50 գլոբալ հայերը. Կարեն Մարտիրոսյան - Mediamax.am

exclusive
33321 դիտում

50 գլոբալ հայերը. Կարեն Մարտիրոսյան


Կարեն Մարտիրոսյանը
Կարեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Հոր հետ՝ դիսերտացիայի պաշտպանությունից հետո:
Հոր հետ՝ դիսերտացիայի պաշտպանությունից հետո:

Լուսանկարը` Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Հոբելյանական SHS միջազգային սիմպոզիումի մասնակիցները Սեւանում (կենտրոնում ակադեմիկոս Մերժանովն է):
Հոբելյանական SHS միջազգային սիմպոզիումի մասնակիցները Սեւանում (կենտրոնում ակադեմիկոս Մերժանովն է):

Լուսանկարը` Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Ռոալդ Սագդեեւի հետ:
Ռոալդ Սագդեեւի հետ:

Լուսանկարը` Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Լաբորատորիայում՝ ուսանողների հետ:
Լաբորատորիայում՝ ուսանողների հետ:

Լուսանկարը` Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Ընտանիքի հետ:
Ընտանիքի հետ:

Լուսանկարը` Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին` Կարեն Մարտիրոսյանին՝ Բրաունսվիլում գտնվող Տեխասի համալսարանի ֆիզիկայի եւ աստղագիտության ֆակուլտետի պրոֆեսորին եւ նանոտեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավարին:

Կարեն Մարտիրոսյանը ծնվել է Երեւանում, գիտնականների ընտանիքում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: Հետագայում Չերնոգոլովկայի (Մոսկվայի մարզ) Կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտում աշխատել է թեկնածուական թեզի վրա, որը պաշտպանել է 1991 թվականին: 

1993-2001թթ. ապրել եւ աշխատել է Մոսկվայում: 2001թ. հրավեր է ստացել Հյուսթոնի համալսարանից եւ ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ: Ներկայումս Բրաունսվիլում գտնվող Տեխասի համալսարանի ֆիզիկայի եւ աստղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է, ինչպես նաեւ ղեկավարում է նանոտեխնոլոգիաների լաբորատորիան: Ավելի քան 150 գիտական հրապարակումների եւ արտոնագրերի հեղինակ է, ինչպես նաեւ բազմաթիվ գիտական ամսագրերի խմբագրակազմի անդամ, որոնք մասնագիտացած են նանոտեխնոլոգիաների եւ նանոբժշկության ոլորտներում: 
 
Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել գիտական այն միջավայրը, որում ես մեծացել եմ. հայրս եւ հորեղբայրս գիտնականներ էին, եւ մեր տուն հաճախ էին այցելում նրանց գիտնական ընկերները: Ինձ շատ թեմաներ էին հետաքրքրում. մանկուց հրապուրված էի օդանավերի մոդելավորմամբ, էլեկտրոնային սարքավորումների նախագծմամբ ու կառուցմամբ, քիմիայով եւ ֆիզիկայով, ռադիոսարքերով, սիրում էի նախագծել եւ զոդել ռադիոընդունիչներն ու հաղորդիչները: Մասնակցում էի օդանավերի նախագծման բազմաթիվ մրցույթների, նույնիսկ մրցանակային տեղեր էի զբաղեցնում եւ, արդյունքում, լինելով դեռեւս ուսանող, ինքս էլ ավիամոդելավորում էի դասավանդում դպրոցականներին: Հրապուրված էի նաեւ բժշկությամբ, դա եկել էր մայրիկիցս. նա բժիշկ-նյարդաբան էր: Տասներորդ դասարանում հայրս՝ իմ կյանքի գլխավոր Ուսուցիչը, ամեն օր ստիպում էր լուծել տասը խնդիր ֆիզիկայից եւ տասը՝ մաթեմատիկայից, ինչը կայուն հիմք հանդիսացավ իմ հետագա ուսման եւ աշխատանքի համար: 


Հոր հետ՝ դիսերտացիայի պաշտպանությունից հետո:
Լուսանկարը՝ Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

1979 թվականին Պոլիտեխնիկում բացվեց կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ ես ընդունվեցի՝ կիսահաղորդիչ եւ միկրոէլեկտրոնային սարքավորումների ինժեներ մասնագիտացմամբ: Ամբիոնի վարիչը պրոֆեսոր Սենիկ Մկրտչյանն էր, ով հետագայում դարձավ իմ գիտական ղեկավարներից մեկը: Քանի որ ես հրապուրված էի նաեւ բժշկությամբ, ցանկանում էի ինչ-որ կերպ փոխհատուցել հետաքրքրությունս նաեւ դրա նկատմամբ: Պոլիտեխնիկում ուսումնառությանը զուգահեռ ավարտեցի բժշկական կիբեռնետիկայի երկամյա ծրագիրը հասարակական գիտությունների ֆակուլտետում: Նաեւ պրակտիկա անցա Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, ինչը խորապես հարստացրեց իմ գիտելիքները կենսաբանության եւ բժշկության ասպարեզներում: 

Նույն Պոլիտեխնիկում ասպիրանտուրա ընդունվեցի որպես հայցորդ: Աշխատում էի Պետրոս Ավագյանի ղեկավարած խմբում, ով լավ գիտական կապեր ուներ Չերնոգոլովկայում գտնվող ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտի (ԳԱԿՄԻ) հետ: Այդ տարիներին ես գրեթե ստիպված էի ապրել Երեւան-Մոսկվա ճանապարհին, քանի որ գիտական աշխատությունս ամբողջությամբ կատարում էի ԳԱԿՄԻ-ում: Ի վերջո, երկուսուկես տարի անց, ես պաշտպանեցի դիսերտացիան: ԳԱԿՄԻ-ի տնօրենը ակադեմիկոս Ալեքսանդր Մերժանովն էր, ով մինչեւ կյանքի վերջն այնտեղ աշխատում էր որպես գիտական ղեկավար (ակադեմիկոս Մերժանովը մահացել է 2013թ. հուլիսին,- խմբ.): Ժամանակին նա եղել է ինքնատարածվող բարձր ջերմային սինթեզին նվիրված միջազգային սիմպոզիումի (Self-Propagating High-temperature Synthesis (SHS)) առաջամարտիկը: Այդ սիմպոզիումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, իսկ հոբելյանական 10-րդն անցկացվել է 2009թ. Հայաստանում: 

Այս տարի ես էի ղեկավարում Սիմպոզիումի կազմկոմիտեն, որը մենք անցկացրեցինք հոկտեմբերի 21-24-ը ԱՄՆ-ի South Padre Island-ում: Կոնֆերանսին մասնակցում էին նաեւ 5-6 գիտնականներ Հայաստանից:


Հոբելյանական SHS միջազգային սիմպոզիումի մասնակիցները Սեւանում (կենտրոնում ակադեմիկոս Մերժանովն է):
Լուսանկարը՝ Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Դիսերտացիան պաշտպանելուց հետո ես մի քանի տարի աշխատում եւ դասավանդում էի Պոլիտեխնիկական ինստիտուտում. դա 90-ականների սկիզբն էր՝ ամենադժվար ժամանակահատվածը երկրի համար: Այդ ժամանակ արդեն ունեի հետաքրքիր գիտական մշակումներ բարձր արդյունավետության ֆիլտրերի եւ բարձր ջերմային նյութերի ստեղծման վերաբերյալ՝ հայաստանյան հումքի օգտագործմամբ (բենտոնիտ, ցեոլիտ, բազալտե մանրաթել եւ այլն), որոնք մենք ներդնում էինք արտադրության մեջ: 

Բնականաբար, այդ տարիներին ծանր հարվածի տակ հայտնվեց նաեւ գիտությունը, եւ շուտով, երբ սկսվեցին էլեկտրաէներգիայի անջատումները, ստիպված եղանք նվազագույնի հասցնել աշխատանքներն ու բոլոր հետազոտությունները: Թախիծով եմ հիշում, թե ինչպես էր հայրս անձնվիրաբար փորձում պահպանել իր լաբորատորիայի աշխատանքը Երեւանի ճարտարապետական ինստիտուտում (հետագայում այդ լաբորատորիան կոչեց հորս անունով):   

Ես արդեն ընտանիք, երեխա ունեի եւ ցանկանում էի զբաղվել իմ գործով՝ գիտությամբ, այլ ոչ թե պարզապես գոյատեւել: 1993 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվեցի Մոսկվա, որտեղ ընդունվեցի դոկտորանտուրա: Այդ տարիներին Մոսկվայում ստիպված էի զբաղվել համակարգչային բիզնեսով, քանի որ գիտական աշխատանքը նորմալ աշխատավարձ չէր ապահովում: Գրում էի հոդվածներ, տպագրում, կուտակում արժեքավոր գաղափարներ: Ի վերջո, պրոֆեսոր Միքայել Ներսիսյանի միջնորդությամբ, Հյուսթոնի համալսարանում աշխատելու հրավեր ստացա: Այդպես, 2001թ. հուլիսին ընտանիքիս հետ միասին տեղափոխվեցի ԱՄՆ:

Այնտեղ հիանալի հնարավորություններ ընձեռվեցին գաղափարներս կյանքի կոչելու համար՝ սարքավորումներ, նյութեր, գրադարաններ, գիտական շփումներ: Այնուամենայնիվ, շատ բաներ ստիպված էի սկսել գրեթե զրոյից. ձեռք բերել գիտական հեղինակություն, ստեղծել հիմք, սովորել հասկանալ ամերիկյան համալսարանական համակարգի կառուցվածքը եւ արեւմտյան ոճը գիտության մեջ: 


Ռոալդ Սագդեեւի հետ:
Լուսանկարը՝ Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Ներկայումս Կարենն աշխատում է Բրաունսվիլում գտնվող Տեխասի համալսարանի ֆիզիկայի եւ աստղագիտության ֆակուլտետում, ղեկավարում է նանոտեխնոլոգիաների լաբորատորիան, ինչպես նաեւ ունի ավելի քան 1 մլն դոլարի գիտական դրամաշնորհներ:

Տվյալ պահին իմ գիտական գործունեությունն առավելապես կապված է նանոկառուցվածքային նյութերի, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրառությամբ էներգիա ստանալու, ինչպես նաեւ կենսանանոտեխնոլոգիաների հետ: Հաջողվում է բավարարել նաեւ հետաքրքրությունս բժշկության հանդեպ: Իմ խումբը Houston UT MD Anderson Cancer Center-ի հետ (քաղցկեղային հիվանդությունների խնդրով զբաղվող աշխարհի առաջատար գիտական կառույցը) մշակում է նանոկառուցվածքային բժշկական սարքավորումներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել քաղցկեղածին բջիջների հստակ կանխորոշման եւ դրանց հետագա ոչնչացման նպատակով՝ ճառագայթման կամ ջերմության միջոցով:

Մենք մշակում ենք նաեւ նանոէներգետիկ նյութեր, որոնք ֆինանսավորում է ԱՄՆ Օդուժի հետազոտական լաբորատորիան (Air Force Research Lab): Ես երեք անգամ պարգեւատրվել եմ հեղինակավոր Air Force Summer Faculty Fellowship-ի դրամաշնորհներով եւ աշխատել եմ Օդուժի լաբորատորիայում Eglin AF ռազմակայանում (Ֆլորիդա):

Մեր լաբորատորիան աշխատում է նոր նյութերի ստեղծման, ստացման եւ բնորոշման ուղղությամբ: Վերջերս ես կես միլիոնանոց դրամաշնորհ շահեցի Ազգային գիտական հիմնադրամի կողմից իմ լաբորատորիայի համար: Մեր ունեցած սարքավորումներն ունեն ամենաբարձ մակարդակը: Մենք աշխատում ենք կրիոգեն տեխնիկայով, որի նմանը աշխարհում չկա. կատարում ենք ցածր ջերմաստիճանային չափումներ սկսած 1.9 Կելվինից (մոտ է բացարձակ զրոյին): Բացի այդ, չափում ենք այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են նյութերի մագնիսական, ջերմային, էլեկտրական հատկությունները մագնիսական ուժեղ դաշտի ազդեցության ներքո՝ մինչեւ 9 Տեսլա: Դրանք շատ բարդ ու թանկարժեք համակարգեր են:    


Լաբորատորիայում՝ ուսանողների հետ:
Լուսանկարը՝ Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Շատ եմ ճանապարհորդում, կարդում եմ գիտական զեկույցներ, դասախոսություններ, անցկացնում եմ սեմինարներ: Այս տարին ինձ համար խիստ ծանրաբեռնված էր, քանի որ ղեկավարում էի երկու գիտաժողովների կազմկոմիտեները:

Ինձ մոտ աշխատում են բազմաթիվ ուսանողներ: Փորձում եմ ուսանողներ ներգրավել նաեւ Հայաստանից: Այժմ մեզ մոտ սովորում է մի ուսանող Երեւանից, ով դոկտորանտուրա է ընդունվել իմ ղեկավարությամբ: 

Ժամանակիս կեսից ավելին ծախսում եմ դասախոսությունների վրա: Այլ պրոֆեսորների հետ մեկտեղ մենք ստեղծել ենք, այսպես կոչված, Nanoscience Concentration Program-ը: Դա նանոտեխնոլոգիաների ուսուցման ծրագիր է 7 տարբերակով: Մենք այդ դասընթացների ինտեգրումը կատարում ենք ընտրողաբար՝ առանձին ծրագիր կա մաթեմատիկոսների համար, առանձին՝ ֆիզիկոսների, կենսաբանների, ինժեներների եւ այլոց: Այսինքն, դա բավականին ճկուն համակարգ է. ուսանողն ընտրում է այն, ինչն իրեն հետաքրքրում է: Այդ ծրագրի առավելությունն այն է, որ այն չի նախատեսում կրեդիտային ժամերի ավելացում, եւ ուսանողները դիպլոմի հետ ստանում են նաեւ նանոգիտության մեր հավաստագիրը: Ծրագիրն արդյունավետ է աշխատում, եւ ուսանողները շատ գոհ են: Երբ ես նոր էի սկսում, գիտական հետազոտություններն ինձ համար ավելի կարեւոր էին, քան դասավանդումը: Բայց հետո հանգեցի այն եզրակացության, որ լավ մասնագետ պատրաստելը շատ օգտակար եւ դժվարին աշխատանք է, ոչ պակաս կարեւոր, քան գիտական հետազոտությունները: 

Կարենն ամուսնացած է, ունի երկու դուստր: Կրտսերը՝ Ալիսան, սովորում է 7-րդ դասարանում: Մեծը՝ Մարգարիտան, ավարտել է Նյու-Յորքի համալսարանի (NYU) թատերական ստուդիան, ներկայումս ապրում եւ աշխատում է Լոս-Անջելեսում: Մարգարիտան “The Edge оf Paradise” մետալ խմբի մենակատարն է:


Ընտանիքի հետ:
Լուսանկարը՝ Կ. Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարենը սերտ կապեր է պահպանում նաեւ Հայաստանի գիտական շրջանակների հետ:

Կարծում եմ, Հայաստանը պետք է ավելի ակտիվ գիտական շփումներ հաստատի այլ երկրների հետ: Հարկավոր է երիտասարդներին ուղարկել արտասահման սովորելու, ինչպես, օրինակ, դա այսօր հաջողությամբ անում է Ղազախստանը: Բայց, միաժամանակ, հարկավոր է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որեսզի այդ երիտասարդները ցանկանան վերադառնալ եւ աշխատել իրենց երկրում: Ահա մի պարզ օրինակ. ես վաղուց համագործակցում եմ Երեւանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Սուրեն Խաչատրյանի հետ, եւ այդ համագործակցությունն ուսանողներին հնարավորություն է տալիս Հայաստանից գալ եւ սովորել մեր համալսարանում:  

Լավ եմ հիշում խորհրդային ժամանակները, երբ հայրս ու հորեղբայրս՝ երկու պրոֆեսորներ, չէին կարող դուրս գալ երկրից: Այն ժամանակ այդ գործոնը շատ լուրջ խոչընդոտ էր: Նախ, այդ պատճառով մեր գիտնականներին աշխարհում չէին ճանաչում, երկրորդ՝ առկա էր լեզվական պատնեշ անգլերեն լեզվին չտիրապետելու պատճառով: Խորհրդային հոդվածները երբեմն թարգմանվում էին անգլերեն, բայց թարգմանությունը, մեղմ ասած, հեռու էր կատարյալ լինելուց, այդ պատճառով նրանք մեծ հետաքրքրություն չէին առաջացնում արեւմտյան գիտնականների մոտ: Այսօր գիտնականները, որոնք ապրում են Երեւանում, պետք է իմանան, թե ինչ է տեղի ունենում իրենց ոլորտում գլոբալ իմաստով, տեղյակ լինեն վերջին նվաճումներին ու մշակումներին:

Հայաստանը պետք է ավելի բաց լինի աշխարհի համար, պետք է փորձի ստեղծել այնպիսի գործիք, որի օգնությամբ հայ գիտնականներն արտասահմանում կկարողանան կապող օղակ դառնալ Հայաստանի եւ արտաքին աշխարհի միջեւ: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվում են: Օրինակ, վերջերս Կալիֆոռնիայում անցկացվում էր հայ բժիշկների սիմպոզիում, որը, եթե չեմ սխալվում, հաջորդ տարի կազմակերպվելու է Երեւանում: Կարծում եմ, այդպիսի նախագծերին անհրաժեշտ է սատարել պետական մակարդակով: Ընդ որում, հիմնական շեշտը հարկավոր է դնել ոչ թե Սփյուռքի, այլ հենց Հայաստանում ապրող գիտնականների վրա:

Հեռանկարային հաջողության հիմնական գրավականը երիտասարդ սերունդն է: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այդ սերունդը ցանկանա մնալ Հայաստանում, եւ գիտությամբ զբաղվելը հեղինակավոր լինի երիտասարդության համար: 

Պետությունը պետք է խրախուսի ասպիրանտներին: Ընդ որում, հարկավոր է այնպես անել, որպեսզի ասպիրանտուրա ընդունվեն իսկապես ամենալավ եւ տաղանդավոր ուսանողները:

Ժամանակակից տեխնոլոգիաների, հաղորդակցության միջոցների եւ լայն փոխգործակցության շնորհիվ գիտությունը ներկայումս զարգանում է երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ, եւ շատ կարեւոր է հետ չմնալ: Պետությունը պետք է գիտակցի, որ բաց թողնված ժամանակը կարող է բացասաբար ազդել երկրի զարգացման վրա:

Կարեն Մարտիրոսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին