50 գլոբալ հայերը. Ալբերտ Գրիգորյան - Mediamax.am

exclusive
29182 դիտում

50 գլոբալ հայերը. Ալբերտ Գրիգորյան


Ալբերտ Գրիգորյանն ընտանիքի հետ GDF SUEZ-ի մոսկովյան գրասենյակում
Ալբերտ Գրիգորյանն ընտանիքի հետ GDF SUEZ-ի մոսկովյան գրասենյակում

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Կարեն Կարապետյանի եւ այլ գործընկերների հետ, 2006թ.
Կարեն Կարապետյանի եւ այլ գործընկերների հետ, 2006թ.

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Մոնակոյում, GDF SUEZ-ի եւ Gazprom Export-ի միջեւ ֆուտբոլային հանդիպումից հետո
Մոնակոյում, GDF SUEZ-ի եւ Gazprom Export-ի միջեւ ֆուտբոլային հանդիպումից հետո

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Գազպրոմբանկի ընդունելությունը, Սանկտ-Պետերբուրգ, 2014թ.
Գազպրոմբանկի ընդունելությունը, Սանկտ-Պետերբուրգ, 2014թ.

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Եկեղեցում
Եկեղեցում

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Աշխատավայրում. GDF SUEZ-ի մոսկովյան գրասենյակ, 2013թ.
Աշխատավայրում. GDF SUEZ-ի մոսկովյան գրասենյակ, 2013թ.

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում  է Ալբերտ Գրիգորյանին` Ռուսաստանում եւ Ուկրաինայում GDF SUEZ-ի գլխավոր ներկայացուցչին, Մոսկվայում եւ Կիեւում ընկերության ներկայացուցչությունների ղեկավարին:

Ալբերտ Գրիգորյանը ծնվել է 1971թ. Երեւանում: Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Երեւանում ավարտել է «Գլաձոր» համալսարանը: 1997թ. ընդունվել է «Պանթեոն Ասաս» համալսարանի (Փարիզ 2) քաղաքագիտության ֆակուլտետ: 1999 թ-ից սկսել է աշխատել Gaz de France (այժմ`GDF SUEZ) ընկերությունում: 2012թ. օգոստոսից Ալբերտն ընկերության գլխավոր ներկայացուցիչն է Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Այս տարվա ապրիլին նա ընտրվել է Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի Էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահ:

Ես ծնվել եմ 1971թ. Երեւանում՝ սովորական հայկական ընտանիքում: Ծնողներս ծնվել են Իրանում եւ Հայաստան են տեղափոխվել 1946թ.: Երեւանում մեդալով ավարտել եմ թիվ 92 դպրոցը, դպրոցական տարիներից սկսել եմ խորապես զբաղվել ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով:

Իմ հիմնական հոբբին ֆուտբոլն է: 9-ից մինչեւ 17 տարեկան բավականին պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել եմ ֆուտբոլով, սակայն հետագայում գիտակցված ընտրություն կատարեցի հօգուտ ուսման եւ կարիերայի: Իմ մարզիչը «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն էր: Նա ինձ սովորեցրել է, որ հաղթանակը պետք է զգալ գլխում` նախքան դաշտ դուրս գալը: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլին, այլեւ կյանքին: Նա այն մարդկանցից մեկն էր, ով սովորեցրեց ինձ այլոց հաջողություններին մոտենալ ոչ թե նախանձով, այլ այն տեսանկյունից, որ եթե ինչ-որ մեկի մոտ ստացվել է, քեզ մոտ նույնպես ամեն ինչ կարող է ստացվել: Տարիներ անց ես նրան հանդիպեցի Երեւանում եւ շնորհակալություն հայտնեցի այդ խորհուրդների համար:     

Մանկուց ինձ հետաքրքրել է պատմությունը, աշխարհագրությունը, քաղաքականությունը, շատ մեծ ցանկություն ունեի դիվանագետ դառնալ եւ դպրոցն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա` ընդունվելու Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (МГИМО): Որոշումս շատ զարմացրեց ընտանիքիս: 1989 թ-ին «ազգային» քվոտայով այնտեղ Հայաստանի համար նախատեսված էր ընդամենը 4 տեղ, բայց Սպիտակի երկրաշարժից հետո մեր երկրին հատկացվեց լրացուցիչ 10 տեղ: Հաջող հանձնեցի բոլոր քննությունները, սակայն ինձ չընդունեցին քաղաքական դրդապատճառներով. քննադատել էի ԽՄԿԿ XXVII համագումարը, եւ հանձնաժողովը որոշեց ինձ դուրս թողնել` հասկացնելով, որ սխալվել եմ ընտրությանս մեջ եւ որ ով ցանկանում է ծառայել երկրին, չպետք է քննադատի այն:
    
Տարիներ անց Ալբերտ Գրիգորյանը հրավիրվեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ` վարպետության դաս անցկացնելու ուսանողների համար` արդեն որպես Ռուսաստանում ֆրանսիական GDF-Suez գազային ընկերության ներկայացուցչության տնօրեն: Ինքը՝ Ալբերտը դա անվանում է ճակատագրի հեգնանք եւ խոստովանում է, որ նման դեպքերն իր կյանքում քիչ չեն եղել: 

Հետո վերադարձա Երեւան եւ ծնողներիս ասացի, որ պատրաստվում եմ աշխատել շինարարության ասպարեզում: Հայրս` ծանր բեռնատարի նախկին վարորդ էր, ով սրտամկանի ինֆարկտից հետո աշխատում էր շինարարությունում, հացի գումար էր վաստակում իր արյունով ու քրտինքով, եւ ես ամեն օր տեսնում էի դա: Ծնողներս ինձ համար միշտ ընդօրինակման առարկա են եղել, եւ ես շատ բան ժառանգել եմ նրանցից, այդ թվում նաեւ հարվածներին դիմադրելու կարողությունը:  

Մեկ տարի աշխատելուց հետո դիմեցի Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետ: Քանի որ մեդալ ունեի, անցողիկ միավորն ինձ համար ավելի ցածր էր, քան մնացածի: Լավ հանձնեցի հայերեն թելադրության, պատմության եւ ֆրանսերենի քննությունները, մնաց միայն հայոց լեզվի եւ գրականության թեստը: Ավաղ, չէի կարող մտածել, կամ ավելի շուտ գործել այնպես, ինչպես պահանջում էին խորհրդային չգրված օրենքները, որոնք ենթադրում էին կաշառք կամ «ծանոթի» առկայություն: 19-ամյա տղայի համար դա ծանր հարված էր: Ես իսկապես հավատացի, որ իմ մտերիմներն իրավացի են, եւ որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան ինձ թվում էր: 

Ընդունվեցի «Գլաձոր» մասնավոր համալսարան` միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Որոշեցի, որ ավելի լավ է ընդունվեմ մասնավոր բուհ, վճարեմ ուսման համար եւ դասախոսներից որակյալ կրթություն պահանջեմ: Մեզ դասավանդում էին հիանալի պրոֆեսորներ` Հակոբ Հակոբյանը, Ալբերտ Մկրտչյանը, Գարիկ Հովհաննիսյանը եւ բազմաթիվ այլ հայտնի մարդիկ: Նույն բուհում ծանոթացա ապագա կնոջս հետ: Իմ համակուրսեցիներն էին արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը եւ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: Բուհն ավարտեցի 1995թ. կարմիր դիպլոմով:  

Քանի որ այդ տարիներին բանակից տարկետում էին տալիս միայն պետական բուհերը, ուսման ընթացքում պատերազմի տարիներին երկու տարի ծառայեցի բանակում` ներքին զորքերում, ինչի համար հայրս շատ էր հպարտանում: Չթողեցի ուսումս, քանի որ ինձ հնարավորություն ընձեռվեց ստացիոնար սովորել եւ էքստեռն քննություններ հանձնել:   

Համալսարանն ավարտելուց հետո իմ կյանքում բարդ ժամանակաշրջան սկսվեց: Ես ամուսնացած էի, եւ ընտանիքս պահելու խնդիրը բավականին բարդ էր: Աշխատանքի հետ կապված դժվարություններ կային, աշխատավարձերը չնչին էին, իսկ մասնավոր բուհի կրթությունն ինձ հնարավորություն չէր տալիս աշխատանքի ընդունվել, քանի որ շատերը նախ եւ առաջ նայում էին դիպլոմիս եւ փակում դռներն իմ առջեւ: Արդյունքում սկսեցի աշխատել ներքին գործերի համակարգում: 


Կարեն Կարապետյանի եւ այլ գործընկերների հետ, 2006թ.
Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Իմ ծանոթներից մեկը ֆրանսերեն լեզվի շատ լավ մասնագետ էր եւ աշխատում էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող TACIS ծրագրում: 1996թ. մայիսին նա ինձ առաջարկեց աշխատանքի անցնել ծրագրի ներկայացուցչությունում` մենեջերի թափուր հաստիքում: Սկսեցի աշխատել բելգիացիների ու ֆրանսիացիների հետ՝ միաժամանակ, կատարելագործելով ֆրանսերենս: Ինձ լավ էի զգում, բայց մինչ այն պահը, երբ մեր աշխատակցուհիներից մեկն ուսման նպատակով մեկնեց Ֆրանսիա` այն երկիր, որը միշտ հրապուրել էր ինձ: Մի անգամ նա զանգահարեց գրասենյակ` իր ընկերուհիներից մեկին: Խնդրեցի նրան փոխանցել, որ մի օր ես նույնպես կմեկնեմ Ֆրանսիա սովորելու: Իմ այդ կեսկատակ-կեսլուրջ հայտարարությանը նա պատասխանեց, որ «շատ չխոսեմ, դա ամեն մեկին տրված չէ»: Իհարկե, դա խոցեց իմ ինքնասիրությունը, եւ ես որոշեցի, որ ամեն գնով պետք է հասնեմ իմ ուզածին: Սկսեցի հետաքրքրվել մատչելի ծրագրերով, նամակներ գրել: Գործերս ուղարկեցի ֆրանսիական 6 բուհեր եւ բոլորից դրական պատասխան ստացա: Ամենադժվարը ֆինանսավորման խնդիրը լուծելն էր, սակայն դա հնարավոր դարձավ մտերիմներիս ու հարազատներիս օգնության շնորհիվ:     

Չնայած Ալբերտն արդեն 10 ամսական դուստր ուներ, նա չհրաժարվեց ընտրած ուղուց եւ մեկնեց Ֆրանսիա:

Իհարկե, հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում, հասկանում եմ, որ դա խենթ որոշում էր, քանի որ Ֆրանսիայում ոչ մի բարեկամ չունեի եւ նույնիսկ այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե ուր եմ գնում եւ որտեղ եմ ապրելու: Հնարավոր է, եթե այդ ժամանակ ավելի լավ գիտակցեի, քաջություն չէի ունենա այդ քայլին դիմելու: Բայց իսկապես շատ էի ցանկանում սովորել, ցանկանում էի նաեւ իմանալ ու հասկանալ` ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպան: Ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ չնայած նախորդ բացասական փորձին, կարող եմ սովորել բարձրակարգ բուհում: Ցանկանում էի ինքնաարտահայտվել, ստանալ գիտելիք եւ այն օգտագործելու հնարավորություն: Արդյունքում ընտրեցի փարիզյան բուհի քաղաքագիտության ֆակուլտետը, քանի որ այդ ժամանակ ինձ համար Ֆրանսիան նույնականացվում էր միայն Փարիզի հետ:

Ճակատագրի հեգնանքով հայտնվեցի նույն համալսարանում, ինչ ինձ «մարտահրավեր» նետած աղջիկը, ով ասել էր, որ Ֆրանսիայում սովորելը բոլորին տրված չէ: Ես ծրագրել էի մեկ տարի անց վերադառնալ ընտանիքիս մոտ, սակայն իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին:  

Սկզբում, իհարկե, շատ դժվար էր: Ստիպված էի մեկ տարի ապրել համալսարանական ավանում` զրկելով ինձ ամեն ինչից եւ հազիվ ծայրը ծայրին հասցնելով: Ընտանիքիս, իհարկե, ոչինչ չէի ասում՝ ավելորդ անգամ չանհանգստացնելու համար:

Բացի կենցաղային դժվարություններից, բարդություններ կային նաեւ լեզվի հետ կապված, քանի որ պարզվեց, որ իմ լեզվական հիմքը բավարար չէ նորմալ կրթության համար: Մի քանի ամիս շարունակ պարզապես չէի կտրվում գրքերից ու բառարաններից, թարգմանում եւ սովորում էի այն ամենը, ինչ կարող էի: Ի վերջո, հասա նրան, որ սկսեցի ֆրանսերեն մտածել: Հարավային Կովկասում էներգետիկ ծրագրերի թեմայով մագիստրոսական թեզը պաշտպանելուց հետո պրոֆեսորս ինձ առաջարկեց կրթությունը շարունակել դոկտորանտուրայում: Համաձայնեցի, բայց հետո հասկացա, որ չեմ հասցնի, քանի որ պետք է գումար աշխատեի եւ լուծեի ընտանիքիս տեղափոխման հարցը: Արդյունքում, գրելով աշխատանքի մեծ մասը, այդպես էլ չավարտեցի այն, ինչն իմ պրոֆեսորն ինձ այդպես էլ չկարողացավ ներել: 
 
Ուսման ընթացքում փորձել եմ տարատեսակ աշխատանքներ: Աշխատել եմ որպես Ֆրանսիայում հատուկ 1998թ. Աշխարհի առաջնության համար ստեղծված ֆուտբոլի արհեստական դաշտի պահակ, կարի արհեստանոցում, շաբաթ առ շաբաթ գումար եմ վաստակել, մինչեւ հանդիպել եմ իմ հայրենակցին` Հայաստանից Կլամար մեկնած մի մարդու, ով ինձ աշխատանք առաջարկեց իր տրիկոտաժի արտադրամասում` պայմանով, որ պետք է մոռանամ դիպլոմների մասին եւ զբաղվեմ սվիտերների արդուկով: Նրա մոտ աշխատեցի կես տարի, սակայն նամակներ էի ուղարկում տարբեր ձեռնարկություններ` աշխատանքի ընդունվելու համար: Ի վերջո, համալսարանի հետ պայմանագրի շրջանակներում վերապատրաստման առաջարկ գտա Gaz de France-ում, որը սկսվեց 1999թ. հունիսի 1-ին:   

Ընկերներիս օգնության շնորհիվ երկու անգամ կարողացա ժամանակավորապես Ֆրանսիա բերել ընտանիքս: Հետո ստիպված էինք բաժանվել, քանի որ Ֆրանսիայում նրանց անօրինական ներկայությունն ինձ համար անընդունելի էր: 2000թ. դիմեցի ֆրանսիական իշխանություններին ընտանիքիս վերամիավորման եւ Ֆրանսիայի քաղաքացիության տրամադրման խնդրանքով, եւ 2002 թ-ից ընտանիքս ապրում է ինձ հետ: Մենք բոլորս ֆրանսիական քաղաքացիություն ստացանք 2003թ.:


Ալբերտ Գրիգորյանն ընտանիքի հետ GDF SUEZ-ի մոսկովյան գրասենյակում
Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Ինչ վերաբերում է կարիերային Gaz de France-ում, ինձ առաջարկեցին պայմանագիրն երկարացնել եւս երեք ամսով, որից հետո` մեկ տարվա աշխատանքային պայմանագիր կնքել: Ժամանակավոր պայմանագրից հետո ինձ հետ կնքեցին անժամկետ պայմանագիր, իսկ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալուց հետո 2003թ. ինձ վրա սկսեցին տարածվել պետական ձեռնարկության հատուկ կարգավիճակ ունեցող աշխատակցի իրավունքները: Արդյունքում ստանձնեցի Ռուսաստան-ԱՊՀ գոտում (Ռուսաստան, Ուկրաինա, Անդրկովկաս եւ Միջին Ասիայի երկրներ) ծրագրերի զարգացման պատասխանատվությունը, իսկ ավելի ուշ դարձա ռուսաստանյան պայմանագրերի կառավարիչը եւ ավագ բանագնացը:   

2012թ. Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիայում ապրում է շուրջ 500 000 հայ, եւ նրանցից շատ շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել Ֆրանսիայի զարգացման գործում: Նրանք հավասարապես եւ հայեր են, եւ ֆրանսիացիներ: Նրանք հավասարաչափ սիրում են եւ Հայաստանը, եւ Ֆրանսիան»: Այդ խոսքերը լիովին կիրառելի են նաեւ Ալբերտի դեպքում, ով ասում է, որ չի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, բայց, միաժամանակ, շատ շնորհակալ է Ֆրանսիային ինքնարտահայտման հնարավորության համար եւ խոստովանում է, որ իրեն նույնքան լավ է զգում՝ զբոսնելով ինչպես Փարիզի, այնպես էլ Երեւանի փողոցներով:

Ընկերությունում աշխատանքի տարիներին ինձ բախտ է վիճակվել ներգրավվել բազմաթիվ ծրագրերում եւ իրադարձություններում: Ես ընդգրկված եմ եղել Ժակ Շիրակի պատվիրակության կազմում 2006թ. նրա հայաստանյան այցի ընթացքում: 2007-2008թթ. ակտիվ մասնակցել եմ GDF SUEZ-ի, Գազպրոմէքսպորտի եւ Հայռուսգազարդի ներկայացուցիչների միջեւ ֆուտբոլային հանդիպումների կազմակերպմանը, այդ թվում նաեւ Երեւանում: Եղել եմ նաեւ Մոսկվայում ԵՄ-ի դիտորդների թվում 2009թ. հունվարին ռուս-ուկրաինական գազային ճգնաժամի ընթացքում:  

 
Մոնակոյում, GDF SUEZ-ի եւ Gazprom Export-ի միջեւ ֆուտբոլային հանդիպումից հետո
Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից
 
2012թ. թափուր մնաց Մոսկվայում GDF SUEZ-ի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը: Ռուսաստանյան գործընկերների հետ 7-ամյա աշխատանքից հետո ինձ բավականաչափ վստահ էի զգում այդ պաշտոնում աշխատելու համար: Հաջող անցա հարցազրույցների 6 փուլերը եւ նշանակվեցի գլխավոր ներկայացուցչի եւ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում, որը եւ այսօր զբաղեցնում եմ:
 
Դա բավականին հետաքրքիր ու գրավիչ աշխատանք է` նման դեսպանի աշխատանքին, եւ ներառում է Մոսկվայում ու Կիեւում ներկայացուցչության գործունեության կազմակերպում, հանդիպումներ ու բանակցություններ իշխանության տարբեր մարմինների, ձեռնարկությունների ներկայացուցիչների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարության հետ: Երբեւէ չեմ մտածել, որ կներկայացնեմ Ֆրանսիան այլ երկրում: Եվս մեկ պարադոքս իմ կյանքում. փոքր եւ երիտասարդ տարիքում ես երազում էի ներկայացնել Հայաստանը եւ լինել մեր երկրի դեսպանը հենց Ֆրանսիայում, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց:  

Ալբերտը խոստովանում է, որ ընտանիքի հետ միավորվելու հենց առաջին տարիներից սկսած ամեն տարի իր երեխաներին Հայաստան է բերում, քանի որ կարծում է, որ նրանք պետք է կատարյալ տիրապետեն ինչպես ֆրանսերեն, այնպես էլ հայերեն լեզվին, ինչպես նաեւ պետք է ճանաչեն ու հասկանան Հայաստանը ներսից: 

 
Գազպրոմբանկի ընդունելությունը, Սանկտ-Պետերբուրգ, 2014թ.
Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից
 
Ֆրանսիայում ես մի քանի հոդվածներ եմ տպագրել տեղի խմբագրություններում տարբեր խնդիրների վերաբերյալ եւ հանդես եմ եկել կառուցողական քննադատությամբ ինչպես Ֆրանսիայում հայկական համայնքի, այնպես էլ Հայաստանի հասցեին: Ինձ թվում է, իմ սերտ շփումները Հայաստանի հետ, իմ կենսափորձն ու աշխատանքի փորձը Ֆրանսիայում, ինչպես նաեւ իմ «կոսմոպոլիտիզմը» ինձ իրավունք են վերապահում ազատ ու կառուցողական խոսել սփյուռքին եւ Հայաստանին վերաբերող բոլոր խնդիրների մասին:  

Կարծում եմ, հայկական պետությունը հայ ժողովրդի ողնաշարն է եւ պետք է կրկին դառնա ձգողության եւ ռազմավարական որոշումների կայացման կենտրոն հայկական բոլոր կազմավորումների համար: Խնդիրը շատ բարդ ու երկարաժամկետ է, սակայն` իրագործելի:

Հայաստանի հիմնական խնդիրը համարում եմ վստահության բացակայությունը: Երիտասարդությունը չի վստահում երկրի ղեկավարությանը, եւ վստահության ճգնաժամը, ըստ իս, ընկած է նաեւ ժամանակակից ժողովրդագրական ճգնաժամի հիմքում: Հեռանկար չտեսնելով երկրում, որում ապրում են, նրանք որոնում են այլ վայրեր ինքնաիրացման համար: Եթե երիտասարդությունը վստահ լինի, որ ուսումն ավարտելուց հետո կարող է նորմալ աշխատանք գտնել, եթե հեռանկարներ տեսնի, եթե վստահություն ունենա, որ իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով, որ օրենքներն իսկապես գործում են, ապա երկրում մթնոլորտը կփոխվի: Երբ մենք ունեինք նման վստահություն, կարողացանք վերադարձնել Ղարաբաղը: Այսօր մեզ հարկավոր են տնտեսական եւ դիվանագիտական հաղթանակներ:  

 
Եկեղեցում
Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Ես նման եմ աշխարհում սփռված բազմաթիվ հայերի, ում սիրտը մնացել է ծննդավայր Հայաստանում, ում միտքը պատկանում է Ֆրանսիային` այն երկրին, որն ընդունեց ինձ, իսկ այժմ ես գտնվում եմ արտասահմանյան գործուղման մեջ` Ռուսաստանում: Կողքից շատերին թվում է, որ իմ պատմությունը“success story”-ի տիպիկ օրինակ է, սակայն ես այդպես չեմ կարծում: Իմ ճակատագիրը հեշտ չի եղել, ես շուտ եմ կորցրել հորս, չեմ կարողացել ընդունվել այն համալսարանը, որը ցանկացել եմ, Ֆրանսիայում ապրելու սկզբնական շրջանում անցել եմ հսկայական դժվարությունների միջով: Ես դա չեմ համարում հաջողության պատմություն. այն ամենը, ինչին ես հասել եմ, համառ ու դժվարին աշխատանքի արդյունք է, եւ ես շնորհակալ եմ ճակատագրին ընձեռված հնարավորությունների ու դասերի համար:   
 
Իմ կյանքի պատմությունից քաղած դասերն իրականում շատ պարզ են. ձեր քայլերը միշտ պետք է լինեն հետեւողական ու մտածված: Բացի այդ, անհրաժեշտ է պատասխանատու լինել սեփական արարքների համար, որոշումներ կայացնելու խիզախություն ունենալ, ինչպես նաեւ կարողանալ խոստովանել սխալներն ու դրանց համար պատասխանատվություն կրել: Պետք է ինքդ քեզ ասես. կյանքում անհնարին ոչինչ չկա, եւ եթե ուրիշները հասել են հաջողության, ինչո՞ւ պետք է ինձ մոտ չստացվի: Ամենակարեւորը` հասկանալ, թե ինչ ես ուզում կյանքից, իմանալ` ինչն  է առաջնահերթ կյանքի յուրաքանչյուր փուլում եւ ամուր կանգնած մնալ հողին: Այդ ամենը միասին կհանգեցնի ցանկալի արդյունքի:

Ալբերտ Գրիգորյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին