Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» «Արգիշտի» սրճարանն է: Չնայած այն հանգամանքին, որ այն այլեւս որպես սրճարան չի գործում, այդ վայրի հետ կապված են շատ երեւանցիների ջերմ հիշողությունները:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան. պրեմիերաները ընդունված էր նշել «Արգիշտիում»
Մինչեւ «Արգիշտի» սրճարանի բացվելն այդ վայրում գրավատուն էր գործում`«Լոմբարդ» անվանմամբ: Դա քաղաքի միակ գրավատունն էր, եւ մարդիկ երբեմն հերթ էին կանգնում`իրենց ոսկին գրավ դնելու համար:
Սրճարանի առաջին հարկում շատ համեղ պաղպաղակ էին վաճառում: Մատուցումը եւ սպասարկումը եւս տարբերվում էր քաղաքի այլ սրճարաններից: Երբ տանը հյուրեր էի ունենում, իջնում էի եւ սրճարանից պաղպաղակ գնում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ընկերներով հաճախ էինք սրճում «Արգիշտի»-ում: Իսկ բակի կողմից առանձին նստատեղեր կային, որտեղ հաճախորդները կարող էին հանգիստ երեկո անցկացնել ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: Մեր շենքի բազմաթիվ բնակիչներ հաճույքով այցելում էին «Արգիշտին»: Տարբեր թատրոնների եւ օպերայի եւ բալետի պրեմիերաները ընդունված էր նշել հենց «Արգիշտիում», եւ սրճարանում արտիստական մթնոլորտ էր տիրում: Հաճախ այնտեղ էր գալիս հայտնի օպերային ռեժիսոր Վահագն Բագրատունին:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյան. «Արգիշտին» իր աուրայով տարբերվում էր այլ սրճարաններից
Ուսանողական թոշակը ստանալու օրերին մեզ շռայլություն էինք թույլ տալիս եւ կուրսի աղջիկներին երեկոյան հրավիրում էինք «Արգիշտի» սրճարան: Իր աուրայով այն տարբերվում էր քաղաքի մյուս սրճարաններից: Չգիտեմ ինչու, բայց «Արգիշտի»-ում մարդիկ ավելի մեղմ էին, բարձր չէին խոսում: Մի վայր էր, որտեղ կարող էիր աղջկա հետ գնալ եւ վստահ լինել, որ այնտեղ նրան դուր կգա:
Մի օր այնտեղ մոտիկից, կյանքումս առաջին անգամ, տեսա Ֆրունզիկ Մկրչյանին ու Ազատ Շերենցին: Հետո մի շաբաթ բոլոր ծանոթներիս մոտ գլուխ էի գովում:
Հատված «Խոշոր շահում» (1980) ֆիլմից, ռեժ. Ալբերտ Մկրտչյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:
Ֆուտբոլի օրերին՝ խաղից առաջ, մարդիկ հաճախ այնտեղ էին հավաքվում ու միասին գնում Հրազդան ստադիոն:
Մետաղե ամաններով պաղպաղակ ուտելը «Արգիշտի» գնալու «արարողակարգի» անբաժանելի դրվագն էր: Չեք պատկերացնի՝ ինչքան համեղ էր: Հիմա էլ երբեմն տղաներիս պատմում եմ, թե Երեւանում որքան համեղ պաղպաղակ էին մատուցում մի 30-40 տարի առաջ:

Նա ծնվել է Երեւանում 1925 թվականին դեկտեմբերի 28-ին: 1943–45 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի եւ խեցեգործության ֆակուլտետները: 1959 թվականին տեղափոխվել է Երեւան:
1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձեւավորել է Մատենադարանի ինտերիերը (1977 թ. Մատենադարանում դրվում են նաեւ նրա «Գրիչ» եւ «Ծաղկող» քանդակները):
Հմայակ Բդեյանի հայտնի աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու եւ այլ հայտնի վայրերի ձեւավորումները:
Հմայակ Բդեյան` Քանդակը հայ կնոջը խորհրդանշող հավաքական կերպար է
Անցել է շուրջ 40 տարի այն օրերից, երբ պատրաստեցի «Արգիշտի» սրճարանի կերամիկական կոմպոզիցիան: Այդ ժամանակ կերամիկական աշխատանքները նորույթ էին եւ շատ պահանջված էին: Հիմնականում այդ գործերը ինձ էին վստահում:
Լուսանկարը` Ֆ. Բդեյանի արխիվից:
Սրճարանի պատի վրայի կերամիկական աշխատանքի հեղինակը ես եմ: Այն խորհրդանշում էր հայ ժողովրդին ուրախության, հավաքույթի ժամանակ: Քանի որ կոմպոզիցիան տեղադրված էր լինելու սրճարանում, ապա նման դրվագը շատ համապատասխան էր: Կոմպոզիցիայի վրա պատկերված է պարող աղջիկը եւ նվագող տղաների խումբը:
Սրճարանի դրսի հատվածում ես եւ Դավիթ Երեւանցին պատրաստեցինք մեծ քանդակ՝ ստելլա: Այդ կոմպոզիցիան սյան նման կարծես պահում էր երկրորդ հարկը: Քանդակը հայ կնոջը խորհրդանշող հավաքական կերպար էր: Երեւանցիները շատ սիրեցին ու ջերմությամբ ընդունեցին այդ գործը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեդիամաքս-ի փոխտնօրեն Արամ Մակարյան
Ամանորից առաջ գնացել էի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Ռուժ» խանութը՝ նվեր գնելու: Այդ օրերի համար սովորական վազքի մեջ միայն խանութի ներսում գիտակցեցի, որ գտնվում եմ նախկին «Արգիշտի» սրճարանի տարածքում, որտեղ մանկության տարիներին ուրախ ու անհոգ օրեր էի անցկացնում բակի ընկերների հետ: Անմիջապես հիշեցի նաեւ «10-րդ դեղատունը», որի տեղում այժմ AG Market-ն է եւ որտեղից երեխաներով գնում էինք «վիտամին C», եւ կողքի գրախանութը, որի տնօրենը լեգենդար «Արարատ-73»-ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն էր…
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Մեր բակ կարելի էր մտնել դեղատան եւ «Արգիշտի»-ի միջեւ գտնվող «դալանով»: Մեզ՝ 6-7 տարեկան երեխաներիս, հարկ չէր լինում երկար համոզել ծնողներին գնալ այնտեղ, քանի որ փողոց անցնելու խնդիր չկար: Իհարկե, «Արգիշտի»-ն մեզ համար բացվում էր միայն ամռանը՝ պաղպաղակի սեզոնին: Պաղպաղակի համար հերթ կանգնելու եւ ազատ սեղան զբաղեցնելու մեխանիզմները հստակ մշակված էին. մի քանի հոգի գրավում էին ազատվող սեղանը, իսկ մեկը կանգնում էր հերթում: Հիշում եմ «Արգիշտի»-ի երկաթյա ծանր աթոռներն եւ սեղանները, որոնք միացնելիս ահավոր աղմուկ էր բարձրանում եւ այցելուները հաստատ ափսոսում էին, որ սրճարանում հայտնվել էին «այս վայրենիների» հետ նույն ժամին:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Արգիշտի»-ում երկու տեսակ պաղպաղակ կար՝ շոկոլադե եւ սպիտակ: Վաճառողուհին երկար հատուկ գդալով մտնում էր խորը կաթսայի մեջ եւ հանում պաղպաղակի կլոր գնդիկները: Ամեն անգամ պաղպաղակը հանելուց հետո դժգոհ դեմքով թաթախում էր գդալը ջրով լի բանկայի մեջ, հետո շրխկացնում այն սեղանին եւ նորից հանում պաղպաղակը: Մեզ մոտ միշտ գայթակղություն կար գողանալ շոկոլադե պաղպաղակով լի այդ կաթսան եւ փախչել բակ...
Մեզ արգելում էին բարձրանալ «Արգիշտի»-ի երկրորդ հարկ: Այդ արգելքը ինչ-որ առեղծվածություն էր ստեղծել երկրորդ հարկի շուրջ: Հիշում եմ, անընդհատ լսում էինք «Արգիշտի»-ի երկրորդ հարկում տեղի ունեցած կռիվների եւ քաշքշուկների մասին: Մանկական հետաքրքրությունը հագեցնելու համար մեկ-երկու անգամ բարձրացել էինք երկրորդ հարկ, եւ անկեղծ զարմացել այդտեղ տիրող շատ հանգիստ ու հանդարտ վիճակին. չէինք հասկանում, որ «հիմնական իրադարձություններն» այնտեղ ծավալվում էին երեկոյան…
«Արգիշտի» սրճարանին հարող շենքի բնակիչ, ով ցանկացավ անհայտ մնալ
«Արգիշտի» սրճարանը երկհարկանի էր: Առաջին հարկը բացօթյա էր: Երկրորդ հարկում ռեստորան էր, որտեղ մշտապես երաժշտություն էր հնչում` հայկական, կամ ռուսական էստրադա, պատվերով երգեր:
Հատված «Երեւանյան երազողներ» (1983) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:
90-ականներին «Արգիշտի» սրճարանը վիդեո սրահի վերածվեց` հաճախ ֆիլմեր էինք դիտում: Որոշ ժամանակ անց սրճարանում սկսեց գործել Holsten գարեջրատունը. մեծ Holsten-ի շիշ էր կախված փողոցում: Մի քանի տարի անց այն փակվեց, փոխարենը ավտոմատ խաղեր տեղադրեցին: 90-ականների վերջում «Արգիշտին» խաղատուն դարձավ, իսկ երկրորդ հարկը՝ բիլիարդանոց : Այնուհետեւ այն վարձակալեց «Յունիկոմպ» ընկերությունը` դարձնելով համակարգչային տեխնիկայի վաճառքի սրահ, իսկ այսօր սրճարանի տեղում օծանելիքի «Ռուժ» խանութն է:
Սեփականատերերը մշտապես փորձում էին պահպանել «Արգիշտի» սրճարանի հին ոգին: Երկրորդ հարկի պատշգամբի ճաղավանդակի վրա պատկերված էին Արգիշտու մարտակարգերը, թրերը, վահանները: Հին «Արգիշտի» սրճարանի մթնոլորտն ու ինտերիերը` հնաոճ կուժերը, ծաղկամանները եւս պահպանվել էին: Պատերից կախված էին քարե քանդակներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք հիմնականում երկրորդ հարկում շամպայն էինք խմում, որն արժեր 7 ռուբլի: Հաճախակի նաեւ ընդմիջման էինք գալիս: Շատ համեղ էր «Արգիշտի»-ի բեֆստրոգանովը: Համեղ էին նաեւ հայկական ուտեստները, օրինակ` դոլման: Այստեղ գալիս էին թե ընկերական շրջապատով, թե զույգերով կամ ընտանիքով:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
«Արգիշտի»-ում հաճախ տեսնում էի Հովհաննես Շիրազին: Իսկ սրճարանի կյանքի վերջին ժամանակահատվածում նրա մշտական այցելուներից էր Վանո Սիրադեղյանը:
«Արգիշտի» սրճարանի հարակից շենքի բնակիչ Էմիլիա Մելիքյան
Շատ լավ հիշողություններ ունեմ «Արգիշտի»-ից: Երիտասարդությունը մշտապես հավաքվում էր այստեղ: 1970-ական թվականներին ներսում կենդանի երաժշտություն չեր հնչում: Մենք վայելում էինք The Beatles-ի, Led Zeppelin-ի, Էլվիս Պրեսլիի, Շարլ Ազնավուրի ձայնագրությունները:
Շատ լավ հիշում եմ սրճարանում մատուցվող համեղ խաչապուրին: Այն 15 կոպեկ արժեր: Ընդհանրապես, այստեղ ամեն ինչ շատ մատչելի էր, ինչը շատերին հնարավորություն էր տալիս հաճախ այցելել «Արգիշտի»:
Երաժիշտ Արա Սմբատյան
1990-ականների վերջին, 2000-անների սկզբին «Արգիշտի» սրճարանն ավելի շատ գարեջրատուն էր հիշեցնում: Ընկերներով հաճախ էինք գնում այնտեղ, հիմնականում գարեջուր եւ խեցգետիններ էինք վերցնում: Ներսում հաճախ ռոք երաժշտություն էր հնչում: Դահլիճում դրված էին փայտե աթոռներ եւ սեղաններ, իսկ երկրորդ հարկում բիլիարդանոց էր:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինտերիերի, երաժշտության եւ ընդհանուր միջավայրի շնորհիվ այդ տարիների «Արգիշտի» սրճարանը կարելի է դիտարկել որպես այսօրվա երեւանյան փաբերի նախատիպ:90-ականների վերջին «Արգիշտի» արդեն շատ քիչ մարդ էր գնում. այնտեղ որոշ չափով պահպանվել էր հին երեւանյան կոլորիտը, բայց միեւնույն է կորցրել էր իր նախկին «նշանակությունը» եւ կիսամոռացված վայր էր դարձել:
Երաժիշտ, բաս-կիթառահար Արտաշես (Ատոս) Մարգարյան
1970-ականներին «Արգիշտին» հանրաճանաչ սրճարան էր՝ շատ լավ, բարի մթնոլորտով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես «Արգիշտիում» սկսեցի նվագել 90-ականների սկզբին՝ «մութ ու ցուրտ տարիներին»: Գնում էինք այնտեղ նաեւ տաքանալու համար՝ հոսանքի լրացուցիչ գիծ կար եւ սրճարանը տաքացվում էր «կալորիֆերներով»: Մեծ ջերմությամբ եմ հիշում այդ տարիները, «Արգիշտիի» տնօրենին եւ բոլոր այն երաժիշտներին, ում հետ նվագել եմ այնտեղ եւ ում պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նույնիսկ ռաբիս երաժշտությունը ավելի հաճելի էր հնչում: Մեր մշտական կազմում էին հանճարեղ ակորդեոնահար Արտակ Ադամյանը (որը Հայաստանի լավագույն ակորդեոնահարներից մեկն է), մենակատար Հովիկ Խաչատրյանը, ջութակահար Վլադիկ Խաչատրյանը: Հարվածային գործիքների վրա նվագում էր Գեորգի (Ժոռա) Բենեդիկտովը: Ունեինք հարվածայինների հատուկ բլոկ, որը չափազանց հետաքրքիր համադրվում էր դհոլի հետ: Բավականին մեծ գումարներ էինք վաստակում, օրվա վերջում ամենքիս գրպանում մոտ 10-15 000 դրամ էր հավաքվում: Հիմնականում կատարում էինք հայկական ժողովրդական երգեր, շանսոն, ռուսական էստրադա: Բնականաբար, այդ ժամանակաշրջանի հաճախորդները խիստ տարբերվում էին 70-ականների այցելուներրից:
Հաճախակի տարբեր ընդունելություններ էին կազմակերպվում, հարսանիքներ: Տեղը մեծ չէր, նախատեսված էր մոտավորապես 50 հոգու համար, սակայն համեղ խոհանոցը, լավ երաժշտությունը եւ հեղինակային քանդակներով լրացված ինտերիերը մեծ դեր էին խաղում վայրի ընտրության հարցում:
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Զառա Մամյանին (Երեւաննախագիծ), Խորեն Լեւոնյանին (Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա), Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն):
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: