ոճը, լեզուն, ասելիքը, թե՞ ասելիքի հզորությունն է գլխավոր արժանիքն այս գրքի։

-Ասելիքի հզորությունը։ Մնացած հանգամանքները Պրուստը հաղթահարում է հընթացս։ Բայց Պրուստին նախորդներից եւ հաջորդներից տարբերողը նրա ֆանտաստիկ նրբազգացությունն է, աներեւակայելի դիտողականությունը։ Նա տեսնում է այնպիսի բաներ... Շատ հաճախ մենք չենք էլ գիտակցում՝ ինչ ենք տեսնում, նայում ենք, բայց չենք նկատում նրբությունները, էլեկտրոնները, որոնց վրա կառուցվում է ամբողջը։ Իսկ նա տեսնում է մանրակրկիտությամբ։ Ընթերցողը կարդում է այդ տեսածի մասին։

Գրքի առաջին մասում՝ «Կոմբրէ»-ում, հեղինակը դեռ դեռատի է, մոր շոյանքի ներքո, պապիկի ու տատիկի խնամքի տակ, բայց արդեն չի վարանում ասել, որ ես տեսնում եմ նաեւ ուրիշ բաներ, օրինակ՝ մոր աներեւակայելի նրբությունը, գորովանքը, երբ մայրն այցելում է, ու ինքը սրտատրոփ սպասում է, թե երբ պիտի գա, բարի գիշեր ասի, համբուրի ու գնա։ Այնքան նուրբ է մայրը շոյում նրան, որ դա շոյանք էլ չէ, ու ստեղծվեց նոր բառ՝ շոշափյունը։ Ինչպես որ սոսափյունն է, ծառի նուրբ սոսափը զեփյուռի տակ՝ հազիվ լսելի, սա էլ մոր ձեռքի հազիվ շոշափելի շոշափյունն է։

Սերգեյ Մկրտչյանը Սերգեյ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչու եմ սա ասում՝ ցույց տալու համար, թե Պրուստն ինչ նրբություններ է նկատում՝ մարդկանց, իրերի շարժումը, հարաբերությունները, գույները, ձայները, ամբողջ այդ համանվագը՝ սիմֆոնիան, կյանքի սիմֆոնիան։ Պրուստ եթե կարդում ես (եթե իհարկե պատրաստ ես կարդալ, Պրուստ երեւույթը ըմբռնել), մտնում ես մի ուրիշ աշխարհ։ Ես այլաբանորեն համեմատում եմ օվկիանի հետ։ Ամենամոտը դա է՝օվկիանը՝ անհատակ ու անծայրածիր օվկիանը։ Թռչում ես ոտքերդ, մտնում ես մինչեւ ծնկներդ, խորանում ես ու սուզվում, սուզվում շա՜տ երկար...

- Երբ մոր այցը Սվանի պատճառով ուշանում է, տղան գիշերանոցով հայտնվում է հյուրերի առաջ եւ մտածում, որ պատժվելու է այդ արարքի համար։ Բայց հայրը չի սաստում, մայրն էլ ողջ գիշեր մնում է նրա մոտ։ «Մինչդեռ ծնողներս ինձ այնպես բարեշնորհեցին, ինչպես երբեւէ չէին արել իմ որեւէ լավ արարքի համար»։ Ակնա՞րկ է, որ կան բաներ՝ ավելի կարեւոր, քան բարեկրթությունը, ընդունված նորմերը։

-Նկատի պետք է ունենանք, որ տղան հիվանդ էր ասթմայով։ Ծնողների գորովագին վերաբերմունքը հասկանալի է։ Ինքը գիտի, իր ժամանակվա բարոյական էթիկայի աչքերով ասում է, որ զանցանք է թույլ տվել։ Բայց իհարկե ակնարկ կա, որ ամեն ինչ չէ, որ չոր ու ցամաք մեկընդմիշտ կարծրացած է, չէ՞ որ մարդկային հոգին ճկուն է, ըմբռնումն էլ պետք է ճկուն լինի։

-Գրքում շատ են կերպարները, դեպքերը, բայց ընթերցողը գնում է ոչ թե անցուդարձի, այլ պատմողի մտքի հետեւից։ Գիտակցության հո՞սքն է սա։

- Այո, գիտակցության հոսքը, կյանքի հոսքը, անդադար սլացքը, որ Պրուստը ներկայացնում է անգերազանցելի վարպետությամբ։ Այսինքն՝ իր ամբողջ կյանքը ցույց է տալիս, պատմում է, պատմում է այնպես, որ զգում ես՝ ինչ-որ դեպքեր, անցումներ են տեղի ունենում եւ ա՜յն աստիճան իդեալական են մեկը մյուսին շարունակում։ Ընդ որում՝ կյանքի մեխանիկան ցույց է տալիս ժամանակի ընթացքի մեջ ու զուտ պրուստյան ժամանակի,  վերանայում է այդ ժամանակի ոչ միայն տեսանելիությունը, այլ նույնիսկ անտեսանելի բաները։ Եվ միտումնավոր չի անում դա, այդպես է մտածում, այդպես է տեսնում, ու ժամանակի հոսքը կյանքի մեջ մի տեսակ դանդաղում է։ Ես գրքի նախաբանի մեջ գրել եմ՝ ժամանակը ջրի պես չի հոսում, նրա ժամանակը մի տեսակ ծորում է՝ մեղրի պես, բայց ոչ սովորական մեղրի, այլ մայիսյան։ Նա ակամա է անում, որ տեսանելի լինեն կյանքի բոլոր դրվագներն ու վայրկյանները, եթե արագ գնա, շատ բաներ չես տեսնի։ Պրուստի գաղտնիքներից մեկը սրա մեջ է։

- Ձեր դիտարկումները թերեւս կարող են օգնել ընթերցողին գիրրքը ճիշտ ընթերցել։

- Այո, իհարկե, որ զգաս, ապրես, շոշափես ոչ թե առաջին պլանի ասելիքը՝ կյանքը, հարաբերությունները, նկարագրությունները, այլ այդ բոլորը միավորող ու մի հոսքի մեջ գցող Պրուստյան ժամանակը՝ տոգորված զգացմունքայնության անկրկնելի մինորով։

-Վիպաշարի հիմնական մասը տպագրվել է գրողի մահից հետո։ Այսքան խորքային գուցե չլինե՞ր վիպաշարը, եթե գրողը չզգար կյանքի ու մահվան սահմանագիծը։ Ասում է․ «Ինչն է կյանքից ավելի թանկ, եթե ոչ կյանքը»։

-Այսինքն՝ Պրուստ երեւույթը կծնվե՞ր այդպիսին, թե՞ ոչ։ Պրուստին հարիր հարց է։ Նախաբանում ասում եմ, որ  հիվանդությունը, նախասիրությունները, խիստ բարեկիրթ ընտանիքը, շրջապատը, ժամանակը, մարդկային հարաբերությունները, այդ բոլորը միասին ծնեցին Պրուստ երեւույթը։ Իհարկե հիվանդությունը բավականին մեծ՝ կամերտոնային նշանակություն ունեցավ։ Եթե հիվանդ չլիներ, միգուցե այդքան նրբազգաց չլիներ։ Ծանր ասթմա ուներ, անբուժելի՝ այն ժամանակ, ապրեց մոտ հիսուն տարի, բայց ծանր ապրեց, ու չնայած այդ բոլորին՝  տրվեց կյանքին այնպես, ինչպես շատերը չեն կարող։ Կյանքի տրոփյունը զգալ, ապրել ու այդքա՜ն հանճարեղ ձեւով պատմել մարդկությանը, հուզել մարդուն, մարդուն մարդ դարձնել...

Լուսանկարը` Անտարես


Պրուստյան գրականությունը մարդու հոգին հղկելուն է կոչված։ Եթե Պրուստի երաժշտությունը լսելու ունակ ես, չի կարող պատահել, որ  ընթերցելու ընթացքում չնրբանաս գոնե մի քիչ։

- Սեղմագրում գիրքը բնորոշել եք հուշագրություն, ինքնախոստովանություն։ «Դեպի Սվանը» փաստագրություն չէ, բայց մտացածին էլ չէ, հիմքը իրական է։ Բայց ինչո՞ւ ինքնախոստովանություն։

-Ինքնախոստովանություն՝ բառիս ոչ բուն իմաստով։ Պրուստն անսեթեւեթ է, առաջին հայացքից թվում է, որ եթե այդքան ճոխ լեզվով գրում է՝ ուրեմն ինչ-որ արտիստիզմ կարող է լինել՝ սեթեւեթանքի պես։ Ո՛չ, նա այնքան ազնիվ է, տեսնում է կյանքի բոլոր նրբերանգներն ու ասում է այդ մասին․ նա խոստովանում է իր ազնվությունը։ Գրում է Սվանի սիրո մասին, լուրջ հարաբերութուններ է ներկայացնում, Վերդյուրենների կեղծավոր աշխարհն է պատկերում։ Չի քննադատում, չի պախարակում, ցույց է տալիս մեղմ, թեթեւակի, այդ ամենի հետեւում դու տեսնում ես Պրուստի ներողամիտ ժպիտը։ Նա ինքն իր մասին էլ է պատմում չէ՞, իր տառապանքները, երբեմն չափազանց սերն ու նվիրումը այս կամ այն մարդու նկատմամբ՝ մերձավորների, տատիկի։ Հենց դա է խոստովանանքը կյանքի ու իր մասին։

-Օդետը հռչակված էր «գեղեցկությամբ, անբարոյականությամբ ու վայելչագեղությամբ»։ Պրուստը ներողամիտ է նաեւ նրա նկատմամբ, գուցե պարզապես նկարագրո՞ւմ է՝ ինչպիսին կարող է լինել կամ չլինել կինը։

-Օդետը փարիզյան պճնուհու հավաքական կերպար է։ Թեթև է խատուտիկի պես։ Ես-ը շատ է մեջը, Սվանից օգտվում է, բայց պարուրում է այդ բոլորը կանացի սեթեւեթանքով, նազանքով։ Կարելի է ասել՝ շատ քաղցրիկ տզրուկ է։ Սվանն էլ սկզբից խելակորույս տարված է Օդետով, հետո կասկածում է, սթափվում։ Սվանն էլ ունի իր ես-ը, բարձրաշխարհիկ կերպար է՝ երես առած, իր գինն իմացող, իր խնդիրներն ունեցող։ Բարդ կերպար է։ Օդետն ու Սվանը ներկայացնում են Ֆրանսիայի այն ժամանակվա հավաքական վարքուբարքը։

-Պրուստը նաեւ կանացի նրբագեղության մասի է խոսում, որ մնացել է անցյալում։

-Բարքերն են փոխվում։ Նույնը հիմա չի՞ կատարվում։ 20-30 տարի առաջ մի բան էր, հիմա տեսնում ես, որ այլ կերպ են կանայք խոսում, հագնվում, իրար հետ հաղորդակցվում։ Անողոք ժամանակի հոսքը...

- Արագության մեր դարում ո՞վ կարող է լինել Պրուստի ընթերցողը։ Բավակա՞ն է գիտակցումը, որ հաղորդակցվելու ես 20-րդ դարի լավագույն հեղինակներից մեկի հետ, որպեսզի Պրուստ կարդաս։

- Աշխարհում կան տասնյակ պրուստագիտական կենտրոններ, ամբիոններ։ Գիտնականները (գրքի նախաբանում թվարկել եմ՝ սոցիոլոգներ, հոգեբաններ, փիլիսոփաներ, արվեստաբաններ, մշակութաբաններ, լեզվաբաններ, գրականագետներ) «ստիպված» են կարդալ՝ ամեն մեկն իր ասպեկտով, որ ուսումնասիրեն ոլորտը։  

Այսօրվա ընթերցողը միայն Քամյու պետք է կարդա, որովհետեւ շարադրանքը հեռագրային է․ ասելիքը խորն է, կարճ նախադասությունների հետեւում ցասում կա, լարում, թեժություն, բայց կարդալը հեշտ է։ Իսկ Պրուստը գրում է ժամանակի ընթացքը ցույց տալու համար՝ երկարաշունչ նախադասություններով ու նկարագրություններով։ Ուրեմն Բախ ու Մոցարտ էլ չպետք է լսել, ոչ էլ Բեթհովեն, Գրիգ (իսկ Պրուստը, իմ կարծիքով, մեր ժամանակների Մոցարտն է․․․)։

Տեսանողներն ասում են, որ վերափոխություն կարող է լինել մեր դարաշրջանում, այդ ժամանակ վերանայում կարող է լինել անգամ այս հարցում։

- Պրուստյան թարգմանությունը շարունակություն ունենալո՞ւ է։

-Առաջարկներ կան, հորդորում են, հարցնում՝ մտադի՞ր եք թարգմանել երկրորդ վեպը․․․ Պրուստը 7 վեպ է գրել, եթե ես թարգմանեմ երկրորդ վեպը, նույն ընթերցողները պիտի ասեն՝ բա երրո՞րդը, չորրո՞րդը․․․ Ես ուզում եմ փորձել նաեւ մեկ ուրիշ կոթող թարգմանել։ Պրուստի հիմնարար վեպը առաջինն է՝ «Դեպի Սվանը»։ Մյուսները էլի հզոր են, բայց ինչպես ասեմ, սիմֆոնիան սկսվում է, նախերգանքը արդեն շատ բան տալիս է, ասելիքն ուրվագծում է։ «Դեպի Սվանը» (նույնիսկ առաջին գլուխը՝ «Կոմբրէ»-ն), հենց այդ նախերգանքն է։ Կենտրոնանամ միայն Պրուստի վրա, կյանքս չի հերիքի։

-Գրքի վերջին տողերն ասես ամփոփում են ասելիքը․ «...հուշը որոշ պատկերի մասին ընդամենը ափսոսանք է որոշ ակնթարթի հանդեպ, իսկ տները, ճամփաները, փողոցները, ավա՜ղ, անցողիկ են՝ տարիների պես»։ Ժամանակն այնուամենայնիվ կորուսյա՞լ է։

-Ռուսերեն գրքի վերնագիրը թարգմանված է «В поисках утраченного времени»․ Եվ շատերի մտքում հայերենը հնչում է՝ «Կորուսյալ ժամանակի որոնումներում»։ Ես փոխել եմ բայի կերպը՝ կորուսյալ ժամանակը որոնելիս։ Որոնումներում-ը այն վիճակն է, որտեղ դու կաս, իսկ որոնելիսը ընթացքի մեջ է քեզ դնում։

Իր համար այդ տարիները, հուշերը արդեն կորուսյալ են, բայց կորուսյալ ժամանակի ապրումն է հավերժ։ Սա է Պրուստը, Պրուստի ոգեղենության էությունը, էույթը՝ ֆենոմենը։

-Ի՞նչն էր առանձնահատուկ թարգմանական պրոցեսում։

-Մի կողմ դրած այն ամենը, ինչի մասին խոսեցինք՝ ապրումները, նկարագրությունը, այստեղ նաեւ Պրուստի լեզվամտածողության խնդիրը կա։ Պատահական չէ, որ նախադասությունը կազմվում է այս կերպ եւ ոչ թե այն կերպ։ Բառերի շարահյուսքը ուրիշ է, եւ փաստորեն ես նույնը արեցի հայերենում։ Նախադասությունը կազմելու ընդունված, դասական տարբերակը փոքր-ինչ վերանայել եմ, բայը՝ գործողութունը, դրել եմ նախադասության վերջում՝ ժամանակի ընթացքը ձգելու համար։  
Սերգեյ Մկրտչյանը Սերգեյ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրքում կգտնեք նաեւ տասնյակ նոր ստեղծված բառեր, բառակապակցություններ, օրինակ՝ տեղ հասնելուն պես։ Քսան տարի առաջ չկար այդ բառակապակցությունը, հետո առատորեն կիրառեցին  կրտսեր գրչընկերներս, լրատվամիջոցները, ու տարածվեց։ էլի ձեր խոնարհ ծառան է ստեղծել  ինչ-որ բանի հետ մեկտեղ-ը, որը արեւմտահայերենում էր ընդունված, իսկ արեւելահայերեն կասեին՝ դրա հետ միասին։ Տարածվեց նաեւ մեկտեղ-ը։

Արեւելահայերենում կային որոշ բառեր, արտահայտություններ,  որ վաղուց չէին գործածվում, օրինակ՝ տակնուվրա, շուրջ բոլորը, դեմ հանդիման եւ այլն։ Դրանք հեղինակային չեն, պարզապես ես դրանց շունչ ու կենդանություն եմ հաղորդել, և հիմա լայնորեն օգտագործվում են, ու ես ուրախ եմ դրա համար։

-Որքա՞ն է տեւել թարգմանության ընթացքը։

-Պրուստով սկսել եմ հետաքրքրվել մոտ 20 տարի առաջ։ 2000-ականների սկզբներին «Գրական թերթում», «Գարուն» ամսագրում հատվածներ տպագրվեցին Պրուստից, ու բավականին արձագանք եղավ, մինչ օրս հիշում են։ Բայց չի կարելի ասել, թե այն ժամանակից եմ թարգմանում․ փորձեր էին, հատվածներ։ Հետո աննկատ ձեւով խորացա Պրուստի մեջ։ Այնպես չէ, որ միանվագ նստեցի ու սկսեցի թարգմանել, դա ընթացք էր։ Թարգմանություն էլ չի կարելի ասել, եթե դասական ձեւով  մոտենանք հարցին։ Ես վերածնել եմ, վերակերտել եմ Պրուստը հայերեն։ Օրեր են եղել, որ անդադար թարգմանել եմ, օրեր են եղել՝ ոչ։ Ամբողջացրել եմ վերջին տարիներին։ Բայց միայն Պրուստով չեմ զբաղվել, անհնար էր այդպես անել։ Ռելեի պես անջատվել եմ Պրուստից, անդրադարձել եմ ուրիշ հեղինակների, հետո նորից վերադարձել եմ Պրուստին։ Բայց Պրուստ թարգմանելիս ես  մոռանում եմ ժամանակի զգացողությունը, իսկ այլ հեղինակների դեպքում՝ սովորական թարգմանիչ եմ։ 2023-ի վերջին գիրքը պատրաստ էր։

Արմինե  Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին