Սիլվա Կապուտիկյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
25515 դիտում

Սիլվա Կապուտիկյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան՝ գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ։ Ծնվել է 1919թ. հունվարի 20-ին՝ Երեւանում (Վանից գաղթած ընտանիքում), մահացել՝ 2006թ. օգոստոսի 25-ին:

Բանաստեղծուհու տուն-թանգարանը ստեղծվել է նրա կտակով: Նա իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը: Կապուտիկյանի տուն-թանգարանը բացվել է 2009 թ. հունվարի 20-ին՝ նրա ծննդյան 90-րդ տարեդարձի օրը:

1. Տաշտակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մետաղյա տաշտակը բանաստեղծուհու ընտանիքը բերել էր Վանից: Դրա մեջ լողացրել են նորածին Սիլվա Կապուտիկյանին: Մինչ օրս պահվող տաշտակում հետագայում Սիլվա Կապուտիկյանը լողացրել է որդուն՝ հայտնի քանդակագործ Արա Շիրազին:

2. Ինքնաեռը

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքրիկ Սիրվարդը քաղցրեղենի սիրահար էր: Գաղթից հետո առաջին տարիներին մայրը չէր կարողանում քաղցրավենիք գնել: Լիա Կապուտիկյանն աշխատանքի անցնելուց հետո միայն կարողանում է շաքար գնել: Որտեղ էլ շաքարը պահեր, Սիրվարդը գտնում եւ ուտում էր այն: Մայրը որոշում է շաքարը պահել ինքնաեռի մեջ, որպեսզի երբ տանը հյուր գա, շաքար ունենան: Սիրվարդը դա եւս գտնում է: Երբ հյուրեր են գալիս, մայրը բացում է ինքնաեռն ու տեսնում, որ շաքար չկա:

-Սիրվարդ, ո՞ւր է շաքարը:

Սիրվարդը կարկամած կանգնում է եւ ոչինչ չի կարողանում ասել: Պարզ է դառնում, որ նա է կերել շաքարը:

3. Կարի մեքենան ու մոր զգեստը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարի մեքենան գնել է Սիլվա Կապուտիկյանի մայրը՝ Լիա Կապուտիկյանը, որը Երեւանի հրուշակեղենի գործարանում գլխավոր հաշվապահ էր աշխատում: Գաղթական ընտանիքն այդ տարիներին հնարավորություն չուներ ինչ-որ մեծ բան գնելու, բանաստեղծուհու մոր աշխատանքի շնորհիվ էր, որ կարողացել էին իրենց նման «շռայլություն» թույլ տալ:

Բանաստեղծուհին շատ էր սիրում կարել, նրա տանը կարելի է գտնել հագուստի եւ կոշիկների բազմաթիվ էսքիզներ:

Մոր գնած կարի մեքենայով Սիլվա Կապուտիկյանը բազմաթիվ զգեստներ է կարել: Մոր համար կարված զգեստը բանաստեղծուհին նաեւ ասեղնագործությամբ էր զարդարել: 

4. Ծննդյան նվերները

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում պահվում են բազմաթիվ նվերներ, որոնք բանաստեղծուհին ստացել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսից, Պարույր Սեւակից, Ավետիք Իսահակյանից եւ այլ մտերիմ անձանցից:

Վազգեն Վեհափառի հետ բանաստեղծուհին շատ ջերմ հարաբերություններ է ունեցել: Վեհափառն ու Սիլվա Կապուտիկյանը ժամանակին հարեւանությամբ են ապրել, հաճախ էին հանդիպում, իրար նվերներ անում: Այս նվերներից առանձնանում են կրծքազարդն ու մետաքսե շարֆը:

Կապուտիկյանի 35-ամյակը մեծ շուքով են նշում: Հավաքված բոլոր գրողները սպասում էին Ավետիք Իսահակյանին: Բանաստեղծը՝ տիկնոջ Սոֆիկի հետ, մի փոքր ուշացած է գալիս: Երբ հնչում է դռան զանգը, Պարույր Սեւակը ցատկում է տեղից ու ձեռքերը վեր բարձրացրած գնում դուռը բացելու: Նա պարեցնելով է ներս բերում բանաստեղծին ու տիկնոջը: Այդ օրը Իսահակյանների ընտանիքը Կապուտիկյանին ոսկեգույն գդալներ է նվիրում:

Թանգարանում պահվում է նաեւ Պարույր Սեւակի՝ Կապուտիկյանի 50-ամյակին նվիրած դիմափոշին եւ սանրը:

5. Տատիկի թավշյա վերարկուն

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիլվա Կապուտիկյանի Նոյեմզար տատը Վանից իր կարած թավշյա վերարկուն էր հետը բերել: Ընտանիքի բոլոր աղջիկները շատ էին սիրում այս վերարկուն եւ հերթով կրում էին: Մինչեւ վերջերս Վանից Երեւան հասած վերարկուն կարելի էր տեսնել աղջիկների հագին, իսկ այժմ պահվում է բանաստեղծուհու տուն-թանգարանում:

6. Սիամանթոյի գրիչը, Կոմիտասի ուրարի կտորն ու փարավոնի վզնոցը

Լուսանկարը` Մեդիամաքս


1963 թ. Սիլվա Կապուտիկյանը Փարիզում հանդիպում է Սիամանթոյի քրոջը: Պոետի քույրը բանաստեղծուհուն է նվիրում եղբոր գրիչն ու ասում, որ ճիշտ կլինի, որպեսզի այն պահվի Կապուտիկյանի մոտ: Բանաստեղծուհին շատ է ուրախանում եւ պահում է այն ծրարով, որով փոխանցել էր պոետի քույրը:

Կոմիտասի ուրարի (գունավոր եւ ծաղկավոր երիզ, որն ուրարակիրն ու սարկավագը կրում են իրենց ձախ ուսի վրա) մի հատվածը Փարիզում Սիլվա Կապուտիկյանին մի սփյուռքահայ է տվել: Սփյուռքահայը ուղիղ երկու կես է արել կտորն ու մի հատվածն իրեն պահել:

Հին եգիպտական փարավոնի վզնոցը Սիլվա Կապուտիկյանին է նվիրել Արփինե Նագաշյանը: Ասում են, այս վզնոցը 3500 տարվա պատմություն ունի: 

7. ASALA-ի տղաների նվերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիլվա Կապուտիկյանը 1982թ.-ին գնում է Հունաստան: Այստեղ նրան հանդիպման են հրավիրում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ASALA-ի տղաները: Հանդիպման ավարտին նրանք դուրս են գալիս բանաստեղծուհուն ուղեկցելու, ճանապարհին խանութ են մտնում: Տղաները Սիլվա Կապուտիկյանին նվեր ժամացույց են գնում, որը նա թույլ չի տալիս լարել:

«Երկար տարիներ ժամացույցն այդպես դրված էր: Մի օր զարմացած ասացի՝ այ Սիլվա, էս ինչ է այս ժամացույցը, 30 տարի դրված է, չեմ տեսել, որ աշխատի: Ժպտաց ու պատասխանեց՝ դա ձեզ համար է ժամացույց, ինձ համար ժամացույց չէ, թանկարժեք նվեր է, եւ ես ուզում եմ այդպիսին մնա: Չվերածվի ժամը ցույց տվող ապարատի»,- պատմում է Սիլվա Կապուտիկյանի զարմուհին՝ Ռաֆլետա Հաջյանը:

8. Վանի կռիվներին մասնակցած թուրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արա Շիրազը Մոսկվայում հանդիպում է մի ռուս գեներալի: Երբ գեներալն իմանում է, թե ում որդին է Արա Շիրազը, շատ է հուզվում: Նա մի պահ դուրս է գալիս, մտնում մեկ այլ սենյակ եւ որոշ ժամանակ անց վերադառնում՝ ձեռքին մի թուր: Նա թուրը փոխանցում է Արա Շիրազին եւ ասում. «Սա առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած թուր է: Բայց միայն այդ պատերազմը չէ, որ տեսել է: Սա Վանի ինքնապաշտպանությանն է մասնակցել: Ես կարծում եմ, որ Սիլվա Կապուտիկյանն այն մարդն է, ում մոտ պետք է պահվի սա»:

Թուրը մինչ օրս պահպանել է սրությունը: Այն մասունքի նման պահվում է վանեցի գաղթական բանաստեղծուհու տուն-թանգարանում:

9. Փարաջանովի գոբելենն ու սկուտեղը

Լուսանկարը` Մեդիամաքս


1973թ. ձերբակալում են Սերգեյ Փարաջանովին: Սիլվա Կապուտիկյանն այն մտավորականներից էր, ով որոշում է, որ պետք է նամակ գրել Մոսկվայի Գերագույն դատարանին՝ Փարաջանովին ազատ արձակելու պահանջով: Բանաստեղծուհու նամակը, իհարկե, մերժվում է: Նամակի մասին իմանում է Սերգեյ Փարաջանովը, 1977թ. բանտից դուրս գալուց հետո խաղողով ու նուռով լի մեծ սկուտեղով եւ գոբելենով այցելում է նրան: Այդ օրը Փարաջանովն ի նշան երախտագիտության Սիլվա Կապուտիկյանին նաեւ վզնոց է նվիրում, որը թանգարանում չի ցուցադրվում:

10. Վերջին հոնորարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիլվա Կապուտիկյանը «Ոզնի» երգիծական հանդեսում տպագրված նյութերի համար ընդհանուր ստանում է 5000 դրամ: Սա նրա վերջին հոնորարն էր: Բանաստեղծուհին այս փողը երբեւէ չի ծախսում եւ պահում է ծրարի հետ: Ծրարի վրա գրված է.

«Սիլվա Կապուտիկյանին՝ «Ոզնու» հոնորար, ուղիղ հինգ հազ. դրամ (ոչ թե… դոլար):

Հ.Գ. Ամենաբարձր հոնորարը վերջին 5 տարում: 20 հունիսի, 1999թ.:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հասցեն է՝ Կապուտիկյան 1-ին շենք, 2-րդ մուտք, 4-րդ հարկ, բն. 26
Հեռախոսահամարը` (+ 374 10) 52-09-30
Կայքը՝ http://kaputikyanmuseum.com/

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին