Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ռազմաբազա ունենալ Սիրիայի կենտրոնական մասում։
Ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին՝ Ռուբիոն ասել է.
«Այս կամ այն փուլում Սիրիայի անցումային իշխանությունները պետք է որոշեն՝ թույլատրե՞լու են արդյոք օտարերկրյա ռազմական բազաների տեղակայում։ Դա վերաբերում է Ռուսաստանին, բայց պոտենցիալ՝ նաեւ Թուրքիային, որը նույնպես ցանկանում է դա, հատկապես երկրի կենտրոնական մասում», - նշել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Իսրայելի ղեկավարությունը «մտահոգված է Սիրիայում թուրքական ներկայությամբ»։
Ապրիլի սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրը դեմ կլինի Սիրիայում թուրքական ռազմական բազաների տեղակայմանը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուբիոն նաեւ հայտարարել է, որ Սիրիայի ներկայիս կառավարությունը կարող է փլուզվել ընդամենը մի քանի շաբաթից։
«Մեր գնահատմամբ՝ անցումային կառավարությունը, հաշվի առնելով իր առջեւ ծառացած մարտահրավերները, հնարավոր է, մի քանի շաբաթ է հեռու պոտենցիալ փլուզումից եւ լայնածավալ քաղաքացիական պատերազմից, որը կարող է բերել երկրի տրոհմանը։ Մենք պետք է օգնենք նրանց։ Մենք ուզում ենք, որ այս կառավարությունը հաջողության հասնի, քանի որ այլընտրանքը լայնածավալ քաղաքացիական պատերազմն ու քաոսն է, որը, բնականաբար, անկայունացնելու է ամբողջ տարածաշրջանը», - ասել է Ռուբիոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: