«Գույքադարան»-ը՝ հանուն հատուկ երեխաների հարմարավետության - Mediamax.am

exclusive
3450 դիտում

«Գույքադարան»-ը՝ հանուն հատուկ երեխաների հարմարավետության


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Պարազյանը
Մարինա Պարազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հատուկ կարիքներով երեխաների համար առանձնահատուկ կարեւորություն ունի անհրաժեշտ պայմանների ապահովումը և հարմարեցված միջավայրի ստեղծումը, որը տան պայմաններում բավականին բարդ է: Անհրաժեշտ հատուկ գույքը Հայաստանում ձեռք բերելը հեշտ չէ, թանկ արժե, եւ բացի այդ, ժամանակի ընթացքում երեխայի կարիքները փոխվում են, ուստի նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտություն է առաջանում:

 

Այս հարցում ծնողներին աջակցելու եւ հատուկ կարիքներով երեխաների համար հարմարեցված միջավայր ապահովելու համար էլ ստեղծվել է «Գույքադարան» ծրագիրը: Մեդիամաքսը զրուցել է ծրագրի իրականացնող «ՍՈՐՍ» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարինա Պարազյանի հետ՝ «Գույքաքադարան»-ի գաղափարի, դրա ընդլայնման եւ այդ ճանապարհին «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցության մասին:

 

Հատուկ գույքի արտադրություն

 

«ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամը գործում է արդեն տասը տարի: Գործունեության ընթացքում հիմնադրամը կարողացել է մի շարք ծրագրեր իրականացնել՝ աջակցելով հատուկ կարիքներով երեխաներին եւ ձեւավորելով ծնողական կուռ համայնք:

Մարինա Պարազյանը Մարինա Պարազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացի զուտ հասարակական ծրագրերից՝ «ՍՈՐՍ»-ը հաջողությամբ իրականացնում է նաեւ սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն: Հիմնադրամի կարի եւ փայտի արտադրամասերում աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ, որոնք ստեղծում են Հայաստանում իր տեսակով բացառիկ հատուկ գույք՝ դրանում ներդնելով իրենց ծնողական մեծ փորձն ու սերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդեն ավելի քան 5 տարի է «Իզմիրլյան» հիմնադրամը մեր կողքին է: Նրանց աջակցությամբ հիմք դրեցինք մեր սոցիալական ձեռնարկատիրությանը, ձեռք բերեցինք այնպիսի սարքավորումներ, որոնց շնորհիվ կարողանում ենք առանձնահատուկ գույք արտադրել: Արտադրական գործունեության անհրաժեշտությանը եկանք մեր սեփական փորձառությունից: Ինքս էլ ունեմ հատուկ կարիքներ ունեցող երեխա ու գիտեմ, թե անհրաժեշտ գույքը որքան դժվար է գտնել Հայաստանում, մինչդեռ տանը երեխայի համար հարմարեցված միջավայրի ստեղծումը շատ կարեւոր է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերականգնողական կենտրոններում երեխան կարողանում է պարապել մինչեւ 2 ժամ, իսկ մնացած ժամերը տանը կամ դպրոցում անցկացնում է իր համար ոչ հարմարեցված միջավայրում, գույքի բացակայության պատճառով էլ ծնողը տանը չի կարողանում թերապիան շարունակել: Միջազգային փորձի ու նաեւ մեր դիտարկումների հիման վրա նախագծել ենք տարատեսակ հարմարանքներ վերականգնողական մարզումների, ճիշտ դիրքավորման, հարմարեցված միջավայրի ստեղծման համար, եւ այսօր մեր կարի եւ փայտի արտադրամասերում ստեղծվում է ավելի քան 250 արտադրատեսակի գույք»,- մանրամասնում է Մարինա Պարազյանը:

 

Հատուկ գույքի կիրառումը՝ ավելի արդյունավետ

 

«ՍՈՐՍ»-ի սոցիալական ձեռնարկատիրությունն արտադրում է իրանի ճիշտ դիրքավորման պարագաներ, վերականգնողական մարզումների, զգայական խնդիրներով երեխաների հետ թերապեւտիկ աշխատանքի եւ վարժանքների համար

 նախատեսված հարյուրից ավել արտադրատեսակ ունեցող գույք՝ տարբեր տեսակի կանգնակներ, հարմարեցված հատուկ աթոռներ, մարմնի զգայական սարքեր, դիրքավորման բարձեր, իրանի եւ ոտքերի դիրքավորման հարմարանքներ եւ այլն: Հիմնադրամն իր ծրագրերի շրջանակում այս գույքը մի քանի տարի շարունակ նվիրել է դրա կարիքն ունեցող ընտանիքներին, սակայն ժամանակի ընթացքում հասկացել են՝ անհրաժեշտ է գույքի կիրառման ավելի արդյունավետ մեխանիզմ ներդնել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեխայի կարիքները շարունակաբար փոխվում են՝ մի վարժությունը մեկ այլ վարժությամբ է փոխարինվում, երեխան մեծանում է, ուստի նոր գույք ձեռքբերելու կարիք է առաջանում: Շատ ընտանիքներում հին գույքը սկսում էր կուտակվել՝ վերածվելով պահեստի, շահառուներն էլ, հաճախ, հարցնում էին՝ արդյոք կարող են փոխանակել գույքը: Այս անհրաժեշտությունից էլ ծնվեց «Գույքադարան» ստեղծելու գաղափարը, որը կընձեռեր գույքի վերադարձի եւ նոր անհրաժեշտ գույքի ձեռքբերման հնարավորությունը»,- պատմում է Մարինան:

 

Առաջին քայլերից մինչեւ ցանցի ստեղծում

 

Առաջին «Գույքադարան»-ը բացվել է նախորդ տարվա աշնանը Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանն աջակցությամբ: Դրան հաջորդել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ում երկրորդ «Գույքադարան»-ի բացումը: Շարունակելով ընդլայնել հատուկ գույքի տրամադրման այս ցանցը՝ այս տարվա մայիսին «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում բացվեց երրորդ «Գույքադարանը»՝ 60 արտադրատեսակի հարմարեցված գույքով եւ պարագաներով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջիկա ամիսներին նախատեսում ենք եւս 2 «Գույքադարան»-ի բացում: Այս ծրագիրն օգնում է, որ երեխայի տան միջավայրն ավելի բազմազան, ուրախ  ու հարմարեցված դառնա, հնարավոր լինի գույքը ժամանակ առ ժամանակ փոխել՝  ելնելով երեխայի կարիքներից: Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող շուրջ 9500 գրանցված երեխա: Ծրագրի նպատակն է ընդլայնել ցանցն այնքան, որ «Գույքադարան»-ը հասանելի դառնա բոլորին: Այժմ մեր 3 կենտրոններով կարողանում ենք սպասարկել շուրջ 1000 երեխայի»,- հավելում է Մարինան:

 

Գրադարանի սկզբունքը

 

«Գույքադարան»-ի հիմնական շահառուներն են 1-18 տարեկան միջին եւ ավելի ծանր հենաշարժողական, վարքային, մտավոր կամ բազմակի զուգակցված խնդիրներով երեխաները: Այժմ Երեւանում եւ մարզերում գույքադարաններից օգտվում են 12 կենտրոնների շահառուներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնագետները, ելնելով երեխայի կարիքներից, նշանակում են անհրաժեշտ գույքը, որը տրամադրվում է ծնողին համապատասխան դիմումի հիման վրա: Գույքը տրամադրվում է 6 ամսով, որից հետո ծնողը վերադարձնում է այն եւ կես տարի անց կրկին կարող է դիմել այլ գույքի ստացման համար: Անհրաժեշտության դեպքում գույքը հարմարեցվում է տվյալ երեխայի կարիքներին, իսկ բազմակի օգտագործումից վնասվելու դեպքում այն վերանորոգվում է:

 

Հատկանշական է, որ մասնագետներն ուղղորդում են ծնողին՝ ինչպես օգտագործել գույքը, ինչ հաճախականությամբ, պարտադիր կերպով պահպանվում է ծնող-մասնագետ կապը: Ծնողը պարբերաբար մասնագետին է փոխանցում վարժանքների տեսանյութերը, որով էլ մասնագետը հետեւում է բուժման դինամիկային:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Պարազյանի խոսքով՝ այս կերպ ծրագիրը նպաստում է նաեւ ծնողի՝ երեխայի վերականգնողական բուժման գործընթացին առավել ներգրավմանն ու կրթվելուն:

 

«Նախատեսում ենք 2-3 տարում ունենալ առնվազն 14 գույքադարան՝ ներգրավելով նաեւ Արցախը, որն ունի փորձառու վերականգնողական մասնագիտական թիմ արդեն պատրաստ աշխատելու նաեւ գույքադաարանի ձեւաչափի մեջ: Նախկինում Արցախից 30 երեխայի առօրյա միջավայրի կազմակերպման գույք ենք նվիրել, հիմա ծնողներ ունենք, որոնք կարիք ունեն գույքը փոխարինելու, սակայն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում չենք կարողանում դրանք հասցնել նրանց»,- նշում է «ՍՈՐՍ» հիմնադրամի գործադիր տնօրենը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցների եւ մանկապարտեզների հետ դեռեւս չեն աշխատում, սակայն ծնողը մեծ անհրաժեշտության դեպքում կարող է երեխային հատուկ հարմարեցված գույքը որոշ ժամանակ դպրոցում կիրառել, եթե երեխան այնտեղ երկար ժամանակ է անցկացնում եւ միջավայրային ադապտացման կարիք ունի:

 

Կառուցելով այսօրվա օրն ու ապագան

 

Մարինա Պարազյանի դիտարկմամբ՝ միջազգային դաշտում առկա նմանատիպ սարքավորումներից Հայաստանը շուրջ տասնյակ տարիներով հետ է մնացել: Այժմ միջազգային շուկայում կան բարձր տեխնոլոգիական լուծումներով սարքավորումներ, այլընտրանքային հաղորդակցման սարքեր, որոնց շատ թանկ արժեն եւ Հայաստանի երեխաների համար դեռեւս հասանելի չեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հույս ունենք, որ «Գույքադարանը» կդառնա այն մեկնարկային կետը, որը զարգացնելով կկարողանանք այս ոլորտում մեծ արդյունքների հասնել: Այժմ ցանկանում ենք միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցություններ ձեւավորել, որպեսզի նրանց օգնությամբ կարողանանք ժամանակակից սարքավորումները, թեկուզ օգտագործված վիճակում, հասցնել Հայաստան, տեղում վերանորոգել ու տրամադրել մեր շահառուներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նպատակ ունենք ընդլայնելու մեր սեփական արտադրությունը եւս՝ փորձելով դրանում ներգրավել ժամանակակից տոխնոլոգիական լուծումներ: Տարիների ընթացքում մենք՝ մեր ծնողական համայնքով, հասկացել ենք՝ մենք ենք կառուցում մեր երեխաների այսօրվա օրն ու ապագան, եւ յուրաքանչյուրիս համար այս աշխատանքն անգնահատելի է»,- ամփոփում է Մարինա Պարազյանը:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին