Սեւան հյուրանոց ` (ան)կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
31601 դիտում

Սեւան հյուրանոց ` (ան)կենդանի պատմություն

Ի տարբերություն Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի նախորդ հերոսի` «Անի» հյուրանոցի, այսօրվա «հերոսը»` «Սեւան» հյուրանոցը ոչ միայն չի գործում, այլեւ ֆիզիկապես գոյություն չունի:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ի տարբերություն Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի նախորդ հերոսի` «Անի» հյուրանոցի, այսօրվա «հերոսը»` «Սեւան» հյուրանոցը ոչ միայն չի գործում, այլեւ ֆիզիկապես գոյություն չունի:

 

Վերջին 20 տարվա ընթացքում Երեւանում շատ շինություններ քանդվեցին, սակայն մասնագետները պնդում են, որ «Սեւան» հյուրանոցի կորուստն ամենացավալիներից մեկն էր: Մի քանի օր առաջ քանդվեց նաեւ «Սեւան» հյուրանոցի շարունակության` արդարադատության նախարարության նախկին շենքի կմախքը, որը կանգուն էր մնացել էր ուժգին հրդեհից հետո:

 

Նայելով լուսանկարներին, կարող ենք փաստել, որ այսօր Շահումյանի հրապարակի այդ հատվածն ունի գրեթե նույն տեսքը, ինչ 1920-ական թվականներին` մինչեւ «Սեւան» հյուրանոցի կառուցումը:

Սեւան հյուրանոց
դոսյե
Սեւան հյուրանոց

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան` նոր սեփականատերը չցուցաբերեց քաղաքացիական գիտակցություն

 

 «Սեւան» հյուրանոցը համարում եմ հայ ճարտարապետության լավագույն գործերից մեկը, որը համապատասխանում էր ժամանակի պահանջին:  Հյուրանոցի հեղինակը՝ Նիկողայոս Բունիաթյանը, մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր բոլոր աշխատանքներին: Հյուրանոցն իր կառուցվածքով, հարկայնությամբ ամբողջությամբ համապատասխանում էր  Շահումյան հրապարակին եւ ներդաշնակ էր դիտվում հրապարակի այլ կառույցների հետ: «Սեւանը» եղել է մեր պարծանքներից մեկը:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

Պատանեկան տարիներիս սուսերամարտով էի զբաղվում: Շատ հաճախ մեր հավաքները կազմակերպվում էին «Սեւան» հյուրանոցում, որը գտնվում էր երկու այգիների՝ Կիրովի այգու եւ Կոմայգու անմիջական հարեւանությամբ: Առավոտյան դուրս էինք գալիս վազելու այգու տարածքում, եւ զգում էինք հյուրանոցի ձգողականությունը:

 

Հավաքների ժամանակ մեկ-երկու ամսով տեղափոխվում էինք «Սեւան»: Հետաքրքիր էր հետեւել հյուրանոցի առօրյային, կենցաղին: Հիշում եմ, որ դեպի ընդունարան կարող էիր դուրս գալ ոչ միայն առաջին, այլ նաեւ երկրորդ, երրորդ հարկերից: Սա արված էր մարդկանց հաղորդակցությունը, շփումը ընդլայնելու համար:

 

Հյուրանոցն ուներ սովորական եւ լյուքս համարներ: Սովորական համարների կոմունալ հարմարություններն ընդհանուր էին: Լյուքս սենյակները շատ չէին եւ տեղավորված էին 4-րդ հարկում:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

Հիշում եմ նաեւ հյուրանոցի ռեստորանը: Այն տեղակայված էր Մարքսի փողոցի թեւում: Այդ թեւում հյուրանոցն ուներ գլխավոր մուտք, որից ներս մտնելով աջում՝ ռեստորանն էր, ձախում՝ սրճարանը: Մեր ազատ ժամանակներն այդտեղ էինք անցկացնում:

 

Շատ եմ ցավում «Սեւանի» ճակատագրի համար: Այն շատ գրագետ կառույց էր, թե՛ ճարտարապետական, թե՛ ֆունկցիոնալ կառուցվածքի տեսանկյունից: Շատ ճիշտ էր իրականացված շենքի անկյունային լուծումը: Ցավում եմ, որ շենքի վաճառքից հետո սեփականատերը չցուցաբերեց քաղաքացիական գիտակցություն եւ չպահպանեց թեկուզ միայն այդ անկյունային մասը:

 

1980-ականների վերջերին սկսեցին մտածել հյուրանոցի վերականգման, արդիականացման մասին, փոխեցին պատուհանները: Կարծում եմ, որ անհրաժեշտ էր շարունակել վերականգման գործընթացը, համապատասխանեցնել հյուրանոցը այսօրվա պահանջներին, այլ ոչ թե հիմնովին քանդել այն:

 

Չգիտեմ, թե հետագայում այդ վայրում կառուցվելիք շենքն արդյո՞ք ներդաշնակ կդիտվի Շահումյան հրապարակի, հրապարակի հուշարձանի հետ:

 

Յուրաքանչյուր հանրային կառույցի սեփականատեր պետք է պատասխանատվության կրի այդ շենքի պահպանման, վերականգման համար:

Քանդելն հեշտ է, կառուցելը՝ դժվար:  Շենքի, կառույցի պահպանումը խնամք է պահանջում եւ դա արդեն մարդկային բնավորության հետ է կապված: 

Նիկողայոս Բունիաթյան
դոսյե
Նիկողայոս Բունիաթյան

Լուսանկարիչ Արմեն Խանոյան` Նավոյի ու Վարդգեսի խորամանկությունները

 

1945-47 թվականներին «Սեւան» հյուրանոցի դիմացը կանգնում էր երթեւեկության կարգավորող (регулировщик ) Վարդգեսը: Նա իր գործի մեծ վարպետ էր, այնքան հմտորեն էր գավազանով տիրապետում, որ մարդիկ հատուկ գալիս էին Շահումյանի հրապարակ՝ «ներկայացում» դիտելու:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Վարդգեսը երբեք գումար խախտումների համար չէր վերցնում, դրա փոխարեն` հրավիրում էր Սեւան հյուրանոցի ռեստորան` օղի խմելու: Նա պայմանավորվածություն ուներ այնտեղի բուֆետչիկի՝ Նավոյի հետ:  Օղին լցնելիս Նավոն Վարդգեսի բաժակի մեջ օղու փոխարեն ջուր էր լցնում, իսկ խախտում կատարողին` օղի: Այսպիսով, Վարդգեսը հանգիստ կարող էր սթափ վիճակում շարունակել իր գործը: Իսկ օրվա վերջում Նավոն ու Վարդգեսը կիսում էին հավաքված գումարը: Միանգամ ինչ-որ մեկը մատնեց Վարդգեսին, ասելով, որ նա, որպես «կաշառք» օղի է խմում: Եկան ստուգելու, սակայն հասկացան, որ խմած չէ: Այդպես բացահայտվեցին Նավոյի ու Վարդգեսի խորամանկությունները:

 

Երբ «Սեւան» հյուրանոցը դեռ շահագործման չէր հանձնվել, դրա առջեւ տեղի էին ունենում հրշեջ ջոկատների վարժանքները: Երեւանցիների  համար դա մեծ տոն էր, բոլորը գալիս էին այն դիտելու, հիանալու:

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

1970-ականների վերջին «Սեւան» հյուրանոցում բացվեց առաջին սաունան: Փոքրիկ տեղ էր` կազմված երեք համարից: Մուտքը հյուրանոցի ետեւում գտնվող «Չարխի» բակի կողմից էր: Լեգենդար բակ էր, լի բազմաթիվ պատմություններով եւ այնտեղ բնակվող կերպարներով: Այդ բակը կոչում էին  «Չարխի հայաթ» այն պատճառով, որ այնտեղ ապրում էր Երեւանի առաջին հոլ պատրաստողը՝ վանեցի Շլդիկյան Համոն:   («Չարխ»` նշանակում է «հոլ»,պտտվող): Նա վաճառում էր այդ հոլերը, որոնց գինը տատանվում էր 40 կոպեկից մինչեւ 1,50 ռուբլի:

 

1948թ-ից մինչեւ 1950-ականների կեսերը, հյուրանոցի առջեւ տեղադրված էր պարաշուտների աշտարակը: Այն բավականին բարձր էր եւ երիտասարդների համար յուրօրինակ մարտահրավեր էր՝ կամքի ուժը ստուգելու համար:  

 

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

«Սեւան» ռեստորանի մուտքը առանձին էր: Պատանեկության տարիներին Կիրովի այգում «շամպայնի վրա» թենիս էինք խաղում եւ պարտվողը տանում էր բոլորին «Սեւան» ռեստորան` շամպայն հյուրասիրելու: Այդ ժամանակ բուֆետչիկը «Ցեց»  Էդիկն էր, որի օրոք շատ համեղ բլինչիկ եւ խորոված էին մատուցում:

 

Իմ առաջին զարթուցիչը գնել ենք հյուրանոցի տակը գտնվող ժամացույցի խանութից: Ի դեպ, այն արտադրվել էր մեր ժամացույցի գործարանում եւ կրում էր «Սեւան» անունը:

 

«Սեւան» հյուրանոցի անձնագիրը

 

Նկարին սեղմելով, կարող եք ծանոթանալ 1981թ. կազմված «Սեւան» հյուրանոցի անձանգրին, որը մեզ է տրամադրել Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը:

 

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

 

Ճարտարապետության թեկնածու Էմմա Հարությունյան`Մանուել Կապուտիկյանի ոդիսականը

 

«Սեւան» հյուրանոցի ինտերիերն արել էր Մանուել Կապուտիկյանը` նա այն մտավորականներից էր, որոնք 1935-1936 թթ. Ֆրանսիայից հայրենադարձվեցին Երեւան: Կապուտիկյանն աշխատանքի անցավ Երեւանի քաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցում, որի ղեկավարն էր Նիկողայոս Բունիաթյանը: Հյուրանոցի կառուցման ընթացքում Կապուտիկյանը հանգրվանել է հյուրանոցի մի թեւի նեղլիկ սենյակում: 1938 թվականին նա ձերբակալվեց` անհիմն մեղադրանքով:

 

Մանուել Կապուտիկյանի ստեղծագործությունները տիպիկ մոդեռնիստական էին: Նա նախագծել է նաեւ հայրենադարձների համար նախատեսված բնակելի շենքերը Նոր Արաբկիրում, Նոր Մալաթիայում: 

 

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

Էլեկտրոնային սարքերի նախագծող Ելենա Թադեւոսյան` «գործարք» բուֆետի աշխատողի հետ

 

1960-ականներին ընդգրկված էի Հայաստանի մեծ թենիսի հավաքականի կազմում: Քաղաքային եւ հանրապետական մրցումների ժամանակ մարզիկներն ապրում էին «Սեւան»: Օրական մեզ հատկացնում էին սննդի կտրոն՝ 2 ռուբլի 50 կոպեկի չափով: Իսկ քանի որ որոշ մարզիկները, այդ թվում և ես, ինչ-ինչ պատճառներով հյուրանոցում չէինք մնում, այդ կտրոնով գնում էինք հյուրանոցի բուֆետ, 50 կոպեկը թողնում էինք բուֆետի աշխատողին, իսկ մնացած 2 ռուբլով գնում էինք հյութեր, շոկոլադ եւ այլ «համով բաներ»: Իհարկե, այդ տարիներին նման «գործարքները» մեծ ուրախություն էին մեզ համար:

 

Ճարտարապետ Արսեն Կարապետյան` անգլիական թերթեր «Սեւանում»

 

Հայրիկիս հետ հաճախ գնում էինք հյուրանոց, այն ժամանակ դա միակ վայրն էր, որտեղ վաճառում էին արտասահմանյան թերթեր, օրինակ՝ անգլիական: Դրանք 1980-ական թվականներն էին:

 

Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Շենքի առաջին հարկը հասարակական նշանակություն ուներ. ֆիլատելիայի խանութ կար, գործում էր «Магазин книг соцстран» գրախանութը, որտեղից գնում էինք գրքեր, պլակատներ:

 

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյան` տիրանալ “Թոմեկին”

 

Դպրոցական տարիներին «Магазин книг соцстран» մեզ համար շատ կարեւոր նշանակություն ուներ: Միայն այդ խանութում էր վաճառվում լեհական Slask հրատարակչության “Приключения Томека” շարքի գրքերը: Դրանք տպվում էին Լեհաստանում ռուսերեն լեզվով` հատուկ ԽՍՀՄ համար: Տպաքանակը մեծ չէր, եւ այդ գրքին տիրանալը 1980-ականներին մեծ հաջողություն էր համարվում:

 

 

Մենք այդ խանութում ծանոթ ունեինք, եւ նա մայրիկիս համար պահում էր շարքի հերթական գիրքը: Իհարկե, գրքի համար վճարում էինք ավելին, քան դրա պաշտոնական գինն էր (2 ռուբլի 40 կոպեկ): Դպրոցում «մրցակցություն» էր գնում` ով ավելի շատ գրքեր ունի “Приключения Томека” շարքից: Ես ունեի 6-ը կամ 7-ը, ինչը համարվում էր գրեթե բացարձակ արդյունք: Այսօր էլ այդ գրքերը տանը խնամքով պահում եմ:

 

Ի՞նչ եւ ե՞րբ է կառուցվելու «Սեւան» հյուրանոցի տարածքում

 

Ճարտարապետ եւ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն ասում է, որ 2000 թվականին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկով ու քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ պետության կողմից անվավեր ճանաչվեց Երեւանի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակը: Այդ շրջանից սկսվեց մայրաքաղաքի հուշարձանների քանդման գործընթացը: Առաջին «զոհերից» դարձավ Իտալական փողոցի վրա գտնվող Դումայի շենքը, որի փոխարեն կառուցվեց «Կոնգրես» հյուրանոցը: Հետագայում նույն ճակատագրին «արժանացավ» Սեւան հյուրանոցը:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Սարհատ Պետրոսյանի խոսքերը հաստատում է ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: Նա ասում է, որ 2000 թվականին Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման եւ օգտագործման նախագիծը, որի մեջ ներառված էր 871 հուշարձան, ուժը կորցրած ճանաչվեց քաղաքապետարանի կողմից: Նախագծում ներառված բոլոր հուշարձանները ստացան հասարակ շինությունների կարգավիճակ, ինչը թույլ տվեց քանդել որոշ հուշարձանները:

 

2004 թվականին Կառավարության որոշմամբ հաստատվեց Երեւան քաղաքի անշարժ հուշարձանների ցանկը, որի հիման վրա հետագայում մշակվեց եւ հաստատվեց ընդհանուր ցուցակը, ասում է Կարո Այվազյանն:

 

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման  վարչությունից տեղեկացանք, որ «Սեւան» հյուրանոցը մասնավորեցվել է 09.12.1995-ին՝ մրցույթով:

Սեփականատերը հանդիսանում է «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերությունն` ի դեմս Վաչե Մանուկյանի: 2004 թվականին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը թույլտվություն է տվել շենքի քանդմանը` որոշումը հիմնավորվել է շենքի անկայուն սեյսմիկ վիճակով:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Տարածքի սեփականատերը պարտավորվել էր 5 տարում կառուցապատել տարածքը, բայց առ այսօր տարածքը շարունակում է շինհրապարակ մնալ: Նախորդ տարիների ընթացքում քննարկվել են այդ հատվածում տարբեր շինություններ կառուցելու առաջարկներ` հյուրանոց, բանկ, բիզնես-կենտրոն:

 

2007 թվականին մրցութային կարգով նախագծային առաջարկներ են ներկայացվել, որոնցից սեփականատերը նախապատվություն էր տվել դիզայներ Հրանտ Կոմիտասյանի նախագծային առաջարկին: Ներկայացված առաջարկը բիզնես-կենտրոն էր, որն իրենից ներկայացնում էր սիմետրիկ դասավորությամբ երկթեւանի կառույց՝ մեջտեղում 16 հարկանի, 70 մետր բարձրություն ունեցող աշտարակով:

 

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը մեզ ասել է, որ «դա մի անլուրջ, ուսանողական մակարդակի նախագիծ էր, որի իրականացումը պարզապես անթույլատրելի էր»:

 

2007 թ. նոյեմբերի 28-ին կայացած փոքր քաղաքաշինական խորհրդի կողմից, որին մասնակցում էին ճարտարապետներ Ջ. Թորոսյանը, Լ. Վարդանյանը,  Ա. Զուրաբյանը, Հ. Պողոսյանը, Ս. Քալաշյանը, Ս. Գուրզադյանը, Հ. Մութաֆյանը, Ա. Գրիգորյանը, առաջարկը համարվել է անընդունելի: Հեղինակին առաջարկվել էր հրապարակի անկյունային հատվածը լուծել նախկին տարբերակով, հաշվի նստել գոյություն ունեցող  քաղաքաշինական իրավիճակի հետ՝ ընդհանրապես բացառելով աշտարակատիպ բարձրահարկի առկայությունը:

 

2011 թ. սեպտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր Վաչե Մանուկյանին` ի թիվս այլ հարցերի քննարկելով նաեւ «Սեւան» հյուրանոցի տարածքի կառուցապատման խնդիրը: Երեւանից քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ ներկայումս աշխատում են Վաչե Մանուկյանի գրասենյակի հետ:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն առաջարկում է քաղաքական որոշում կայացնել` «Սեւան» հյուրանոցն իր օրիգինալ տեսքով վերականգնելու վերաբերյալ: Նա շեշտում է, որ ճիշտ չէ տարանջատել «Սեւան» հյուրանոցը նախկին արդարադատության նախարարության շենքից:

 

«Դա մեկ համալիր է, ժամանակին միասնական լուծում ուներ: Դրանք ֆունկցիաներով տարբերվում են, բայց կարելի է դիտարկել որպես միասնական կառույց:  Այդ շրջանի շենքերը շատ հետաքրքիր են. նոր ուղղություն էր սկսվում հայ ճարտարապետության մեջ: Հայկական «ստալինյան» ճարտարապետությունը խիստ տարբերվում է մնացած այլ խորհրդային երկրների ճարտարապետությունից: Փաստորեն, օգտվելով այդ «ստալինյան բառապաշարից»՝ մենք ճարտարապետական նոր լեզու ստեղծեցինք: «Սեւան» հյուրանոցը Երեւանի կերպարը ստեղծող շենքերից մեկն էր», - ասում է Արսեն Կարապետյանը:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ), Զառա Մամյանին (Երեւան նախագիծ), Հակոբ Սիմոնյանին եւ Հասմիկ Կարապետյանին (Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն);

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին