Հայաստանում ֆրանսիական համալսարանը վերաբրենդավորվել է: Նոր բրենդավորումը համապատասխանում է համալսարանի նոր ռազմավարությանն ու տեսլականին՝ դառնալ Կովկասի բարձրագույն կրթության առաջատար: ՀՖՀՀ նոր կայքը, լոգոն ու գրաֆիկական դիզայնը ներկայացվել են նոյեմբերի 17-ին:
Վերաբրենդավորման ու նոր ռազմավարության մասին Մեդիամաքսը զրուցել է ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարի հետ: Սահմանային լարված իրավիճակը, սակայն, ընդլայնել է զրույցի թեման. ինչպե՞ս շարունակել աշխատել, երբ պատերազմ է, ի՞նչ անելիք ունեն բուհերն ու ինչպե՞ս դիմակայել սթրեսին:
Նոր ռազմավարությունը մշակեցինք պատերազմի ընթացքում
Հայաստան եկա 2020թ. սեպտեմբերին: Այստեղ ծայրահեղ բարդ իրավիճակ էր: Անմիջապես պարզ դարձավ՝ եղած սթրեսի, սարսափելի դժվարությունների շրջանում Հայաստանին պետք է առաջարկենք նախաձեռնողականություն, նոր ձգտումներ ու իրավիճակին դիմակայելու կարողություն: Վերլուծեցինք համալսարանի աշխատանքն ու մշակեցինք նոր ռազմավարություն ՀՖՀՀ-ի համար: Նպատակն էր մեր շահառուներին առաջարկել հավակնոտ նախագիծ, որը առաջ կմղեր նրանց, կենթադրեր ոգեւորվածություն, պատկանելիության, մաս կազմելու զգացողություն, կենթադրեր նույնիսկ երջանկություն ու հզորացում:
2020 թ. պատերազմի ընթացքում տասնյակ հարցազրույցներ, հանդիպումներ անցկացրինք ու արդեն դեկտեմբերի կեսին ներկայացրինք նոր ռազմավարությունը, որ կոչվեց « Հորիզոն ՀՖՀՀ 2021-2025թթ.»: Այս ռազմավարության մաս էր կազմում նաեւ հաղորդակցությունը, բարձրագույն կրթական հաստատության վիզուալ ճանաչելիությունը: Սա ենթադրում էր նոր կայք, նոր լոգո, ինչն էլ ներկայացնում ենք հիմա:
Պետք է շարունակել աշխատել. սա իմ կրեդոն է
Նախորդ տարի մեր ռազմավարությունը մշակում էինք իրավիճակում, որը նման էր այս օրերի սահմանային իրավիճակին: Այս օրերին էլ մենք ներկայացնում ենք մեր աշխատանքի արդյունքը, դրա նյութականացումը: Ես ինչ-որ տեղ ամոթ եմ զգում խոսել համալսարանի բրենդինգի, նոր լոգոյի մասին, երբ սահմանին մարդիկ են զոհվում: Բայց միաժամանակ ՀՖՀՀ-ի ուսանողներին եւ թիմերին կոչ եմ անում կանգ չառնել նման ողբերգական իրավիճակում, պետք է շարունակել աշխատել ու ոչ թե սովորականի պես, այլ՝ սովորականից շատ ավելի լավ: Ես ունեմ շատ պարզ կրեդո: «Կրեդո»-ն լատինական ծագումով բառ է, համոզմունք է նշանակում: Իմ կրեդոն հետեւյալն է. պատերազմի ընթացքում մարդիկ մահանում են, սարսափելի դժվարություններով են անցնում, բայց բնակչությունը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները. հացթուխը՝ լավաշ թխի, մսագործը՝ մշակի միսը, ռեկտորը, դասախոսներն ու մնացած անձնակազմը՝ բարելավեն համալսարանական գործունեությունը:
Մենք պետք է միասին շարունակենք ամուր ու ուժեղ մնալ, շարունակենք առանց վարանելու կատարել մեր աշխատանքը, եթե նույնիսկ շատ սթրեսային իրավիճակ է, որը բավականին երկար է տեւում, ինչպես 2020թ. սեպտեմբերից էր:
Անապահովության զգացումը, ցավը կարող են ամրանալ մեր սրտերում, ու մենք սկսենք դժվարությամբ մտածել, դժվարությամբ գործել ու նույնիսկ դժվարությամբ տեղաշարժվել: Բայց մենք պետք է սթափեցնենք մեզ ու աշխատենք շատ ավելի լավ, քան նախկինում: Հայաստանը գոյություն է ունեցել դարերով, շատ անգամ բաժանվել է, բայց հայ մարդիկ ապացուցել են իրենց դիմացկունությունն ու տոկունությունը:
Մենք ամեն գիշեր քնում ենք իրավիճակի մասին մտքերով ու ամեն առավոտ արթնանում ենք՝ առաջին հերթին կարդալու նորությունները: Մենք տեսնում ենք սարսափելի տեսանյութեր սահմանից, որոնցում հայ զինվորներն են: Նրանց մեջ կարող են լինել մեր ընկերները, մեր որդիներն ու մեր ուսանողները, ու չնայած մենք այստեղ ենք, այդ պահերին մեզ շատ մոտ ենք զգում նրանց: Ես ինքս իմ մեջ հույս եմ փայփայում, որ ստիպված չեմ լինի գնալ նոր հուղարկավորությունների, որովհետեւ գիտեմ՝ իմ շատ ուսանողներ առաջնագծում են: Անցյալ տարի մենք արդեն կորցրել ենք երիտասարդ տղաների:
Ի՞նչ պետք է անենք, պարզապես լացե՞նք, բղավե՞նք ու դադարե՞նք որեւէ բան անել: Ո՛չ:
Իհարկե, մենք պետք է վստահ լինենք, որ այդ երիտասարդ տղաներին կամ նրանց ընտանիքներին պատշաճ կերպով օգնում են, բայց դրան զուգահեռ՝ ամեն մեկս մեր տեղում անենք մեր աշխատանքը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա Հայաստանի համար դժվար ժամանակներ են, եւ խնդիրն այն է, որ չենք տեսնում այս ամենի հանգուցալուծումը: Սա իսկապես շատ սթրեսային է: Բայց չի կարելի կանգ առնել. լացե՛ք, դա նորմալ է, որովհետեւ մենք սգի մեջ ենք, բայց միաժամանակ առա՛ջ գնացեք: Չեմ ասում, որ դա հեշտ է: Դուք պետք է ստիպեք ձեզ կառավարել սեփական ապրումները, հաղթահարել սթրեսը, ստիպեք քայլ առաջ անել: Բայց արդյոք ունե՞նք այդքան ժամանակ. չեմ կարծում: Մենք առանց ձգձգելու պետք է սկսենք աշխատել սովորականից ավելի արագ` ընդունելով մեր վիշտը, ընդունելով բոլոր դժվարությունները:
Ուզում եմ՝ Հայաստանը դառնա նորարարությունների լաբորատորիա
Պետք է բոլորով մտածենք այն հարցի շուրջ, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում ունենալ ապագայում, որտեղ լինել: Հայաստանում ֆրանսիական համալսարանի տեսլականը գալիս է խորը արմատներից. օգնել Հայաստանին՝ սովորեցնելով հմտություններ ու մասնագիտական կարողություններ: ՀՖՀՀ առանցքային նպատակներից է կապել Հայաստանն աշխարհին: Միջազգային կապերն այսօր չափազանց կարեւոր են. հարաբերություններ, նոր ընկերներ, համագործակցություններ, բիզնես կապեր: Մասնագետներ ունենալը չափազանց կարեւոր է. օրինակ՝ օրենքը, դրա իմացությունը, կիրառումը:
Հակամարտությունների ժամանակ որեւէ փուլում դատարան դիմելու անհրաժեշտություն կարող է լինել. այսինքն՝ լավ իրավաբաններ ունենալը կարեւոր է, իրավաբաններ, որոնք խոսում են տարբեր լեզուներով:
21-րդ դարում շատ կարեւոր է ինֆորմատիկան, այն կարեւոր տեխնոլոգիաների մաս է: Երբ ես անցյալ տարի Հայաստան եկա, հարց տվեցի՝ ինչ տեսլական ունի Հայաստանը, եւ ինչպես կարող է Հայաստանում ֆրանսիական համալսարանն օգնել ձեզ: Այս հարցը տալիս էի կառավարության պաշտոնյաներին, մասնավոր ընկերություններին, տարբեր շահառուներին: Ու որոշեցինք, որ ՀՖՀՀ-ն պետք է ներդրում անի Հայաստանին անհրաժեշտ ու ապագայի այնպիսի ուղղությունների շրջանակում, ինչպիսին են տեխնոլոգիաները, ինֆորմատիկան, արհեստական բանականությունը: Վերջինը կարող է կիրառվել անվտանգության ոլորտում, առողջապահությունում, բիզնեսում ու բազմաթիվ այլ ոլորտներում:
Վերադառնամ նրան, ինչից սկսեցի. երբ սթրեսային վիճակում ես, չափազանց կարեւոր է պաշտպանել քեզ երկար ժամանակահատվածի համար: Դու կարող ես շատ դժվարություններով անցնել, բայց պետք է միշտ հասկանաս՝ ի վերջո, ուր ես գնում, որտեղ ես ուզում լինել ապագայում: Մեր ռազմավարության գլխավոր նպատակն է բարձրագույն կրթության առաջատար դառնալ Կովկասում:
Ես ուզում եմ՝ Հայաստանը դառնա նորարարությունների լաբորատորիա, լինի նախաձեռնողականության ու նոր մարտահրավերների կենտրոն:
Ի՞նչ կարող եմ անել ես, ի՞նչ պետք է անենք մենք
Սթրեսի երկու տեսակ կա: Առաջինի դեպքում ոչինչ չեք կարող անել:Պետք է դադարեք այդ մասին մտածել, քանի որ ոչ մի կերպ չեք կարող փոխել իրավիճակը, եւ պետք է պարզապես վերապրեք այն, վարժվեք այդ իրավիճակին:
Սթրեսի երկրորդ տեսակի դեպքում դուք կարող եք փոխել այն, ինչ կա: Սա գիտակցելուց հետո պետք է ինքներդ ձեզ հարց տաք. «Ի՞նչ կարող եմ ԵՍ անել իմ աշխատանքում, իմ առօրյա կյանքում»:
Չէ՞ որ մենք մեր գործողություններն ենք, ոչ թե ասված բառերը:
Հենց այս մտքերով անցյալ տարի՝ պատերազմից երկու շաբաթ անց, գիշերը երազում տեսա պապիս եւ հորս: Նրանք ֆրանսիական բանակի սպաներ էին: Պապս Դարդանելի գործողության առաջամարտիկներից մեկն էր 1915թ.-ին: Այս դեպքում խոսքը պրոֆեսիոնալ զինվորականների մասին է:Հիմա Հայաստանի համար կռվում են երիտասարդներ, ուսանողներ՝ վտանգելով իրենց կյանքը: Այս տագնապալի իրավիճակում ի՞նչ կարող եմ ես անել, ի՞նչ պետք է ես անեմ, ի՞նչ պետք է մենք անենք՝ որպես թիմ: Հաջորդ առավոտ համալսարան եկա ու ասացի իմ թիմին՝ կարծում եմ՝ պետք է առաջարկելու բան ունենանք մեր ուսանողներին, որոնք վերադառնալու են պատերազմից: Թիմից մարդիկ, որոնք սթրեսային, էմոցիոնալ վիճակում էին, գուցե մտածել են. «Ի՞նչ է խոսում այս մարդը»:
Այդ օրը չորեքշաբթի էր. արդեն ուրբաթ մենք հստակ նախագիծ ունեինք: Երբ մեր տղաները վերադարձան պատերազմից, կանչեցի նրանց հենց այս սենյակ, ու նրանք հաճելիորեն զարմացած էին, որ պատերազմի ընթացքում իրենց մասին մտածել են ու հիմա առաջարկելու բան ունեն: Նրանք կարծում էին, որ իրենց պարզապես կանչել ենք, որ ողջունենք ու շնորհակալություն հայտնենք:
Նաեւ մեզանից յուրաքանչյուրը կարող է նախաձեռնողականություն ցուցաբերել: Օրինակ` հիշում եմ,որ 2020թ. պատերազմի օրերին պատուհաններիս տակ երկուշաբթիից կիրակի հավաքված էին ՀՖՀՀ-ի ուսանողները: Նրանք ամեն օր այստեղ էին, տուփեր էին դուրս ու ներս տանում, հավաքում էին գումար, հագուստ, սնունդ ու անհրաժեշտ այլ պարագաներ փախստականների համար: Պատուհանից հետեւում էի նրանց: Շաբաթ ու կիրակի օրերին էլ նույն եռանդով այստեղ էին: Անկեղծ ասած, նրանցից ոմանք ստիպված էին լինում բաց թողնել դասերը, բայց նրանք անում էին գործի իրենց մասը: Ինչ-որ կերպ ինքնակազմակերպվում էին ու իրար փոխարինելով՝ մասնակցում դասերին ու զուգահեռ անում այդ աշխատանքը: Նրանք այդ իրավիճակում անմիջապես կողմնորոշվեցին ու գտան իրենց մասնակցության ու օգնության ձեւը:
Նույնը համալսարանի դեպքում է: Բուհը պետք է ունենա իր մասնակցության ձեւն ու անի իր բաժին աշխատանքն այս դժվար իրավիճակում: Ուստի, մեր գերխնդիրն է բարելավել կրթությունը` ուժեղացնելու համար Հայաստանը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: