Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-8
«Կովկասի աճող կարեւորությունը»
Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը մարտի 1-ին հայտարարել էր Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասի տարածաշրջանի «աճող կարեւորության» մասին:
Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեում, գեներալ Ջոնսն ասել էր.
Ջեյմս Ջոնսը Լուսանկարը` REUTERS
«Չնայած, որ Կովկասը ծվատում են էթնիկական հակամարտությունները, եւ նա վարակված է կաշառակերությամբ եւ հանցավորությամբ, անցած տարի այդ տարածաշրջանի մի շարք մասերում էական ժողովրդավարական առաջընթաց է արձանագրվել: Կովկասն աճող նշանակություն ունի մեր շահերի համար: Նրա օդային միջանցքն առանցքային «կյանքի ճանապարհ» էր դարձել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի եւ Եվրոպայում մեր ռազմակայանների միջեւ: Կովկասի տարածքով փոխադրվող կասպիական նավթը կարող է առաջիկա 5 տարիների ընթացքում ապահովել նավթի համաշխարհային արդյունահանման աճի 25 տոկոսը, իսկ Կասպից տարածաշրջանի էներգակիրները թույլ կտան դիվերսիֆիկացնել Եվրոպայի էներգաապահովման աղբյուրները: Այս տարածաշրջանը աշխարհագրական հենակետ է ժողովրդավարությունը եւ ազատ շուկայական տնտեսությունը դեպի Կենտրոնական եւ Հարավ-Արեւելյան Ասիա տարածելու համար»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-8
Հանդիպում Բաթումում
Փետրվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել էր իր գործընկեր Միխայիլ Սաակաշվիլիի հետ:
Վերջինս նշել էր, որ Վրաստանը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է: Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»,- հայտարարել էր Վրաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը եւ Միխայիլ Սաակաշվիլին Բաթումում Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Մարտի 1-ին Սարգսյանը եւ Սաակաշվիլին ամփոփել էին այցի արդյունքները:
«Մենք պայմանավորվել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ»,- շեշտել էր Վրաստանի նախագահը: «Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային»,- նշում էր Սերժ Սարգսյանը:
Դիվերսիա Տավուշում
Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը՝ 5-6 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբը Ադրբեջանի տարածքից ներխուժել էր ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայք:
Հայկական կողմի հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել էր: ՀՀ տարածքում հայտնաբերվել էր մեկ դի, դիվերսիոն խմբի մյուս անդամը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին, մեկ այլ մարմին էլ գտնվում էր չեզոք գոտում:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-8
Ծառուկյանը հեռանում է
Մարտի 5-ին «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն հայտարարել էր, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից եւ վայր է դնում կուսակցության նախագահի ու խմբակցության ղեկավարի լիազորությունները:
«Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, եւ ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք: Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի եւ գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի»,- հայտարարել էր նա ԲՀԿ արտահերթ համագումարում:
Գագիկ Ծառուկյանը Լուսանկարը` ԲՀԿ
«Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է»,- հավելել էր նա:
Չնայած «վերջնական որոշմանը», Գագիկ Ծառուկյանը շարունակում է զբաղվել քաղաքականությամբ:
Օսկանյանը եւս հեռանում է
Մարտի 5-ին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ հեռանում է ԲՀԿ-ից՝ գիտակցելով դրա անհաջողության մեջ պատասխանատվության իր բաժինը:
«Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար: Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա եւ նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները:
Վարդան Օսկանյանը Լուսանկարը` Ֆոտոլուր
Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական եւ հակասահմանադրական օգտագործումը առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը: Երկրորդը, որ ավելի կարեւոր է. այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասված էր Օսկանյանի հայտարարության մեջ:
Արա Թադեւոսյան












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: