5/10/15. Սահակյանի ընտրությունը, Արբատովի կարծիքը, Սարգսյանի պնդումը - Mediamax.am

exclusive
15641 դիտում

5/10/15. Սահակյանի ընտրությունը, Արբատովի կարծիքը, Սարգսյանի պնդումը


Ալեքսեյ Արբատովը
Ալեքսեյ Արբատովը
Բակո Սահակյանը
Բակո Սահակյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վլադիմիր Գասպարյանը եւ Սերժ Սարգսյանը 2012թ. հուլիսի 20-ին
Վլադիմիր Գասպարյանը եւ Սերժ Սարգսյանը 2012թ. հուլիսի 20-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-24

Բակո Սահակյանը՝ ԼՂՀ նոր նախագահ

Հուլիսի 19-ին կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահական ընտրություններում հաղթել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը Բակո Սահակյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Բակո Սահակյանի օգտին քվեարկել էին ընտրությունների մասնակիցների 85%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանի օգտին` 12.2%-ը:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-24

«Ռուսաստանը չի կարող Հայաստանին օգնության չգալ»

Հուլիսի 18-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «Ռուսաստանը չի կարող Հայաստանին օգնության չգալ»:

«Նովիե Իզվեստիա» պարբերականի հետ հարցազրույցում  նա ասել էր, որ «ՀԱՊԿ-ն որպես ռազմական միություն գոյություն չունի»։
Ալեքսեյ Արբատովը Ալեքսեյ Արբատովը


«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություն է ստանձնել: Ռուսաստանը չի ներգրավվի բուն Ղարաբաղյան հակամարտության մեջ, սակայն, եթե դրա հետեւանքով հարվածի հասցվի Հայաստանի տարածքին, իհարկե, Ռուսաստանը կներգրավվի: Հակառակ դեպքում նա կապացուցի, որ իր անվտանգության երաշխիքները ոչինչ չարժեն, եւ դրանով ՀԱՊԿ-ն կավարտվի», - ասել էր փորձագետը:

Էշթոնի հայտարարությունը

Հուլիսի 19-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ասել էր, որ «ԵՄ-ը չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական դաշտը, որի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում անցկացվում են «նախագահական ընտրություններ»:

«Այս «ընտրությունները» չպետք է կանխորոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ընթացող բանակցությունների արդյունքում:

Ես հաստատում եմ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, մասնավորապես, համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կոչ եմ անում կողմերին կենտրոնացնել ջանքերը՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության բանակցված լուծում գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա հաղթահարել ստատուս քվոն: Վերահաստատում եմ ԵՄ պատրաստակամությունը` ապահովել հետագա աջակցություն այս ուղղությամբ գործադրվող ջանքերին», - ասել էր Քեթրին Էշթոնը:

 «Հայաստանում անպատժելի մարդ չկա»

Հուլիսի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի»:
Վլադիմիր Գասպարյանը եւ Սերժ Սարգսյանը 2012թ. հուլիսի 20-ին Վլադիմիր Գասպարյանը եւ Սերժ Սարգսյանը 2012թ. հուլիսի 20-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


«Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ եւս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը», - ասել էր նախագահը  Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստին։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին