Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարեսկզբին Ֆրանսիա եւ Բելգիա է ճանապարհում իր ավելի քան 70 ուսանողի: Բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները յոթշաբաթյա ուսումնական պրակտիկա են անցնելու Բրյուսելում, Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Մարսելում, Թուլուզում եւ Նիցցայում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատելով տեղի ընկերություններում՝ ուսանողները ոչ միայն գործնականում կկիրառեն համալսարանում ստացած գիտելիքը, այլեւ նոր ընկերներ ու գործնական կապեր ձեռք կբերեն:
Գործնական կապեր, որոնք կօգնեն հետագայում
«Ուսումնական ավարտական պրակտիկան պարտադիր է բոլոր ուսանողների համար», - ասում է ՀՖՀՀ զարգացման եւ ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատու Ասյա Մովսիսյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ արտերկիր մեկնող ուսանողներն ընտրվում են նախ ըստ առաջադիմության, իսկ հետո՝ անցկացված հարցազրույցների արդյունքում.
«Ի սկզբանե հրապարակվում են այն ուսանողների անունները, որոնք բարձր առաջադիմություն ունեն եւ կարող են մասնակցել ընտրական փուլին: Ամեն տարի ուսանողների ընդհանուր թվի առավել քան 30 տոկոսին նման հնարավորություն է տրվում: Հաշվի ենք առնում ուսանողի մասնագիտական առարկաների գնահատականները, ֆրանսերենի իմացությունը, իսկ հարցազրույցի ժամանակ փորձում ենք պարզել ուսանողի մոտիվացիան եւ մասնագիտական ակնկալիքները պրակտիկայից: Արդյունքում, հաշվի առնելով այս երեք բաղադրիչները, կազմվում է ուսանողների վերջնական ցուցակը եւ կատարվում է տեղաբաշխումն ըստ քաղաքների եւ կազմակերպությունների։
Պրակտիկայի հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորում են ՀՖՀՀ-ն եւ գործընկերները:
Ֆրանսիայում պրակտիկա անցնող ուսանողներին աջակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատը, ՍՕՍ-Հայաստան Կոտ-Դ’Ազյուղը, Միդի-Պիրենե շրջանի եւ Թուլուզի հայկական ընկերակցությունը, Բելգիայում՝ Wallonie-Bruxelles International-ն ու Հայ-բելգիական առեւտրի պալատը: Եվս երեք ուսանող պրակտիկան իրականացնում է Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտում՝ Էրազմուս+ ծրագրով:
«Մեկնող ուսանողներին խորհուրդ եմ տալիս այս հնարավորությունից մաքսիմալ օգտվել մասնագիտական առումով: Հաճախ նրանք ավելի շատ անձնական բացահայտումներին են տրվում, ինչն, իհարկե, հասկանալի է: Խորհուրդ եմ տալիս պրակտիկայի վայրում գործատուից պահանջել հնարավորինս շատ աշխատանք, լինել նախաձեռնող: Սա հիանալի հնարավորություն է համեմատել հայկական աշխատանքային միջավայրը ֆրանսիականի հետ: Հարցազրույցների ընթացքում պարզեցինք, որ մեկնող գրեթե բոլոր ուսանողներն աշխատում են, հետեւաբար՝ համեմատելու շատ բան կունենան: Նրանք կկարողանան ֆրանսիական լավագույն մոտեցումները բերել Հայաստան, ինչպես նաեւ՝ ֆրանսիական ընկերություններին փոխանցել հայկական փորձը: Խորհուրդ եմ տալիս ամուր գործնական կապեր ստեղծել, որոնք հետագայում շատ օգտակար կլինեն», - ասում է Ասյա Մովսիսյանը:
«Վայելեք ամեն պահ, բայց զգոնությունը մի կորցրեք». ՀՖՀՀ ռեկտորի խորհուրդները
Մեկնելուց առաջ ուսանողների հետ հանդիպմանը ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին մասնագիտական խորհուրդներից բացի, ծնողական մոտեցմամբ խնդրում է զգույշ լինել.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կարեւոր է իմանալ, որ մեկնում եք երկրներ, որոնք մշակութային առումով մի քիչ տարբեր են: Հիշե՛ք, որ Երեւանը շատ անվտանգ քաղաք է, եւ պետք է առավել ուշադիր ու զգույշ լինեք այն քաղաքներում, որտեղ անցնելու է ձեր պրակտիկան: Ուշ ժամի միայնակ մի զբոսնեք, ուշադիր եղեք տաքսիների ընտրության հարցում: Եթե առաջին օրերը դժվար լինեն հարմարվելու առումով, մի հուսահատվեք, նորմալ է, կանցնի»:
Ռեկտորի խոսքով՝ այսքանով ավարտվում են «վատ» կողմերը.
«Իսկ հիմա այն մեծ ու հիանալի հնարավորության մասին, որ ստացել եք՝ ճանաչել նոր երկիր, նոր մարդկանց, նոր մշակույթ ու աշխատանքային միջավայր: Սա փորձառություն է ամբողջ կյանքի համար ու վստահ եմ՝ այս ժամանակահատվածը կարեւոր դեր կունենա ձեր կյանքում: Եթե սիրում եք գրել, անպայման օրագիր պահեք ու մեկնելու օրը դրանում նշեք ձեր սպասելիքներն այս ճանապարհորդությունից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հետաքրքիր կլինի բացել ու կարդալ դրանք, երբ վերադառնաք Երեւան: Ձեզ հաճելի պահեր եմ ցանկանում: Վայելեք ամեն պահ, բայց զգոնությունը մի կորցրեք (ժպտում է – հեղ.)»:
Թուլուզի լճակով այգին, Էյֆելյանին մոտ գրասենյակն ու արեւոտ Նիցցան
Անին, Ռոմանն ու Թամարան իրենց սպասելիքներով, օրագրից առաջ, կիսվել են Մեդիամաքսի հետ:
Անի Ազատյան, ՀՖՀՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Ես մեկնում եմ Թուլուզ: Այստեղ է մեր ֆակուլտետի գործընկեր համալսարանը, ինչպես նաեւ Թուլուզի ինֆորմատիկական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ անցկացնելու եմ պրակտիկաս՝ կատարելով հետազոտական աշխատանք։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոման Մկրտչյան, ՀՖՀՀ կառավարման ֆակուլտետ
Ես մեկնում եմ Փարիզ, որտեղ աշխատելու եմ աուդիտորական ընկերությունում: Նախորդ տարիների ուսանողներից բավականին լավ արձագանքներ եմ ստացել այս ընկերության մասին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Թամարա Դանիելյան, ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետ
Ես պրակտիկաս Նիցցայում եմ անցկացնելու, աշխատելու եմ անշարժ գույքի գործակալությունում: Մշակելու եմ գործակալության մարքեթինգային ռազմավարությունը, զբաղվելու եմ սոցկայքերում առաջխաղացմամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Անի Ազատյան - Ունեցած սպասելիքների ու երազանքների առումով շատ եմ ուզում տեսնել Նիցցան: Մայրիկս միշտ ասել է, որ ամենասիրուն քաղաքներից է: Ինչ վերաբերում է Թուլուզին, այն մշակութային քաղաք է, այստեղ բազմաթիվ թանգարաններ կան, այդ թվում՝ տիեզերքի հետ կապված: Բոլորն իմ այցելությունների ցուցակում են: Նաեւ ուսումնասիրություններիս ընթացքում գտել եմ շատ սիրուն այգի՝ լճի ափին: Նախատեսում եմ այս ափին հաճախ լինել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոման Մկրտչյան – Փարիզն արդեն հեռավար ուսումնասիրել եմ, հաշվարկել, որ բնակության վայրից մինչեւ աշխատավայր ճանապարհի վրա մոտ մեկ ժամ ծախսելու եմ: Այնպես որ, կարծում եմ՝ առաջին օրերն ավելի շատ վազքային են լինելու: Բայց շատ դրական կողմ էլ կա, գրասենյակը բավականին մոտ է Էյֆելյան աշտարակին: Ճաշի ժամերին դուրս կգամ ու կշրջեմ մոտակայքում: Բացի այդ, արդեն նախագծել ենք, թե որ շաբաթ-կիրակի, որ քաղաք արժի գնալ: Ցանկանում ենք հասցնել հնարավորինս շատ բան տեսնել ու, միաժամանակ, չթերանալ մեր աշխատանքի, պրակտիկայի վայրում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Թամարա Դանիելյան - Նիցցա երկրորդ անգամ եմ մեկնելու, բայց առաջին այցելությունս բավականին խառն էր ստացվել: Դպրոցական էի՝ 16 տարեկան, մեկնել էի ուսումնական ծրագրով: Դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ Նիցցայում ահաբեկչություն տեղի ունեցավ: Ընդ որում, տեղի ունեցածից ընդամենը մեկ ժամ առաջ մենք նույն վայրում էինք: Դրանից հետո մտածում էի՝ վերջ, ինձ էլ միայնակ ոչ մի տեղ չեն թողնի (ծիծաղում է – հեղ.): Հիմա շատ եմ սպասում մեկնելուն, հետաքրքիր է՝ ինչ զգացողություններ կունենամ այս անգամ: Անկախ տեղի ունեցածից, Նիցցան դեռ առաջին անգամ շատ եմ սիրել: Արեւոտ, սիրուն քաղաք է ծովի ափին:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: