Լրագրողն ու բլոկադան կամ՝ «կամուրջը», որն այդպես էլ չանցանք - Mediamax.am

Դեկտեմբեր 12, 2025
exclusive
102 դիտում

Լրագրողն ու բլոկադան կամ՝ «կամուրջը», որն այդպես էլ չանցանք


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


«Օֆ, Ա՛ստուծ», - այս բացականչմամբ սկսվեց ինձ համար շրջափակումը։ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ Շուշիի հատվածում ադրբեջանցի «էկո ակտիվիստների» կողմից երկրորդ անգամ փակվելը լսելուն պես միջին տարիքի կինը շատ խորը հոգոց հանեց ու ահաբեկված շարունակեց նայել պատուհանից։ 

 

«Լենինգրադյան բլոկադան ա է», - ի տարբերություն վերջինիս պակաս ահաբեկված էր շուկայի աշխատողը, որը երեւի չգիտեր՝ լալ թե խնդալ։ 

 

Օրեր անց պիտի հասկանայինք, որ՝ չէ, այս անգամ ուրիշ է։ Դանդաղ պիտի գիտակցվեր պատահածի անդառնալիությունը, արագ սպառվեր խանութների չոր պարենը, իսկ միայն Ամանորից հետո վրա հասներ խուճապը, որը սակայն պիտի մեղմորեն թաղվեր իրեն նման ճոխություն թույլ տալ չկարողացող արցախյան բնավորության խորքերում։ 

 

Այդ օրը նստած էի Ստեփանակերտի լեգենդար դեղին ավտոբուսներից մեկի մեջ (քաղաքի ընդամենը 16 երթուղին սպասարկող բոլոր ավտոբուսներն այդ մեկ գույնն ունեին) եւ «իջնում էի» դեպի «Կալցեվոյ»․Արցախի հանրային հեռուստատեսության շենք էի մտնելու։ Արցախի հանրային ռադիոյի հետ մեր համագործակցության առաջին օրերն էին եւ ես, որ մոտ երկու ամիս է, ինչ ապրում էի Արցախում, առաջին անգամ այստեղ պիտի ինչ-որ բան անեի, ինչ-որ բան հունցեի, ինչ-որ բան ցույց տայի հենց այդ՝ լրագրողի ինքնությամբ։ Փաստացի հենց այն ինքնությամբ, որն ինձ այստեղ էր բերել։ 

 

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ռադիոյի աշխատակիցներից Արթուրն, ամեն անգամ, երբ ցանկանում էր աղջիկների հոգու հետ խաղալ, ներս էր խուժում ու ասում՝ «Տարհանում է, տարհանում են լոխչուն»։ Մենք ժպտում էինք ու շարունակում գրել, մոնտաժել, խմբագրել․ ուտելու, հերթերի, միջազգային դատարանների մասին։ Հետո նորից ուտելու, հերթերի մասին եւ արդեն առանց միջազգային դատարանների։ Կարինեն շարունակում էր բողոքել իմ նյութերի երկարությունից, Վիկան շարունակում էր չզսպել ծիծաղն ամեն անգամ, երբ ես հունից դուրս էի գալիս էլեկտրականության հերթական խափանումից, որը «գյոռբագյոռ» էր անում ռեպորտաժներիս՝ պահպանվել չհասցրած տողերը, ես շարունակում էի Սրբուհուն համոզել, որ իր վախը, թե մի օր կմնանք մի նկուղում եւ մեր վերջի մասին ոչ ոք չի իմանա, անհիմն է։ Այդպես էլ ապրում էինք։ Երբեմն էլ ամենատխուր օրերին ինքներս մեզ համար տոն էինք կազմակերպում․ ամենքն իր տանը եղած սննդից բերում էր եւ այդ օրը մենք սնվում էինք ավելի ճոխ, քան մինչ շրջափակումը, եւ, իհարկե, փորձում բոլորին ապացուցել, թե «լոխ լավ ա»։  

 

Մի տոպրակ գազար

 

Իսկ իրականում «լոխ» բնավ լավ չէր, եւ լրագրողները դրա մասին ամենալավը գիտեին։

 

Երբ խոսում եմ շրջափակման ու այն լուսաբանելու մասին, չեմ կարող չհիշել այդ ծանր օրերի իմ գործընկերներից Ղահրամանյան Դավիթին։ Դավիթն իսկական վավերագրող էր ու է, եւ ես չգիտեմ, թե քանի հազար պատմություն է թաքնված այդ «աչքում», որը երբեք չմեծամտացավ։ Դավիթն ու ես հեշտ էինք աշխատում միասին, քանի որ երկուսս էլ չէինք սիրում խուճապ եւ չէինք խուսափում խոսել ծանր բաների մասին՝ լինի նկարով, թե տեքստով։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Եվ, այնուամենայնիվ, Դավիթի հետ մեր աշխատանքային օրագրից ուղեղումս ամենախորը հետք թողած պահը շարունակում է մնալ ձմեռային մի օր հարցազրույցիս ընթացքում նրա՝ «Ոչի՞նչ, որ թեյին ձեզ չմիանամ, ներքեւի խանութում գազար են ստացել, պետք է գնամ հերթ կանգնեմ, որ երեխաներիս համար գազար գնեմ» նախադասությունը։ Սա Դավիթը բարձրաձայնեց միայն այն բանից հետո, երբ իր գործը բարեխղճորեն վերջացրել, առավոտից ոտքով գնացել ու դիմավորել էր Մարտակերտի երթուղայինով հարցազրույցի ժամանած զրուցակցիս, ստացել կադրերի մի մասը ու նոր հանդիպել ինձ։

 

Արի ու տես, որ ֆոտոլրագրողը, որը, կարծես, ամենուր էր, հասցնում էր նաեւ հայր մնալ, եւ, արի ու տես՝ մարդ մնալ։ 

 

Իսկապես, երբ բլոկադայի ներսում լրագրողներին ատելության խոսքի տարափի տակ էին պահում խանութների հերթերում կանգնած մարդկանց թեկուզ հեռվից նկարելու համար, իսկ դրսից ոմանք օգտվում նրանց աշխատանքից առանց հեղինակային իրավունքն ու ժամանակը հարգելու, նրանք այդ ամենի հետ մեկտեղ շարունակում էին նաեւ հայր, մայր, կին, ընկեր ու բարեկամ, եւ ի վերջո՝ մարդ մնալ։ Մարդ, ով նույնպես այդ հերթերում կանգնածների չափ հացի ու շաքարավազի կարիք ուներ, մարդ, ում երեխան տակդիր չուներ, մարդ, ում ամուսինը դիրքերում էր, մարդ, ով բենզին չէր գտնում գյուղում ապրող ծնողներին հասնելու։ Եվ ի վերջո՝ մարդ, ով էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների արանքում լվացքի, սնունդ պատրաստելու եւ հնարավոր բոլոր կրիչները լիցքավորելու հետ զուգահեռ հասցնում էր նյութ հավաքել եւ ուղարկել «արտաքին աշխարհ»։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Իմ նեղ օրվա գործընկեր Դավիթ, չգիտեմ, թե այդ օրը հայթայթածդ գազարներից քանիսը հասավ փոքրիկներիդ, բայց իմ խնդրած երկուսի փոխարեն մի ամբողջ տոպրակ գազարը, որը շատ դժվար էր կուլ գնում մի ամբողջ ամիս, ես երբեք չմոռացա։ 

 

«Կամուրջը», որը մենք այդպես էլ չանցանք

 

«Սոֆա, սկացալս, վեր մոստին ԿՊՊ են տիրյալ», - իմ գործընկեր ու արդեն ընկեր Ասպրամի հետ այդ օրը ռադիոյում չէինք, այլ նրանց գյուղի տանը՝ Բերդաշենում, որտեղ տեւական ժամանակ չէր ստացվում գնալ տրանսպորտի բացակայության պատճառով։ 

 

Հինգ րոպե առաջ ամենամեծ «դարդս» իրականում այն էր, թե Ասպրամի քույրիկ Ինեսսայի ծննդյան սեղանի տոլման առանց սոխ պիտի լիներ։ Ես՝ պոլսահայի թոռս, չէի կարող նման բան հանդուրժել։ Այո, իրավիճակի վատթարացմանը զուգահեռ մենք հաճախ էինք մեզ սկսում խաբել մանր խնդիրներով, երբեմն՝ ծիծաղելու աստիճան։

«Հա․․․ ԿՊՊ․․․ Բա ինչ։ Դե ես ձեզ ասում էի, չէի՞ ասում», - բարկությունս ու ներսս դանդաղ սողոսկող շոկը միասին արձագանքեցին։ 

 

ԿՊՊ․․․ 

 

Երբ գալիս էի Արցախ ապրելու, այդ օրը, երբ վերջնականապես տեղափոխեցի ինձ անհրաժեշտ բոլոր իրերս, չափից դուրս դանդաղ էինք գալիս, 8 ժամից ավելի։ Ճանապարհին ընկերներիս հետ մի միտք կիսեցի, որ այդ պահին ամենաշատը վախենում եմ եւ սարսափով եմ երեւակայում, եթե մի օր Տեղ գյուղից այն կողմ հսկիչ անցակետ դնեն ադրբեջանցիները։ Այդ միտքը բարձրաձայնեցի վստահ լինելով, որ նման բան երբեք չի լինի ու դա միայն իմ բուռն երեւակայության արդյունքն է։

 

2023-ի այդ չարաբաստիկ ապրիլի 23-ից մոտ երկու ամիս առաջ, երբ դրվեց Հաքարիի կամրջի անցակետը, «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի անգլիալեզու կայքում հստակ խոսվել է միջանցքում «սկանավորող սարքի» տեղադրման հավանականության մասին։ Այդ լուրը երբեւէ չմեջբերեց ոչ մի արցախյան լրատվամիջոց՝ ոչ անցակետի տեղադրումից առաջ, ոչ էլ հետո։

 

«Հա ինչ ա փոխվալ մհենգ քո կյանքում, ԿՊՊ ա լի», - չէին ուզում Ինեսսայի ծնունդը փչացնել Ասպրամենց ազգականները։ 

 

Ինձ թվում էր, թե հաջորդ օրը Ստեփանակերտի փողոցներում ասեղ գցելի տեղ չի լինելու եւ մենք վերջապես պահանջելու ենք ավելի համարձակ խոստովանություններ եւ լուծումներ, մինչդեռ դա այդպես էլ տեղի չունեցավ։ Միայն ամիսներ անց, երբ այդ նույն չարաբաստիկ անցակետից գերեւարվեցին երեք ուսանող տղաները, եւ համբերությունը հատած մարդկանց բազմությունը կանգնեց նախագահական նստավայրի առաջ, պաշտոնյան, ում անունը տալն այլեւս ոչ մի իմաստ չունի, խոստովանեց. «Մունք ձեզ երբեք ըսլան չենք՝ տյուս եկիք։ Որովհետեւ ետնան կասիք, թա մունք ընք հայաթափալ Արցախը»։

 

Ինձ մինչեւ հիմա թվում է, թե չարաբաստիկ «ԿՊՊ»-ն իսկապես այն ճամփաբաժանն էր, որը մենք՝ Արցախի եւ ՀՀ-ի հասարակությունը չանցանք եւ դրանից անդին այլեւս ոչինչ որոշելու իրավունք չթողեցինք մեր ետեւում։

 

Մենք այդ կամուրջը չանցանք։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ճիշտն ասելու եւ լսելու վախը շուրջբոլորը․ կամրջի այն կողմում օդում կանգնած այդ երեւույթը, որն իմ տեսած ամենալուրջ պատնեշն էր Արցախում ապրած բոլոր օրերին, նման չէր ո՛չ սննդի կամ որեւէ հիգիենայի պարագայի պակասի առաջացրած տագնապին, ո՛չ կիսված ընտանիքների՝ ոչ ոքի կողմից չհասկացվող անելանելի կսկիծին, ո՛չ մեր ճանապարհը կտրած էկո ակտիվիստների դեմ բարկությանը։ Այո, մենք այդ կամուրջը չանցանք։  

 

Ապրիլի 23-ի երեկոն էր եւ ես՝ պոլսահայի թոռս, միակն էի, ով Բերդաշենում գտնվելով չուզեց մասնակցել հաջորդ օրվա ջահերով երթին։

 

Թիթեռնիկ նկարելու մասին

 

Բավականին շոգ ու հյուծող հունիս էր եւ սկսվել էր բլոկադայի վերջին, ամենահյուծող փուլը։ Հունիսի 15-ին կամրջի մոտ տեղած կրակոցները երկաթե դուռ դրեցին Արցախի ու Հայաստանի միջեւ, այնպիսի, որ անգամ ռուս խաղաղապահները, որոնք մինչ այդ հատիկը 600 դրամով «Սնիկերս» ու 35 000 դրամով 10 տուփ սիգարետ էին «ներմուծում» Արցախ, այլեւս դրա հնարավորությունը չունեին։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Դադարեցվեցին նաեւ խաղաղ բնակիչների հատուկենտ փոխադրումները թե՛ Կարմիր Խաչի ընկերության, թե՛ խաղաղապահների ուղեկցությամբ։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շրջափակումից դուրս գալու իմ հերթը, որին սպասել էի 4 ամիս որպես «օտար քաղաքացի», հունիսի 17-ին էր։ Փաստորեն, ընդամենը երկու օրով «գնացքիցս» ուշացա։ 

 

Նույն օրերին ես չեղարկեցի միջազգային լրատվականներից մեկի հետ աշխատանքային իմ պլանները եւ ոչ այն պատճառով, որ չկարողացա հասնել Երեւան նշանակված հանդիպմանը։ Այլ այն պարզ պատճառով, որ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ մեր համատեղ աշխատանքը ակնկալող լրատվականը հրաժարվեց լուսաբանել արցախյան շրջափակումը։ 

 

«Թողնենք մի ուրիշ անգամ», - զուսպ մերժեցին ինձ այլազգի գործընկերները։ 

 

«Ուրիշ անգամ ե՞րբ, երբ բոլորս մահացա՞ծ լինենք», - կյանքումս առաջին անգամ գործնական խոսակցությունը խիստ էմոցիոնալ տարա ես։ 

 

Սույն միջազգային լրատվականն, իհարկե, Արցախի վերջնական հայաթափման օրերին Կոռնիձորում էր։  

 

«Ինձ թվում է՝ մենք արդեն զուտ թիթեռնիկ ենք նկարում». Երեւանից գործընկերուհիներիցս մեկի խոսքը ինձ եւ՛ շատ ճշմարտացի թվաց, եւ՛ ըմբոստություն առաջացրեց։ Ախր, չէ որ այդքան ջանք էինք թափել, չէ որ այդքան շատ աշխատանք էինք թափել։

 

Հենց այդ օրերին արդեն բուռն քննարկումներ էին ընթանում տխրահռչակ «Աղդամի ճանապարհի» շուրջ, որը վերջին կարմիր գիծն էր արցախահայության համար։ Այդ օրերին ադրբեջանական մեդիան ամեն օր մեզ մեղադրում էր «հումանիտար հարցը քաղաքականացնելու» համար։ Մինչդեռ ճիշտ հակառակն էր. մենք քաղաքական հարցը դարձրինք հացի խնդիր, ինչն էլ փաստացի առաջարկում էին մեզ Աղդամից։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Եվ չնայած մեր՝ անհատներիս բոլոր անկեղծ ջանքերին ու ինքնազոհողություններին, պետք է ազնիվ լինել ու ասել, որ շրջափակումից ի վեր ռազմական դրության պայմաններում ապրած Արցախում շրջափակման գրագետ ու թիրախային լուսաբանումը ոտքից գլուխ տապալվել է։ Տարօրինակ, ցավոտ ու անգամ զավեշտալի է, որ, փաստորեն, Արցախի ներսում պատասխանատու մարմիններից եւ ոչ մեկը այդպես էլ չգիտակցեց, որ մեզանից բացի ոչ ոք չի կարող ներթափանցել շրջափակումից ներս ու շոշափել այն, ինչ մեր ամենօրյա կյանքի մասն էր, իսկ ավանդական «մուննաթը», թե մեզ մոռացել են, չեն նկատում, չեն օգնում՝ երբեք չի աշխատում։

 

Իսկ ո՞րն է աշխատել մինչ օրս. ուկրաինական ու պաղեստինյան սցենարներից հետո չի կարող ինքն իրեն չհարցնել բլոկադա անցած լրագրողը։ 

 

Եվ երեւի թե այո՝ լինել  բլոկադա անցած լրագրող նախ նշանակում է կամք ու մեծահոգություն ունենալ գրիչդ մի օր վայր չդնելու՝ շարունակելով հավատալ, որ թիթեռնիկ նկարելով չենք մնա։

 

Սոֆիա Հակոբյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին