Երեւան: Մեդիամաքս: Արդեն մի քանի շաբաթ է՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի մայթին քանդման աշխատանքներ են ընթանում:
Աբովյան 5/1 հասցեում գտնվող շենքը, որտեղ 90-ականներին գործում էր «Աստաֆյան» անունը կրող կազինոն եւ հանդիսությունների սրահը, ապա՝ հագուստի խանութ եւ սրճարան, քանդվում է:
Մեդիամաքսը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե ով եւ ինչ է կառուցում վերոնշյալ հասցեում եւ ինչ ժամկետներում է նախատեսվում ավարտել շինարարությունը:
Ներկայացնում ենք քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը.
«Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Աբովյան փողոցի հ.5/1 հասցեում հասարակական նշանակության շինության քանդման համար առկա է կառուցապատողներ` «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ին, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն ՍՊԸ-ին եւ Դավիթ Մանթաշյանին 19.07.2017թ. տրված հ.01/18-05/1-Կ-2054-538 նախագիծը եւ ներկայումս հիշյալ հասցեում համապատասխան քանդման թույլտվությամբ իրականացվում է գոյություն ունեցող շինության քանդման աշխատանքներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նշված շինության քանդման եւ հարակից տարածքում` համաձայն 20.05.2017թ. տրված հ.01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվության, նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, որի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման փուլում կհստակեցվի նաեւ իրականացման ենթակա քաղաքաշինական գործունեության ժամկետները»:
Պատասխանից պարզ է դառնում, որ քանդվող շենքի փոխարեն կառուցվելիք շենքի նախագիծն առայժմ պատրաստ չէ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հունիսի 16-ին՝ հանդիպելով լրագրողների հետ, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ի թիվս այլ քաղաքաշինական ծրագրերի թվարկել էր նաեւ Աբովյան 5/1 հասցեում հյուրանոցային համալիրի կառուցումը: Նա նշել էր, որ ներդրումների ծավալը կգերազանցի $ 30 մլն-ը:
Մեդիամաքսը նշում է, որ քանդվող շենքին հարող տարածքում տարիներ առաջ շինարարական աշխատանքներ էին սկսվել, որոնք հետագայում սառեցվել էին: Ըստ որոշ տեղեկությունների, շինարարությունը հյուրանոց կառուցելու նպատակով սկսել էր «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը:
Առաջիկայում Մեդիամաքսն կփորձի առավել մանրամասն անդրադառնալ թեմային:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: