Երեւանի գրեթե բոլոր փողոցներում կարելի է երկու-երեք դեղատուն գտնել։ Այսպիսի մեծ ընտրությունը երբեմն շատերին մոռանալ է տալիս, որ Հայաստանի շատ գյուղերում, սահմանամերձ բնակավայրերում դեղատներ չկան։ Հաճախ, շտապ անհրաժեշտ դեղամիջոցները գնելու համար պետք է մոտակա քաղաք գնալ։
Ամերիկաբնակ Սոֆյա Մնջոյանը, ձգտելով լուծել այս խնդիրը, հիմնել է «Դեղատար» հասարակական կազմակերպությունը, որն այսօր քայլ առ քայլ մոտենում է սահմանամերձ գյուղերին՝ ապահովելու նրանց անհրաժեշտ դեղորայքով, եւ ոչ միայն։
Գաղափարի, դրա իրականացման բարդ եւ դեռեւս շարունակվող ճանապարհի մասին Մեդիամաքսը զրուցել է Սոֆյա Մնջոյանի հետ։
Անվավոր դեղատան գաղափարը
Սոֆյա Մնջոյանը ծնվել է Երեւանում, 2000 թվականին ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ եւ ապրել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Մասնագիտությամբ բժիշկ-դեղագետ է, ավարտել է ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկը՝ Տեխասի համալսարանը, իսկ այժմ Տեխասի հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես կլինիկական դեղագետ. լինում է վերակենդանացման բաժանմունքում եւ խորհրդատվություն տրամադրում հիվանդների դեղերի, կամ դրանց չափաբաժինների փոփոխության վերաբերյալ։
Գրեթե ամեն տարի Սոֆյան այցելել է Հայաստան՝ մշտապես պահելով կապը հայրենիքի հետ։ Այդ կապն էլ ավելի է ամրապնդվել «Դեպի Հայք» հիմնադրամի եւ Ամերիկայի հայկական համագումարի ծրագրերին մասնակցությամբ։
«Այդ ծրագրերն իմ կյանքում շատ բան փոխեցին։ Դրանց շնորհիվ հանդիպեցի մարդկանց, որոնք հայրենադարձվել էին ու Հայաստանում բիզնես հիմնել։ Այդ հանդիպումներին ինձ օգնեցին, որ զերծ մնամ առավել տարածված հայկական այն մտածելակերպից, թե լավ է Հայաստանում ոչինչ չնախաձեռնել, չի ստացվելու։ Ես զրուցում էի մարդկանց հետ, որոնք իրենց օրինակով արդեն հակառակն ապացուցել էին եւ դրական էին տրամադրված Հայաստանում ապրելու եւ գործելու ուղղությամբ»,- հիշում է Սոֆյան։
Դեղաբուժական կրթություն ստանալու տարիներին Սոֆյայի մտքում մի գաղափար է ծնվում. կան շրջող մեքենաներ, որոնք մանկական ուրախ երաժշտությամբ պաղպաղակ են վաճառում, գուցե կարելի է ստեղծել նաեւ շրջող դեղատուն երեխաների համար՝ նույն կերպ ուրախ երաժշտությամբ, ինչը կօգնի, որ երեխաները դժկամությամբ չխմեն դեղը։
«Մի անգամ զրուցում էի Փարիզում բնակվող ընկերուհուս՝ Տաթեւիկ Խաչիկյանի հետ, որն այդ ժամանակ մեկնարկել էր «Blooming Armenia» ծրագիրը։ Դրա շրջանակում Լոռու մարզի Կողես գյուղը դարձավ «ծաղկող»՝ բարեկարգ, զբոսաշրջիկների համար գրավիչ։ Նրան առաջարկեցի գյուղում որպես առողջապահական բաղադրիչ ընդգրկել նաեւ իմ շրջիկ դեղատան գաղափարը։ Ասացի՝ գուցե լինի բեռնատար, որը կարողանա հասնել այն գյուղեր, որտեղ չկան դեղատներ, սակայն Տաթեւիկն ինձ հորդորեց այս գաղափարն առանձին իրականացնել, քանի որ միտքը շատ լավն է»,-մանրամասնում է Սոֆյան։
Նորարարության եւ համակարգի բախումը
2020 թվականին Սոֆյա Մնջոյանը Նատալյա Սարջանյանի հետ համատեղ հիմնադրում է «Դեղատար» ՀԿ-ն, բայց քանի որ պետք է դեղատուն բացեին, «Դեղատար» ՀԿ-ն էլ իր հերթին հիմնադրում է «Դեղատար» ՍՊԸ-ն, որի ամբողջ շահույթը ուղղվում է հասարակական կազմակերպության ծախսածածկմանն ու բացառապես սոցիալական նպատակ ունեցող ծրագրի իրագործմանը։
Հաճախ է լինում, երբ նորարարական գաղափարները բախվում են վարչարարական խնդիրների։ Նմանատիպ բարդություններով էլ «Դեղատար»-ը սկսեց ճանապարհը․ առողջապահության նախարարությունում Սոֆյային ասում են, որ շրջիկ դեղատան լիցենզավորումը հնարավոր չէ։
«Այս աշխատանքներում ինձ շատ է օգնել «Իմփաքթ Հաբ Երեւան»-ի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը, խորհրդատվություն տրամադրել։ Շուտով հանդիպեցինք Առողջապահության նախարարության հետ, մեզ ասացին, որ շարժական դեղատներ չեն լիցենզավորում եւ օրենքում փոփոխություն չեն անելու, քանի որ աշխարհում նման նախադեպ չկա։ Կան շրջող կլինիկաներ, որոնք իրենց ավտոբուսում նաեւ դեղեր ունեն, բայց առանձին շրջող դեղատներ չկան»,-պատմում է Սոֆյան։

Լուսանկարը` Թաթուլ Հակոբյան
Գործող օրենսդրությանը համապատասխան շարժվելու համար՝ Սոֆյան որոշում է դեղատուն բացել այնպիսի գյուղում, որտեղ այն չկա, իսկ արդեն գործող դեղատնից դեղորայքը հասցնել սահմանամերձ շրջաններ։
Կենտրոնական «Դեղատար»-ի բացումը
«Ինձ շատ օգնեց լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը Տավուշի մարզից է։ Նա Վերին Կարմիրաղբյուր գյուղում վաճառվող տուն գտավ, որը գնեցի եւ սկսեցինք վերանորոգել՝ առաջին հարկը դեղատուն դարձնելու նպատակով։ Տեղանքը շատ հարմար է, քանի որ տունը գտնվում է երեք գյուղերի՝ Նորաշենի, Վերին Կարմիրաղբյուրի եւ Այգեձորի խաչմերուկում։ Շրջակայքի գյուղերում դեղատներ չկան, ուստի տեղացիները ստիպված են ամեն անգամ Բերդ գնալ»,-պատմում է Սոֆյան։
Վերանորոգման աշխատանքները եւս երկար ժամանակ խլեցին, որովհետեւ տունը շատ հին էր։ Սոֆյայի վարձած շինարարը՝ Արարատ Ղուկասյանը, ինքն էր զբաղվում գրեթե բոլոր խնդիրներով, քանի որ Սոֆյայի համար բավականին բարդ էր արտերկրից նման հարցերի համակարգումը։ Մոտ 2 տարվա դժվարություններից հետո դեղատունը պատրաստ էր։ Առողջապահության նախարարությունն այն լիցենզավորեց եւ մնում էր գտնել դեղագործին։
«Մտածում էի, որ դեղագործին մոտակա քաղաքից պետք է գտնեմ ու վճարեմ իր ճանապարհածախսի համար, բայց այս իմաստով բախտս շատ բերեց։ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Արմինե Եսայանը, որը նախորդ տարի է ավարտել ԵՊԲՀ-ի դեղագործական ֆակուլտետը, իմանալով, որ դեղատուն եմ բացում, որոշեց վերադառնալ գյուղ ու այնտեղ աշխատել»,-նշում է Սոֆյան։

Լուսանկարը` Թաթուլ Հակոբյան
2023թ. հունիսին Սոֆյան ժամանեց Հայաստան՝ դեղատան պաշտոնական բացման նպատակով։ Այն դարձավ «Դեղատար»-ի կենտրոնական դեղատունը, որի օգնությամբ էլ պետք է շարունակեն անվավոր դեղատան գաղափարի իրականացումը։
«Դեղատար»-ի կենտրոնական դեղատունն արդեն հաջողությամբ գործում է։ Այստեղ Սոֆյան փորձում է ներդնել նաեւ կանխարգելող՝ սքրինինգային բժշկության գաղափարը։ Դեղատանն առկա են շաքարի եւ ճնշման չափման սարքեր, շուտով կլինի նաեւ խոլեստերինի չափման սարք։ Մարդիկ կարող են մոտենալ դեղատուն, իսկ դեղագետն անվճար կչափի ճնշումը, կամ շաքարը եւ անհրաժեշտության դեպքում կուղղորդի բժշկի մոտ կամ կհորդորի բաց չթողնել դեղերի ընդունումը։ Ապագայում անվավոր դեղատունը եւս կիրականացնի այդ գործառույթը՝ սահմանամերձ գյուղերով շրջելիս։

Լուսանկարը` Թաթուլ Հակոբյան
Բացի այդ, «Դեղատար» ծրագրի շրջանակում Սոֆյա Մնջոյանը նախատեսում է նաեւ սահմանամերձ շրջաններում առողջ ապրելակերպի, առողջ սնվելու եւ դեղերի ընդունման հետ կապված դասընթացների իրականացում։
«Երբ լինում եմ սահմանամերձ գյուղերում, նկատում եմ, թե որքան բաց է այդ դաշտը, բազային գիտելիքներ չկան, տարածված են տնական մեթոդներ։ Շատ կարեւոր է նման հարցերում մարդկանց կրթելը»,- հավելում է նա։
Եվ վերջապես՝ անվավոր դեղատունը
«Այժմ Առողջապահության նախարարությունում դեռեւս պատկերացնում են, որ կգործենք առաքման տարբերակով։ Այսինքն՝ մարդիկ կայքից նախապես կպատվիրեն, իսկ մենք նախապես կտեղեկացնենք՝ երբ ենք այցելելու իրենց գյուղ ու կիրականացնենք առաքումը։ Ես հավատում եմ, որ ապագայում, երբ նախարարությունում տեսնեն մեր գործունեությունը, հասկանան, որ որեւէ շահ չենք հետապնդում, հնարավոր կլինի օրենքում կատարել լրացում, որպեսզի մեր դեղատար բեռնատարը, բացի նախապես պատվիրված դեղերից, նաեւ այլ դեղեր ունենա»,- ասում է Սոֆյան։

Լուսանկարը` Թաթուլ Հակոբյան
Այս պահին գաղափարի իրականացումը շարունակելու համար անհրաժեշտ է ձեռք բերել բեռնատարը։ Այն պետք է լինի անվավոր տնակի ձեւաչափով, որովհետեւ դեղագործը գրեթե ողջ օրը բեռնատարում է անցկացնելու։ Բացի այդ, բեռնատարը պետք է ունենա համապատասխան սառնարաններ՝ դեղերի պահպանման ճիշտ պայմաններն ապահովելու համար։ Այժմ reArmenia-ի հարթակում մեկնարկել է դրամահավաք՝ բեռնատարը գնելու եւ ծրագրի այլ ծախսեր հոգալու համար։
Սոֆյա Մնջոյանի խոսքով՝ բեռնատարն ունենալուն պես շաբաթվա յուրաքանչյուր օր կուղեւորվեն կոնկրետ գյուղեր, կկայանեն կենտրոնական փողոցում ու կիրականացնեն առաքումը։ Մեկ օր էլ գուցե Երեւանում վաճառքներ իրականացնեն՝ «գնելով մեկ դեղ՝ նվիրիր երկրորդը» կարգախոսով։
«Նախատեսում ենք որոշ դեղեր անվճար տրամադրել հատկապես տարեցներին եւ մինչ 2 տարեկան երեխաներին։ Սա եւս խնդիր է, քանի որ օրենքով միանգամայն անվճար դեղեր չենք կարող տրամադրել, ուստի, որպեսզի շարունակենք գործել օրենքի տառին համապատասխան՝ կտրամադրենք հնարավոր առավելագույն զեղչով»,-ասում է Սոֆյա Մնջոյանը։

Լուսանկարը` Թաթուլ Հակոբյան
Քայլ առ քայլ նպատակն իրագործվում է։ Սոֆյան շնորհակալության մեծ զգացումով է հիշում այն բոլոր մարդկանց, որոնք իր կողքին են կանգնել ու օգնել այս ճանապարհին՝ սկսած սփյուռքի ընկերներից, որոնք օգնել են փոքր դրամահավաքներով, մինչեւ այստեղի փաստաբաններ, որոնք հոգացել են բարդ գործընթացը օրենքով իրականացնելու մասին։
«Ես շատ դրական եմ տրամադրված, ու հուսով եմ, որ ծրագիրը հետզհետե կընդլայնվի, կունենանք մի քանի բեռնատարներ ու մոտ ապագայում «Դեղատար»-ը կկարողանա հասնել բոլոր սահմանամերձ բնակավայրեր՝ ներառյալ Արցախ»,-ամփոփում է Սոֆյա Մնջոյանը։
«Դեղատար»-ին կարող եք աջակցել այստեղ։
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: