Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի գլխավոր մուտքի դռները եւ բարձրադիր կամարով երիզված չուգունաձույլ վիտրաժը ներկա պահին գտնվում են «Ալեքս Գրիգ» ընկերության պահեստում:
Այսօր Մեդիամաքս-ի թղթակիցը եւ ֆոտոթղթակիցը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի եւ Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի ուղեկցությամբ այցելել են hիշյալ պահեստը:
Պահեստի տարածքում մեզ ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ընկերության տնօրինությունը:
Շուկայի գխավոր մուտքի երկաթյա հսկա դռները փաթեթավորված եւ անվնաս տեղադրված են ընկերության արտադրամասին կից պահեստի տարածքում:
Շուկայի չուգունաձույլ վիտրաժները եւ դրանք երիզող շրջանակները, որոնք պատրաստված են Մակարավանքի համալիրի բեմի զարդանախշերի օրինակով, տեղադրված էին առանձին հատկացված տարածքում: Դրանք իրարից առանձնացված, համարակալված, փաթեթավորված են եւ տեղադրված են առանձին փայտե հարթակի վրա:
Մկրտիչ Մինասյանն ու Կարո Այվազյանը Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ դռներն ու վիտրաժները խնամքով եւ ճիշտ են պահպանվում, եւ այս պահի դրությամբ իրենք դրանց պահպանման հարցով մտահոգություն չունեն:
Կարո Այվազյանը տեղեկացրել է, որ կազմվելու է Փակ շուկայի շենքի պահպանության պարտավորագիր, որով սեփականատերը հանձն է առնելու պահպանել ու նախկին տեսքով վերականգնել կառույցը:
Սամվել Ալեքսանյանը Մեդիամաքս-ի թղթակցին ասել է, որ եւ՛ դռները, եւ՛ վիտրաժները խնամքով պահպանվելու են մինչեւ շուկայի վերականգնումը:
«Երբ շուկայի շենքը վերականգնվի, այս ամենը տեղադրվելու է իր նախկին տեղում: Վստահեցնում եմ, որ մոտ մեկ ամիս այս պահեստում գտնվող դռներն ու վիտրաժները խնամքով կմնան այստեղ այնքան, որքան կպահանջվի», - ասել է նա:
Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին՝ Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ այն իր նախկին ձեւով կվերականգնվի: «Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որեւէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա՝ առանց սրահների, տաղավարների: Նոր անուն շուկան եւս չի ունենալու», - Մեդիամաքս-ին ասել է Սամվել Ալեքսանյանը:
Եկատերինա Պողոսյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: