5/10/15. «Սուրբ Հայաստանի» վերադարձը, 26+1, «կոռեկտությունը՝ սպառնալիք» - Mediamax.am

exclusive
22333 դիտում

5/10/15. «Սուրբ Հայաստանի» վերադարձը, 26+1, «կոռեկտությունը՝ սպառնալիք»


Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին
Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին
Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը 2007թ. սեպտեմբերի 7-ին
Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը 2007թ. սեպտեմբերի 7-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2012թ. սեպտեմբերի 6-ին
Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2012թ. սեպտեմբերի 6-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-11

26+1 ձեւաչափով

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը քննարկել էին Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական խորհրդակցությունների կազմակերպման հարցերը՝ 26+1 ձեւաչափով։

Վարդան Օսկանյանը խոսել էր Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (IPAP) նախատեսվող միջոցառումների իրականացման կարեւորության մասին։

Նա, մասնավորապես, նշել էր, որ մշակվել է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը, Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, աշխատանքներ են տարվում Հայաստանում իրավիճակային ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելու ուղղությամբ, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են առաջադրվել՝ պաշտպանական բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Սեպտեմբերի 6-ին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն Երեւանում հայտարարել էր ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու եւ այն զարգացնելու պատրաստակամության մասին:

ՀՅԴ-ն դեմ է

Սեպտեմբերի 7-ին Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու «Ժառանգություն» խմբակցության առաջարկած Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին։

«Մենք շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանին, ինչն արդեն տեղի է ունեցել դե ֆակտո»,- ասել էր նա եւ նշել, որ «այդ իրողության օրինական գրանցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անհնար լինի շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը»:

Բակո Սահակյանի երդմնակալությունը

Սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում տեղի էր ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։

Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը 2007թ. սեպտեմբերի 7-ին Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը 2007թ. սեպտեմբերի 7-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Արարողությանը մասնակցել էր Հայաստանի պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Սուրբ Հայաստան` վերադարձ տուն»
 
Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել էր «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ցուցահանդեսը,  որի գլխավոր հովանավորն էր «ԱրմենՏել» ընկերությունը,  Ֆրանսիայում Հայաստանի Տարվա շրջանակներում Լուվրում 2007 թ. փետրվարի 21-ից մայիսի 21-ը ներկայացված «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսի ճիշտ կրկնօրինակն էր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մատենադարանը ու Հայաստանի պատմության թանգարանն առաջին անգամ Երեւանում համատեղ ներկայացրել էին ավելի քան 200 գլուխգործոցներ, որոնք արտացոլում են հայ ժողովրդի քրիստոնեական պատմության բոլոր գլխավոր փուլերը:


Պատմության թանգարանի մուտքի մոտ ներկայացված էին Լուվրում ցուցադրվելու նպատակով Հայաստանի ամբողջ տարածքից հավաքված եւ բարեհաջող հայրենիք վերադարձած ավելի քան 30 խաչքարեր:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-11

ԵԽԽՎ-ի նախագահի կոչը

Սեպտեմբերի 5-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն ասել էր, որ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը «անընդունելի» է եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել վերանայել իրենց որոշումը:

«Այս սկանդալային ազատ արձակումը շատ բացասական հետեւանքներ է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի առանց այն էլ լարված հարաբերությունների վրա ու վտանգում է ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը: Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ վերանայել իրենց որոշումը`Եվրոպայի Խորհրդի չափանիշների եւ էթիկական նորմերին համապատասխան», - ասել էր ԵԽԽՎ նախագահը:

«Վնասում է վստահությանը»

Սեպտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Երեւանում ասել էր, «որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը վնասում է վստահությանը ու չի նպաստում խաղաղ գործընթացին»:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2012թ. սեպտեմբերի 6-ին Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2012թ. սեպտեմբերի 6-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Ես չափազանց մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: Նրա գործածը ահավոր հանցագործություն էր եւ չպետք է հերոսացվի», - ասել էր Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Դիվանագիտական կոռեկտությունը ուղղակի վնաս է տարածաշրջանի անվտանգությանը»

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Ռամիլ Սաֆարովի փոխանցումը Ադրբեջանին ու վերջինիս ազատ արձակումը «ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին»:

Ընդունելով ԵԱՀԿ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին, նախագահն ասել էր.

«ԵԱՀԿ-ի սկզբունքները եւ անվտանգության համապարփակ ընկալումն ամբողջովին համահունչ են մեր պատկերացումներին: Շատ կարեւոր է, որ մենք կառույցի շրջանակներում համաձայնվել ենք, որ որեւէ երկրի անվտանգություն չի կարող ապահովվել այլ երկրի անվտանգության հաշվին: Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր բոլոր հանձնառությունները: Բայց վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին:
Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Ադրբեջանում անհապաղ արդարացվեց վայրենի հանցագործություն կատարած մի անձնավորություն, եւ այս իրադարձությունը, իհարկե, ցավոք սրտի, մեր կարծիքով, վերջինը չէ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2007թ. Մինսկի խումբն առաջարկեց ԼՂ խնդրի կարգավորման իր տարբերակը: Շատերը հիշում են, թե ինչպես էր Ադրբեջանը հրաժարվում այդ փաստաթղթից, այնուհետեւ՝ դեկլարատիվ հայտարարություն արեց, որ այդ փաստաթուղթն ընդհանուր առմամբ իր համար ընդունելի է, այնուհետեւ սկսեց սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել ինքնորոշման իրավունքը: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել «ռեֆերենդում» հասկացողությունը: Եվ սկսվեց մի ներկայացում, որի ողջ իմաստը կայանում էր հետեւյալում՝ ձգել ժամանակ, կուտակել սպառազինությունների մեծ պաշար եւ հարմար պարագաներում ռազմական ճանապարհով փորձել լուծել ԼՂ խնդիրը», - ասել էր Սերժ Սարգսյանը:

«Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիեւին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Հակառակ պարագայում, կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաեւ ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետեւանքների կարող է բերել այսպիսի քայլը: Եվ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը, ինչպես ասացի, վաղուց է սկսվել՝, երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որեւէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին: Երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ ցուցում տվեց Գիտությունների ազգային ակադեմիային՝ շարադրել Ադրբեջանի մի պատմություն, որտեղ հայերը բնավ չպետք է լինեին, որեւէ մեկը ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին:
Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 7-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երբ Ալիեւը սկսեց հայտարարել, որ Երեւանը եւ ընդհանրապես Հայաստանը ադրբեջանական տարածքներ են, որեւէ մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Եվ երբ Ալիեւը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին հայությունն է, եւ թշնամուն պետք է ոչնչացնել, որեւէ մեկը չարձագանքեց: Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին եւ՛ համանախագահներին, եւ՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ: Իսկ պատասխանը հետեւյալն է, որ Ալիևի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար: Հայտարարությունների այդպիսի խզվածություն ներքին եւ արտաքին սպառման համար ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Չի կարող մարդը մինչեւ օրվա կեսը մտածել մի կերպ, երկրորդ կեսին՝ մեկ այլ կերպ: Տեսնելով այս հանդուրժողականությունը՝ Ալիեւը արդեն հայտարարություններից անցավ գործողությունների: Եվ առաջին գործողությունը կայացավ նրանում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ ոչ միայն արդեն շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ: Եվ էլի արձագանքը թույլ էր: Հիմա մենք վկան ենք այս արտառոց փաստի: Եվ ինչպես ասացի, ցավոք, սա վերջը չէ։ Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը», - շեշտել էր Սերժ Սարգսյանը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-11

Ալիեւը ներում է շնորհել Լապշինին

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին։

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն 2017 տարվա հուլիսին դատապարտվել էր 3 տարի ազատազրկման՝ 2011 եւ 2012 թթ. Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Բլոգերը ձերբակալվել էր 2016թ. վերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով: 2017թ. փետրվարին Բելառուսը նրան արտահանձնել էր Բաքվին։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին