Երեւանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով - Mediamax.am

Փետրվար 17, 2026
2149 դիտում

Երեւանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում վճարովի ավտոկայանատեղերը կլինեն տարբեր գույների: Կառավարության նիստում այսօր որոշվել է, որ վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի սահմանազատումը կիրականացվի ըստ գոտիավորման:

«Ա» գոտում վճարովի ավտոկայանատեղերը կլինեն կարմիր, իսկ «Բ» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերը՝ կապույտ գետնանշմամբ:

 

Որոշվել է, որ ծառայողական ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի սպիտակ գույնի գետնանշմամբ:

 

«Ծառայողական ավտոկայանատեղիի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից եւ նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,- ասվում է որոշման մեջ:

 

Էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ:

 

Նշվում է, որ այդկերպ վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտությամբ միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը:




Մեր ընտրանին