Երեւանի կրկեսը` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
43053 դիտում

Երեւանի կրկեսը` կենդանի պատմություն

Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Երեւանի կրկեսն է, որտեղ բոլորս գոնե մեկ անգամ եղել ենք:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային Արխիվ:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային Արխիվ:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` VEK project:

Լուսանկարը` VEK project:

Լուսանկարը` VEK project:

Լուսանկարը` VEK project:

Լուսանկարը` VEK project:

Լուսանկարը` Մ. Բելուբեկյանի արխիվից:

Լուսանկարը` Մ. Բելուբեկյանի արխիվից:

Լուսանկարը` Պետկրկեսի արխիվից:


Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Երեւանի կրկեսն է, որտեղ բոլորս գոնե մեկ անգամ եղել ենք: Ու չնայած այսօր այն մի փոքր վախենալու տեսք ունի, պատասխանատուները վստահեցնում են, որ 1.5 տարի անց կրկեսը կվերաբացվի` ամբողջությամբ նորոգված եւ արդիականացված:

 

Երեւանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում: Այն փայտից էր եւ նախատեսված էր 800 հանդիսատեսի համար: Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը: Ներկայիս շենքի հեղինակն է Վաղարշակ Բելուբեկյանը:

 

Մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Մելս Բելուբեկյան` հայրս իր աշխատանքը շատ էր սիրում

 

Կրկեսի նախագծման ընթացքում հայրս «Հայպետնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական նախագծման արվեստանոցներից մեկի ղեկավարն էր:

 

Նա իր աշխատանքը շատ էր սիրում: Աշխատում էր թե տանը, թե աշխատավայրում: Մինչ կրկեսի նախագծման աշխատանքները սկսելը հայր շատ ճամփորդեց, ուսումնասիրեց Լենինգրադի, Ռոստովի, Մոսկվայի կրկեսները: Այս ուսումնասիրությունները բավականին ժամանակ պահանջեցին, իսկ նախագծման բուն աշխատանքները ընթացան մոտ երեք տարի:

 

Լուսանկարը` Մ. Բելուբեկյանի արխիվից:

 

Շատ եմ ափսոսում, որ Լեոնիդ Ենգիբարովի օրոք կրկես չեմ գնացել: Թոռնիկներիս շատ էի տանում կրկես, պատմում էի, որ հայրս է նախագծել: Դուստրս` Նունե Բելուբեկյանը, շարունակել է պապիկի ուղին, ճարտարապետ է:

Վաղարշակ Բելուբեկյան
դոսյե
Վաղարշակ Բելուբեկյան

Բանասեր Գայանե Կաֆադարյան` Դոնկան երեխայի պես ուրախացավ

 

Տատիկս եւ կենդանիների հայտնի վարժեցնող Ստեփան Իսահակյանի մայրը զարմուհիներ էին: Երբ մոսկովյան կրկեսը հյուրախաղերով գալիս էր Երեւան, բարեկամներով «հավաքվելը» պարտադիր էր, եւ առաջին հանդիպումը սովորաբար կայանում էր հենց կրկեսում:

 

Հատված «Путь на арену» ֆիլմից (Հայֆիլմ), ռեժ. Լեւոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Առաջին հյուրախաղերի ժամանակ Ստեփան Իսահակյանը կնոջ հետ ապրում էր  կրկեսի հանրակացարանում: Հիշում եմ այդ հանրակացարանի մեծ ընդհանուր խոհանոցը: Անսովոր էր տեսնել մարմնամարզուհիներին, լարախաղացներին առանց շպարի եւ բեմական զգեստի եւ հետեւել, թե ինչպես են նրանք «եփում-թափում»:

 

Ստեփան Իսահակյանն իր կենդանիներով հանդես էր գալիս երկրորդ բաժնում:

Համարում ներգրավված էին 3 կապիկ, օձեր եւ հանրաճանաչ գետաձի Մանուկը: Ի դեպ, Ստեփան Իսահակյանն առաջինն էր, ով սկսեց գետաձի վարժեցնել:

 

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

 

Ներկայացումից հետո պարտադիր գնում էինք կուլիսներից այն կողմ: Երկու կապիկներն ապրում էին վանդակում, իսկ երրորդը՝ Դոնկան, դեռ փոքր էր եւ մնում էր իր «ուսուցչի» սենյակում: Այդ օրը Ստեփան Իսակովիչը մոտեցավ վանդակում նստած կապիկներին եւ ասաց. «Այսօր դժգոհ եմ ձեր ելույթից, «երեքի» էր, ամոթ ձեզ»: Կապիկները շատ տխրեցին, գլուխները կախեցին: Հետո նա մոտեցավ Դոնկային. «Իսկ դու ապրես, պարզապես «գերազանց» էր: Դոնկան երեխայի պես ուրախացավ եւ սկսեց թռվռալ: Այնուհետեւ Դոնկան բոլորիս թաթ մեկնեց՝ ծանոթանալու համար: Չնայած նրան, որ փոքրիկ կապիկ էր, Ստեփան Իսակովիչը զգուշացրեց, որ կտրուկ շարժումներ չանենք, քանի որ Դոնկան կարող է մտածել, որ փորձում ենք նեղացնել իր տիրոջը եւ իսկական առյուծի նման սկսել պաշտպանել իրեն:

Հայկական կրկեսի պատմությունից
դոսյե
Հայկական կրկեսի պատմությունից

Նկարիչ Գայանե Շահինյան` Մանուկն իր էներգիայով «վարակում էր» հանդիսատեսին

 

Կրկեսի ամենատպավորիչ եւ ամենահիշվող համարներից էր Ստեփան Իսահակյանի բեմադրած համարը՝ Մանուկ անունով գետաձիի հետ: Կրկեսի հարթակը վերափոխվում էր «ճահճի», որտեղ Մանուկը ելույթ էր ունենում: Երեխաները շատ էին սիրում այդ համարը, Մանուկն իր դրական էներգիայով «վարակում էր» հանդիսատեսին: 

 

Հատված «Путь на арену» ֆիլմից (Հայֆիլմ), ռեժ. Լեւոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

60-ականների վերջին ինձ բախտ հաջողվեց բեմի վրա տեսնել Ենգիբարովին: Դա անմոռանալի էր: Հատկապես տպավորվել է այն համարը, որտեղ նա փորձում էր  «հավաքել» արեւի շողերը:   

 

Պրոֆեսոր Սոս Պետրոսյան` Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր

 

Լեոնիդ Ենգիբարյանը ստեղծել է հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը: Նա կերտեց ավանդական ծաղրածուի դիմակ` մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն: Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին:

 

Հատված «Путь на арену» ֆիլմից (Հայֆիլմ), ռեժ. Լեւոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Ենգիբարյանին բնորոշ էր անհանգիստ երեւակայությունը եւ ծիծաղելին արագ ընկալելու ունակությունը: Ելնելով իրավիճակից, նա կարողանում էր անմիջապես փոխել ծրագիրը` թե տրյուկային թե` իմաստային լուծման առումով: Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր:

 

Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի մարզիչ Գնել Սարգսյան` կրկեսը հաճախ գերակատարում էր պլանը

 

Երեւանյան կրկեսում աշխատել եմ 1977-1983 թթ. Սկսել եմ որպես արտիստ, հետագայում դարձա օդային համարների բեմադրիչ:

 

Հայկական կոլեկտիվը աշխատում էր խորհրդային կրկեսի շրջանակներում: Մեր կրկեսն առաջինն էր, որ ստացավ վաստակավոր կոլեկտիվի կոչում: Ճանաչված դերասաններ ունեինք: Շատ հայտնի էր ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Ա. Դուդուկչյանի ակրոբատ-ցատկորդների  խումբը: Հիշում եմ, մի համար կար, որտեղ  ակրոբատների ոտքերից թմբուկներ էին կապվում եւ նրանք այդպես էին թռչում: Հայտնի էր նաեւ ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Միքայել Բաղդասարովի վարժեցված կենդանիներով համարը: Չեմ մոռանա նաեւ 14 երաժիշտներից բաղկացած մեր նվագախումբը:

 

Լուսանկարը` Գ.Սարգսյանի արխիվից:

 

Դահլիճը միշտ լեփ լեցուն էր` երեւանյան կրկեսը հաճախ գերակատարում էր պլանը: Շաբաթ-կիրակի օրերին, ինչպես նաեւ տոներին, օրական հինգ ներկայացում էինք ունենում: Տոմսերի գինը կազմում էր 60 կոպեկից մինչեւ 3 ռուբլի:

 

Երկար ժամանակ բնակվում էի Մոսկվայում` այդ ընթացքում աշխատել եմ շատ արտիստների, այդ թվում` Յուրի Կուկլաչովի հետ: Երեք տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան, այժմ հանդիսանում եմ  կրկեսային ստուդիայի մարզիչ:  

 

Մեդիամաքս-ի թղթակից Լենա Գեւորգյան` ծաղրածուներին չէի սիրում

 

3-4 տարեկանից սկսած կրկեսում գրեթե ոչ մի ներկայացում բաց չէի թողնում: Պապիկիս ու իմ սիրելի վայրն էր: Ներկայացման սկզբից միշտ կես ժամ շուտ էինք գնում: Հմայակ Խազխազյանը, այն ժամանակվա կրկեսի տնօրենը, պապիկիս ընկերն էր: Կրկեսի ծառայողական մուտքից ներս էինք մտնում ու տնօրենի աշխատասենյակ բարձրանում: Մինչ պապիկս ու Խազխազյանը սուրճ էին խմում, ես ուսումնասիրում էի նրա լուսավոր աշխատասենյակը: Սեղանի վրա տարբեր ներկայացումների լուսանկարներն էին, աֆիշներ:

 

Հետո աշխատասենյակից տանող հատուկ մուտքով դուրս էինք գալիս օթյակ: Այն փոքրիկ նախասրահ ուներ, որը նստատեղերից բաժանված էր հաստ, ծանր, հիմնականում փոշոտ, մուգ գինեգույն վարագույրներով, որոնք կարծես դռներ լինեին: Օթյակի պատշգամբից կրկեսի դահլիճը կարծես ափիս մեջ լիներ:

 

Մեր դիմացի պատշգամբում կրկեսի նվագախումբն էր: Նրանք սկսում էին նվագել, իսկ ներքեւում` կենտրոնում տեղակայված արենայի մուգ մոխրագույն վարագույրերի ետեւում գտնվող կուլիսներից շարքով դուրս էին գալիս արտիստները, պտույտ կատարում ու սկսում ներկայացումը:

 

Ծաղրածուներին չէի սիրում, նրանք ցուցադրում էին առաջին հայացքից ծիծաղելի համարներ, սակայն շպարը տխուր էր: Ծաղրածուների դույլերով համարը ամենից լավ է տպավորվել, պահմտոցի էին խաղում, հետո միմյանց վրա ջուր լցնում:

 

Հատված «Путь на арену» ֆիլմից (Հայֆիլմ), ռեժ. Լեւոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Ամենից վառը խուլախուպերով համարն էր: Մարզուհիները փայլուն խուլախուպեր էին պտտեցնում ձեռքերի, ոտքերի, որովայնի եւ վզի վրա միաժամանակ: Հիշում եմ  հենց գմբեթի տակով բարակ պարանի վրայով քայլող ակրոբատներին: Հաճախ հյուրախաղերով մեզ մոտ ռուսական կրկեսի արտիստներն էին ելույթ ունենում: Նրանց ներկայացումները առավել տպավորիչ էին:

 

Կրկես վերջին անգամ 1990-ականներին եմ հաճախել: Այդ ժամանակ այնտեղ սկսել էին նաեւ էստրադային համերգներ կազմակերպել: Գրիշա Աղախանյանը իր ‘’Top 10 of Rabiz’’ ծրագիրը հենց կրկեսում ներկայացրեց:

 

Մարինե Ալես` հայրս ասում էր, որ ճարտարապետությունն իր մեջ պարունակում է թատրոն, պոեզիա եւ երաժշտություն

 

1960-ականների սկզբին Երեւանի կրկեսը վերակառուցվեց` ճարտարապետ Կառլեն Վարդանյանի գլխավորությամբ: Քչերը գիտեն, որ Կառլեն Վարդանյանը հայտնի ռուսաստանցի գործարար, «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ երգահան ու բանաստեղծ Մարինե Ալեսի հայրն է:

 

Սովետական ժամանակ երեխաների համար նախատեսված վայրերն այնքան էլ շատ չէին…Կոմայգին էր, Հաղթանակի այգին, Կենդանաբանական այգին, թատրոնները եւ, իհարկե, կրկեսը: Քանի որ հայրս էր այն նախագծել, տնօրենի օթյակում մեզ համար մշտապես պահված տեղեր կային:

 

Լուսանկարը` Մ.Ալեսի արխիվից:

 

Երեւան հյուրախաղերով հաճախ էին այցելում տարբեր երկրների կրկեսները:

Բեմի վրա տեսել եմ հանրահայտ ծաղրածու «Կարանդաշին», Զապաշնիների կրկեսային տոհմի ներկայացուցիչներին: Մի անգամ Երեւան ժամանեց ամերիկյան կրկեսը: Ներկայացման ընթացքում նրանք փուչիկներից տարբեր կենդանիներ էին պատրաստում եւ նետում էին դահլիճում նստած երեխաներին: Քանի որ ես նստած էր օթյակում, այդ փուչիկներից ինձ չհասավ: Շատ էի տխրել` նման փուչիկներ մեզ մոտ գոյություն չունեին: Փաստորեն, մեծերի պատկերացմամբ նստում էի ամենալավ տեղում, բայց մանկական տեսակետից կրկեսի օթյակում նստելը  բոլորովին էլ «շահեկան» չէր:

 

Հորաքրոջս շնորհիվ բացահայտեցի Լեոնիդ Ենգիբարովի աշխարհը: Հորաքույրս՝ Էլեոնորա Վարդանյանը, հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհիներից էր: Աշխատանքի բերումով նա ծանոթացել էր Ենգիբարովի հետ եւ հետագայում այդ ծանոթությունը վերածվեց հոգեւոր բարեկամության:

 

Էլեոնորա Վարդանյանը

Լուսանկարը` Մ.Ալեսի արխիվից:

 

Շատ էր ինձ պատմում այդ՝ «աշնան տխրությունը սրտում» ծաղրածուի մասին, իսկ նրա «Վերջին ռաունդ» մանրապատումների հավաքածուն մինչ օրս մնում է իմ ամենասիրելի գրքերից մեկը:

Шар на ладони</p><p>Леонид Енгибаров
դոսյե
Шар на ладони

Леонид Енгибаров

Հայրս ասում էր, որ ճարտարապետությունն իր մեջ պարունակում է եւ թատրոն, եւ պոէզիա, եւ երաժշտություն: Իսկական ճարտարապետը պետք է տեսնի եւ զգա այդ ամենը, քանի որ ճարտարապետությունը ստեղծում է մեր կյանքի ամբողջական տարածությունը, որում սկսում է ձեւավորվել քաղաքի կենդանի մթնոլորտը:

 

Մարինա Ալեսը

Լուսանկարը` Մ.Ալեսի արխիվից:

 

60-70-ականների Երեւանի ստեղծագործական էներգիայով լի մթնոլորտի ձեւակերպման մեջ մեծ դեր ունեին տարբեր ստեղծագործական միությունները՝ ճարտարապետների, նկարիչների, գրողների… Բազմաթիվ հանդիպումներ էին կազմակերպվում, օրինակ՝ Վիսոցկու, Զինովիյ Գերդտի հետ: Ցուցադրվում էին լավագույն փառատոնային ֆիլմերը, համերգները կայանում էին պարտադիր ներածական խոսքով: Բնական էր համարվում, որ ճարտարապետները միաժամանակ կարող էին լավ նվագել, դիզայներները՝ բեմադրություններ անել եւ այլն: Լավագույն օրինակներից էր «Առաքյալներ» խումբը, որի անդամները ճարտարապետներ էին, եւ, ի դեպ, հայրիկիս ուսանողները:

Կառլեն Վարդանյան
դոսյե
Կառլեն Վարդանյան

Այդ ժամանակաշրջանում երեխաների մի ամբողջ երջանիկ սերունդ ձեւավորվեց, որը  «դուրս էր մնում» սովետական կանոնավորված շրջանակներից: Իհարկե, դրանում շատ մեծ էր մեր ծնողների ավանդը եւ մենք անչափ շնորհակալ ենք նրանցից՝ պոեզիայի, գրականության, ճարտարապետության, երաժշտության եւ շատ ուրիշ բնագավառների լավագույն նմուշները մեզ համար բացահայտելու եւ հասու դարձնելու համար:

 

Երեւանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյան` որքան ինձ հիշում եմ` կրկեսում եմ եղել

Նաիրա Պետրոսյանը Հայաստանում միակ կին աճպարարն ու վարժեցնողն է: 15 տարեկանում երկու տարի աճպարարություն է ուսուցանել Հարություն Հակոբյանի մոտ: 1995 թվականին աշխատանքի է անցել Յուրի Նիկուլինի «Ցվետնոյ Բուլվար» կրկեսում, որտեղ աշխատել է մինչեւ 2002 թվականը: Այնուհետեւ Նաիրան հայրենիք է վերադարձել եւ սկսել է աշխատել որպես Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ երեւանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր:

 

Որքան ինձ հիշում եմ` կրկեսում եմ եղել: Ծնողներս կրկեսի դերասաններ են` նրանց հետ ժամանում էի կրկես, հետո` տուն: Փոքրուց կրկեսը ինձ համար նույնիսկ առաջին տունն է եղել, որովհետեւ հաճախ տանը ավելի քիչ ժամանակ էինք անցկացնում:

 

Երբ հայրենիք վերադարձա, տեսա, որ կրկեսը անուշադրության է մատնված: Դժվար էր որեւէ համար բեմադրել: Չկար ֆինանսավորում, համապատասխան տեխնիկա, նույնիսկ կենդանիներ չկային: 2003 թվականին հայկական կրկեսի պատմության մեջ առաջին անգամ սեփական կենդանիներ ձեռք բերեցինք՝ձիեր, լամաներ, ջայլամներ, այծիկներ, խոզուկներ, աղունիկներ, նապաստակներ, արջեր, առյուծ, պոնի եւ այլն:

 

Երկու տարվա ընթացքում մի մեծ ատրակցիոն ստեղծեցինք: Այն աշխատեց մինչեւ 2011 թ-ին սկսած վերանորոգումը: Այդ կենդանիները այժմ գտնվում են ձիարշավարանում` պահվում են վարձակալված տարածքում:

 

2005 եւ 2008 թթ. կայացան չինական կրկեսի հյուրախաղերը Երեւանում: Հյուրախաղեր էինք ունենում նաեւ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Ուկրաինայից:

 

Երբ ծնվեց եղբայրս, Սոս երկրորդը, Լեոնիդ Ենգիբարյանը դարձավ նրա կնքահայրը: Նա ասաց. «Զգում եմ, որ երեխան տաղանդավոր մարդ է դառնալու եւ նրան փայլուն ապագա է սպասվում»: Այդպես էլ եղավ, եղբայրս շարունակեց  հայրիկիս` Սոս Պետրոսյանի ուղին, ու մեծ բարձունքների հասավ, այժմ Գինեսի գրքի քառակի ռեկորդակիր է: Իսկ եղբորս որդու կնքահայրը Յուրի Նիկուլինն էր: Հենց նա առաջարկեց անվանել երեխային Սոս երրորդ: Այժմ զարմիկս 16 տարեկան է եւ հասցրել է բազմաթիվ մրցույթների մրցանակակիր դառնալ:

 

Մի քանի երազանք ունեմ, հուսով եմ, որ վերակառուցված կրկեսում դրանք կիրականանան`կարոտ եմ մնացել առյուծների, փղերի, ուղտերի ատրակցիոնների, թռիչքների, հզոր տեսարանների: Շատ եմ ուզում, որ վերականգնվի նաեւ կրկեսի նվագախումբը: Ցավոք, ֆինանսապես չկարողացանք պահել այն: Նշեմ, որ մեր երաժիշտներից շատերն այսօր աշխատում են Եվրոպայի լավագույն կրկեսներում: Ստիպված ֆոնոգրամա էինք օգտագործում:

 

Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիան բազմաթիվ տաղանդավոր շրջանավարտներ է ունեցել, ովքեր այսօր արտասահմանում են աշխատում:

 

Կարելի է ասել, որ կրկեսի շենքից ոչինչ չէր մնացել: Երբ անձրեւ կամ ձյուն էր տեղում, ամբողջը ներս էր լցվում: Բայց չնայած դրան, լեփ-լեցուն դահլիճներ էինք ունենում:

 

Այժմ լիակատար վերանորոգում է ընթանում եւ կրկեսի վերաբացումը նախատեսված է 2013 թվականի հոկտեմբերին:

 

Ինչպիսի՞ն կլինի կրկեսի ապագան

 

Երեւանի կրկեսը մասնավորեցվեց 2005թ. օգոստոսին` սեփականատեր դարձավ կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ: Նրանց մրցակիցը Սարիբեկ Սուքիասյանն էր` ՍԻԼ կոնցեռնի հիմնադիրներից մեկը ու «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահը: Կրկեսի կոլեկտիվը պարտավորվեց 2,5 տարվա ընթացքում ներդնել 650 մլն դրամ: Սարիբեկ Սուքիասյանն առաջարկում էր նախապես ներդնել 100 մլն դրամ եւ ես 500 մլն` 5 տարվա ընթացքում:

 

Լուսանկարը` VEK project:

 

2011 թվականին հայտնի դարձավ, որ մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը ավելի քան $‌ 10 մլն կներդնի կրկեսի հիմնանորոգման համար:

 

Ցավոք, մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ «Տաշիր»-ից ու պարզել` արդյոք վերանորոգումից հետո ընկերությունն է դառնալու կրկեսի սեփականատերը, թե այդ կարգավիճակի կպահպանի կոլեկտիվը:

 

Լուսանկարը` VEK project:

 

Կրկեսի հիմնանորոգման նախագիծը պատրաստել է VEK project միջազգային ճարտարապետական բյուրոյի հիմնադիր Վահագն Վերմիշյանը:

 

Վահագն Վերմիշյան` նստատեղերի քանակը 700-ից կդառն 1700

 

«Տաշիր գրուպ» ընկերության կողմից  հայտարարված մրցույթի արդյունքում մեր հայեցակարգը լավագույնը ճանաչվեց: Այս փուլում գտնվում ենք կրկեսի վերակառուցման նախագծման գործընթացում, որն ավարտին կհասցնենք մինչեւ ս.թ. հուլիսը: Այժմ տեղում տարվում են նախապատրաստական աշխատանքներ` կրկեսի որոշ հատվածներ գտնվում են վթարային վիճակում: 

 

Կրկեսի շենքի կոնստրուկցիան հիմնովին կամրապնդվի: Այն մոնոֆունկցիոնալ է լինելու` չի լինելու նախկին հյուրանոցը, իսկ կենդանիները մշտապես չեն գտնվելու կրկեսի տարածքում:

 

Արտասահմանյան շատ կրկեսներ վերջին շրջանում ընդհանրապես հրաժարվում են կենդանիների շահագործումից: Անձամբ ես ողջունում եմ այդ միտումը եւ կարծում եմ, որ երեւանյան կրկեսին եւս արժե մտածել այդ մասին:

 

Նախագծի համաձայն, կրկեսի գմբեթի բարձրությունը նախկին 16,5 մետրից կհասնի մինչեւ 21 մետր: Նախկին գմբեթը կփոխարինվի մետաղական կոնստրուկցիայով, որոնք ավելի թեթեւ են եւ ապահով՝ սեյսմիկ կայունության տեսանկյունից: Շենքի սեյսմիկ կայունությունը հասցնում ենք 9 բալի:

 

Լուսանկարը` VEK project:

 

Հիմնական շենքից բացի, կրկեսին կից որեւէ լրացուցիչ շինություն չի լինելու: Ինչ վերաբերում է ներքին մասին, ապա նստատեղերի քանակը 700-ից կդառնա 1700: Ներսում գործելու է մանկական սրճարան, լինելու են հուշանվերների փոքրիկ խանութներ:

 

Կրկեսի վերակառուցման նախագիծը նոր շենքի կառուցումից ավելի ծախսատար է: Սակայն ներդրողը հին շենքը պահպանելու հստակ որոշում է կայացրել, քանի որ այն քաղաքի միջավայրի մասն է հանդիսանում: Նշեմ նաեւ, որ «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հստակ խնդիր է դրել՝ մինչեւ 16 տարեկան երեխաների համար կրկեսը պետք է անվճար լինի:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Կարեն Անտոնյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ), Զառա Մամյանին (Երեւաննախագիծ), Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն):

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին