Կարեն Կարապետյանի 11 ամիսները Երեւանի քաղաքապետի պաշտոնում - Mediamax.am

13541 դիտում

Կարեն Կարապետյանի 11 ամիսները Երեւանի քաղաքապետի պաշտոնում


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Վերջին օրերին տարբեր կարծիքներ են հնչում Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործունեության, նրա հաջողությունների եւ բացթողումների մասին: Մենք որոշեցինք ներկայացնել Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակագրությունը ընտ ամիսների` առանց գնահատականների: ժամանակագրությունը կազմված է մեր արխիվի հիման վրա եւ քաղաքապետի գործունեության ամբողջական պատկերը լինելու հավակնություն չունի:

Դեկտեմբեր 2010թ.

 

- Երեւանի Ավագանու խորհրդի անդամները քաղաքապետ են ընտրել Կարեն Կարապետյանին: Հանդես գալով Ավագանու խորհրդի անդամների առջեւ` նա ասել է, որ «այսօր լավ հնարավորություն կա համատեղ ուժերով ստեղծել ժամանակակից եւ հարմարավետ քաղաք երեւանցիների համար»:

 

- «Երդվում եմ հոգ տանել մեր հին մայրաքաղաքի բարի համբավի պահպանմանը, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, ուժերս անմնացորդ ուղղել ազգի հավատի պահպանմանը, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր աճին: Օժանդակել բոլոր ազնիվ եւ արդար նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն իմ համաքաղաքացիների լուսավոր գաղափարների իրականացմանը»,- ասել է Երեւանի քաղաքապետը իր երդման խոսքում:

Հունվար 2011թ.

 

- Կարեն Կարապետյանը սկսում է պայքարը փողոցային առեւտրի դեմ, ինչը բազմաթիվ դժգոհությունների եւ բողոքների պատճառ է դառնում:

 

- Փոխվում է քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառուցվածքը։

Քաղաքապետը նշում է,  որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել։

 

- Նշանակվում է քաղաքապետի նոր տեղակալը՝ Վահագն Առաքելյանը, ով նախկինում զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը:

 

 

Փետրվար 2011թ.

 

- Երեւանի քաղաքապետարանում ստեղծվում է բիզնես ծրագրերի աջակցման եւ զարգացման նոր կառույց:

 

- Երեւանի քաղաքապետը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵ) ՓԲԸ գլխավոր տնօրենը համաձայնագիր են ստորագրում 2011-2015թթ. սոցիալ-տնտեսական համագործակցության մասին։ Կողմերը պայմանավորվում են, որ Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀԵ ՓԲԸ-ն տեխնիկա–տնտեսական հաշվարկներ կներկայացնի «Մանկական երկաթուղու» ընդլայնման ( նոր շինարարության) նախագծի վերաբերյալ։

 

Մարտ 2011թ.

 

- Երեւանի քաղաքապետը եւ «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել «Դալմա Գարդեն» առեւտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առեւտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել եւ արդիականացնել Երեւանի կրկեսը, հանգստի  գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում:

 

- Քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկում է դպրոցների աշակերտների թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը։

 

- Քաղաքապետը կարեւորում է դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձեւավորումը, դպրոցների էլեկտրոնային կայքերի ստեղծումը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծում ստանան: “Դպրոց մտնող յուրաքանչյուր կամավոր վճարում պետք է թափանցիկ ու հասկանալի լինի բոլորի համար: Սա է խաղի կանոնը, որպեսզի  վերականգնվի վստահությունը դպրոցի եւ ուսուցչի հանդեպ, որն այսօր ցածր մակարդակի վրա է”,- նշել է քաղաքապետը:

 

- Քաղաքապետը խիստ եւ հետեւողական վերահսկողության պահանջ է դրել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ: “Կառուցապատողին, որն իր պարտականությունները չի կատարում, պետք է ենթարկենք վարչական պատասխանատվության: Եվ այս մոտեցումը պետք է կիրառվի անխտիր բոլոր խախտողների նկատմամբ”,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

- Քաղաքապետն ասել է, որ դպրոցի եւ ուսուցչի նկատմամբ հասարակության վստահությունը պետք է վերականգնվի: “Մենք լինելու ենք բավականին կոշտ եւ հետեւողական բոլոր այն խաղի կանոնների խախտման դեպքերում, որը մենք հայտարարում ենք: Ու ոչ թե այն պատճառով, որ այդ կոշտությունը մեզ դուր է գալիս, ուղղակի ուրիշ կերպ միջավայրը փոխել անհնար է: Սա իրականում ոչ թե քարոզչություն է, այլ համագործակցության ակնկալիք”,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

 

- Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ մտադիր է հրաժարվել քաղաքի կառավարման «ֆեոդալական միտումներից»: «Այն ոլորտները, որոնցում կա բիզնես-տրամաբանություն, պետք է փոխանցել մասնավոր ներդրողին»,- ասել է Կարեն Կարապետյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Ես վստահ եմ, որ ուժեղ կառավարչին կամ թիմին, որը վստահ է իր իրավացիության մեջ, չպետք է արհեստականորեն իրավացիություն ապացուցել «մկանները գործադրելու» հաշվին»,- նկատել է Կարեն Կարապետյանը: Միաժամանակ, խոստովանել է քաղաքապետը, բիզնեսի ներկայացուցիչները դեռեւս «մինչեւ վերջ չեն զգացել, որ մենք անկեղծ ենք եւ մինչեւ վերջ կգնանք մեր այդ մոտեցման մեջ»:

 

- Քաղաքապետը հայտարարել է, որ «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով յուրաքանչյուր անհատ իր հնարավորությունների սահմաններում պետք է օժանդակի հարազատ դպրոցին:

 

Ապրիլ 2011թ.

 

- ՀՀ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշանակվել է Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն:

 

- Քաղաքապետն ասել է, որ իրեն քաղաքական գործիչ չի համարում: Ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում, Կարեն Կարապետյանն ասել է, որ իրեն այդ պաշտոնում առաջադրած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր առջեւ «կուսակցական առաջադրանք» չի դրել: Կարեն Կարապետյանը հավելել է, որ երբեք նպատակ չի ունեցել քաղաքապետի պաշտոն զբաղեցնել: «Ինձ համար շատ հետաքրքիր է այստեղ: Ինչպես ասում են, ես այստեղ դրայվ եմ զգում», - ասել է քաղաքապետը:

 

- Երեւանի 161 դպրոցների շուրջ 43 հազար աշակերտներ արդեն հաճախել են մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախներ` քաղաքապետի նախաձեռնությամբ մարտի 1-ից մեկնարկած դպրոցականների մշակութային օջախներ անվճար այցելության ծրագրի շրջանակներում:

 

- Քաղաքապետն արձագանքել է նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների ժամային գրաֆիկի փոփոխման վերաբերյալ դժգոհություններին: «Ինչ վերաբերում է «փորձարկումներ կատարեք Ձեր ընտանիքի անդամների վրա» արտահայտությանը, ասեմ, որ իմ ընտանիքում կա երկու երեխա, որոնց գրաֆիկը նույնպես փոխվել է եւ իրենք էլ շատ գոհ չեն։ Սակայն այս քայլը ինքնանպատակ չէ, այլ առավոտյան խցանումների խնդիրը կարգավորելուն ուղղված բազմաթիվ քայլերից մեկը”, - ասել է Կարեն Կարապետյանը։

 

Մայիս 2011թ.

 

- Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հրաժարվեն որոշ բակերում առկա "բոստանային” տարածքներից: Քաղաքապետն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երեւանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ:

 

- Երեւանի քաղաքապետարանը մշակում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը երիտասարդական կենտրոն դարձնելու նախագիծը, ասել է քաղաքապետը` հանդիպելով ուսանողներին:

 

- Հրաժարական է տվել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը:

“Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի”,- նշել է քաղաքապետը:

 

- Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: “Նարեկ Սարգսյանին Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակելիս հաշվի են առնվել թե դրական, թե բացասական կարծիքները: Նախ եւ առաջ, հաշվի է առնվել նրա համակարգված ու արդյունավետ կառավարիչ լինելը: Գլխավոր ճարտարապետի ինստիտուտն ամենակարեւոր եւ բարդերից մեկն է: Ասեմ նաեւ, որ գլխավոր ճարտարապետի թեկնածուների ցանկն այնքան էլ մեծ չէր: Պատճառներից մեկն այն է, որ ճարտարապետական միջավայրում զգացմունքային վերաբերմունքը խնդիրներին հաճախ գերակշռում է պրագմատիկ մոտեցումներին: Երեւանի գլխավոր ճարտարապետը լավ ճարտարապետ լինելուց բացի պետք է լինի նաեւ լավ կառավարիչ: Այս առումով Նարեկ Սարգսյանի փորձն անգնահատելի է, եւ չի կարելի Երեւանի բոլոր հիմնախնդիրները վերագրել մեկ մարդու”, - ասել է քաղաքապետը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում:

 

- “Ես աշխատելու եմ այնպես, ինչպես ծրագրել եմ: Բնականաբար, ես չեմ ուզում, որ իմ վարկանիշն ընկնի: Բայց, միաժամանակ, չեմ ցանկանում պոպուլիզմով զբաղվել: Մեր թիմը վստահ է, որ արդյունավետ է եւ կարող լավ բաներ անել Երեւանի համար: Ես առաջարկում եմ մեր աշխատանքը գնահատել արդյունքներով եւ ոչ թե կանխատեսումներով”, - ասել է քաղաքապետը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում:

 

- Կառավարության նիստում քաղաքապետն ասել է, որ 2012 թվականին կսկսվի Երեւանի կենտրոնը բեռնաթափող արագընթաց ճանապարհի շինարարությունը, որը Արտաշատի խճուղին կմիացնի Աշտարակի խճուղուն:

 

- «Ես միանշանակ համոզված եմ, որ երկրի ապագան կախված է քաղաքացիների կրթվածության մակարդակից: Ցանկանում եմ Երեւանը կիրթ եւ ինտելիգենտ տեսնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

 

Հունիս 2011թ.

- Orange Armenia ընկերությունը եւ Երեւանի քաղաքապետարանը հինգ երթուղիների հինգ ավտոբուսներում գործարկել են անվճար Wi-Fi-ինտերնետ տրամադրելու պիլոտային ծրագիրը:

 

- Երեւանի քաղաքաշինական խորհրդի անդամների մեծամասնությունը կողմ է արտահայտվել ՀՀ Կառավարական շենքի բակում նախատեսված թմբուկի կառուցմանը:

 

- Քաղաքապետը հայտնել է, որ հուլիսի 1-ից երեւանյան մետրոյի ուղեվարձը 50 դրամից կդառնա 100 դրամ: Կարեն Կարապետյանն ասել է, որ հասկանում է մետրոպոլիտենի ուղեւարձի բարձրացման հետ կապված երեւանցիների մտահոգությունը։ “Այսօրվա դրությամբ մետրոպոլիտենի մեկ ուղեւորի փոխադրման ընդհանուր ծախսը կազմում է 160 դրամ, որը շատ արագ շարունակում է աճել։ Մենք չենք կրճատելու մետրոպոլիտենի դոտացիան, բայց նաեւ հնարավորություն չունենք ավելացնելու, իսկ մետրոպոլիտենի պահպանման եւ զարգացման համար անհրաժեշտ ծախսերի աճը բավականին մեծ է”, - ասել է քաղաքապետը:

 

- Քաղաքապետն ասել է, որ մշակվում է աղբահանության եւ սանմաքրման ծառայությունների մատուցման մրցութային փաթեթը, որը կներկայացվի միջազգային մրցույթում:

 

- Քաղաքապետարանը գործարկել է "Կանաչ քաղաք” ծրագիրը, որի նպատակն է ավելացնել մայրաքաղաքի կանաչ եւ ծաղկապատ տարածքները:

 

- Քաղաքապետն ասել է, որ մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը:

Հուլիս 2011թ.

 

- Երեւանի 60 բանուկ խաչմերուկներում եւ կանգառներում ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է համաժամանակյա ռեժիմով շարունակել հասարակական տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգի աշխատանքները եւ իրականացնել մշտական վերահսկողություն:

 

- Հուլիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքում ապամոնտաժվել է 893 ապօրինի կամ չգործող կրպակ:

 

- Կարեն Կարապետյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ստորագրել են հուշագիր` սկիզբ դնելով «Գեղեցիկ Երեւան» ծրագրին, որի նպատակը մայրաքաղաքի միջավայրի բարելավումն է:

 

- Երեւանի ավագանին հավանություն է տվել «Երեւան Տրանսպորտ Օփերեյշն» ՍՊ համատեղ ընկերություն ստեղծելու որոշմանը: Ընկերությունը կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերով. նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի:

 

- Երեւանի քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել "Հանրապետության հրապարակ” մետրոյի կայանի հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման ծավալատարածական լուծումներին:

 

Օգոստոս 2011թ.

 

- Քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որն առաջիկայում կներկայացվի քննարկման:

 

- Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ապամոնտաժվելու են Աբովյան փողոցում գտնվող ժամանակավոր շինություններն ու կրպակները: «Աբովյան փողոցի վրայի խանութներն ու կրպակները պետք է ապամոնտաժվեն: Ողջունելի է, որ նախաձեռնությունը եկել է սեփականատերերից: Առաջարկում եմ շարունակել բանակցությունները եւ փոխընդունելի լուծումներ գտնել»,- նշել է Կարեն Կարապետյանը:

 

- Քաղաքապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «մայրաքաղաքում շինարարության նոր մշակույթի ձեւավորումն անհրաժեշտություն է»: Նա շեշտել է, որ շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթեւեկության համար  ապահովել անվտանգ ու հարմարավետ  տեղաշարժ:

 

 

Սեպտեմբեր 2011թ.

 

- “Սոցիալական լարվածության խնդրի լուծումը կապել կրպակների կամ փողոցային առեւտրի հետ ճիշտ չէ: Եթե մի օր որոշենք գնալ ծայրահեղ քայլի ու քաղաքում նոր կրպակներ տեղադրելու բազմաթիվ նոր որոշումներ ընդունենք, արդյո՞ք սա կբերի սոցիալական լարվածության նվազմանը: Իհարկե` ոչ: Ուրիշ օրինակ բերեմ. բոլորը պահանջում են լուծել տրանսպորտի խնդիրը ու միկրոավտոբուսները փոխարինել մեծ ավտոբուսներով: Ակնհայտ է, որ այս խնդրի լուծման ընթացքում եւս ծագելու են խնդիրներ` կապված վարորդների մի մասին այլ աշխատանքի տեղավորման հետ: Այս դեպքում եւս պետք է փորձենք գտնել անհատական լուծումներ: Բոլորը բողոքում են կանաչ գոտիներում տեղակայված սրճարանների դեմ: Գալու է նաեւ նրանց վարձակալության ժամկետների ավարտվելու պահը. եւ ի՞նչ, այս դեպքում նորից մեր ընդդիմախոսները ներկայացնելու են սոցիալական լարվածության խնդիրը: Զարմանալին այն է, որ շատ մարդիկ, որոնք այսօր բողոքում են կրպակների ապամոնտաժման դեմ, տարիներ առաջ նույն ոգեւորությամբ բողոքում էին դրանց տեղադրման դեմ: Նույնիսկ եթե պատկերացնենք, որ քաղաքում սոցիալական խնդիրներ չկան, միեւնույն է, կրպակի կամ որեւէ կառույցի ապամոնտաժումը շահերի բախում է առաջացնելու է: Ի վերջո, պետք է այս խնդիրները լուծելու համարձակություն ունենանք”, - ասել է քաղաքապետը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում:

 

- «Կառավարության հետ սկսել ենք բանակցություններ Երեւանի բյուջեի ձեւավորման մեթոդաբանության կամ խաղի կանոնների մասին: Այսօր Երեւանի բյուջեն ձեւավորվում է երկու մասերից: Առաջին մասը այն գումարներն են, որ մենք ենք հավաքագրում` գույքահարկ, հողի հարկ, մեր սեփականության վարձակալություններ, օտարումներ: Երկրորդ մասը սուբվենցիան է ՀՀ պետական բյուջեից, որը տրվում է հստակ ոլորտների ֆինանսավորման համար: Մենք առաջարկում ենք գտնել մի լուծում, որը թույլ կտա Երեւանում ձեւավորվող շահութահարկի եւ եկամտահարկի որոշակի մասնաբաժիններն ուղղել քաղաքային բյուջե», - ասել է քաղաքապետը:

 

- «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործարկումից 6 ամիս անց նվիրատվությունների ընդհանուր չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը:

 

- Կարեն Կարապետյանն ասել է, որ Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ, որոնցից երկուսի հետ կնքվեն երկարաժամկետ պայմանագրեր:

 

- Մոսկովյան 36 հասցեում բացվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Ժպտա Երեւան» ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը` Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն:

 

- Կարեն Կարապետյանը պարգեւատրել է առեւտրի ու սպասարկման, բարեկարգված տարածքների մրցույթում հաղթողներին: «Մենք միանշանակ ճիշտ ճանապարհի վրա ենք, հպարտանալու համար շատ բաներ ունենք, ես համոզված եմ, որ մենք ունենք ֆանտաստիկ ապագա, եւ այն մեր բոլորիս ձեռքերում է, ոչ-ոք մեր փոխարեն չի կառուցելու մեր երկիրը, ոչ-ոք մեր փոխարեն չի բարեկարգելու մեր քաղաքը»,- ասել է քաղաքապետը:

 

- Կառավարության նիստում Կարեն Կարապետյանն ասել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սպասվածից ավելին է կրճատել մետրոյին հատկացվելիք միջոցները: Նա հիշեցրել է, որ մետրոյի սակագները բարձրացնելիս քաղաքապետարանը հայտարարել էր, որ մետրոպոլիտենի սուբսիդավորումը չի նվազելու: “Մենք ֆինանսների նախարարությանը փաստարկներ ենք ներկայացրել, որոնք, սակայն, չեն ընդունվում, եւ բանավեճը չի ստացվում”,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հոկտեմբեր 2011թ.

 

- Հոկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանը հաստատել է, որ հրաժարական է տալիս Երեւանի քաղաքապետի պաշտոնից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին