Իլհամ Ալիեւը «պաշտպանում է» ԵՄ անդամ Հունգարիան Եվրամիությունից - Mediamax.am

3897 դիտում

Իլհամ Ալիեւը «պաշտպանում է» ԵՄ անդամ Հունգարիան Եվրամիությունից


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «Եվրամիությունում շարունակվում է գաղութատիրության քաղաքականությունը»։

Այս մասին Իլհամ Ալիեւն ասել է հունիսի 6-ին Բաքվում՝ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ՝ դիմելով Հունգարիայի խորհրդարանի փոխխոսնակ Մարթա Մատրային։

 

«Ես գիտեմ, որ Եվրամիությունում դուք գտնվում եք մեծ ճնշման ներքո։ Իսկ դա եվրոպական տարածքում հռչակված ժողովրդավարական սկզբունքների լիակատար խախտում է։ Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառվե՞լ են։ Կիրառվել են։. Արդյո՞ք Հունգարիային զրկել են իրեն հասանելիք միջոցներից։ Զրկել են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հունգարիան պաշտպանում է ավանդական արժեքները, պաշտպանում է իր բնակչությանը, իր երիտասարդությունը վնասակար ազդեցություններից: Նա բարձրագույն արժեք է հռչակում ընտանեկան արժեքները։ Հենց այս պատճառով նրանք, ովքեր դեմ են այդ ավանդական արժեքներին եւ աշխարհը տանում են դեպի անդունդը, պատժամիջոցներ են սահմանում Հունգարիայի դեմ։

 

Դա անպատկերացնելի է: Պատժամիջոցներ են սահմանվում ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամ երկրի դեմ, որը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, երկրի դեմ, որը ցանկանում է ինքնուրույն քաղաքականություն վարել։ Որտե՞ղ է ժողովրդավարությունը: Արդյո՞ք բոլորը պետք է նույն կարծիքին լինեն։ Արդյո՞ք բոլորը պետք է շարժվեն արեւմտյան որոշ երկրներում նստածների պատվերով։ Ո՞վ է նրանց տալիս այս իրավունքը։ Նրանց անցյալը նրանց պատիվ չի բերում: Նրանց անցյալը արյունոտ է, նրանց անցյալը գաղութատիրությունն է։ Նրանց անցյալը ժողովուրդների կեղեքումն է, անօրինական օկուպացիան։ Եվրամիությունում այսօր շարունակվում է գաղութատիրության քաղաքականությունը։ Բայց որեւէ մեկը նրանց քննադատո՞ւմ է: Ոչ։ Այդ իսկ պատճառով Հունգարիան պայքարի առաջնագծում է, եւ ես բազմիցս ասել եմ իմ ընկեր Վիկտոր Օրբանին, որ իրենց համար ավելի դժվար է։ Մենք այստեղ ենք, մենք Եվրոպա չենք, ինչպես ասում են, մենք չենք ուզում լինել եվրոպական ընտանիքի մաս, նույնիսկ եթե ուզենայինք, ոչ ոք մեզ այնտեղ չէր թողնի։ Ուստի մենք ապրում ենք այստեղ, ինչ-որ մեկի հրահանգով չենք գործում, թույլ չենք տալիս, որ որեւէ մեկը գա այստեղ եւ խառնվի մեր գործերին։ Ինձ մի՛ կպիր, եւ ես քեզ չեմ կպնի: Եթե  կպնես ինձ, ապա սպասիր, որ նույնպես գլխացավ կունենաս։ Բայց Հունգարիան այնտեղ է, ես գիտեմ, թե որքան դժվար է ամեն օր ճնշման տակ լինել: Եվրամիությունում այսուհետ նախագահելու է Հունգարիան։ Հունգարիայի դեմ արդեն ծրագրեր են մշակվում, որպեսզի խաթարեն այդ նախագահությունը»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին