«Արի տանեմ». Ապրել Հայաստանում եւ «կիսվել» Հայաստանով - Mediamax.am

Հոկտեմբեր 29, 2025
exclusive
1367 դիտում

«Արի տանեմ». Ապրել Հայաստանում եւ «կիսվել» Հայաստանով


Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Միքայել Շելեմետեւը
Միքայել Շելեմետեւը

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»

Լուսանկարը` «Արի տանեմ»


Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում մեկնարկած «Արի տանեմ» նախաձեռնությունը «Վորլդ Վիժն Հայաստանի», «Վորլդ Վիժն Վրաստանի» եւ «ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՍՔԱՅ Նեթ. Երիտասարդների զբաղվածության եւ սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստանալուց հետո զարգացման նոր փուլ է թեւակոխել եւ ձգտում է Սյունիքի հաջողված փորձը տեղափոխել նաեւ այլ մարզեր։

 

Իսպանիայից մինչեւ Տանձավեր. ինչպես սկսվեց ամեն ինչ

 

Հայաստանյան շուկայում նվեր-իր հավասարումը հանգիստ չէր տալիս Միքայել Շելեմետեւին։ Սյունիքի մարզի Տանձավեր գյուղից սկսված եւ այսօր ամբողջ Հայաստանն ընդգրկող «Արի տանեմ»-ը առաջարկում է նվերի տուփեր, որոնց ներսում՝ ոչ թե հեռախոս, ժամացույց կամ ինչ-որ այլ իր է, այլ փորձառությունների պատկերագիրք՝ արվեստից մինչեւ արկածային տուրիզմ, հանգստից մինչեւ արհեստներ:

Միքայել Շելեմետեւը Միքայել Շելեմետեւը

Լուսանկարը` «Արի տանեմ»

Երեւանում ծնված, 12 տարեկանում Իսպանիա տեղափոխված Միքայել Շելեմետեւը Հայաստան վերադարձավ 27 տարեկանում։ Սկզբում՝ պարզապես զարմիկի հարսանիքին մասնակցելու։ Սակայն հարսանիքից հետո Սյունիքով ճամփորդելու ընթացքում Տանձավերի գյուղապետի կեսկատակ խոսքը «տուն են վաճառում. կարո՞ղ է մնաս, համ էլ մեզ կօգնես», փոխեց նրա կյանքը։ Միքայելը մնաց Սյունիքում։ Հատուկ ծրագրեր չուներ՝ պարզապես ուզում էր վերաբացահայտել Հայաստանն ու հային։  

 

Տանձավերում է ծնվել բացօթյա արվեստի թանգարանը՝ «Կախարդական անտառը» (Magic Forest), որտեղ տեղացի եւ օտարերկրյա արվեստագետների կողմից ստեղծվել են արվեստի գործեր։ Այն նաեւ Սյունիքով 240 կիլոմետր ձգվող «Լեգենդների արահետ» քայլարշավային ցանցի մաս է կազմում։

Լուսանկարը` «Արի տանեմ»

Միքայելը մեկուկես տարի համակարգել է Եվրոպական միության աջակցությամբ ստեղծվող «Լեգենդների արահետի» ստեղծման գործընթացը։ Սյունեցիներին դրամաշնորհներ էին տրվում՝ հյուրատներ, արկածային տուրեր ու այլ նախաձեռնություններ մեկնարկելու համար։ «Մարդիկ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ էին կյանքի կոչում, բայց թվային մարքեթինգի հմտություններ չունեին, որ իրենց բիզնեսները տեսանելի դարձնեն։ Այդ ժամանակ միտք առաջացավ մի այնպիսի հարթակ ստեղծել, որը կօգնի այդ փորձառությունները հասցնել թիրախային հաճախորդներին»,- պատմում է Միքայելը։

 

Սահմանամերձ գյուղի երեխաները՝ բիզնես գաղափարի ստեղծման ներշնչանք

 

44-օրյա պատերազմը սառեցրեց գաղափարը։ Միքայելը մեկնեց Իսպանիա՝ այնտեղից Հայաստան եկող օգնության տեղափոխումը կազմակերպելու համար։ Որոշ ժամանակ անց վերադարձավ ու երկու տարի անգլերեն եւ ձեռներեցություն դասավանդեց Ծավ գյուղում։

Լուսանկարը` «Արի տանեմ»

«Գաղափարի վերջնական խմորումը ծնվել է երեխաների հետ աշխատելու ընթացքում։ Ես միշտ մտածել եմ, որ մարդու կյանքում ամենակարեւոր բանը փորձառություններն են. այն, թե ինչ ես ապրում քո կյանքում, ինչ ես սովորում ու ում հետ ես դա կիսում։ Եվ հասկացա, որ պետք է հենց Սյունիքի փորձառությունները «գլոբալիզացնել»։ Մարդիկ իրերի փոխարեն կնվիրեն փորձառություններ, որոնք ավելի որակյալ նվեր կլինեն»,- պատմում է Միքայելը։ 

 

Գաղափարը «թեւեր առավ» Խուստուփ լեռան լանջին Տիգրան Համասյանի համերգի ընթացքում, երբ Միքայելը դրանով կիսվեց արտերկրից ժամանակ իր զարմիկների հետ: Նրանք էլ որոշեցին մասնակցել գաղափարի իրականություն դարձնելուն։  

Լուսանկարը` «Արի տանեմ»

Երբ բիզնես-մոդելը պարզ հստակեցվեց, թիմը դիմեց ԵՄ ֆինանսավորմամբ «Վորլդ Վիժն Հայաստանի», «Վորլդ Վիժն Վրաստանի» եւ «ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «ՍՔԱՅ Նեթ. Երիտասարդների զբաղվածության եւ սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհին։ Ստացված աջակցության շնորհիվ «Արի տանեմ»-ը դարձավ գործող նախաձեռնություն։

Լուսանկարը` «Արի տանեմ»

Թիմը ստեղծեց կայք, համակարգված աշխատանք տարավ տասնյակ մատակարարների հետ եւ արդյունքում վստահելի ցանց ձեւավորեց։ «Արի տանեմ»-ն արդեն ավելի քան 1 000 վաճառված տուփ ունի։

 

Այսօր թիմը պատրաստում է կայքի նոր տարբերակը, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն նվիրել, այլեւ ինքնուրույն փորձառություններ ամրագրել։ Սյունիքից սկիզբ առած այս պատմությունը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերով։

 

«Մարդկանց երջանկացնել փորձառություններով՝ իրերի փոխարեն» 

 

Միքայելի խոսքով՝ հայաստանցիները նվեր ընտրելիս սովոր են մտածել նյութականի մասին, իսկ «Արի տանեմ»-ը փորձում է փոխել դա։ Նվերի փոխարեն՝ վայելում, ընտրված փորձառություն, որը հիմնականում նախատեսված է երկու հոգու համար։ 

Լուսանկարը` «Արի տանեմ»

«Սկզբում մարդիկ վախենում էին դուրս գալ հարմարավետության գոտուց. տուփը բացելիս՝ գրեթե բոլորը ընտրում էին մերսման փորձառություն, քանի որ հարմար էր, ծանոթ եւ ապահով։ Բայց աստիճանաբար վերաբերմունքը փոխվեց։ Հիմա մարդիկ հաճախ ընտրում են լեռնագնացության, ձիավարության, քանդակագործության եւ այլ դասընթացներ»,- պատմում է նա։

Լուսանկարը` «Արի տանեմ»

Հարթակը նախատեսված չէ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների համար. հիմնական հաճախորդները հենց հայաստանցիներն են։ Սկզբում մարդկանց պետք էր «բացատրել», որ նվերի իմաստը հենց ընտրության ազատությունն է։ Մարդիկ, ովքեր նախկինում սովորական նվերներ էին փնտրում, այսօր մասնակցում են խեցեգործության դասերի կամ էլ Բյուրականում խխունջների ֆերմա են այցելում:

Լուսանկարը` «Արի տանեմ»

 

«Արի տանեմ»-ը համակարգում է այն, ինչ մարզերում արդեն կա, բայց հաճախ անտեսված է։ Շիրակի մարզպետարանի հետ արված «Եկ Շիրակ» նախաձեռնության տուփից թիմը եկամուտ չի ստացել. ամբողջ հասույթը փոխանցվել է Շիրակի զբոսաշրջության զարգացման համար։ 

 

Արի տանեմ. Սյունիքից բացվող Հայաստան

 

Միքայելի համար Սյունիքը վաղուց արդեն իր կյանքի կենտրոնն է։ Երբ ինձ հարցնում են՝ ով եմ, որտեղից եմ, ասում եմ՝ ես ավելի շատ սյունեցի եմ, քան պարզապես հայ»,- ժպտում է նա ու ավելացնում. «Իմ կյանքը Սյունիքում ավելի շատ իմաստ ունի»։

Լուսանկարը` «Արի տանեմ»

«Արի տանեմ»-ը նրա համար ոչ միայն բիզնես է, այլեւ շարժում՝ ապրել Հայաստանում եւ «կիսվել» Հայաստանով։ Միքայելը հավատում է, որ հաջողությունը պետք է կառուցվի սեփական ուժերով։ 

Լուսանկարը` «Արի տանեմ»

Սյունիքից սկիզբ առած այս պատմությունը շարունակում է աճել. մարզից՝ մարզ, մարդուց՝ մարդ։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը բացում է նվերի տուփը, նա նորովի է բացահայտում Հայաստանի որեւէ անկյունը։

 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Անահիտ Բաղդասարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին