STARMUS-ի հյուրերը. 4 փաստ «այլմոլորակայինների որսորդ» Ջիլ Թարթերի մասին - Mediamax.am

exclusive
3069 դիտում

STARMUS-ի հյուրերը. 4 փաստ «այլմոլորակայինների որսորդ» Ջիլ Թարթերի մասին


Ջիլ Թարթերը
Ջիլ Թարթերը

Լուսանկարը` Thor Nielsen

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

Ջիլ Թարթերը NASA-ի SETI այլ գիտնականների հետ
Ջիլ Թարթերը NASA-ի SETI այլ գիտնականների հետ

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

Լուսանկարը` «Կոնտակտ» ֆիլմից

ATA-ի մի մասը
ATA-ի մի մասը

Լուսանկարը` SETI Institute

Ջիլ Թարթերը եւ Ջոդի Ֆոսթերը
Ջիլ Թարթերը եւ Ջոդի Ֆոսթերը

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

Լուսանկարը` Louie Psihoyos-ի արխիվից

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ


«Արդյոք մենք միայնա՞կ ենք տիեզերքում». այս հարցը ամերիկացի աստղագետ Ջիլ Թարթերին տարավ տիեզերքի անծայրածիր աշխարհ՝ որոնելու բանական կյանք Երկիր մոլորակի սահմաններից դուրս:

 

Արտերկրային բանականության որոնման (SETI) հետազոտական կենտրոնի նախկին տնօրեն Ջիլ Թարթերը, որը համարվում է նաեւ գիտությանն ամենամեծ նպաստ բերած կանանցից մեկը, 2022թ. սեպտեմբերի 5-10-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու աշխարհահռչակ STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնին:

 

Մեդիամաքսն առանձնացրել է 5 հետաքրքրական փաստ Թարթերի մասնագիտական ընտրության եւ անվերջ թվացող որոնումների մասին:

 

Փաստ № 1. Ինժեներ դառնալու անդրդվելի որոշումը կայացրել է 8 տարեկանում

 

Իր հարցազրույցներից մեկում Ջիլ Թարթերը պատմում է, որ իր հայրը շատ էր ցանկանում տղա ունենալ, բայց ծնվում է ինքն ու դառնում իր հող «տղա զավակը»: Հայրը նրան ամեն հանգստյան օրերին իր հետ տանում էր որսի, ձկնորսության, արշավների: Երբ նա 8 տարեկան էր, Թարթերի մայրը սկսում է անհանգստանալ, որ դա կարող է վատ անդրադառնալ աղջկա՝ որպես կին դաստիարակության վրա:

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

Հայրը որոշում է զրուցել նրա հետ, նստեցնում է լվացքի մեքենայի վրա ու ասում, որ Թարթերը պետք է սկսի ավելի շատ ժամանակ իր մայրիկի հետ անցկացնել ու աղջկական գործերով զբաղվել: Թարթերը հարցնում է, թե ինչու է պետք միայն մեկը ընտրել՝ անել տղայական կամ աղջկական գործեր, եւ քանի որ հոր պատասխանը նրան չի բավարարում, տուրք է տալիս հույզերին: Սա ստիպում է հորն ասել հետեւյալը.

 

«Լավ, քանի դեռ դու ջանասիրաբար կաշխատես, չեմ տեսնում որեւէ պատճառ, թե ինչու չես կարող զբաղվել նրանով, ինչ ուզում ես»: Այդ պահին Թարթերի մտքին գալիս է իր մանկական պատկերացման ամենատղայական մասնագիտությունը, եւ նա հայտնում է հորը. «Ես ուզում եմ դառնալ ինժեներ»:

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

Թարթերի հայրը մահանում է քաղցկեղից, երբ նա ընդամենը 12 տարեկան էր: Սա հեղաշրջում է նրա ներաշխարհը, սակայն «Լվացքի մեքենայի հռչակագիրը» դառնում է ապագա ինժեների կյանքի կողմնացույցը:

 

Հատկանշական է, որ Քորնելի համալսարանում սովորելիս Ջիլ Թարթերը ճարտարագիտության ծրագրի միակ կին ուսանողն էր:

 

Փաստ № 2. Ջիլ Թարթերը նշանակալի ներդրում է ունեցել արտերկրային բանականության որոնման առաջին աստղադիտակի ստեղծման մեջ

 

Արտերկրային բանականության որոնման առաջին մտքերը Թարթերին այցելել են դեռեւս մանուկ հասակում, երբ հոր հետ համաստեղծություններն էր ուսումնասիրում։ Նայելով աստղերին՝ Թարթերը սկսում է մտածել, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է լինել մեկ ուրիշի արեւը, եւ այդ աստղերից մեկի շուրջը պտտվող մի մոլորակի վրա իր նման մեկը եւս ծնողների հետ զբոսնում է ծովափին, նայում երկնքին ու տեսնում մեր արեւը՝ որպես մեզ համար անճանաչելի համատեղության մաս:

 

Արդեն հասուն տարիքում Թարթերի համար ոգեշնչանքի աղբյուր է դառնում NASA-ի «Ցիկլոպ» ծրագիրը: Վերջինս ենթադրում էր 1500 ռադիոաստղադիտակներից բաղկացած ցանցի ստեղծում, որով հնարավոր կլիներ որսալ արտերկրային բանական կյանքի ազդանշաններ մինչեւ հազար լուսային տարի շառավղով:

Ջիլ Թարթերը NASA-ի SETI այլ գիտնականների հետ Ջիլ Թարթերը NASA-ի SETI այլ գիտնականների հետ

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

1984 թվականին Թարթերը դառնում է SETI Institute համահիմնադիրը: Այստեղ մասնագետներն աստղագիտական գործիքների կիրառմամբ փորձում են գտնել տիեզերքում այլոց կողմից կիրառված տեխնոլոգիաների նախադեպ՝ որսալով մայր բնությանը ոչ հատուկ ազդանշաններ:

 

1998-2000 թվականներին անցկացված մի շարք աշխատաժողովների արդյունքում SETI-ի գիտնականները գալիս են եզրահանգման, որ իրենց սեփական աստղադիտակն է պետք, որը 0-ից նախագծված կլինի արտերկրային բանականության որոնումների համար։ Այդպես ծնվում է Allen Telescope Array-ի (ATA) գաղափարը, որի ստեղծման գործում մեծ ներդրում է ունենում Ջիլ Թարթերը։

 

«Նա ավելի շատ ժամանակ էր ներդնում, քան որեւէ այլ մեկը: Նա զարմանալիորեն էներգիայով լեցուն կին է։ Հիշում եմ, որ ամբողջ օրն աշխատելուց հետո տուն էր գնում ու սկսում էր էլեկտրոնային փոստի նամակներով զբաղվել ամբողջ գիշեր, եւ ես կասկածում եմ, թե նա առհասարակ քնում էր», - հետագայում պատմում էր Գերի Հարփը, որը զբաղեցրեց SETI հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը Թարթերի թոշակի անցնելուց հետո։

ATA-ի մի մասը ATA-ի մի մասը

Լուսանկարը` SETI Institute

Այժմ Ջիլ Թարթերը աշխատում է ATA-ի կառավարման խորհրդում։ Այս աստղադիտակի վերջնական կառուցումը կարող է 100 անգամ արագացնել արտերկրային բանականության որոնումները։

 

Փաստ № 3. «Կոնտակտ» վեպի եւ համանուն ֆիլմի հերոսուհու նախատիպը Ջիլ Թարթերն է

 

1990-ականներին եւ 2000-ականներին բազմաթիվ երիտասարդ գիտնականների համար ոգեշնչանքի աղբյուր էր դարձել 1997 թվականին նկարահանված «Կոնտակտ» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը գրված է Կարլ Սագանի համանուն վեպի հիմքով: Այդ ժամանակ քչերը գիտեին, որ իրենց մոտիվացիա դարձած սիրելի հերոսուհու նախատիպը Ջիլ Թարթերն է:

 

1985 թվականին Թարթերը Կարլ Սագանից նրա տանն ընթրելու հրավեր է ստանում: Զրուցելով Սագանի կնոջ՝ Էննի հետ, Թարթերը տեղեկանում է, որ Սագանը ֆանտաստիկ վեպ է գրում: Էննը հուշում է, որ վեպում նա կարող է որեւէ մեկին ճանաչել:

 

«Ի՞նչ: Ախր սա ես եմ»,- վեպն ընթերցելիս մտածում է Թարթերը:

Լուսանկարը` «Կոնտակտ» ֆիլմից

«Կոնտակտ» վեպը պատմում է երիտասարդ գիտնական Էլլիի մասին, որը ղեկավարում է այլմոլորակային բանականության բացահայտման ծրագիրը: Նրան հաջողվում է որսալ տիեզերական հաղորդագրություն, որից հետո ուղեւորվում է այլ գալակտիկա եւ հանդիպում այլմոլորակայինների ... Սակայն երկրի վրա մարդիկ դեռ պատրաստ չէին հավատալու:

 

Հետագայում, երբ կինոռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը որոշում է վեպը ֆիլմի վերածել, Թարթերը հնարավորություն է ստանում աշխատելու գլխավոր դերակատար Ջոդի Ֆոսթերի հետ:

Ջիլ Թարթերը եւ Ջոդի Ֆոսթերը Ջիլ Թարթերը եւ Ջոդի Ֆոսթերը

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

«Նա ցանկանում էր ներկայացնել կին գիտնականի իրական կերպար, որը լցված էր կրքի էներգիայով, փնտրում էր պատասխաններ եւ չէր հանձնվում: Նա հրաշալի օրինակ էր երիտասարդ աղջիկների համար, որովհետեւ հաճույք էր ստանում նրանից, ինչ անում էր: Մենք, հաճախ, դա մոռանում ենք ասել մեր ուսանողներին: Գիտնական լինելը հսկայական աշխատանք է պահանջում, սակայն միեւնույն ժամանակ դա շատ զվարճալի է. դու լուծում ես գլուխկոտրուկներ, բացահայտում այն, ինչը մինչեւ քեզ ոչ ոք դեռ չէր արել, եւ դու երբեք ստիպված չես մեծանալ, դու երբեք ստիպված չես դադարել հարցնել «ինչու՞»»,- հետագայում հիշում է Թարթերը:

 

Փաստ № 4. Թարթերը եւ Հոքինգը տարակարծիք էին

 

SETI-ի ավելի քան 30-ամյա գործունեությունից հետո, երբ տիեզերքը շարունակում էր լուռ մնալ, մի խումբ մասնագետներ որոշում են, որ պետք է ոչ միայն ազդանշաններ որսալ, այլ նաեւ հաղորդագրություններ ուղարկել տիեզերք: Այս նախագիծը ստանում է Active SETI անունը:

 

Այս առնչությամբ աշխարհահռչակ տիեզերաբան Սթիվեն Հոքինգը հայտնում է իր մտահոգությունը։ Նրա կարծիքով՝ Երկիր մոլորակի հասցեն այլմոլորակայիններին տալը կարող է վերջիններիս ներխուժմամբ կործանարար դառնալ երկրացիների համար: Մինչդեռ Թարթերը հրապարակայնորեն հակառակվում է Հոքինգին:

Լուսանկարը` Louie Psihoyos-ի արխիվից

«Հաճախ, գիտաֆանտաստիկ ժանրի այլմոլորակայինները ավելի շատ բան են պատմում մեր մասին, քան իրենց: Երբ Սթիվեն Հոքինգը նախազգուշացնում է, որ այլմոլորակայինները կարող են գրավել եւ գաղութացնել Երկիրը, ես հարգալից կերպով անհամաձայնություն եմ հայտնում: Եթե այլմոլորակայինները հնարավորություն ունենային այցելելու Երկիր մոլորակ, դա կնշանակեր, որ իրենք ունեն բավարար տեխնոլոգիական կարողություններ ստրուկների, սննդի կամ այլ մոլորակների կարիքը չունենալու համար: Եթե նրանք գային այստեղ, ապա միայն ուսումնասիրությունների նպատակով: «Սեւազգեստ մարդիկ 3»-ի, «Պրոմեթեւս»-ի, «Ծովային մարտ»-ի նման ֆիլմերին մենք պետք է նայենք ինչպես զվարճանքի եւ մեր սեփական վախերի փոխաբերական արտահայտման, այլ ոչ թե այլմոլորակայինների ներխուժման կանխատեսման»,- ասում էր Թարթերը:

Լուսանկարը` Թարթերի անձնական արխիվ

Մեկ այլ առիթվ նա նշել էր.

 

«Երկրի սահմաններից դուրս բանական կյանք գտնելը նման է հայելի պահելուն, հայելի, որը ցույց է տալիս մեզ բոլորիս այս մոլորակի վրա, բոլորիս՝ ինչպես նույնը: Տիեզերքում առկա մեկ այլ համակարգի հետ համեմատության մեջ մենք բոլորս նույնն ենք: Ես կարծում եմ, որ այս տեսանկյունը չափազանց կարեւոր է մեր երկարաժամկետ ապագայի համար: Այս մոլորակի մարտահրավերները չեն ճանաչում ազգային սահմաններ, դրանց հաղթահարման ուղղությամբ պետք է աշխատանք տարվի համախմբված ձեւով: Ինչքան ավելի շատ ենք մենք տեսնում մեզ ոչ որպես անհատներ, ոչ որպես ամերիկացիներ, եվրոպացիներ կամ չինացիներ, այլ որպես երկրացիներ եւ մարդիկ, այնքան ավելի հավանական է, որ մենք ի վիճակի կլինենք գտնելու գլոբալ մարտահրավերների կառավարման ճանապարհը»:

 

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով. https://www.starmus.com/tickets

 

Գայանե Ենոքյան

 

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. 8 փաստ լուսնագնաց Չարլի Դյուկի մասին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին