«Սո՞ւրճ կխմեք, թե՞ հնդկական թեյ»,- հարցնում է Բուրաստանը, երբ դպրոցում արդեն ավարտել ենք զրույցը, ինքը մայրիկի հետ մեքենայով, ես՝ ոտքով (որ լուսանկարներում չերեւամ) հասել ենք տուն՝ մի քանի կադր էլ այստեղ անելու համար:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Վերջին օրերին Հնդկաստանի մասին խոսակցությունները մշտապես ուղեկցում են Բուրաստանին: Նոր է վերադարձել Մումբայից, որտեղ մասնակցում էր Kids. Education. Revolution (Աշակերտներ։ Կրթություն։ Հեղափոխություն) համաժողովին: 100 հեղափոխական աշակերտ՝ հիմնականում Հնդկաստանից եւ հյուրեր տարբեր երկրներից, նաեւ՝ կրթության ոլորտի մասնագետներ, համագործակցելով, լսելով ու սովորելով միմյանցից, փորձում էին վերաիմաստավորել կրթությունը:
Նախաձեռնությունը «Teach for India» կազմակերպությանն է: Մասնակցելու հրավեր ուղարկել էին նաեւ «Դասավանդի´ր, Հայաստան»-ին (Teach for Armenia): Տարբեր մարզերում դասավանդող ուսուցիչներն առաջնորդական հմտություններով ու անգլերենի իմացությամբ աշակերտներին առաջարկել էին փորձել ուժերը:
Արմավիրի մարզից երկու աշակերտ էր ընտրվել. Բուրաստան Գրիգորյանը՝ Գետաշենից ու Դիանա Խլղաթյանը՝ Վանանդից:
Փետրվարին աղջիկները Քաթար, այնտեղից էլ Հնդկաստան էին ուղեւորվել: Հնդկաստանի մասին պատկերացումները ֆիլմերից էին, ու իրական Հնդկաստանում հայտնվելը նրանց համար մի քիչ շոկային էր:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Ես ապրել եմ Ուկրաինայում եւ շփվել եմ տարբեր ազգերի հետ, մտածում էի, որ ինձ հեշտ կլինի այլ երկրներ ճամփորդել, սակայն, հայտնվելով Հնդկաստանում, հասկացա, որ այդ երկրի մշակույթը շատ տարբեր է ու յուրօրինակ:
Առաջին օրերին տպավորություններս խառն էին, ծայրահեղությունից ծայրահեղություն է Հնդկաստանը: Սկզբում գնացինք աղքատ թաղամաս, տեսանք, թե ինչպիսի պայմաններում են ապրում մարդի. այնտեղ մաքրության, կրթություն ստանալու խնդիր կար, բայց բոլոր բացասական կողմերով հանդերձ՝ մարդիկ շփման մեջ շատ բաց էին:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Բաժանվեցինք խմբերի եւ կրթության նշանակության մասին հարցազրույց վերցրինք տեղի բնակիչներից: Պարզեցինք, որ շատերը չէին կարողացել կրթություն ստանալ, չնայած՝ մեծ ցանկություն ունեին: Հետո կիսվեցինք արդյունքներով, տպավորություններով, քննարկեցինք, թե ներկայում կրթության ոլորտում ինչ խնդիրներ կան եւ ինչպես կարող ենք մեր ուժերի սահմանում լուծել դրանք: Շատ կարեւոր է, որ տեսնում ես խնդիրը եւ փորձում շտկել»:
Մինչ դատարկ դասարանում Բուրաստանի հետ զրուցում ենք ճամփորդության մասին, ընկեր Վարդումյանը թաքուն հայացք է գցում դռան արանքից, հետո շարունակում աշակերտների հետ սեղանի թենիս խաղալ:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Լուսինե Վարդումյանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի մասնակից է, ու անցյալ սեպտեմբերից Գետաշենի դպրոցի հատուկ մանկավարժն է, նաեւ «FԼՕMaster» գրական ակումբն է վարում. աշակերտների հետ գրքեր են ընտրում, կարդում ու քննարկում: Բուրաստանը ակումբի ակտիվ անդամներից է, ու հենց Լուսինեի առաջարկով էլ լրացրել է Հնդկաստանի համաժողովի հայտը:
Ինչպես Բուրաստանի, այնպես էլ Դիանայի համար մշակույթների տարբերությունը զգալի էր, բայց որպես ամենամեծ դժվարություն՝ նշում է անգլերենի ոչ բավարար իմացությունը: Դիանան Վանանդի դպրոցի աշակերտական խորհրդի նախագահն է, լավագույն ու ակտիվ աշակերտներից մեկը, բայց Հնդկաստանում հասկացել է՝ զարգանալու եւ սովորելու շատ բան ունի:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Շատ մտքեր կային, որ ուզում էի արտահայտել, գաղափարներ, որ ուզում էի իրականացնել, բայց լեզվի պատճառով երբեմն դժվարանում էի: Ընկեր Հռիփսիմեն էր օգնում («Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման մենեջեր Հռիփսիմե Խանզադյան), էրեխեքն էլ շատ լավն էին, աջակցում էին, ինչքան կարողանում էի, խոսում էի, իրենք փորձում էին հասկանալ:
Սա իմ կյանքի ամենամեծ մարտահրավերն էր, մեծ փորձություն: Եղել են հուսահատության պահեր, նույնիսկ հուզվել եմ, հետո նայել եմ առաջ, հասկացել, որ երբեք պետք չէ հուսահատվել, այլ՝ ձգտել ավելիին եւ ոչ մի դժվարությունից չվախենալ: Ընկերներիս հետ էլ արդեն կիսվել եմ, ասել եմ, որ պետք է ավելի լավ անգլերեն սովորել»,-պատմում է Դիանան:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Դիանայի՝ Հնդկաստանում անցկացրած մեկ շաբաթը հուզմունքի ու անհանգստության յոթ օրեր էին նաեւ նրա անգլերենի ուսուցչուհու՝ Նարե Ղազարյանի համար: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցը երկրորդ տարին աշխատում է Վանանդի միջնակարգ դպրոցում: Գիտի՝ երկու տարին բավարար չէ, որ աշակերտներն ազատ շփվեն անգլերեն, բայց քաջալերեց Դիանային, որ դիմի համաժողովին: Վստահ էր՝ սիրելի մարդկանցից ու հարմարավետ միջավայրից հեռու՝ Դիանան շատ բան կսովորի:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Ես Քաջարանում եմ մեծացել ու գիտեմ փոքր քաղաքների սինդրոմը: Երբ ներսում ես, քեզ թվում է՝ դրանից դուրս ուրիշ աշխարհ չկա, դա փոքր թագավորություն է, ամեն ինչ էնտեղ է: Ես էնքան էի ուզում, որ էրեխեքից գոնե մեկը տեսնի ու մյուսներին պատմի, որ կյանքը Վանանդը չէ, Երեւանն ու Հայաստանը չէ, որ ամբողջ աշխարհով կարող են կյանքն ապրել:
Երբ դու ինչ-որ միջավայրում լիդեր ես, քեզ թվում է, թե դու լիդեր ես ամեն տեղ: Անհրաժեշտ է գնալ ու տեսնել, որ կան ուրիշ մակարդակներ: Ես միշտ իմ օրինակն եմ բերում: Մեր դպրոցում ես առաջնորդ էի, շատ ակտիվ, նախաձեռնող: Եկա համալսարան ու ինչ-որ պահի կոտրվեցի, որովհետեւ երբ քեզ միշտ գովում են, ասում, որ լավն ես, գնում ես ուրիշ իրականություն ու հասկանում, որ միշտ չէ, որ այդպես է:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Մենք անընդհատ խոսում ենք աճի, ավելիին ձգտելու մասին: Բայց երբ դպրոցում այսպիսի լավ պայմաններ կան, եւ դու էլ դպրոցի առաջնորդներից մեկն ես, դժվար է մտածել, որ աճի տեղ ունես: Երբ հասնում ես լավին, կարող ես թակարդն ընկնել ու բավարարվել այդքանով: Ես ուզում էի, որ իրենք իրենց շուրջը նայեն, ավելին տեսնեն»:
Յուրաքանչյուր երեխա ունի ներուժ, որը կարող է վերաիմաստավորել աշխարհը: Սա Kids. Education. Revolution համաժողովի առանցքային գաղափարն էր: Ներուժը բացահայտելու ու ճիշտ ուղղորդելու նպատակով մասնագետներն աշակերտներին սովորեցնում էին ինչպես ոգեշնչող պատմություններ գրել, լսելի դարձնել սեփական կարծիքը, ինչպես համայնքային ծրագրեր իրականացնել, զարգացնել քննադատական մտածելակերպն ու երեւակայությունը:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Մեզ տվեցին արկղեր, որ դրանց միջոցով ներկայացնենք մեր պատկերացրած իդեալական դպրոցը: Շատերը պատկերում էին դպրոցի գեղեցիկ շենք, իսկ ինձ համար կարեւոր է, որ դպրոցի ներսում հավասարություն, փոխըմբռնում, համերաշխություն լինի, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները կայուն լինեն, որ ուսուցիչը ոչ միայն իր դասը պատմի ու դուրս գա դասարանից, այլ մինչեւ վերջին կաթիլը բացատրի դասը: Հիացած էի, թե հնդիկներն ինչքան էին հարգում մեկը մյուսին, համբերատար լսում էին իրար: Այդպիսի համակարգ եմ ուզում լինի մեզ մոտ»,- ստվարաթղթից պատրաստած իր դպրոցն է ներկայացնում Բուրաստանը:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Բուրաստանի ընտանիքը պատերազմական վիճակի պատճառով 2014-ին Ուկրաինայից վերադարձել է Հայաստան: Բուրաստանը հնարավորություն ունի համեմատելու ոչ միայն տարբեր երկրների մշակույթն ու կենցաղը, այլեւ՝ կրթական համակարգը: Ասում է՝ այնտեղ սովորելն ավելի բարդ էր, առարկաներն ավելի խորությամբ էին ուսումնասիրում, օտար լեզուներին էլ մեծ տեղ էին տալիս: Անգլերենի իր ամբողջ պաշարը Բուրաստանը բերել է Ուկրաինայից, որովհետեւ Գետաշենի միջնակարգ դպրոցում անգլերենը երրորդ օտար լեզուն է՝ ռուսերենից ու գերմաներենից հետո, եւ ավագ դպրոցում չի դասավանդվում: Բուրաստանը ինքնուրույն շարունակում է պարապել, ավելացնել գիտելիքները: Օտար լեզուներով զբաղվելու է նաեւ դպրոցն ավարտելուց հետո:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Դիանան մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել, հետաքրքրությունները շատ են: «Թումո» է գնում, զբաղվում է լուսանկարչությամբ, ծրագրավորմամբ, կարճամետրաժ ֆիլմեր է նկարել: Ասում է՝ ընկեր Ղազարյանն ամեն հարցում քաջալերում է իրեն ու դասընկերներին, եւ անգլերենն էլ ամենասիրելի առարկան դարձավ հենց նրա շնորհիվ:
Նարեն վայելում է աշակերտների սերը, բայց ժպիտով հիշում է նաեւ առաջին հանդիպումն ու առաջին ամիսների դժվարությունները:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«2016-ի օգոստոսին ես ու Վարդուհին («Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակից) դպրոցի բակում նստած էինք, երեխաները եկել էին գրքերը ստանալու: Ասացին. «Դո՞ւք եք մեր անգլերենի ուսուցչուհին»: Ու սկսեցին մեզ վախեցնել, թե գիտե՞ք մենք ամենաչարաճճի դասարանն ենք: Ես ու Վարդուհին նայում էինք իրար ու ծիծաղում, որովհետեւ մենք հենց այդ դժվարությունների համար էինք եկել: Իսկ հիմա՝ երկու տարի անց, մտածում են՝ ինչ անեն, որ մնանք գյուղում:
Ամեն առավոտ, երբ մտնում ենք դպրոց, 4-րդ դասարանի էրեխեքը պատուհանը կտկտացնում, ողջունում են, մենք էլ թագուհու նման դանդաղ ձեռքով ենք անում: Զույգ քույրիկներ ունենք, մազերը կարճ՝ կարե են կտրել, ուսուցիչը նկատողություն է արել, թե ինչու չեն կապում մազերը, ասել են՝ ուզում ենք միսս Ղազարյանի նման լինել»:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Նարեն պատմում է, որ սկզբում շատ դժվար էր, հատկապես՝ առաջին երեք ամիսը, երբ գյուղում էին ապրում (հետո տեղափոխվեցին Արմավիր): Մարքեթինգային հետազոտությունների մասնագետի համար դպրոցում անգլերեն դասավանդելն արդեն լուրջ պատասխանատվություն ու դժվարություն էր, սրան գումարվում էին նաեւ կենցաղային խնդիրները: Ասում է, որ ընտանիքն իր՝ Արմավիր տեղափոխվելու որոշումը չողջունեց: Վստահ էին, թե չի դիմանալու, հանձնվելու է: «Մի քանի օր առաջ եղբորս հետ էի խոսում, ասում եմ՝ տեսա՞ր ոնց դիմացա»:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Նարեն պատմում է, որ անընդհատ դասավանդման նոր մեթոդները էր փնտրում մինչեւ հստակ հասկացավ, թե ինչ է ուզում տալ իր աշակերտներին:
«Ուզում ես ամեն ինչ կատարյալ անել, հատկապես՝ երկրորդ տարում, երբ գիտես, որ ժամանակը քիչ է, չես ուզում մի բան բաց թողնել, որ էրեխեքը ոչ մի առումով չտուժեն: Ինքս ինձ, հետո արդեն Աստծուն դիմելով՝ հարցնում էի՝ ի՞նչ տամ էս էրեխեքին: Միայն մի պատասխան կար՝ սեր: Կյանքի ընթացքում իրենք տարբեր տեղերից ամեն բան էլ ստանալու են, նույնիսկ անգլերեն կարող են այլ կերպ սովորել: Այս տարիքում իրենց սեր է պետք, պետք է իմանան, որ անկախ պայմաններից, դժվարություններից՝ իրենց սիրող մարդիկ կան ու հենց դպրոցում»:
Բուրաստանն ու Դիանան Հնդկաստանից ոգեւորված ու նոր գաղափարներով են վերադարձել: Քանի դեռ տպավորությունները թարմ են, կիսվում են ընկերների հետ: Բուրաստանը գործնականում կիրառում է սովորածը: Խոսքը համոզիչ ու լսելի դարձնելու համար Հնդկաստանի լուսանկարներից ֆոտոշարք է պատրաստել, որ ուսուցիչներին ու աշակերտներին պատմի, թե կրթության մեջ որքան կարեւոր է հավասարությունը, հարգանքը, լսելու ունակությունը, կարծիք հայտնելն ու սխալներից չվախենալը:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: