Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:
Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Մովսիսյան)՝ հայ արձակագիր, դրամատուրգ, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդական գրող, Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ։
Ծնվել է 1858թ. ապրիլի 18-ին՝ Շամախիում, մահացել՝ 1935թ. օգոստոսի 7-ին՝ Կիսլովոդսկում (թաղված է Երեւանում): Շիրվանզադեն գրել է «Նամուս», «Քաոս» վեպերը, «Չար ոգին», «Կրակ», «Գործակատարի հիշատակարանից» վիպակները, «Պատվի համար», «Եվգենիե» դրամաները եւ այլ գեղարվեստական ստեղծագործություններ:
Շիրվանզադեի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Իրերի առաջին մեծ հավաքածուն 1924թ.-ին թանգարանին անձամբ գրողն է հանձնել:
1. Գրասեղանը

Լուսանկարը` Մեդիամաքս
Տարիների ընթացքում հավաքված իրերի հավաքածուի շնորհիվ Գրականության եւ արվեստի թանգարանում նույնությամբ վերականգնվել է Ալեքսանդր Շիրվանզադեի թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակը: 20-րդ դարի սկզբի գրասեղանն ու աթոռը թանգարանին 1958թ.-ին նվիրել է Շիրվանզադեի որդին՝ Ռուբեն Մովսիսյանը:
Մուգ շագանակագույն փայտից գրասեղանը մաշված է եղել, դարակների դռներն ու ոտքերը՝ պոկված: Այն վերանորոգել է թանգարանի ատաղծագործ Վասյան:
2. Ածելին

Լուսանկարը` Մեդիամաքս
Երիտասարդ հասակում Շիրվանզադեն բեղեր ուներ, որոնք միշտ կոկիկ հարդարված էին: Գրողն իր հիգիենային շատ խիստ էր հետեւում, նրան թափթփված վիճակում դժվար թե տեսնեին: Գրականության եւ արվեստի թանգարանում Շիրվանզադեի հարդարանքի պարագաներից ածելին է պահվում:
3. Գլխարկն ու ձեռնափայտը

Լուսանկարը` Մեդիամաքս
Իր արտաքինին խիստ հետեւող Ալեքսանդր Շիրվանզադեն սիրում էր նորաձեւ հագնվել: Նա սեւ կտորից լայնեզր գլխարկ էր կրում, որն ամբողջացնում էր գրողի կերպարը: Թանգարանում գլխարկի հետ պահվում է գրողի ձեռնափայտը, որը եւս նորաձեւությանը խիստ հետեւելու նշաններից մեկն էր:
4. Գրչակոթը

Լուսանկարը` Մեդիամաքս
Փայտե հասարակ ծայրով գրչակոթը Շիրվանզադեի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է: Հենց այս գրչակոթն է «ծնունդ տվել» գրողի բազմաթիվ գործերին: Թանգարանում այն դրված է «Գործակատարի հիշատակարանից» եւ «Հրդեհ նավթագործարանում» ստեղծագործությունների հրատարակության վրա: Գրչակոթը Երեւան է հասել 1958թ.-ին:
5. Խաղաթղթերը

Լուսանկարը` Մեդիամաքս
Շիրվանզադեն 1924թ.-ին Գրականության եւ արվեստի թանգարանին է փոխանցել մեկ կապոց խաղաթղթեր: Գրողի մոտ խաղաթղթերն հենց այնպես չէին հայտնվել: Նրա «Պատվի համար» դրամայում խաղատուն գնալու մասին հաճախ էր խոսվում: Իր կերպարներին ստեղծելու համար նա հայտնվում էր խաղատներում ու ձեռքն էր վերցնում խաղաթղթերը:
6. Լամպը

Լուսանկարը` Մեդիամաքս
Կանաչ լուսամփոփով լամպը գրողի աշխատասեղանի մշտական իրերից է, որը նա օգտագործել է երեկոյան ժամերին աշխատելիս: Կանաչ ապակուց գլխիկով լամպը սնկաձեւ է, մետաղյա ոտքի վրա: Լամպը 1924թ.-ին թանգարանին է նվիրել Շիրվանզադեն:
7. Թանաքամանը

Լուսանկարը` Մեդիամաքս
Թանաքամանը (նավակ՝ թանաքամաններով, ծծան, լուցկակալ, թղթան, գրչակալ) դրված է Ալեքսանդր Շիրվանզադեի աշխատասեղանին այնպես, ինչպես նրա թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակում է եղել:
Նուրբ զարդանախշերով այս իրը նավակի տեսք ունի, որի մեջտեղի հատվածը գրիչների համար է նախատեսված: Կենտրոնում «Շ» գլխատառն է փորագրված: Թանաքամանը Ալեքսանդր Շիրվանզադեն նվեր է ստացել իր 50-ամյակի առթիվ: Արծաթյա թերթիկի վրա գրված ընծայականից իմանում ենք, որ այս իրը գրողին են նվիրել Երեւանի պետական համալսարանի ուսանողները:
Թանաքամանն իր պարագաներով թանգարանին է փոխանցել գրողի ընտանիքը:
8. Ակնոցը

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեծ տարիքում Ալեքսանդր Շիրվանզադեն ակնոց էր կրում: Վերջին շրջանում արված լուսանկարներից հայտնի ակնոցը թանգարանում դրված է գրողի ձեռագիր աշխատության վրա: Ակնոցը կոտրված է եղել, ունի երկու խոշորացույց ապակի:
9. Ծխախոտատուփն ու մոխրամանը

Լուսանկարը` Մեդիամաքս
Շիրվանզադեի սիրելի զբաղմունքներից էր ծխախոտ ծխելը, ինչի մասին վկայում է մի հատվածը ծխից դեղնած մոխրամանը: Թանգարանն այն ստացել է Ալեքսանդր Շիրվանզադեից, ինչը եւս խոսում է այն մասին, որ գրողի սիրելի իրերից է, ու նա ցանկացել է, որ երկար պահպանվի:
Գրողի աշխատասեղանին մոխրամանի հարեւանությամբ դրված է նրա կաշվե, սեւ ծխախոտատուփը, որում դեռ մի քանի գլանակ է պահվում:
10. Կտավը

Լուսանկարը` Մեդիամաքս
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադեւոսյանը, ով հայտնի է իր դիմանկարներով, 1929 թ. նկարել է Ալեքսանդր Շիրվանզադեին: Նկարն արվել է գրողի կենդանության օրոք, այն լուսանկարից արված կրկնօրինակ չէ, Շիրվանզադեն է եղել բնորդը:
Նկարչի ու գրողի մտերմության վկայությունը՝ «Ալեքսանդր Շիրվանզադե» կտավը, կախված է գրողի աշխատասենյակում գրադարակից մի փոքր վերեւ:
Գրականության եւ արվեստի թանգարանի հասցեն է՝ Արամի 1
Հեռախոսահամարը՝ (+ 374 10) 52-06-11
Կայքը՝ http://gatmuseum.am
Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: