Խառնակ ժամանակները Գայտո Գազդանովի «Ալեքսանդր Վոլֆի ուրվականը» գրքում - Mediamax.am

exclusive
316 դիտում

Խառնակ ժամանակները Գայտո Գազդանովի «Ալեքսանդր Վոլֆի ուրվականը» գրքում


Լուսանկարը` Саша Papercut

Գայտո Գազդանովը 1920-ականներին
Գայտո Գազդանովը 1920-ականներին

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»

Գրիգոր Ֆերեշեթյանը
Գրիգոր Ֆերեշեթյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Գրիգոր Ֆերեշեթյանի թարգմանությամբ լույս է ընծայել Գայտո Գազդանովի «Ալեքսանդր Վոլֆի ուրվականը» գիրքը։

Ինչպես նշվում է գրքի սեղմագրում՝ «Ալեքսանդր Վոլֆի ուրվականը» սուր սյուժեով թրիլեր ժանրի ռուսական լավագույն վեպերից է, բայց դրա արժանիքները ժանրի սահմաններից անդին են անցնում։

Մեդիամաքսը զրուցել է Գրիգոր Ֆերեշեթյանի հետ:

- «Ալեքսանդր Վոլֆի ուրվականը» մեծ հաջողություն է բերել Գազդանովին: Հետաքրքիր սյուժե՞ն, թե՞ փիլիսոփայական հենքն է այս գրքի գլխավոր արժանիքը, հաջողության գաղտնիքը։

-Կարծում եմ՝ այդ երկուսի համադրումը, որ իսկապես մեծ վարպետությամբ է արված։ Առհասարակ վեպը կուռ կառուցվածք ունի, օրգանիկ է, ամբողջական։ Հեղինակին հաջողվել է նուրբ, երբեմն անգամ փոքր-ինչ հեգնալից երկխոսությունները համադրել բռնցքամարտի դինամիկ նկարագրության, թրիլերի, սիրավեպի տարրերի հետ, բայց կյանքի, մահվան, ճակատագրի, ճակատագրապաշտության, երկատվածության շուրջ փիլիսոփայական հարցերը սկզբից մինչեւ վերջ առկա են վեպում։

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»


Նման համադրումից շահում է առաջին հերթին ընթերցողը, քանզի դրա շնորհիվ վեպը չափազանց գրավիչ է, հաճույքով է ընթերցվում, հիացնում է լեզվի հղկվածությամբ, ձեւակերպումների ճշգրտությամբ եւ յուրահատուկ քնարականությամբ։

- Պատմողը՝ վեպի թերեւս գլխավոր հերոսը, ընդհանրություններ ունի հեղինակի հետ, թեկուզ այն առումով, որ էմիգրանտ է, գրել է սպորտային մրցույթների մասին հաշվետվություններ։ Գուցե նախատիպ ունի նաեւ Վոլֆը։ Ինչ-որ բան գիտե՞ք այս մասին։

- Ընդհանրություններ, կարծում եմ, կան։ Բացի այդ, սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի հանդեպ հետաքրքրությունն էլ պատահական չէ, բռնցքամարտով հետաքրքրվում էին նաեւ այլ գրողներ՝ Կորտասարը, Հեմինգուեյը եւ այլք։ Պատճառն այն է, որ ե՛ւ սպորտում, ե՛ւ արվեստում, չնայած ահռելի տարբերությանը, կա մի ընդհանուր բան՝ խաղի տարրը։
Գայտո Գազդանովը 1920-ականներին Գայտո Գազդանովը 1920-ականներին


Այո, նախատիպեր ունի, առաջին նախատիպը հենց ինքը Գազդանովն է։ Ընդհանրություններն ակնհայտ են, եւ Գազդանովը, եւ Ալեքսանդր Վոլֆը մասնակցել են քաղաքացիական պատերազմի, բայց լիակատար նմանություն չկա նրանց միջեւ։ Երկրորդ նախատիպը, ըստ ռուս գրականագետ Պետինովայի, Գազդանովի մտերիմ ընկեր, էմիգրանտ հեղինակ Բորիս Պոպլավսկին է։ Պետինովան այդպես է կարծում, քանզի Գազդանովը բավական նման է նկարագրել եւ Պոպլավսկու, եւ Ալեքսանդր Վոլֆի արտաքինը։ Մեկ այլ գրականագետ՝ Սերգեյ Կիբալնիկը, ենթադրում է, որ Ալեքսանդր Վոլֆի նախատիպը Վլադիմիր Նաբոկովն է։ Օտարության մեջ Վոլֆն էլ Նաբոկովի պես սկսում է անգլերեն գրել, այդպես է վարվում նաեւ Նաբոկովի վեպերից մեկի հերոսը՝ Սեբաստյան Նայտը։ Ալեքսանդր Վոլֆի հետ որոշակի նմանություն ունի նաեւ Նաբոկովի «Լրտեսը» վիպակի հերոսը։ «Ալեքսանդր Վոլֆի ուրվականը» վեպի մոտիվներն առկա են Նաբոկովի «Պիլգրամ» եւ «Զբաղված մարդ» պատմվածքներում։

-Հենց սկզբից պատմողը նշում է, որ իր գործած սպանությունը քաղաքացիական պատերազմի անթիվ դրվագներից մեկն է։ Խառնակ իրավիճակների, պատերազմի, հեղափոխության ազդեցությունն է կարծես մատնանշվում մարդկային ճակատագրերի վրա։

-Անթիվ դրվագներից մեկն է՝ հեղինակը նույնիսկ նշում է, որ «այդժմյան անչափ կարեւոր իրադարձությունների բոլորաշրջանում այդ սպանությունը կարող էր դիտարկվել իբրեւ աննշան մանրուք»։ Կարող էր դիտարկվել, բայց, այդուհանդերձ, մանրուք չէր, եւ վեպի ընթացքը անընդհատ դա ապացուցում է։

Պատմողը շարունակ զղջում է, որ սպանություն է գործել, իսկ երբ իմանում է, որ այն մարդը՝Վոլֆը, որի վրա կրակել էր, ողջ է, նորից հակասական զգացումներ է ապրում։ Առաջին հայացքից թվում է, որ այդ փաստը պետք է նրա մեջ գոնե ինչ-որ թեթեւության զգացում առաջացներ, բայց այդպես չէ, քանի որ երկխոսություններից մեկում պատմողը դիմում է Վոլֆին հետեւյալ բառերով. «Այնքան վարժվել էի այն մտքին, որ դուք այլեւս ողջ չեք»։
Գրիգոր Ֆերեշեթյանը Գրիգոր Ֆերեշեթյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Իհարկե, խառնակ իրավիճակների, պատերազմի, հեղափոխության ազդեցությունը մարդկային ճակատագրի վրա նույնպես առկա է, եւ այս պարագայում հենց այդ «կարող էր դիտարկվել իբրեւ աննշան մանրուք» ձեւակերպումը երկակի իմաստ է ստանում, ասես ակնարկելով, որ պատերազմական իրավիճակներում սպանությունը ինչ-որ «սովորական» բան է դառնում, կամ, ավելի ճիշտ, թյուրիմացաբար այդպես է ընկալվում, բայց իհարկե, նույնը չէ, ինչ խաղաղ կյանքում։

-Պատերազմական իրավիճակում նաեւ դժվար է որոշել՝ ով է սպանողը, ով՝ զոհը։ Պատմողին ու Վոլֆին միացնում է ոչ միայն սպանությունը, այլեւ երկատվածության զգացումը։ Կամ գուցե նրանք նույն մարդու երկու եսե՞րն են։

-Այո, իսկապես Վոլֆի եւ պատմողի միջեւ կա ընդհանրություն՝ երկատվածությունը, բայց նրանց ճակատագրերը տարբեր են։ Վերը թվարկած ձեր բոլոր մեկնաբանություններն էլ տեղին են, քանզի, ինչպես գրեթե բոլոր հաջողված գործերը, այս վեպը տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություն է ընձեռում։

Վեպի գործողությունների ծավալման խթանը քաղաքացիական պատերազմի ժամանակ պատմողի եւ Ալեքսանդր Վոլֆի հանդիպումն է։ Սա այն մեկնակետն է, որը հնարավոր չէ շրջանցել, ուստի այստեղ ակնհայտ է ճակատագրի անխուսափելիության եւ ճակատագրապաշտության մոտիվը, նաեւ, իհարկե, ինչ-որ միստիկական բան էլ կա եւ պատահական չէ, որ ռուս ժամանակակից գրողներից Վլադիսլավ Օտրոշենկոն իր՝ այս վեպին նվիրված էսսեում գրել է․ «Ուրվականում կարելի է գտնել լերմոնտովյան ճակատագրապաշտություն, առօրյաի մեջ՝ միստիկականը եւ հակառակը նշմարելու պուշկինյան ունակություն»։

- Էմիգրանտությունն էլ երկատվածություն կարող ենք դիտարկել։ Գիրքը նաեւ քաղաքակա՞ն ենթաշերտ  ունի։

- Չեմ բացառում, որ այն կա, բայց համենայն դեպս, ակհայտորեն արտահայտված է, ինչպես որոշ այլ էմիգրանտ հեղինակների՝ մասնավորապես Բունինի կամ Նաբոկովի որոշ պատմվածքներում։ Տասնվեցամյա Գազդանովը մասնակցել է քաղաքացիական պատերազմին, կռվել է «սպիտակների» կողմից, բայց հետագայում սովետական իշխանությունների դեմ ընդգծված ելույթներ կամ տեքստեր չունի, մտերիմ է եղել եւ նամակագրական կապ է պահպանել Մաքսիմ Գորկու հետ, թեեւ չեմ բացառում, որ միգուցե հաշվի առնելով իր անցյալը՝ վախեցել է վերադառնալ ԽՍՀՄ։

- Ավազակի՝ Պիեռոյի պատմությունը կարծես հակադրվում է Վոլֆի կերպարին։ «Դու իհարկե ավազակ ես, այնպես չես հագնվում, ինչպես որ հարկ է, կրթության պակաս ունես, բայց եթե կարծում ես, թե ինչ- որ հայտնի մարդ, որի մասին կարդում ես թերթում՝ բանկատեր, նախարար, ծերակուտական, քեզնից լավն է՝ սխալվում ես»։

- Պիեռոյի կերպարն ընդհանրապես անսպասելի է հայտնվում վեպում՝ արագացնելով իրադարձությունների ընթացքը։ Թեեւ Պիեռոն պատմողի հետ զրուցելիս նշում է, որ ամաչում է իր անկիրթ լինելուց, բայց պատմողն ասես նախանձում է նրա «բնականությանը»։ Պիեռոյի մահը նախանշում է Ալեքսանդր Վոլֆի մահը եւ հետագա իրադարձությունները պատմողի կյանքում։ Պիեռոն հակադրվում է Վոլֆի կերպարին, թեպետ որոշ գրականագետներ նրան նաեւ երկու գլխավոր հերոսի՝ պատմողի եւ Վոլֆի հեգնական կրկնակ են դիտարկում։

- Վոլֆի պատմվածքների ժողովածուն վերնագրված է «Ես կգամ վաղը»։ Վաղվա գալը գուցե ապագան է խորհրդանշում, գուցե մահվա՞ն գալը։

- Այդ վերնագիրը կարելի է կապել ճակատագրի անխուսափելիության, ճակատագրապաշտության հետ, այն, իհարկե, խորհրդանշում է նաեւ մահվան գալուստը։Այդ վերնագրում միաժամանակ ինչ-որ ահասարսուռ եւ հեգնալից բան կա։  

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին