Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը (ՄՀՀ) բազմաֆունկցիոնալ կառույց է, որի դռները բաց են ամենատարբեր մշակութային ու սպորտային միջոցառումների, ցուցահանդեսների, համերգների ու համաժողովների, անգամ՝ անձնական հանդիսությունների ու տոների համար:
Սա Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի մոտեցումն է:
Նա վստահ է, որ Համալիրը պետք է ծառայի հանրությանը՝ ապրելով մարդկանց շնչով: Կարեն Ղազարյանն ասում է, որ Համալիրը հենց Ծիծեռնակաբերդում կառուցելով՝ ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը ցանկանում էր,
որ ցավի եւ հիշողության կողքին լինի ապրելու, արարելու եւ զարգանալու խորհրդանիշը:
Մեդիամաքսի հետ զրույցում Կարեն Ղազարյանը պատմել է կառույցի ինքնաբավ դառնալու, պետությունից կախվածությունը նվազեցնելու եւ զարգացման ծրագրերի մասին:
Կենդանի կառույցն ու ժամանակի վկայությունը
Տնօրեն նշանակվելուն պես զարգացման ծրագիր ենք ներկայացրել, որի առանցքը համալիրն ամենօրյա միջոցառումների եւ հանրության լայն շրջանակների համար հասանելի կառույց դարձնելն էր: Մինչ այդ շենքը հիմնականում իր պահպանման ծախսերը հոգալու խնդիր էր լուծում: Ավելին ստեղծելու եւ զարգանալու նպատակով անհրաժեշտ էր փոխել համալիրի կազմակերպաիրավական ձեւը՝ ՊՈԱԿ-ից (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) անցում կատարելով ՓԲԸ-ի (փակ բաժնետիրական ընկերություն)՝ մեծացնելով տարբեր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները:
Համալիրը ժամանակի վկայությունն է, ժողովրդի հիշողության եզակի անկյունը՝ փոքր խնջույքներից ու տոներից մինչեւ կարեւոր իրադարձություններ: Երբ այն շահագործման էր հանձնվել, շենքում «12 աթոռ» ռեստորան է գործել, աստիճանների տակ եղել է առաջին «կոոպերատիվ» վարսավիրանոցը, հուշանվերների խանութը, սրճարանը՝ համալիրը տարաբնույթ ժամանցի համար նախատեսված վայր է եղել: Մեր նպատակն է, որ կառույցը վերագտնի իր սկզբնական նպատակը՝ համադրելով պատմական ժառանգությունը ժամանակակից պահանջների հետ:
Ինքնաբավության հասնելը
Արդեն երկու տարի Մարզահամերգային համալիրը գործում է որպես ՓԲԸ: Կառույցը սկսել էր զարգանալ ռւ «թափ հավաքել» նախքան կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը, իսկ ՓԲԸ դառնալուց ի վեր ապահովել է եկամտաբերության ու շահույթի շոշափելի արդյունքներ: Պետական բյուջեից պահպանության համար տրամադրվող ֆինանսավորումը եռակի անգամ ավել չափով հետ ենք վերադարձնում բյուջե՝ շահութաբաժնի, հարկերի եւ այլ վճարումների տեսքով։
Միջոցառումների տարեկան քանակը 40-ից ավելացել է մինչեւ 130։ Զարգացման ծրագրի համաձայն՝ նախատեսվում էր համալիրի ղեկավարումը ստանձնելուց 3-4 տարի անց աստիճանաբար հրաժարվել պետության դրամաշնորհից: Այդ պահը հասունացել է՝ 2026 թվականի հունվարի 1-ից կառավարությունը կդադարեցնի Մարզահամերգային համալիրի պահպանության համար դրամաշնորհի տրամադրումը, իսկ մենք կստանձնենք ամբողջական ինքնաբավության հասնելու բարդ ճանապարհն անցնելու պատասխանատվությունը:
Պետության ֆինանսական աջակցությամբ եւ համատեղ ջանքերով վերջին տարիներին իրականացրել ենք համալիրի տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Թարմացվել են ձայնային, լուսային եւ բեմական սարքավորումները, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան համերգներ, սպորտային միջոցառումներ եւ բեմադրություններ:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից
Պետությունը միշտ օժանդակում է կարեւորագույն խնդիրների լուծմանը: Մասնավորապես, նախորդ տարվա վերջին կառավարությունը գումար է հատկացրել օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման եւ էլեկտրական համակարգի արդիականացման համար: Առաջիկա խնդիրներից է Համալիրի տանիքի ու դեպի գլխավոր շքամուտք տանող աստիճանավանդակի վերանորոգումը։ Հույս ունենք, որ պետության վրա այդ ծախսերը չենք թողնի եւ կունենանք ներդրողներ, որոնց հետ փոխշահավետ պայմանավորվածություններ կգտնենք։
Մարդկանց կապելը շենքի հետ
Մի քանի տարի Համալիրում գործում է ամուսնությունների գրանցման (ՔԿԱԳ ծառայությունների) հանդիսավոր սրահը: Նախկինում այդպիսի սրահ կար Երիտասարդական պալատում: Շատերն էին իրենց «ԶԱԳՍ»-ի արարողությունն անցկացնում այնտեղ: Երբ Երիտասարդական պալատը քանդեցին, Երեւանում այլեւս ամուսնության գրանցման հանդիսավոր սրահ չմնաց: Որոշեցինք, որ ճիշտ կլինի համալիրում այդպիսի սրահ հիմնել, ինչը նաեւ մարդկանց կկապի շենքի հետ:
Մարդն իր կյանքի որեւէ կարեւոր առիթ նշելով այս շենքում, առանձնակի ջերմությամբ է լցվում կառույցի ու դրա պահպանման նկատմամբ: Վերջին երեք ու կես տարվա ընթացքում մոտ 370 ամուսնության գրանցման հանդիսավոր արարողություն ենք ունեցել:
Փոքր թիմով աշխատանքը
Համալիրն ապրեցնելու եւ ծրագրերն իրականացնելու համար շատ կարեւոր է թիմը: Լինում են օրեր, երբ միաժամանակ 5-6 միջոցառում ենք ունենում, ինչը շատ լուրջ թիմային աշխատանք է պահանջում: Մենք աշխատում ենք 65 հոգանոց փոքր թիմով, որի հաջողության գրավականը աշխատակիցների սերն է այս կառույցի հանդեպ: Նշեմ, որ խորհրդային տարիներին շենքի շահագործման հանձնելիս աշխատակազմը բաղկացած է եղել 400 հոգուց:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից
Մեծ իրադարձություն էր 2023թ. սեպտեմբերի 9-ին Մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված «Այստեղ միշտ տոն է» կարգախոսի ներքո անցկացված միջոցառումը, որի շրջանակում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը։ Տոնական միջոցառումներին ներկա էին Համալիրի նախագծման, կառուցման եւ շահագործման գործում մեծ ավանդ ունեցող մարդիկ, որոնք պարգեւատրվեցին Երեւանի քաղաքապետի կողմից:
Համալիրը ներառել տուրիստական ուղեցույցներում
Քանի որ Համալիրը եզակի ճարտարապետական կառույց է եւ կարող է հետաքրքիր լինել Հայաստանի հյուրերի համար, դիմել ենք Զբոսաշրջության կոմիտե՝ տուրիստական ուղեցույցներում այն ներառելու համար:
Մեր մյուս նպատակը համալիրում իմերսիվ դահլիճ ունենալն է: Ամանորին երեխաների համար իմերսիվ տարբերակով բեմադրվեց «Մարդուկ ջարդուկը»՝ դրական արձագանքի արժանանալով: Այս գաղափարով ոգեւորված՝ հիմա գործընկերներ ենք փնտրում:
Մշտապես ասում եմ, որ երջանիկ կլինեմ այն օրը, երբ Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքի դռները միշտ բաց լինեն՝ հյուրընկալելով ամենատարբեր ձեւաչափի միջոցառումներ:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: