Երեւան: Մեդիամաքս: Աբովյան 5/5 հասցեում կառուցվելու է հյուրանոց, որը մաս կկազմի «Կեմպինսկի» համաշխարհային ցանցին:
Այս շաբաթ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից Մեդիամաքսին հայտնել էին, որ վերոնշյալ հասցեում հասարակական նշանակության շինության քանդման համար առկա է կառուցապատողներ` «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ին, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն ՍՊԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.07.2017թ. տրված հ.01/18-05/1-Կ-2054-538 նախագիծը և ներկայումս հիշյալ հասցեում համապատասխան քանդման թույլտվությամբ իրականացվում է գոյություն ունեցող շինության քանդման աշխատանքներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հարեւանությամբ կառուցվելու է հյուրանոցային համալիր:
Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան Քաղաքաշինության պետական կոմիտեից նշել են, որ. «նշված ծրագիրը («Կեմպինսկի» հյուրանոցային բրենդի երեւանյան մասնաճյուղ) ներառված է նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրերի ցանկում: Նախագծային աշխատանքներն իրականացվում են «Հայնախագիծ» ընկերության կողմից: Նախագծային աշխատանքների փուլը կավարտվի հոկտեմբերի վերջին: Աշնանը նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»:
Ավելի վաղ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ ներդրումների ծավալն այս նախագծում կգերազանցի $ 30 մլն-ը:
Մեդիամաքսը զրուցել է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ: Նա հայտնել է, որ այս պահին էսքիզներ են անում, տարբերակներ առաջարկում:
«Հիմա ստեղծագործական էտապն է, կերպարն է ստեղծվում: Ինտենսիվ աշխատում ենք»,- նշել է Գրիգոր Ազիզյանը:
Դեռ երկու տարի առաջ «Հայնախագիծ» ինստիտուտի արվեստանոցի վարիչ, ճարտարապետ Սարգիս Սարդարյանը պատրաստել էր այս վայրում հյուրանոցային համալիրի նախագիծը:
Լուսանկարը` Հայ Ճարտարապետ
Այն անգամ հաստատվել էր քաղաքաշինական խորհրդի կողմից: Կառուցապատողն այն ժամանակ եւս «Մուլտի գրուպ» ընկերությունն էր:
Այդ նախագծի որոշ էսքիզներ ներկայացված են Հայ Ճարտարապետ կայքում:
Հյուրանոցային համալիրի նոր նախագիծը կրկին վստահվել է Սարգիս Սարդարյանին:
Լուսանկարը` «Հայնախագիծ» ինստիտուտի կայք
Գրիգոր Ազիզյանը նշել է, որ հյուրանոցը կունենա 12 հարկ: «Հարեւանությամբ գտնվող հյուրանոցի հետ («Իբիս Երեւան»-խմբ.) նույն մակարդակի վրա է լինելու», - նշել է նա:
2012-ի աշնանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անդրադարձել էր Աբովյան 5/5 հասցեում կառուցվելիք հյուրանոցի հարկայնությանը: Նա նշել էր, որ շենքի հետին պլանում նախապեսված 18 հարկը առաջարկվել է նվազեցնել՝ համապատասխանեցնելով տարածքում առկա հարկայնությանը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ շոշափվել է «Կեմպինսկի» հյուրանոցային բրենդի մուտքը Հայաստան:
2011թ. փետրվարին «Կեմպինսկիի» տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ «Կեմպինսկի Երեւան» հյուրանոցը կտեղակայվի Ամիրյան փողոցի վրա, ԱԳՆ շենքի մոտակայքում: Նշվում էր, որ հյուրանոցի բացումը նախատեսված է 2013 թ.-ին, սակայն նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ:
2012 թվականին «Մուլտի գրուպ» ընկերությունը եւ «Կեմպինսկին» հուշագիր էին ստորագրել Առինջ գյուղի մոտ, Սեւան տանող ճանապարհին կառուցված հյուրանոցի կառավարման համար: Սակայն այս նախագիծը եւս չիրագործվեց՝ հյուրանոցի եւ հարակից «Փարավոն» զվարճանքների համալիրի կառավարումը «Մուլտի գրուպ»-ն իրականացում է ինքնուրույն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: