Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանում այսօր ներկայացվել են մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի համար մշակված գովազդային անձնագրերը:
Քննարկմանը մասնակցել են ծրագրում ներառված 60 շենքերից, մասնավորապես, Աբովյան, Թումանյան, Զաքյան փողոցների պատմական շենքերի տնտեսվարողները:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ այս ծրագրի իրագործման շնորհիվ շենքերի վրա գովազդների տեղադրումը կլինի կանոնակարգված՝ գովազդային անձնագրերին համապատասխան:
«Վստահ եմ, որ այս մոտեցումը կդառնա օրինակելի ու հետագայում նույն սկզբունքը կտարածվի նաեւ մայրաքաղաքի մյուս շենքերի վրա»,- ասել է Դավիթ Օհանյանը:
Գովազդային անձնագրերում ներառված են առանձին՝ յուրաքանչյուր շենքի համար գովազդի տեղադրման թույլատրելի վայրերը, գովազդի չափը, տեսակը, պատրաստման նյութերը, ինչի շնորհիվ արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով եւ տեղադիրով չի խաթարի շենքի ճարտարապետական ամբողջական տեսքն ու ընկալումը:
Գովազդային անձնագրերը կազմելիս Երեւանի քաղաքապետարանի մասնագետները համագործակցել են մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետների հետ:
«Տնտեսվարողները շենքի գովազդային անձնագրին կարող են ծանոթանալ http://www.yerevangovazd.am կայքի միջոցով, որտեղ մանրամասն նշված են յուրաքանչյուր շենքի համար գովազդների թույլատրելի ձեւերը: Պատրաստ ենք լսելու նաեւ ձեր առաջարկները, որոնք կբխեն Երեւանի գովազդային հայեցակարգից եւ հաշվի կառնեն շենքերի ճարտարապետական առանձնահատկությունները»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Գովազդային անձնագրերի բոլոր առաջարկները էսքիզային վիճակով մինչեւ օգոստոսի 20-ը պետք է ուղարկել info@yerevangovazd.am հասցեին, որից հետո լրացուցիչ անդրադարձ կլինի դրանցից յուրաքանչյուրին:
Քննարկումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 20-ը՝ ներառելով պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքերը, որից հետո տնտեսվարողներին կտրվի 20-օրյա ժամկետ՝ գովազդները անձնագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: