Հայաստանի ամերիկյան համալսարանը շարունակում է «Եռանկյունաձև այգու» ծրագիրը - Mediamax.am

238 դիտում

Հայաստանի ամերիկյան համալսարանը շարունակում է «Եռանկյունաձև այգու» ծրագիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է համալսարանի ետնամասում գտնվող «Եռանկյունաձև այգում» մեկնարկած շինարարական աշխատանքները, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության և համալսարանի մասնավոր միջոցների համակցությամբ։

ՀԱՀ հաղորդագրության մեջ ասվում է, որ «բարեկարգված այգին կծառայի ոչ միայն ՀԱՀ համայնքին, այլ նաև լայն հանրությանը»։

 

«Նախագծի նպատակն է վերափոխել գոյություն ունեցող այգին՝ այն դարձնելով կենսունակ և կանաչ հանրային տարածք՝ բոլորի համար», - նշել են համալսարանում:

 

Հաղորդագրության մեջ ասված է նաեւ.

 

«Ծրագիրը կյանքի կոչվեց 2019 թվականի սեպտեմբերին՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) Արտերկրում գործող ամերիկյան դպրոցների և հիվանդանոցների գրասենյակի (ASHA) կողմից հատկացված 752,410 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի միջոցով, որին գումարվեց համալսարանի՝ ավելի քան 500,000 ԱՄՆ դոլարի ներդրումը՝ ՀԱՀ-ի առատաձեռն բարերարների նվիրատվությունների շնորհիվ։ 2024 թվականի հոկտեմբերին ՀԱՀ-ը ստացավ 750,000 ԱՄՆ դոլարի հավելյալ նվիրատվություն, որի շնորհիվ ընդհանուր ներդրումը կազմեց ավելի քան 1,250,000 ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի ընդհանուր բյուջեն՝ ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար։

 

2025 թվականի հունվարի վերջին, ԱՄՆ նախագահի՝ 2025 թվականի հունվարի 24-ի «Միացյալ Նահանգների արտաքին օգնության վերագնահատման և վերանայման մասին» հրամանագրի համաձայն, ՀԱՀ-ը ծանուցում ստացավ, ըստ որի՝ անհրաժեշտ էր անհապաղ դադարեցնել ASHA-ի կողմից տրամադրված ակտիվ դրամաշնորհների, այդ թվում՝ այգու նախագծի հետագա ծախսերը։ 2025 թվականի փետրվարին համալսարանին պաշտոնապես տեղեկացվեց, որ ASHA-ի դրամաշնորհները կասեցվել են։ Սույն ծանուցման պահին համալսարանն արդեն իսկ ծախսել էր ASHA-ի դրամաշնորհի մի մասը։ Այս հանգամանքն անճշտությունների տեղիք տվեց մամուլում, ինչի հետևանքով շրջանառվեցին ծրագրի կասեցման վերաբերյալ սխալ տեղեկություններ։

 

Հարկ է նշել, որ դրամաշնորհի դադարեցումը վերաբերում է միայն ASHA-ի չծախսված միջոցներին, որոնք կազմում են 752,410 ԱՄՆ դոլարի կեսից մի փոքր ավելին։ Սա ծրագրի ընդհանուր բյուջեի համեմատաբար փոքր մասն է, և համալսարանն ի վիճակի է աշխատանքներն ավարտին հասցնել՝ կատարելով որոշակի բյուջետային ճշգրտումներ․ արդյունքում ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 1,678,200 ԱՄՆ դոլար։

 

«Մենք չենք դադարեցրել «Եռանկյունաձև այգու» ծրագիրը, քանի որ վճռական ենք այն ավարտին հասցնելու գործում։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել՝ մեր սեփական միջոցներով հաջողությամբ ավարտելու այգու շինարարական և կանաչապատման աշխատանքները։ Թեև ASHA-ի ֆինանսավորման անսպասելի չեղարկումը ցավալի է, ՀԱՀ-ը հաստատակամ է իր հանձնառության մեջ։ Մեր բարերարների առատաձեռնության և համալսարանի ռազմավարական ֆինանսական պլանավորման շնորհիվ մենք վստահ ենք, որ «Եռանկյունաձև այգու» շինարարական աշխատանքները կավարտվեն ըստ նախատեսվածի», - նշել է ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին