Երեւան: Մեդիամաքս: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան առաջատար դիրքեր է զբաղեցրել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտում:
Ինչպես հաղորդում է Անատոլիական գործակալությունը, ելույթ ունենալով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի ժողովում, Էրդողանն ասել է, որ «աշխարհում վաճառվող երեք ԱԹՍ-ներից երկուսը արտադրվում են թուրքական ընկերությունների կողմից»:
«2002 թվականին մեր պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության տեղայնացման մակարդակը կազմում էր 20%, արտահանումը՝ 248 միլիոն դոլար: 2024 թվականին ոլորտի շրջանառությունը գերազանցել է 15 միլիարդ դոլարը, արտահանումը հասել է 6,7 միլիարդ դոլարի՝ 180 երկիր և տարածաշրջան», - ասել է Թուրքիայի նախագահը:
Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին թուրքական մարտական KAAN ինքնաթիռի նկատմամբ պահանջարկը զգալիորեն կաճի:
«Համաշխարհային հաջողությունը, որին հասել ենք անօդաչուների ոլորտում, Բարձրյալի օգնությամբ կունենանք նաև կործանիչների դեպքում», - նշել է Թուրքիայի ղեկավարը:
















