Բերտրան Վենար. Հայաստանից մեծ ուրախություն ու մեծ ցավ եմ տանում - Mediamax.am

exclusive
3107 դիտում

Բերտրան Վենար. Հայաստանից մեծ ուրախություն ու մեծ ցավ եմ տանում


Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարն 2022թ. սեպտեմբերին ավարտում է առաքելությունը:

 

Հայաստան ժամանելով 2020թ. Արցախյան պատերազմից վեց օր առաջ ու ծանր ժամանակաշրջանում ղեկավարելով համալսարանը՝ պրոֆեսորն, ինչպես ինքն է ասում, ընդմիշտ բարեկամացել է Հայաստանի հետ:

 

«Ֆրանսիացիներն ասում են՝ հրաժեշտն ընդմիշտ չէ, էլի կտեսնվենք», - ժպտում է ՀՖՀՀ ռեկտորն ու Մեդիամաքսի հետ ամփոփիչ զրույցում կիսում Հայաստանում ապրած ուրախությունն ու ցավը՝ չմոռանալով լույսի փոքրիկ նշույլի մասին, որ կա նույնիսկ ամենամութ ժամանակներում:

 

Կյանքումս կատարած ամենաբարդ աշխատանքն էր

 

2020թ.-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մասին հայտարարություն տեսա, մտածեցի՝ հրաշալի կլինի դիմել ու փորձս, գիտելիքս օգտագործել այս երկրին աջակցելու համար: Կյանքիս այդ փուլում ցանկանում էի մտածել ոչ միայն մասնագիտական աճի, կարիերայի ու հետազոտությունների վրա աշխատելու, այլեւ հասարակական կարեւորություն ունեցող գործ անելու մասին:

 

Հայաստան գալուցս վեց օր անց Արցախում պատերազմ սկսվեց: Միայն այդ ժամանակ գիտակցեցի, որ երկրին աջակցելու վերացական նպատակս լրիվ իրական ու նյութական է դարձել: Հայաստանի նման փոքր երկրներն այդպիսի իրավիճակներում հնարավորինս շատ բարեկամների կարիք ունեն: Հետ նայելով՝ հիմա կարող եմ ասել՝ կյանքումս կատարած ամենաբարդ աշխատանքն էր: Երկու ամսում կորցրեցի համալսարանի 11 ուսանողի, տեսա մահ, տառապանք, հուսահատության ամենածանր աստիճանի հասած մարդկանց: Այս ամենին զուգահեռ ինձ համար մի բան հստակ էր՝ համալսարանը պետք է շարունակեր բնականոն աշխատել, մենք պարտավոր էինք երիտասարդներին որակյալ կրթություն տալ: Հիշում եմ այդ ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքն, ասաց՝ «Դուք ընդամենը մի քանի շաբաթ առաջ եք եկել, բայց տպավորություն է, որ արդեն տարիներ ի վեր Հայաստանում եք»: Ինձ համար որոշել էի, որ մենք նույնիսկ այդ ողբերգության պարագայում, կարող ենք ու պետք է նոր նախագծեր ստեղծենք, հույս տանք, մի փոքր լավատեսություն բերենք՝ ցույց տալով, որ ապագան, ի վերջո, կարող է լուսավոր լինել: Բնավորությամբ ես լավատես եմ, նույնիսկ ամենածանր, ամենամութ շրջանում թեկուզ փոքրիկ լույս եմ տեսնում, դեպի որը պետք է գնալ, պետք է ձգտել:

 

Պատերազմի ընթացքում համալսարան կառավարելը դժվար էր, բայց միաժամանակ սա հնարավորություն էր՝ շատ արագ հետազոտություն անցկացնելու, հասկանալու եղած խնդիրները և հնարավորությունները: Պատերազմն ազդակ էր, որ շատ արագ սկսենք համագործակցությունը ՀՖՀՀ թիմի հետ, պետք է ստիպեի թիմին մտածել ապագայի մասին։ Որպես ղեկավար՝ ես պարտավորի էի թույլ չտալ թիմին հուսահատության մեջ ընկնել, ուստի մերժեցի  ոչինչ չանելու դիրքորոշումը:

 

Համալսարանում այդժամ սկսեցինք պատրաստվել պատերազմական իրավիճակին բնորոշ մարտահրավերներին. ուսանողներն առաջին բուժօգնություն էին սովորում, հավաքում էին սնունդ ու անհրաժեշտ պարագաներ փախստականների համար: Մենք նույնիսկ պատրաստ էինք հենց այստեղ՝ համալսարանի լսարաններում փախստականների ընդունելու սցենարին: Հայրս ու պապս սպաներ են եղել, ամեն մեկը 10 տարուց ավելին պատերազմի է մասնակցել, ու ես շատ զգայուն եմ այս հարցերում: Մի օր գիտակցեցի, որ պատերազմից վերադառնալուց հետո մեր զինծառայող ուսանողների համար հատուկ ծրագիր է պետք մշակել: Այդ տղաները պետք է իմանան՝ իրենց մասին մտածել են ու սպասել:

 

Հաղթահարել դժվարությունները՝ կանգ չառնելով ու ավելի շատ աշխատելով

 

Ծրագրերը, որոնք մշակեցինք պատերազմից ու նաեւ պարտադիր ժամկետային զինծառայությունից վերադարձած մեր տղաների համար այն է, ինչով իսկապես հպարտանում եմ: Հիմա, երբ ամփոփում եմ աշխատանքս, կարող եմ ասել, որ մեր զոհված ուսանողների ընտանիքներին աջակցելուց ու այս երկու ծրագրերն իրականացնելուց բացի, եթե նույնիսկ այլ բան արած չլինեի, էլի շատ բավարարված կլինեի Հայաստանում անցկացրած իմ երկու տարիներով:

 

Երբ պատերազմի ավարտից հետո հանդիպման հրավիրեցինք մեր ուսանող տղաներին ու ասացինք, որ իրենց համար հատուկ ուսումնական ծրագիր ենք մշակել, որը նաեւ հոգեբանական աջակցություն է ենթադրում, իսկապես, զարմացած էին:

 

Մենք աշխատում ենք նաեւ զոհված տղաների ընտանիքների հետ: Որոշակի ֆինանսական աջակցությունից բացի, պարբերաբար հանդիպում ենք նրանց: Երեւի, դա պարզապես նվազագույնն է, որ պարտավոր ենք անել: Մենք նրանց հետ կիսել էինք պատերազմի ողբերգությունը, պետք է աջակցեինք նրանց։ Դա ինձ համար շատ մեծ փորձություն էր։

 

Ավելի վաղ ասացի, որ նույնիսկ անելանելի թվացող մթության մեջ լույսի նշույլ կա ու պարտադիր ժամկետային զինծառայությունից վերադարձող տղաների համար մեր իրականացրած ծրագիրը հենց այդ լույսը դարձավ:

 

2020թ․-ի պատերազմից վերադարձող տղաներին աջակցելու ծրագրի վրա աշխատելիս նկատեցի, որ ոչ միայն պատերազմով անցած, այլեւ պարտադիր ժամկետային զինծառայությունից վերադարձող տղաները հասարակությունում, համալսարանում վերաինտեգրվելու կարիք ունեն: ՀՖՀՀ-ում, օրինակ, տարեկան մոտ 60 երիտասարդ է վերադառնում ժամկետային զինծառայությունից: Ուսումնասիրություններս ցույց տվեցին, որ Հայաստանում մագիստրոսական կրթություն ունեցողների 75 տոկոսը կանայք են: Ես կապ տեսա 2 տարվա պարտադիր ժամկետային զինծառայության ու դրանից հետո համալսարանում հաջողելու, կրթական միջավայր վերադառնալու դժվարությունների միջեւ: Կանանց հաջողության հասնելու ցուցանիշն, իհարկե, շատ լավ է, բայց բոլորը պետք է հավասար հնարավորություններ ունենան: Որոշեցինք հատուկ ծրագիր մշակել նաեւ երկու տարվա զինծառայությունից վերադարձող տղաների համար: Պատերազմն ազդակ եղավ, որ նկատենք այդ խնդիրը:

 

Ֆրանսիական համալսարանի ուսանողի ֆենոմենը

 

Պատկերացրեք մի մարդու, որը մեծ մոտիվացիա ունի, սովորելու մեծ ցանկություն, պատրաստ է դիմակայել դժվարություններին, ճկուն է, պատրաստ է նոր մարտահրավերների, նույնիսկ ամենածանր իրավիճակներում առաջ շարժվելու ուժ է գտնում ու այս ամենին զուգահեռ գիտի ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն ու հայերեն: Ցանկացած գործատու կասի՝ «ուզում եմ աշխատանքի վերցնել նրան»: Հենց նման մարդկանց կրթելն ու ձեւավորելն է Ֆրանսիական համալսարանի ֆենոմենը:

Բերտրան Վենարը Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի հետաքրքիր փաստով եմ ուզում կիսվել՝ ՀՖՀՀ ընդունվող ուսանողների 91 տոկոսն առաջին կուրսում ֆրանսերեն չգիտի: «Կախարդանքն» այն է, որ երկու տարի անց նրանք ֆրանսերենին այնպես են տիրապետում, որ դրանով սովորում են մի շարք մասնագիտական առարկաներ: Իսկ ֆրանսերենը, հիշեցնեմ, աշխարհի ամենագեղեցիկ, բայց միաժամանակ նաեւ ամենաբարդ լեզուներից է:

 

Մենք ուսանողներին ընտրելու այնպիսի համակարգ ունենք, որի դեպքում համալսարան ընդունվելու համար բավարար չէ ու պարտադիր էլ չէ պարզապես լեզու իմանալ: Դուք պետք է պայծառ միտք ունենաք, մեծ վճռականություն ու սովորելու ցանկություն: Համալսարանում ահռելի ծավալի անելիք եք ունենալու, պետք է պատրաստ լինեք: Մասնագիտական առարկաներից բացի, ՀՖՀՀ-ի համար սկզբունքային է ինքնակառավարման ճիշտ հմտություններ սովորեցնելը, սա վճռորոշ է լինելու ուսանողների հետագա կյանքի ու կարիերայի համար:

 

Մյուս կարեւոր հատկանիշը, որ պարտադիր ունեն մեր ուսանողներն, ազնվությունն է: Սա Ֆրանսիական համալսարանի հիմնարար արժեքն է, որը ցույց ենք տալիս, տարածում ենք ու ներարկում մեր ուսանողներին: Մեզ համար ազնվությունը պարզապես բառ չէ, անում ենք հնարավորը, որ ուսանողը տեսնի՝ բոլորը հավասար են՝ թագավորի որդի լինես, թե գյուղացու:

 

Ազնվությունը չափազանց կարեւոր է, որովհետեւ մարդն ի ծնե միշտ ունի հեշտ ճանապարհը գտնելու գայթակղություն՝ բուհ ընդունվել գումարի դիմաց կամ «լավության» խնդրանքով զանգել ինչ-որ մեկին:

 

Անկեղծ ասած, անակնկալի եկա, երբ Հայաստան ժամանելու առաջին շաբաթն ամեն օր նման խնդրանքներ էի ստանում: Մարդիկ ինչ-որ նվերի դիմաց «լավություն» էին ակնկալում: Բնականաբար, բոլորը մերժվում էին:

 

Հայաստանի «վաղ առավոտյան էներգետիկան»

 

Հայաստանում շատ սիրելի վայրեր ունեմ ու բոլոր տեղերն այցելում եմ վաղ առավոտյան, երբ դատարկ են: Կարծում եմ՝ միայն այդ դեպքում ես կարողանում իսկապես վերապրել եղած էներգետիկան ու հանդարտ ուսումնասիրել տեղանքը: Այս շաբաթ նորից Սանահինի վանական համալիր գնացի, այնտեղ բազմաթիվ անգամ եմ եղել: Շատ վաղ էի հասել ու դռան առաջ սպասում էի՝ մինչեւ այրված մոմերն ու տեղանքը մաքրող աշխատակիցը գա ու բացի դուռը (ծիծաղում է – հեղ.):

 

Չափազանց սիրում եմ Նորավանքը՝ էլի վաղ առավոտյան: Այդ ժամին կախարդական լույս է այնտեղ, ֆանտաստիկ է:

 

Գիտեք, եթե ամփոփ ցանկանամ պատմել Հայաստանի ու հայերի մասին տպավորություններս, կարող եմ պատմել Գեղարդի վանքի պատմությունը: Հասկանո՞ւմ եք, մարդիկ վանական համալիր են կառուցել ժայռի մեջ՝ առանց որեւէ ժամանակակից գործիքի: Մարդիկ փորել են ժայռն ու վանք ստեղծել սեփական մատներով:

 

Իհարկե, Հայաստանի մարդիկ նաեւ շատ հյուրասեր են: Ցանկացած պահի կարող ես լրիվ անծանոթ մարդկանց սեղանակիցը դառնալ: Երկու որդիներս, օրինակ, Հայաստանում առաջին անգամ օղի են փորձել (ծիծաղում է- հեղ.): Եկեղեցիներից մեկի մոտ մի ընտանիք սեղան էր նստել ու իմանալով, որ ֆրանսիացիներ ենք, հրավիրեցին մեզ, հյուրասիրեցին:

 

Հայաստանում անցկացրած այս երկու տարին ոչ միայն անձնական, այլեւ ընտանեկան փորձառություն էր: Ժամանակը շատ արագ անցավ: Տպավորություն ունեմ, որ երեկ եմ եկել: Բայց ինչպես ֆրանսիացիներն են սիրում ասել՝ ես ընդմիշտ չեմ գնում, վերադառնալու եմ, ուրեմն՝ մինչ հանդիպում:

 

Ձեր քաղաքները հողին են հավասարեցրել, իսկ դուք կառուցել եք նորից

 

Հայաստանն ունի դարերի պատմություն ու կապվում է բազմաթիվ մշակույթների հետ: Ֆրանսիայում հավատացած ենք, որ մեր մշակույթի արմատները հասնում են ռոմանական ու հունական մշակույթին, բայց հունական մշակույթի արմատները եւս ինչ-որ տեղի հետ են կապված, ու այդ ինչ-որ տեղը, գուցե, մասամբ հենց հայկական է (ժպտում է – հեղ.):

 

Հայաստանում ինձ շատ է տպավորում ճարտարապետությունը, վանքերի, բերդերի դետալները: Ցավոք, այսօր կառուցվող շինությունները չունեն այդ դիմագիծը: Սրա հետ մեկտեղ, ուզում եմ ասել, որ այս կամ այն եկեղեցին միայն ճարտարապետություն չէ: Ֆրանսերենում եկեղեցի բառը նշանակում է եւ՛ կառույց, եւ՛ համայնք: Այն, որ դարեր առաջ կառուցված եկեղեցիներ ունեք, նշանակում է, որ դրանց շուրջ համայնք, քաղաքակրթություն եք ունեցել: Սա ձեր նախնիներին բնորոշող ամենահիմնարար հատկանիշներից է՝ կառուցել ինչ-որ բան ապագայի համար, կառուցել այնպիսի դետալներով, որ հիմա էլ հիացնում ու զարմացնում են:

 

Հայաստանը երկիր չէ, որտեղ հայերը պարզապես ապրում են: Սա երկիր է, որի տերն եք դուք, որովհետեւ ամեն կտոր հողում ձեր նախնիների արյունն է: Հայոց հողի յուրաքանչյուր ժայռի տակ, հերկած ամեն հողակտորի տակ, ձեր շենքերի բոլոր քարերի հետևում հազարավոր տարիների վճռականություն կա՝ կառուցելու ձեր ազգը, պահպանելու ձեր քաղաքակրթությունը, պատմությունն ու կրոնը։

Բերտրան Վենարը Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանը միայն դարավոր մշակույթն ու ճարտարապետությունը չեն, այն պայքար է, որ արտացոլված է ամեն բերդում, ամեն վանքում: Ամեն կտոր հողում մարդկանց արմատներն են, որոնք զոհվել են այսօրվա Հայաստանի համար ու այս երկրի ներկան իրականություն դարձրել:  

 

2020թ.-ի 44-օրյա պատերազմը սարսափելի էր ու այդ ցավը միշտ մնալու է մեզ հետ, բայց եթե պատմությանն ավելի լայն շրջանակով նայենք, կտեսնենք, որ հայերը միշտ անցել են նման ողբերգություններով ու կարողացել առաջ շարժվել:

 

Հիմա էլ է պետք առաջ շարժվելու ճանապարհը, տարբերակը, հույսը գտնել: Դարերով ձեր քաղաքները հողին են հավասարեցրել, իսկ դուք կառուցել եք նորից: Այսօր էլ է պետք ընդունել եղածը, ոտքի կանգնել ու կառուցել նորից:

 

Հայաստանից մեծ ուրախություն ու մեծ ցավ եմ տանում

 

Թողնելով ՀՖՀՀ ռեկտորի պաշտոնն ու հեռանալով Հայաստանից՝ շարունակելու եմ կիբերանվտանգության ոլորտում հետազոտությանս վրա աշխատանքը, ընդհատել էի այն, երբ եկա այստեղ: Կարծում եմ՝ սա եւս հասարակական մեծ կարեւորություն ունեցող հարց է, հատկապես՝ այսօրվա աշխարհում:

 

Հայաստանում՝ Ֆրանսիական համալսարանում, ես հնարավորություն ունեցա աշխատել հիանալի թիմի հետ, շատ ուրախ կլինեմ նորից հանդիպել ու աշխատել: Իրենց էլ եմ ասում՝ էլի կտեսնվենք (ժպտում է- հեղ.):

 

Հայաստանից ինձ հետ տանում եմ բազմաթիվ հուշանվերներ, բազմաթիվ էմոցիաներ ու գեղեցիկ տեսարաններ: Տանում եմ նաեւ ամենացավոտը՝ զոհված 11 ուսանողներիս մասին հիշողությունները, հանդիպումներն ու զրույցները նրանց ընտանիքների հետ: Մեծ պատմությունը միշտ հյուսվում է փոքր, անհատների պատմությունից: Այս ու զոհված մյուս տղաներից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը: Մարդու հիշողության մեջ ընդմիշտ դաջվում է մեծ ցավն ու մեծ ուրախությունը, մարդը միշտ հիշում է 6 տարեկանում առաջին անգամ կերած շոկոլադի համն, օրինակ: Հայաստանում ես մեծ ուրախություն եմ ապրել ու նաեւ շատ մեծ ցավ:

 

Այս 11 տղաներն ամբողջ կյանքում լինելու են ինձ հետ: Հնարավոր չէ մոռանալ, որ որոշել են տալ իրենց կյանքն ուրիշների ապրելու համար: Նրանք, իհարկե, կարող էին տոմս գնել, փախչել երկրից, բայց չեն արել: Նրանք ասել են՝ «ո՞վ, եթե ոչ ես»: Նրանք հիմա պարտավորեցնում են բոլորիս մտածել՝ եսասիրության, թուլությունների ժամանակը չէ: Հիմա պետք է մտածել՝ «ո՞վ, եթե ոչ ես»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին