Հայաստանի տեխնոլոգիական երազանքը - Mediamax.am

exclusive
15034 դիտում

Հայաստանի տեխնոլոգիական երազանքը


Լուսանկարը`


 

Լարիսա Հովհաննիսյան, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն

 

Գոռ Նազարյան, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տաղանդների ներգրավման ու զարգացման գծով տնօրեն

 

Մինչ աշխարհը շարունակում է դիմակայել մարտահրավերներին, իսկ Հայաստանի դիրքերը գնալով ավելի անկայուն են դառնում, մեզանից շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչ հավելյալ արժեք և ինչ առաջարկով ենք հանդես գալիս մենք և որքանով ենք կարևոր դարձնում Հայաստանը և Արցախը աշխարհի համար: Ուկրաինայում մոլեգնող պատերազմին զուգահեռ շատերը գիտակցում են, որ տեղի են ունենում աշխարհակարգային փոփոխություններ: Այս փոփոխություններն, իհարկե, նոր չեն սկսվել, սակայն թվում է՝ արդեն մոտենում ենք բեկումնային կետի: Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց նաև, որ անկախ երկրի՝ կարևոր ռեսուրսներով հարուստ լինելուց աշխարհի ոչ ավանդական անկյուններում ներդրումներ անելու կամքը շատ ավելի թույլ է, քան ենթադրվում էր նախկինում: Այսպիսով, «Ինչո՞ւ աշխարհը չի մտածում Հայաստանի և Արցախի (ոչ ավանդական տիրույթների) մասին» հարցի փոխարեն առաջարկում ենք սկսել մեզնից ու փոխարինել վերոնշյալ հարցը այս մեկով. «Ինչի՞ց կամ ո՞ր կետից է սկսում է մեր հոգատարությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ»։

 

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը չի կարողացել ստեղծել ազդեցության որևէ լծակ կամ դիրքավորվել որպես կարևոր շահերի հանգույց` ո'չ աշխարհի և ո'չ էլ նույնիսկ մեր անվտանգության գլխավոր երաշխավորի՝ Ռուսաստանի նկատմամբ։ Փոխարենը, մենք առանց հստակ ռազմավարության սեփականաշնորհել ենք ժառանգվածը, իսկ այնուհետև, պայմանավորված նեղ շահերով, վաճառել ենք մեր սահմանափակ ռեսուրսները։ Վաճառել ենք անհատների, տեղական և օտարերկրյա կազմակերպությունների, որոնք, ինչպես և իրենց կառավարությունները, չեն ունեցել և չունեն երկարաժամկետ զարգացման ծրագրեր, և չի ստեղծվել այնպիսի արժեք, որից հրաժարվելը դժվար կլիներ։ Ինչպես գիտենք, մենք չունենք բնական ռեսուրսների տպավորիչ զամբյուղ, որը կարող ենք առաջարկել աշխարհին: Այնուամենայնիվ, այն հիմնական ռեսուրսը և արժեքը, որ ունեցել ենք և ունենք, մարդիկ են։

 

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է գոյատևման խնդրի առաջ, պետք է առավել քան երբևէ կենտրոնանանք հնարավորինս արագ տեխնոլոգիապես նորարար և ստեղծագործ հասարակություն ձևավորելու վրա։ Նախորդ տասնամյակում մենք ինքներս մեզ սնել ենք զարգացած տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալու գաղափարով: Եվ եթե իրապես դա է մեր ազգային տեսլականը, ապա մենք պետք է դառնանք առավել նորարար և ստեղծագործ, որպեսզի կարողանանք ստեղծել ամուր հիմքեր միջազգային մակարդակում՝ կառուցելով ամուր, ռազմավարական նշանակություն ունեցող և հզոր ոլորտ: Սա չի ենթադրում ևս մեկ ենթապայմանագրային կամ զուտ պատվիրակվող տեխնոլոգիական ձեռնարկության ստեղծում: Փոխարենը պետք է ստեղծենք տեխնոլոգիական արդյունաբերություն, որը կարևոր դեր կունենա միջազգային շուկայում։ Մի պահ պատկերացնենք՝ ինչ կլիներ, եթե Հայաստանը կարողանար դառնալ տվյալների պահպանման համաշխարհային  կենտրոն ճիշտ այնպես, ինչպես Շվեյցարիան հանդիսանում է համաշխարհային ֆինանսական առանցքային կենտրոններից մեկը: Իհարկե, ասվածը չի նշանակում, որ մենք չէինք պատերազմի մեր հարևան երկրի հետ, սակայն այս դեպքում  աշխարհը գուցե հիշեր մեզ ոչ թե խղճահարությունից դրդված` այլ  ելնելով սեփական շահերից և կախվածությունից: Մենք պետք է ստիպենք աշխարհին ցանկանալ ունենալ բարգավաճող Հայաստան։

 

Մեր երկրում առաջիկա տարիների համար ամենամեծ աճը կանխատեսվում է հենց տեխնոլոգիական ոլորտի համար։ Այն պետք է ձևավորի երկրի տնտեսության 7%-ը։  Հետևաբար սա հենց այն առանցքային ոլորտն է, որ պիտի վերափոխի Հայաստանի և Արցախի ապագան: Այնուամենայնիվ, ոլորտը կանգնած է հսկայական մարտահրավերների առջև, ինչպես մասնագետների ոչ բավարար քանակի, այնպես էլ ոլորտի վերաբերյալ տեսլականի բացակայության պատճառով: Թեև սկզբնապես մարդկային ներուժը օգնեց զարկ տալ ՏՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում, աստիճանաբար դրա սղությունը դարձավ ոլորտի աքիլեսյան գարշապարը: Մասնագետների շարունակական սղությունը, դրանով պայմանավորված աշխատավարձերի աճող մրցակցությունը, ինչպես նաև կազմակերպությունների միջև մասնագետների համար շարունակական «որսը» կարող են վերացնել ՏՏ ոլորտի  մրցակցային առավելությունները Հայաստանում և էապես խոչընդոտել հետագա աճին։ Մինչ մեծ ընկերությունները կենտրոնանում են իրենց աշխատակիցների և նույնիսկ թեկնածուների համար վերապատրաստման և զարգացման հնարավորություններ ստեղծելու վրա, մարդկային ռեսուրսների պակասը և նոր աշխատակիցների շրջանում հիմնարար գիտելիքների բացը մեզ հուշում են, որ պետք է առավել խորքային ուսումնասիրություն կատարել, և ուշադրություն դարձնել հանրակրթական դպրոցին, որտեղ ձևավորվում են մեր հիմնարար գիտելիքները և մեր անհատականությունները ։

 

Այսօր Հայաստանում հազարավոր երեխաներ ավարտում են դպրոցը՝ ունենալով գրագիտության խնդիրներ, չունենալով հնարավորություններ պատշաճ գիտելիքներ ստանալու ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ԲՏՃՄ առարկաներից: Կան համայնքներ, որտեղ գրեթե մեկ տասնամյակ մաթեմատիկայի ուսուցիչ չի եղել, իսկ ուսուցիչների պակասը կշարունակի վատթարանալ՝ հաշվի առնելով գործող ուսուցիչների տարիքային բաշխվածությունը և նրանց՝ կենսաթոշակային տարիքին մոտ լինելու հանգամանքը։ Ավելին, ուսուցիչների պակասը հանգեցնում է դպրոցականների թվի նվազեցման. այդ աշակերտները հետագայում՝ դպրոցն ավարտելուն պես, կընդունվեին ԲՈՒՀ այդ թվում նաև ԲՏՃՄ ուղղվածություն ունեցող մասնագիտությունների գծով: Բուհերի դիմորդների քանակի սղության պատճառով վերջիններս շարունակաբար նվազեցնում են ընդունելության պահանջները, ինչն էլ ավելի է խորացնում աշխատաշուկայի կարիքների և բուհերում տրվող կրթության միջև անջրպետը:

 

Ուստի, հիմա մեր հերթն է պատասխանելու այն հարցին, թե ինչի՞ց կամ ո՞ր կետից է սկսում է մեր հոգատարությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Մենք հորդորում ենք տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին փորձել մտածել նաև KPI-ներից և եկամտային մոդելներից անդին, կենտրոնանալ մի երկրի ապագայի վրա, որտեղ մենք կառուցում ենք մեր երեխաների վաղվա օրը, որտեղ մեր, մեր ընտանիքների և մեր բիզնեսի ներկան է և վստահ ենք՝ ապագան։ Կոչ ենք անում նաև ներդրողներին, շահույթ հետապնդող և չհետապնդող կազմակերպություններին իրենց լուման ներդնել հանրակրթության ոլորտում, որը մեծապես նպաստելու  է ինչպես ՏՏ ոլորտի, այնպես էլ մեր պետության ու պետականության զարգացմանը։ Հիմա է  էներգիա, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ներդնելու ճիշտ պահը։ Սա միջազգային կարևորության արժեքների ստեղծման գրավականն է:

 

2013թ.-ից ի վեր «Դասավանդի'ր, Հայաստան»-ը առաջնորդվել  է այս տեսլականով` հնարավորություն տալով երիտասարդներին վերափոխել հազարավոր երեխաների և համայնքների կյանքը ողջ երկրի մասշտաբով: Վերջերս «Դասավանդի'ր, Հայաստան»-ը հանդես է եկել առաջարկությամբ՝ ՏՏ համայնքին հորդորելով միանալ Tech4Armenia կոալիցիոն նախաձեռնությանը: Մեր ծրագրի փոփոխված և բեռնաթափված տարբերակի միջոցով մենք ստեղծում ենք հնարավորություն, համաձայն որի ՏՏ ոլորտի մասնագետները իրենց գործատուների համաձայնությամբ, կկարողանան աշխատել մեր համայնքներից մեկում հեռավար ձևաչափով և միևնույն ժամանակ դասավանդել ԲՏՃՄ առարկաներ հանրակրթական դպրոցներում՝ պայքարելով կրթական անհավասարության դեմ: Tech4Armenia-ն պարզապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ցուցադրելու կարճաժամկետ նախագիծ չէ: Այն ենթադրում է առնվազն երկու տարվա պարտավորություն, որի ընթացքում ի հավելումն վերոնշյալի ընկերությունները կարող են համայնքներում սովորող աշակերտներին որպես փորձնակներ ներգրավել իրենց նախագծերում, ինչպես նաև աջակցել նրանց կարիերայի զարգացմանը ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով:

 

Մենք ապրում ենք բեկումնային ժամանակահատվածում, երբ անհրաժեշտ է սովորել սխալների վրա և այլևս հանդես չգալ զոհի կարգավիճակում։ Հնարավոր է պարտվել, բայց և երբեք չդադարել ինքնակատարելագործվել և ձգտել հաղթանակի։ Այս ձգտումը ոչ ոք չի կարող խլել մեզնից։ Սա պետք է զարգացնենք թե՛ ինքներս մեր, թե՛ մեր երեխաների մեջ, ովքեր լինելու են Հայաստանում նորարարություն կերտող սերունդը։ Սերունդ, որ կվերափոխի մեր ազգի և պետականության հետագիծը և մարտահրավեր կնետի Հայաստանի՝ համաշխարհային կենտրոնների համար «ծայրամաս» լինելու ընդունված գաղափարին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին