Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը: Այսօր ներկայացնում ենք Կարեն Իսպիրյանին, ով մինչ վերջերս ապրում էր Հարավային Կորեայի Սուվոն քաղաքում եւ աշխատում էր Samsung Electronics կորպորացիայում:
Կարեն Իսպիրյանը ծնվել է 1975 թ. Երեւանում: 1997թ. ավարտել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 2002-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրան` կրիպտոգրաֆիա մասնագիտությամբ, 2005-ին ուսանել է ԱՄՆ Կարնեգի Մելոնի համալսարանում:
1993-1996-ը աշխատել է Երեւանում պաշտպանության նախարարությանը կից կոնստրուկտորական բյուրոյում: 1996-ից 2008-ը զբաղվել է կրիպտոգրաֆիայով եւ ծրագրավորմամբ արտասահմանյան ՏՏ-ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերում, իսկ 2008-ից 2011-ն աշխատել է Հարավային Կորեայում՝ Սամսունգ Էլեկտրոնիքս կորպորացիայում՝ որպես ծրագրային անվտանգություն համակարգերի նախագծող-ճարտարագետ:
Կարեն Իսպիրյանը սերտորեն համագործակցել է SAFER+ եւ SAFER++ կոդավորման ալգորիթմերի հեղինակների հետ, մասնակցել դրանց նախագծման գործում եւ ստացված արդյունքների հիման վրա պաշտպանել է թեկնածուական թեզ: SAFER+ համակարգը օգտագործվում է լայն տարածում գտած Bluetooth ստանդարտում: Ներկայումս Կարեն Իսպիրյանը անկախ փորձագետի կարգավիճակում է եւ աշխատում է մի շարք նախագծերի վրա:
«Դեռեւս դպրոցական տարիներին բախտ վիճակվեց հանդիպել մի նվիրյալ մարդու՝ Ավետիք Գրիգորյանին: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս-աստղագետ է: Երբ հանդիպեցինք, նա աշխատում էր Բյուրականի աստղադիտարանում: Ավետիք Գրիգորյանը Հայաստանի երիտասարդական տիեզերագիտական ակումբի հիմնադիրն է, որի անդամներից շատերը դարձել են ժամանակակից ՏՏ-ոլորտի երեւելի մարդիկ: Իր մեծագույն նպատակն էր՝ խմբավորել ունակ, հետաքրքրասեր դպրոցականների եւ ստեղծել մի միջավայր, որտեղ նրանց ստեղծարար ներուժը լավագույնս կզարգանար: Միությունում կատարում էինք տիեզերագիտութանը վերաբերող տարատեսակ աշխատանքներ, որոնք պահանջում էին համակարգչային բարդ հաշվարկներ: Ավետիքը հաշվարկային ծրագրեր էր գրում FORTRAN լեզվով, եւ այստեղ էր, որ առաջին անգամ ծանոթացա ծրագրավորման հետ: Ծրագրավորել դեռ չգիտեի, սակայն ինձ համար արդեն տեսանելի էր, թե որքան հետաքրքիր, հզոր եւ խոստումնալից ոլորտ է այն:
Հայաստանի երիտասարդական տիեզերագիտական ակումբի անդամները գիտաժողովի ժամանակ
Կ. Իսպիրյանի արխիվից
1992-ին ընդունվեցի ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Շատ շուտ պարզվեց, որ ֆակուլտետի անվանման միայն երկրորդ կեսն է արտացոլում այն, ինչ ինձ դասավանդելու են: Բուհում դասավանդում էին հիանալի դասախոսներ, եւ մենք անվերջ սովորում էինք` մաթեմատիկա, մաթեմատիկա եւ կրկին մաթեմատիկա: ՏՏ-ին (ինֆորմատիկային) վերաբերող գրեթե ոչ մի առարկա չէր դասավանդվում:
Հասկացա, որ պետք է արագ կերպով պրակտիկ աշխատանքի անցնել ծրագրավորման ոլորտում, այլապես բուհն ավարտելիս որոշ կարեւոր մասնագիտական հարցերում կթերանայի:
2-րդ կուրսի ուսանող էի, երբ իմացա, որ պաշտպանության նախարարությունը եւ մի շարք ինժեներներ ծրագրեր էին նախաձեռնել, որոնց նպատակն էր՝ օգնել մեր նորաստեղծ զինված ուժերին: Ավետիք Գրիգորյանը եւս ընդգրկված էր այդ ծրագրերում եւ ճանաչելով ինձ, հրավիրեց միանալու այդ աշխատանքներին: Դա իսկական ճակատագրի նվեր էր, քանի որ մթությամբ պարուրված Հայաստանում պաշտպանական նշանակություն ունեցող կարեւոր հիմնարկները մշտապես ապահովված էին հոսանքով: Աշխատելով դրանցից մեկում, հայրենիքիս օգտակար լինելու եւ ծրագրավորման գիտելիքներս խորացնելու հնարավորություն ստացա: 90-ականների երկրորդ կեսերին, երբ Հայաստանն արդեն հնարավորություն ուներ պատրաստի զինամթերք գնելու այլ երկրներից, ծրագրերի մեծ մասը, ցավոք, դադարեցվեցին:
Առաջին մասնավոր ընկերությունը, որտեղ սկսեցի աշխատել 1996-ին, HPLA-ն էր, որն ամերիկյան HPL ընկերության տեղական դուստր-ձեռնարկությունն էր եւ աշխատում էր դրսի պատվիրատուների համար: Այստեղ զբաղվում էի ընդհանուր Windows ծրագրավորմամբ եւ առաջին անգամ առնչվեցի կոմերցիոն ծրագրավորման առանձնահատկություններին:
Ինչպես մեծ կրիպտոգրաֆիան եկավ Հայաստան
1971 թվականին հանրահայտ ակադեմիկոս Ռոմ Վարշամովը Հայաստանում կազմակերպել էր կոդավորման տեսությանը վերաբերող խոշոր գիտական համաժողով, որին հրավիրված էին աշխարհի խոշորագույն մաթեմատիկոսներ: Համաժողովը լի էր հնչեղ անուններով, սակայն մեզ համար կարեւորն այն էր, որ համաժողովին մասնակցում էր ամերիկացի խոշոր գիտնական, հռչակավոր Կլոդ Շենոնի աշակերտ Ջեյմս Մեսսին (James L. Massey): Նրան հետաքրքրել էին հայ մաթեմատիկոսների մի շարք փայլուն աշխատանքներ եւ դա հիմք հանդիսացավ, որ որոշ ժամանակ անց նա դիմեց Վարշամովի աշակերտներ Գուրգեն Խաչատրյանին (ՀՀ ակադեմիկոս) եւ Մելսիկ Կյուրեղյանին (գիտությունների թեկնածու)` համագործակցության առաջարկով:
90-ականների առաջին կեսին արդեն պարզ էր, որ երկար ժամանակ կիրառվող DES (Data Encryption Standard) կրիպտոհամակարգը այլեւս ունակ չէ ապահովելու պահանջվող անվտանգության աստիճանը: Հասկանալի էր, որ այդ խնդրին պետք է լուծում տրվի եւ բնագավառի մասնագետները, որոնց թվում էին նաեւ Մեսսին, Խաչատրյանը եւ Կյուրեղյանը, սկսեցին աշխատել այդ խնդրի լուծման վրա: Գիտնականների այս խումբը սերտորեն համագործակցում էր ամերիկյան Cylink ընկերության հետ, որն այդ բնագավառի առաջատարներից էր: Աշխատանքները սկսելուց որոշ ժամանակ անց 1997-ին առաջարկ ստացա միանալու իրենց եւ աշխատելու այդ չափազանց հետաքրքիր խնդրի վրա: Խնդիրներն իրենց բնույթով շատ բարդ էին. բոլորից պահանջվում էր մասնագիտական ուժերի գերլարում: Նույն 1997-ին հայտարարվեց AES (Advance Encryption Standard) կոդավորման նոր ալգորիթմ նախագծելու բաց մրցույթ, որտեղ մենք ներկայացրինք SAFER+ համակարգը:
Կարեն Իսպիրյանը SAFER+/SAFER++ համակարգերը մշակելու ժամանակաշրջանում (1999 թ.)
Կ. Իսպիրյանի արխիվից
Թեկուզ եւ այն չհաղթեց մրցույթում, բայց դարձավ Bluetooth ստանդարտում կիրառվող կրիպտոալգորիթմերից մեկը: Մեզ համար դա շատ ուրախալի անակնկալ էր: Միշտ հաճելի է գիտակցել, որ աշխատանքիդ արդյունքը ճանաչում է գտել եւ օգտագործվում է միլիոնավոր սարքերում: Այնուհետեւ մասնակցեցինք եվրոպական NESSIE (New European Schemes for Signatures, Integrity, and Encryptions) մրցույթին, առաջարկելով SAFER++ կրիպտոալգորիթմը: Այս աշխատանքների արդյունքում ստացվեց բլոկային ծածկագրերի (Block ciphers) մի ընտանիք, որն այսօր լայն ճանաչում եւ կիրառություն ունի աշխարհում: Ալգորիթմի կարեւորագույն մասերից մեկը՝ բայթերի տեղափոխությունն է, որը Ջեյմս Մեսսին որոշեց անվանել «Armenian Shuffling»: Առաջին անգամ էր, երբ մեր երկրի անունը հնչեց նման բարձր դասի ալգորիթմերի հետ համակցված: Նման կերպ Ջեյմս Մեսսին որոշեց իր երախտագիտությունը հայտնել հայ գիտնականներին:
Այդ ընթացքում, իհարկե, կատարում էինք տարատեսակ կրիպտոհամակարգերի հետ կապված այլ հետաքրքիր աշխատանքներ, ինչպես օրինակ՝ էլիպտիկ կորերի վրա հիմնված համակարգի նախագծումը, սակայն SAFER ընտանիքի զարգացումը ամենանշանակալի եւ հիշարժանն էր: Իսկ ինձ համար այս ամենն իր ավարտուն տեսքը ստացավ գիտությունների թեկնածուի թեզը պաշտպանելուց հետո, որն իր զգալի մասով նվիրված էր SAFER+/SAFER++ համակարգերին:
Նոր գիտելիքների եւ բացահայտումների պահանջ
2004-ին՝ 7 տարի կրիպտոգրաֆիայի ոլորտում աշխատելուց հետո, որոշեցի այն փոխել: Բարեբախտաբար, այս ոլորտում արդեն հասցրել էի արդյունավետ կերպով առնչվել գրեթե բոլոր տեսակի խնդիրներին, եւ նոր գիտելիքների ու բացահայտումների պահանջ ունեի:
Այդ ժամանակ Հայաստանում բացվեց ամերիկյան CQG ընկերության մասնաճյուղը, որը ծրագրային լուծումներ է առաջարկում ֆինանսական շուկաների եւ միջազգային բորսայական հարթակների համար: Այն ԱՄՆ-ում մեծ հարգանք վայելող ընկերություն է: Այստեղ պահանջվում էին ընդհանուր ծրագրավորման բարձր վարկանիշներ ունեցող մասնագետներ, քանի որ սխալի գինը ֆինանսների բնագավառում չափազանց բարձր է: Ընկերությունը եւ այս ոլորտը ինձ շատ հետաքրքրեցին: Անցնելով բարդ մասնագիտական հարցազրույց, ընդունվեցի աշխատանքի:
Ընկերությունը ձգտում էր հետեւել ծրագրային ապահովման նախագծման բարձրագույն չափանիշներին եւ դրանց զարգացումը խթանելու նպատակով Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Հայաստանից ընտրեց մի քանիսին, այդ թվում` ինձ, եւ գործուղեց Կարնեգի Մելոնի համալսարան` վերապատրաստվելու:
Կարեն Իսպիրյանը Կարնեգի Մելոնի համալսարանում դասընթացի մասնակիցների հետ, որոնց թվում են CQG-ի իր գործընկերները
Կ. Իսպիրյանի արխիվից
Այնտեղ հիմնովին սովորեցնում էին իրենց կողմից առաջարկված PSP (Personal Software Process) եւ TSP (Team Software Process) ծրագրային ապահովում ստեղծելու գործընթացը կազմակերպելու ֆորմալ մեթոդները: Զուգահեռաբար ծանոթանում էինք այլ ֆորմալ մեթոդների հետ, ինչպիսիք են՝ XP, SCRUM, RUP ու այլն: Դասընթացներն ավարտելուց եւ համապատասխան որակավորման քննություն հանձնելուց հետո Կարնեգի Մելոնի համալսարանի կողմից արտոնագրված իրավունք ստացա այդ ամենը դասավանդելու եւ ընկերություններում ներդնելու: Դա ինձ համար հիանալի դպրոց էր, որտեղ ձեռք բերեցի փորձառություն եւ սովորեցի, թե ինչ է իրենից ներկայացնում ավարտուն ծրագրային պրոդուկտի ստեղծումը իր բոլոր քայլերի համադրությամբ: Հետխորհրդային բուհերում ուսանած մասնագետներին բնորոշ է գերագնահատել զուտ տեխնիկական լուծումների արժեքները եւ զգալի կերպով թերագնահատել ծրագրային պրոդուկտ ստեղծելու գործունեության այլ բազմապիսի բաղադրիչները եւ նրանց համադրումը: Այդ պատկերացումներով առաջնորդվելու հետեւանքը լինում է այն, որ ծրագրային պրոդուկտի ստեղծումը դիտարկվում է որպես զուտ տեխնիկական լուծումների շարան եւ հաճախ փայլուն տեխնիկական մտահաղացումները փոշիանում են եւ ի վերջո խոստումնալից նախագիծը խորտակվում է:
Samsung-ն ինձ գտավ
Շուրջ 3.5 տարի աշխատեցի CQG-ում, իսկ 2008-ին ինձ գտավ Samsung-ը: Կորպորացիային պետք էր անվտանգության բնագավառում փորձառու մասնագետ եւ նրանց խորհուրդ էին տվել դիմել ինձ: Ի սկզբանե առաջարկվեց աշխատել Մոսկվայում, սակայն հարցազրույցի ժամանակ առաջարկեցին, որ մեկնեմ Կորեա:
Սուվոն քաղաքում գտնվող SAMSUNG Digital Media Center-ի 40-հարկանի այս շենքում է աշխատել Կարեն Իսպիրյանը
Կ. Իսպիրյանի արխիվից
Ինձ համար դա շատ անսպասելի էր, եւ որոշ ժամանակ երկմտում էի՝ գնալ, թե ոչ: Այնուհետեւ պարզվեց, որ իմ մի քանի հայ ընկերներ արդեն աշխատում են Հարավային Կորեայում, եւ նրանք ինձ ասացին «արի», թեեւ այս «արի»-ն վերապահումներով էր. ասում էին, որ արտակարգ երկիր է, բայց կան մի շարք առանձնահատկություններ, որոնց պետք է հարմարվել:
Կորեան այլ մոլորակ է
Հայաստանի համեմատ Կորեան ոչ թե ուրիշ աշխարհ է, այլ ուրիշ մոլորակ: Առաջին շաբաթը Crash Course անցկացվեց նորեկների համար, որպեսզի կարողանանք այնտեղ ինչ-որ չափով կողմնորոշվել: Այդ Crash Course-ի հիմնական նախազգուշացումն այն էր, որ առաջին ամիսներին անխուսափելի մշակութային շոկ ենք ապրելու, եւ որ կան բաներ, որոնց հանդեպ պարզապես պետք է համբերատար լինել:
Օրինակ՝ Crash Course-ի ժամանակ մեզ պատմեցին, որ կորեացիները խուսափում են ուղղակի կերպով արտահայտել իրենց մերժումը: Նրանք փորձում են տարբեր կերպ բացատրել ձեզ, որ մերժում են, բայց «ոչ» բառը չեն արտասանում: Այնտեղ գտնվելու առաջին ամիսն էր, երբ մեկ անգամ ես, չկողմնորոշվելով այդ տարատեսակ պատասխանների իմաստներում, ցանկանալով ստանալ հստակ պատասխան, մի կորեացի գործընկերոջ հասցրեցի այն վիճակի, որ նա ստիպված եղավ արտասանել «ոչ»: Շատ ափսոսում եմ եւ դրանով չեմ հպարտանում, որովհետեւ զգացի, թե ինչ ծանր կացության մեջ նա հայտնվեց: Պետք էր սովորել հասկանալ իրենց բառերի ենթատեքստը:
Կարեն Իսպիրյանը SAMSUNG-ում «Crash Course»-ի չինացի մասնակիցների հետ
Կ. Իսպիրյանի արխիվից
Մեկ այլ խնդիր էր իրենց մոտեցումը աշխատանքային ժամերի նկատմամբ: Պատկերացրեք, երեկոյան ժամը 20:00-ն է եւ ղեկավարից ինչ-որ առաջադրանք է ստացվել: Եվրոպացին կարող է հրաժարվել այդ օրը լրացուցիչ աշխատանք կատարելուց՝ ասելով, որ կզբաղվի դրանով վաղը: Կորեացին չի կարող հրաժարվել առաջադրանքից. նա կշարունակի աշխատել, անհրաժեշտության դեպքում գիշերն էլ կմնա: Եթե նույնիսկ այդ խնդիրն անլուծելի է, նա պետք է ցույց տա, որ գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, այլապես իր ղեկավարի կողմից խիստ նկատողություն կստանա: Ընդհանրապես, իրենց աշխատանքային մշակույթի համաձայն, եթե ղեկավարը նստած է աշխատավայրում, աշխատողները եւս պետք է մնան աշխատատեղում, իսկ կորեացի մենեջերները հաճախ մնում են աշխատավայրում մինչ ուշ երեկո: Արտասահմանցիների նկատմամբ կարող են կիրառվել բացառություններ, եթե ղեկավարը կարծրացած հայացքների տեր մարդ չէ: Բարեբախտաբար, ես հնարավորություն ունեի աշխատել ինձ հասանելիք 8-ժամը եւ ինքնուրույն որոշել՝ շարունակել աշխատանքը, թե թողնել հաջորդ օրվան:
Կորեացիների կառավարման աստիճանավորումը կազմավորված է տարիքային սկզբունքի հիման վրա: Տարիքով ավելի մեծ մարդը պետք է ղեկավարի տարիքով ավելի փոքրին, հակառակը գրեթե անհնար է: Վերադասի հանդեպ հարգանքը արտահայտում են խոնարհվելով: Խոնարհվելու «աստիճանը» կախված է մարդու կարգավիճակից: Ականատես եմ եղել, թե ինչպես մի երիտասարդ իր ողջ աշխատանքային առաջին օրը զբաղված էր աջ ու ձախ բոլորին խոնարհվելով: Իր գործողությունների ողջ իմաստն այն էր, որ նա իրեն համարում էր թիմի անդամ եւ ընդունում բոլորին, որպես ավագ թիմակիցներ:
Ընդհանրապես, կորեացիների մոտ թիմի գաղափարը շատ մեծ նշանակություն ունի: Հայաստանում դա դեռեւս խնդիր է, որը յուրաքանչյուր ղեկավար պետք է կարողանա լուծել: Կորեայում այս խնդիրը լուծել է մշակույթը: Մարդիկ իրենց զգում են թիմի անդամ եւ դրանից դուրս իրենց չեն պատկերացնում: Երբ որեւէ մեկը 1-2 տարի նույն թիմում աշխատելուց հետո պետք է այն լքի, ապա կարելի է ականատես լինել սրտաճմլիկ, լացուկոծով ուղեկցվող տեսարանների:
Իրականում հարմարվելը շատ դժվար չէր. պարզապես պահանջվում էր տարրական հարգանք ցուցաբերել դիմացինի նկատմամբ, ինչի պակասը զգալի է մեզ մոտ՝ Հայաստանում, որը, կարծում եմ, մեր հասարակության արագ զարգացումը խոչընդոտող պատճառներից մեկն է:
Բարեբախտաբար, իմ աշխատանքային թիմը ինչ-որ չափով ծանոթ էր արեւմտյան աշխատաոճին եւ այս դեպքում հարմարվելը հեշտ էր: Շատ ավելի դժվար էր այն արտասահմանցիների համար, որոնք ընդգրկվել էին միայն կորեացիներից կազմված խմբում, որի ղեկավարը կարծրացած պատկերացումներով կորեացի էր: Նման իրավիճակում հայտնվածներից ոմանք չէին կարողանում հարմարվել եւ շատ արագ լքում էին Կորեան:
Երբ առաջին անգամ դիմեցի ինձ հասանելիք 2.5 շաբաթ տեւողությամբ արձակուրդը ստանալու համար, մշակութային շոկ ապրեցին արդեն կորեացի թիմակիցներս. նրանք չէին պատկերացնում, որ 5 օրից ավել կարելի է բացակայել աշխատանքից եւ հանգստանալ:
Մեր կողմից արդեն մոռացված շաբաթօրյակները այնտեղ ընդունված երեւույթ են: Հավաքվում են թիմով, որի ղեկավարը կարող է շատ բարձր պաշտոն զբաղեցնող մեկը լինել, օրինակ, փոխնախագահ, եւ գնում ինչ-որ տարածք բարեկարգելու:
Samsung-ը ներսից
Նախկինում անվտանգությունը Samsung-ի համար առաջնային խնդիր չէր: Ընկերությունն արտադրում էր սուղ նպատակին ծառայող եւ համեմատաբար պարզ ֆունկցիոնալ հնարավորություններով սարքեր: Սակայն վերջին տարիներին տեղի ունեցան զգալի փոփոխություններ: Ժամանակակից հեռուստացույցն ու հեռախոսը արդեն, ըստ էության, համակարգիչներ են՝ հագեցված հսկայական քանակությամբ ֆունկցիաներով: Նրանք թույլ են տալիս սարքը միացնել միջազգային համացանցին եւ օգտվել բազմապիսի ծառայություններից: Այս ամենն անխուսափելիորեն առաջացնում է անվտանգության եւ տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ:
Կարեն Իսպիրյանը SAMSUNG-ում իր թիմի հետ
Կ. Իսպիրյանի արխիվից
Ինձ բախտ վիճակվեց միանալու Samsung-ին այն ժամանակ, երբ անվտանգության համակարգերը դեռ նոր էին նախագծվում: Առաջին իսկ օրերից ներգրավվեցի այդ աշխատանքներին եւ զգալի ներդրում ունեցա նրանց ստեղծման գործում: Սկզբում ինքնուրույն նախագծում եւ իրագործում էի տարատեսակ ենթահամակարգեր՝ ինչպիսիք էին կրիպտոգրաֆիկ տվյալների համար հուսալի պահոցը (Secure Storage), թվային իրավունքների կառավարման ենթահամակարգը (Common DRM agent): Հետո դարձա Samsung-ի հեռուստացույցների եւ Blu-ray փլեյերների ծրագրային անվտանգության համակարգերի նախագծող-ճարտարապետը: Հաջողվեց մի քանի կարեւոր եւ հեռանկարային նախագծեր նախաձեռնել եւ ղեկավարել: Դրանցից մեկը՝ “Binary and Source Code Level Obfuscator” նախագիծը այնքան հաջողված եւ խոստումնալից ստացվեց, որ կիրառությունը գտավ Samsung-ի կողմից թողարկվող բազմապիսի սարքերի ծրագրային ապահովման մեջ:
Samsung-ում մշտապես հանդես էի գալիս նորամուծություններ մտցնելու առաջարկներով: Սկզբնական շրջանում, թեև փորձում էի փաստարկներ բերելով հիմնավորել դրանց իմաստը եւ նպատակը, այնուամենայնիվ առաջարկներս դժվար էին ընկալվում: Ղեկավարությանը առաջին հերթին հետաքրքրում էր այն, թե ով է խնդրին նման լուծում տվել աշխարհում, ու եթե ոչ ոք դեռ նման բան չէր արել, նրանք խիստ անվստահություն էին դրսեւորում: Հետագայում, երբ բավարար հարգանք եւ վստահություն ձեռք բերեցի, առաջարկներս սկսեցին առավել հետաքրքրությամբ ընդունել եւ իրագործել:
Samsung-ի ռիթմը չափազանց ագրեսիվ է՝ ուղղված արագ արդյունք ստանալուն: Դա ունի իր դրական կողմերը եւ Կորեան նաեւ այդ գործելաոճին է պարտական իր հաջողություններով: Սակայն, նման մթնոլորտում հանգիստ մտածելու համար ժամանակ դժվար է գտնել, իսկ դա արգելք է հանդիսանում ստեղծագործ մտքի եւ ինքնուրույն մտածելու մշակույթի զարգացման համար:
Մրցակցությունը բերեց նրան, որ զարգացում ապահովելու համար կորպորացիան սկսեց լուրջ գիտական աղբյուրներ փնտրել, իսկ ես գիտեի, որ Հայաստանում հնարավոր է այն գտնել, ուստի եւ Հայաստանն առաջարկեցի որպես ուշադրության արժանի տարբերակ: Սկզբում այս առաջարկին թերահավատությամբ էին վերաբերում, քանի որ ոչինչ չգիտեին Հայաստանի մասին: Կորեացիների մոտ զարմանք ու հետաքրքրություն առաջացավ, երբ պատմեցի, որ դեռեւս 70-ականներին Հայաստանում համակարգիչներ էին արտադրվում եւ հանրապետությունը գիտության մի շարք ոլորտներում առաջատար դիրքերում էր: Ի վերջո, հաջողվեց Հայաստան բերել ընկերության մի քանի նախագիծ: Նրանցից մեկը բարեհաջող իրականացվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Եւս մեկ նախագիծ ընթացքի մեջ է:
Samsung-ի ներկայացուցիչները վերջերս այցելեցին Հայաստան եւ այժմ ուսումնասիրում են մեր երկրի հետ երկարաժամկետ համագործակցության հեռանկարները:
Հայաստանի հաջողության բանալին
Հայաստանի հաջողության բանալին՝ կրթված, անկաշկանդ մտածող, բանիմաց երիտասարդներն են: Նրանց ձեւավորման համար հարկավոր են որակյալ կրթական համակարգ եւ կայացած, փորձառու մասնագետներ, որոնց թիվը, ցավոք, անդառնալի նվազում է: Հայաստանում դեռ չի ձեւավորվել այնպիսի միջավայր, որտեղ եւ փորձառու, եւ երիտասարդ մասնագետները զարգանալու ու մեր երկրում ՏՏ ոլորտը զարգացնելու հեռանկարներ տեսնեն: Նման մթնոլորտ հնարավոր է ստեղծել Հայաստան բերելով խոշոր կազմակերպություններ, որոնք կապահովեն որակյալ աշխատատեղեր, կխթանեն կրթական համակարգի բարելավումը:
Կարեն Իսպիրյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: