Մեդիամաքսը առաջարկում է ծառայություններ ավանդական եւ նոր մեդիաների ոլորտում, որոնց բազմազանությունն ապահովվում է համակարգված ներքին սիներգիայով:
Մեդիամաքս լրատվական գործակալություն, Մեդիամաքս ինտերնետային հոլդինգ, Մեդիամաքս Մոնիտորինգ. այսպիսին է այսօր մեր ընկերության կառուցվածքը: Ստորաբաժանումներից յուրաքանչյուրը կարեւոր դեր ունի, եւ դիվերսիֆիկացիան Մեդիամաքսին թույլ է տալիս առավելագույնս ճկուն լինել եւ արագ արձագանքել շուկայի սրընթաց փոփոխություններին:
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական. սա ոչ միայն կարգախոս է, այլեւ` մեր աշխատաոճը: Մենք ուշադիր ենք այն մարդկանց ընտրության նկատմամբ, ովքեր աշխատում են մեր ընկերությունում: Գլխավոր սկզբունքն է` լավ մասնագետները պետք է նաեւ լավ մարդիկ լինեն: Մեր ընկերությունում գաղափարները հեղինակում են ոչ միայն ղեկավարները, այլեւ` թիմի բոլոր անդամները: Նոր գաղափարների անընդհատ գեներացումը Մեդիամաքսի հիմնական շարժիչ ուժն է: Այդ գաղափարները կյանքի կոչելը մեզ թույլ է տալիս իրականացնել մեր տեսլականը` ապահովել մեր բիզնեսի աճն ու զարգացումը` միաժամանակ մասնակցելով Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանը: Մենք չենք փորձում փոխել աշխարհը, բայց վստահ ենք, որ կարող ենք այն մի փոքր ավելի լավը դարձնել:
Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընկերություններին եւ կարծում ենք, որ խելացի ու համարձակ ընկերությունները պետք է միավորեն ջանքերը հավակնոտ եւ երկարաժամկետ խնդիրների լուծման համար: Մեզ հետ գործընկերությունը կարող է պատիվ բերել ցանկացած ընկերության, քանի որ մեր ներդրումը այդ փոխգործակցությունում միշտ անկեղծ է եւ լիարժեք:
Որակը Մեդիամաքսի բիզնեսի հիմնական գաղափարախոսությունն է: Մենք պահանջկոտ ենք ինքներս մեր հանդեպ եւ միշտ պատրաստ ենք աշխատել ծառայությունների կատարելագործման ուղղությամբ: Մենք շուկա դուրս եկանք 1999 թվականին` հակառակ գործընկերներից շատերի հոռետեսական կանխատեսումների: Մենք երկար ճանապարհ ենք անցել` չանելով ոչինչ, որի համար կարող ենք ափսոսալ: Այն ամենը, ինչին հասել ենք, մենք ձեռք ենք բերել համառ աշխատանքի, կամքի ուժի եւ համբերության շնորհիվ: