Երեւանում ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ կտեղադրվեն - Mediamax.am

183 դիտում

Երեւանում ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ կտեղադրվեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում գործարկվել է «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությունը, որի շրջանակում փոքր կենտրոնում արդեն տեղադրվում են ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ (ԱԱԴ)՝ միմյանցից ոչ ավելի, քան 300 մետր հեռավորության վրա։

Երեւանը դարձել է տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը»:

 

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությունից հայտնել են, որ նախագիծը համապարփակ լուծում է Հայաստանում եւ տարածաշրջանում, որը միավորում է կրթություն, ժամանակակից բժշկական սարքավորումներ եւ նորարարական ՏՏ համակարգ։

 

«Այս մոտեցումը նպաստում է «վերակենդանացման շղթայի» ամրապնդմանը՝ ավելի շատ մարդկանց տալով ապրելու հնարավորություն սրտի հանկարծակի կանգի դեպքում։

 

Այն թույլ է տալիս կամավորին վերցնել դեֆիբրիլյատորը եւ մինչեւ 6 րոպեում հասնել պատահարի վայր՝ առավելագույնի հասցնելով սրտային արտակարգ իրավիճակներում փրկվելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

 

ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը ասել է, որ արդեն տեղադրված է 30 դեֆիբրիլյատոր, առաջիկա օրերին այդ թիվը կհասնի 50-ի.

 

«Վերապատրաստվել է շուրջ 500 կամավոր՝ թե՛ անհատների, թե՛ մասնավոր կազմակերպությունների շրջանակում։ Մեր նպատակն է մինչեւ տարեվերջ ունենալ 2,000 վերապատրաստված քաղաքացի։ Մեր աշխատանքը հնարավոր չէ լիարժեք պատկերացնել առանց Երեւանի շտապօգնության ծառայության հետ համագործակցության։ Մենք նաեւ սկսել ենք ռազմավարական համագործակցություն Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ՝ ստեղծելով վերապատրաստման կենտրոն՝ կամավորների համակարգված ու որակյալ ուսուցման համար»։

 

Նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին՝ ՀԵՆԱՐ եւ «Philips Foundation» հիմնադրամների եւ Երեւանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցությամբ, ինչպես նաեւ Առողջապահության եւ Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի եւ Շտապօգնության ծառայության նշանակալի աջակցությամբ։

 

Դեֆիբրիլյատորների տեղադրումն ու տեխնիկական սպասարկումն ապահովվում է «Մեդիտեք» ընկերության կողմից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին