Գործարկվել է Երեւանի տրանսպորտի բարեփոխումների էլ. հարթակը - Mediamax.am

49080 դիտում

Գործարկվել է Երեւանի տրանսպորտի բարեփոխումների էլ. հարթակը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր պաշտոնապես գործարկվել է Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակը։

 

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի խոսքով՝ հարթակի ստեղծումը նպատակ ունի բարեփոխումների գործընթացին ներգրավել հասարակության տարբեր խմբերին եւ նրանց մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացին:

 

Կայքը հնարավորություն է տալիս մասնակցել առցանց քննարկումների, քվեարկությունների, ինչպես նաեւ ներկայացնել առաջարկություններ եւ դիրքորոշումներ։

 

«Հասարակական տրանսպորտի բարեփոխումները Հայաստանում նախադեպը չունեցող գործընթաց է, որը պահանջում է բոլոր ուղղություններով մանրամասն ուսումնասիրություն։ Քաղաքացիների տեղեկացվածությունը եւ այս գործընթացում մասնակցությունը մեզ համար շատ կարեւոր է։ Մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ հակառակ պարագայում ամբողջ տրանսպորտային համակարգը կարող է կաթվածահար լինել»,- ասել է փոխքաղաքապետը։

 

Վահե Նիկոյանի տեղեկացրել է նաեւ, որ խորհրդատու ընկերությունը նոր երթուղային ցանցի վերջնական տարբերակը ներկայացնելու է այս տարվա սեպտեմբերին։

 

«Եթե մենք դրան մեր հավանություն տանք, ապա մոտավորապես մեկ ամսվա ընթացքում կունենանք վերջնական պատկեր, եւ այդ ժամանակ պարզ կլինեն տրանսպորտի գինը, ավտոբուսների թվաքանակը եւ այլն»,- ասել է նա։

 

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավար Նորա Մարտիրոսյանն էլ նշել է, որ բացի պաշտոնական կայքից, գործելու են սոցիալական ցանցերում ակտիվ էջեր, որոնց միջոցով հանրությունը հնարավորություն կունենա ակտիվորեն ներգրավվելու գործընթացում։

 

Մեդիամաքսը նշում է, որ «Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը եւ տոմսային համակարգը» ծրագիրը Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ իրականացնում է բրիտանական WYG International ընկերությունը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի հետ համատեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին