5/10/15. Փաշինյան vs ՀՀԿ, WhoCares, Վոլոդինի առաջարկը - Mediamax.am

exclusive
14942 դիտում

5/10/15. Փաշինյան vs ՀՀԿ, WhoCares, Վոլոդինի առաջարկը


Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին
Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ՀՀ պատվիրակության հետ 2017թ. հուլիսի 17-ին
Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ՀՀ պատվիրակության հետ 2017թ. հուլիսի 17-ին

Լուսանկարը` ՌԴ Պետական Դումա

Սերժ Սարգսյանը եւ Վիգեն Սարգսյանը 2017թ. հուլիսի 13-ին
Սերժ Սարգսյանը եւ Վիգեն Սարգսյանը 2017թ. հուլիսի 13-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Իեն Գիլանը, Նիքո ՄքԲրեյնը, Ջոն Լորդը եւ Թոնի Այոմին
Իեն Գիլանը, Նիքո ՄքԲրեյնը, Ջոն Լորդը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-17

«Նոր ուժեղ ընդդիմության սուր անհրաժեշտություն կա»

Հուլիսի 12-ին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ «Հայաստանում նոր ուժեղ ընդդիմության սուր անհրաժեշտություն կա»։

«2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունն իրեն կոտրված է զգում եւ ուժ չի գտնում ստեղծված իրավիճակում որեւէ բան փոխելու համար»,- ասել էր Մանուկյանը։

«Անհրաժեշտ է մինչեւ 2008 թվականը ստեղծել 4-5 նոր ուժեղ ընդդիմադիր կուսակցություն»,- նշել էր նախկին վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ «2008 թվականի նախագահական ընտրություններում փոփոխություններ կգրանցվեն»։

«Շատ հնարավորություններ բեսպրեդելում»

Հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի հաղթանակին այլընտրանք չկա։

«Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ «ՀՀԿ-ն ընտրություններում շանսեր, սակայն շատ շանսեր ունի բեսպրեդելում»։

Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Փաշինյանի խոսքերով, «եթե ընտրությունները ժողովրդի կամքի ազատ արտահայտման մեխանիզմ են, ապա անտրամաբանական կլինի ենթադրել, որ ժողովուրդը նախապատվությունը կտա ատելի թեկնածուին»։

Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ «Հայաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն ԼՂ հիմնախնդրին լուծում տալ» եւ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
«Հայաստանի իշխանությունները փորձում են ծնկի բերել Թուրքիային՝ օգտագործելով Ցեղասպանության հարցը, բայց դա բացարձակապես անհնար է։ Բացի դրանից, այդպիսով Հայաստանը մանրադրամ է դառնում եվրոպական երկրների ձեռքում»,- նշել էր Փաշինյանը։

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-17

WhoCares-ի ալբոմը

Հուլիսի 13-ին գերմանական edel ընկերությունը թողարկել էր Իեն Գիլանի (Deep Purple) եւ Թոնի Այոմիի (Black Sabbath) հիմնադրած WhoCares սուպերխմբի բարեգործական ալբոմը, որի վաճառքից գոյացած միջոցները ուղղվեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման համար:
Իեն Գիլանը, Նիքո ՄքԲրեյնը, Ջոն Լորդը եւ Թոնի Այոմին Իեն Գիլանը, Նիքո ՄքԲրեյնը, Ջոն Լորդը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու CD-ներից բաղկացած ալբոմում ներկայացված էին 2011-ին ձայնագրված Out Of My Mind եւ Holy Water նոր երգերը, ինչպես նաեւ Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված կամ հազվագյուտ երգերի հավաքածուն:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-17

«Մեր բանակը օր-օրի ուժեղանում է»

Հուլիսի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մեր բանակը օր-օրի» ուժեղանում է։

«Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, եւ բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջեւ: Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է:
Սերժ Սարգսյանը եւ Վիգեն Սարգսյանը 2017թ. հուլիսի 13-ին Սերժ Սարգսյանը եւ Վիգեն Սարգսյանը 2017թ. հուլիսի 13-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ: Բավականաչափ քանակի եւ որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Վոլոդինի առաջարկը

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր Հայաստանի օրենսդրության մեջ պաշտոնական կարգավիճակ ամրագրել ռուսերեն լեզվի համար, որպեսզի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն Ռուսաստանի տարածքում:

Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը բարձրացրել էր  Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ՀՀ պատվիրակության հետ 2017թ. հուլիսի 17-ին Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ՀՀ պատվիրակության հետ 2017թ. հուլիսի 17-ին

Լուսանկարը` ՌԴ Պետական Դումա


Նրա խոսերով, Պետդումայի կողմից օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Ղրղըզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը ամրագրված է որպես պետական լեզու, իրավունք ստացան Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքներով, «Հայաստանի քաղաքացիները, փաստորեն, դուրս մնացին»:

«Կարող եմ միայն մի բան ասել. ամրագրե՛ք ռուսերենը որպես պետական լեզու, եւ այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կընդգրկի նաեւ Հայաստանի Հանրապետությունը», - ասել էր Վյաչեսլավ Վոլոդինը:

2022թ. հունիսի 29-ին Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները, երբ նրանք Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն են իրականացնում։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին