7 քաղաքացիները` Մարինե Մանուչարյան - Mediamax.am

exclusive
6954 դիտում

7 քաղաքացիները` Մարինե Մանուչարյան


Մարինե Մանուչարյանը
Մարինե Մանուչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինե Մանուչարյանը
Մարինե Մանուչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինե Մանուչարյանը
Մարինե Մանուչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին` ներկայացնելով այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

Փաստեր

Ծնվել է 1982 թ. նոյեմբերի 7-ին Երեւանում։

Սովորել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում։ Այնուհետեւ նույն համալսարանում ստացել է Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրոսի կոչում։

1999թ․ առ այսօր ակտիվորեն ներգրավվել է մի շարք երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներում, ինչպես նաեւ եղել է «ՍԿՍԵԼ Ա» շարժման ակտիվ անդամ, հանդիսանում է «Բանակն իրականում»  նախաձեռնության անդամ։

2008-2010 թթ. աշխատել է Բրյուսելում տեղակայված «Եվրոպական Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության հայաստանյան գրասենյակում` որպես պաշտոնական ներկայացուցիչ։

2010 թ.-ից  «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ նախագահն է։

2014 -2015 թթ. Եվրախորհրդի Երիտասարդության հարցերով Խորհրդատվական խորհրդի անդամ։

Ամուսացած է, ունի մեկ դուստր։

 «Մարդկանց պետք է նոր խոսք, նոր հավատ եւ նոր ուժ»

-Ե՞րբ ստացաք Պայմանագրին միանալու առաջարկը եւ ի՞նչը Ձեզ դրդեց միանալ նախաձեռնությանը:

- Երկրում տիրող քաղաքական իրավիճակն ինձ միշտ մտահոգել է: Ակտիվ մասնակցություն եմ ունեցել 2008թ. քաղաքական իրադարձություններին, ժամանակին նաեւ «Հիմա» շարժման անդամ էի: Կուսակցական պատկանելիություն երբեւէ չեմ ունեցել եւ հանդես եմ եկել բացառապես քաղաքացիական դիրքերից: Աջակցելով այդ շարժումներին, փորձում էի հասկանալ` ի՞նչն է խանգարում  մեր երկրին ժողովրդավարական պետություն դառնալ:

«Քաղաքացիական պայմանագրին» միանալու առաջարկը ստացա Նիկոլ Փաշինյանից 2013թ. հուլիսին: Առաջարկն ընդունեցի, քանի որ ինձ առաջին հերթին գրավեց Պայմանագրի տեքստը: Այն անդրադառնում է ինձ համար շատ կարեւոր հիմնահարցերի, կարեւորում է քաղաքացու տեսակը, նրա առջեւ դրված պարտավորությունները եւ այն հանգամանքը, թե ինչպիսի պետություն է ցանկանում տեսնել քաղաքացին: Պետությունը խորհրդային մտածելակերպի համաձայն ոչ թե պետք է պահի եւ պահպանի քաղաքացիներին, այլ նաեւ քաղաքացին պետք է դառնա պետության պաշտպանության երաշխիք:


Մարինե Մանուչարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Նախընտրեցի միանալ մի նախաձեռնության, որը հավատ է ներշնչում եւ որի հիմքում ընկած են ինձ հոգեհարազատ արժեքներ ու սկզբունքներ:

-Ձեզ բոլորիդ Քաղաքացիական պայմանագրում համախմբել է հիմնարար փաստաթուղթը: Արդյո՞ք այն ի զորո՞ւ է նաեւ հանրությանը համախմբող գործոն դառնալ:

- Միանալու շարժառիթները տարբեր են լինելու: Ոմանք միգուցե Պայմանագրին միանան Նիկոլ Փաշինյանի անձի համար, շատերը կմիանան տեքստի համար, ոմանք էլ հնարավոր է միանան` այլընտրանք չտեսնելով: Սակայն մեր հետեւողական աշխատանքի արդյունքում միայն Պայմանագրի բովանդակությունը կդառնա միավորող ուժ: Պայմանագիրը «կենդանի օրգանիզմ» է, եւ նրա վերջնական տեսքը կախված է ոչ միայն կառավարման խորհրդի անդամներից, այլ «Քաղաքացիական պայմանագրի» յուրաքանչյուր անդամից: Յուրաքանչյուր անդամից ակնկալվում է որոշակի ներդրում տեքստի հանրայնացման գործընթացում: Շատ մարդիկ արդեն իսկ ներկայացնում են իրենց մտահոգությունները եւ առաջարկները: Մենք հավաքագրում ենք այդ ամենը, իսկ Պայմանագրի տեքստը կհստակեցվի, կբացվի եւ համաժողովին կներկայացվի միանգամայն այլ տեքստ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նախաձեռնությունից:

- Ես ակնկալիքներ ունեմ այն մարդկանցից, ովքեր միանում են պայմանագրին: Հույս ունեմ, որ այդ մարդիկ առաջիկայում կներդնեն իրենց ողջ եռանդն ու ներուժը Պայմանագիրը ՀՀ քաղաքացիներին եւ արտերկրում բնակվող հայերին հասանելի դարձնելու համար: «Քաղաքացիական պայմանագիրն» ի վիճակի է մոբիլիզացնել երկրի արհեստավարժ ներուժը: Պայմանագրի յուրաքանչյուր անդամ պետք է աշխատանքներ իրականացնի ինստիտուցիոնալ ընդդիմության յուրաքանչյուր օղակի կառուցման ուղղությամբ: Կառավարման խորհրդի գործառույթը այս գործընթացի կազմակերպումն է:

- Հնարավոր է արդյո՞ք ակտիվություն ակնկալել քաղաքացիներից այն պայմաններում, երբ նրանք հիասթափություն են ապրել գրեթե բոլոր քաղաքական ուժերից:

- Պետք է հիասթափությունը վերածել մոտիվացիայի: Հիմա հնարավորությունների ժամանակն է, երբ գործունեության դաշտը բավականին բաց է, եւ մարդկանց նոր խոսք, նոր հավատ եւ նոր ուժ է անհրաժեշտ: Սակայն մենք գլխապատառ չենք նետվում առաջ, քանի որ չենք պատրաստվում քաղաքական դաշտում եւս մեկ հիասթափության պատճառ դառնալ:
Մենք բավականին ոգեշնչող արձագանքներ եւ անդամագրվելու հայտեր ենք ստանում մարդկանցից: Մենք բաց ենք նաեւ քննադատությունների համար եւ երբեք չենք խուսափում որեւէ հարցի քննարկումից: Կարծում եմ, կառավարման խորհրդի ակտիվ գործունեությանը զուգընթաց մարդկանց ոգեւորությունն էլ կավելանա:

- Ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ եթե «Քաղաքացիական պայմանագրի»  մասնակիցը որոշում է հեռանալ Հայաստանից, ապա դա համարվում է «դավաճանություն»:

- Քաղաքացիական պայմանագիրը պիտակավորմամբ չի զբաղվում, ոչ ոք «դավաճան» չի հայտարարվում։ Պայմանագրում հստակ նշված է, որ ՀՀ քաղաքացիները, անդամակցելով Պայմանագրին, պարզապես պարտավորվում են չարտագաղթել (արտագաղթ չի համարվում արտերկրում ուսումնառության եւ ժամանակավոր աշխատանքի մեկնելը): Բացի այդ, Պայմանագրին անդամակցող սփյուռքահայերը կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները պարտավորվում են քայլեր ձեռնարկել մոտ ապագայում Հայաստան վերադառնալու համար: Մեր առաջնային նպատակը արտագաղթը կանխելն ու ներգաղթ ապահովելն է, քանի որ սա Հայաստանի առջեւ ծառացած օրհասական խնդիր է:


Մարինե Մանուչարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանա հասնել իր նպատակներին:

- Մեզ անհրաժեշտ է մարդկային ներուժ եւ գաղափարների փոխանակում: Կան խնդիրներ, որոնք «տաբու» են դարձել եւ դրանց մասին ոչ ոք չի խոսում: Մենք կապահովենք բաց քննարկումներ:  Անհրաժեշտ են նաեւ ֆինանսական միջոցներ:  Սա լուրջ խնդիր է, քանի որ ոչ ոք չի քննարկում, թե որտեղից է ֆինանսավորվում քաղաքականությունը, ինչը հսկայական բաց է երկրում ժողովրդավարական գործընթացների համար: Արտասահմանում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման բազմաթիվ մեխանիզմներ կան` քաղաքացիների կամավոր նվիրատվություններ, հարկերից հատկացվող տոկոսներ եւ այլն: Մենք պետք է ի վիճակի լինենք մոբիլիզացնել յուրաքանչյուր քաղաքացու նվիրատվությունը եւ նրա նվիրվածությունը ընդհանուր գաղափարին:

-Ի՞նչ հավակնություններ եք հետապնդում «Քաղաքացիական պայմանագրին»  միանալով:

- Իմ հավակնությունն այն է, որ մի օր արթնանամ եւ տեսնեմ, որ Հայաստանը ճիշտ ուղով է զարգանում: Այսօր ես այդ զգացողությունը չունեմ եւ կարծում եմ, մեր բնակչության մեծամասնությունը` նույնպես: Այսօր տեսնում ենք, որ սխալ ուղղությամբ ենք առաջ շարժվում: Քաղաքական կարիերայի հավակնություններ չունեմ, բայց ուզում եմ իմ ներուժը ներդնել այս գործընթացը հաղթական ավարտին հասցնելու համար:

Այս պահին «Քաղաքացիական պայմանագիրը» հասարակական-քաղաքական նախաձեռնություն է եւ ես ավելի շուտ քաղաքացիական դիրքորոշում ունեմ, քան քաղաքական: Չեմ կենտրոնանում անձնական ամբիցիաների կամ շահերի վրա:

«Բլից» հարցեր

- Չե Գեւառա, թե՞ Մահաթմա Գանդի

- Գանդի:

- Համակարծի՞ք եք, որ քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, այլ կան մշտական շահեր:

- Համակարծիք չեմ: Շահերը կարող են փոփոխվել, սկզբունքներն ու արժեքներն են մշտական:

- Բոլոր ժամանակների քաղաքական առաջնորդներից ո՞ւմ կառանձնացնեիք:

- Անգելա Մերկելն ինձ համար հետաքրքիր քաղաքական գործիչ է, նաեւ հետեւում էի Օբամային, նրա նախընտրական արշավին, նրա՝ քաղաքական գործիչ տեսակը նույնպես հետաքրքիր է:

-Ո՞րն է ազատության Ձեր բնորոշումը:

- Ազատ մտածելն ու գործելը:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիների հեռանկարում:

- Հեշտ չի լինելու, բայց ես լավատես եմ: Լավատեսությունն ու դրական լիցքերը գործի կեսն են:

Մարինե Մանուչարյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին