Management Mix խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրով հայկական զբոսաշրջային հինգ ընկերությունում անցկացվել է անվտանգության աուդիտ, որից հետո նրանց տրվել է միջազգայնորեն ճանաչված TÜV վկայական:
EU4Bussines ITTD նախաձեռնությունը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:
Լուսանկարը` Yell Extreme Park
Հայաստանում ընտրված ընկերություններն արկածային/բացօթյա/ակտիվ զբոսաշրջության ոլորտից են՝ զիփլայն, պարանայգի, կայակինգ, մոտոցիկլավարություն, սպորտային ճամբար եւ այլն:
TÜV վկայականի առկայությունը նշանակում է, որ տվյալ արկածային փորձառությունն իրականացվում է անվտանգության բոլոր չափորոշիչներին համապատասխան՝ ինչպես այցելուի, այնպես էլ՝ աշխատակիցների համար:
Աշխարհում TÜV անվտանգության թեստավորում են անցնում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Mercedes-Benz-ը, BMW-ն, HP-ն:
«Հուսով ենք՝ այս սերտիֆիկացումը դրական ազդեցություն կունենա շահառու ընկերությունների հեղինակության վրա ու ամբողջ աշխարհից ավելի շատ զբոսաշրջիկներ կգան Հայաստան», - TÜV վկայականների հանձնման միջոցառմանն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը:
Լուսանկարը` Yell Մեդիամաքս
Նա նշել է, որ միջազգային հայտնի ընկերության կողմից անվտանգության հավաստագիր ունենալը կարող է դառնալ նախագծի մասնակից զբոսաշրջային կազմակերպությունների մրցակցային առավելությունը շուկայում.
«Սա համապատասխանում է նպատակներին, որ ունի EU4Bussines նախաձեռնությունը: Հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր ձեռնարկներում»:
Լուսանկարը` Մեդիամաքս
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանն ասել է, որ TÜV սերտիֆիկացումը կարեւոր նվաճում է ոչ միայն շահառու հինգ կազմակերպությունների, այլեւ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի համար.
«Առողջապահության, անվտանգության ու ապահովության հարցերի մասին աշխարհում հիմա առավել շատ է խոսվում: Սա վերաբերում է նաեւ զբոսաշրջության ոլորտին: Միջազգայնորեն ճանաչված հավաստագրերը, որոնք վկայում են անվտանգության ու որակի մասին, կնպաստեն, որ Հայաստանը մրցակցային դիրք ունենա շուկայում»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սիսիան Պողոսյանը նշել է, որ արկածային զբոսաշրջությունը լինելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացման թիրախային ուղղություններից մեկն ու շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ու GIZ-ին շարունակական աջակցության համար:
EU4Bussines «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն ասել է.
«Արկածային զբոսաշրջությունը պետք է անվտանգ լինի: Պետք է լինի ժամանց՝ առանց պատահարների»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ TÜV սերտիֆիկացումը եվրոպացի զբոսաշրջիկի համար որակի շատ կարեւոր նշան է.
«Ավելի անվտանգ միջավայրով կգրավենք ավելի շատ այցելուների, այնպես որ 2022թ.-ի ամռանն ակնկալում ենք զբոսաշրջիկների թվի աճ: Ինքս էլ անհամբեր եմ, երբ կկարողանամ իմ թիմի ու ընտանիքի հետ այցելել ու օգտվել առաջարկվող զվարճանքներից»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Managment Mix ընկերությունից նախագծի համակարգող Արմեն Մոսիյանը ներկայացրել է, թե ինչպես է կազմակերպություններում անցկացվել անվտանգության աուդիտն ու ինչ փուլերով են անցել.
«Ընկերություններում աուդիտն անցկացվել է ISO 45 001 «Առողջության պահպանման եւ աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր» ստանդարտին համապատասխան: Դրա շնորհիվ հնարավոր է եղել պարզել եղած բացերն ու դրանք լրացնելու ուղիները: Այնուհետեւ յուրաքանչյուր ընկերության համար մշակվել է գործողությունների անհատական ծրագիր»:
Արմեն Մոսիյանն ասել է, որ շահառու կազմակերպությունները մինչեւ այս էլ ապահովում էին անվտանգ միջավայր այցելուների ու աշխատակիցների համար, ունեին իրենց անվտանգային մշակույթը, սակայն այդ կանոնները համակարգված չէին:
Լուսանկարը` Մեդիամաքս
TÜV Rheinland գերմանական սերտիֆիկացման ընկերության Կովկասյան ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Մարկ Զեյնունն ասել է, որ այս տարի TÜV-ը տոնում է հիմնադրման 150-ամյակը.
«Այսօր գերմանական արտադրության յուրաքանչյուր մեքենա, որ դուք վարում եք, Գերմանիայում ստուգվում է մեր կողմից: Նոր մեքենաների նախատիպերի անվտանգությունը թեստավորում է TÜV-ը: Աշխատում ենք այնպիսի հաճախորդների հետ, ինչպիսին են Mercedes-Benz-ը, BMW-ն, Volgswagen-ը, SIEMENS-ը, HP-ն եւ այլ խոշոր ընկերություններ: Աշխարհում բազմաթիվ պրոդուկտների վրա կարող եք տեսնել TÜV սերտիֆիկացման մասին վկայող եռանկյունին, որը նշանակում է՝ մենք համակարգում ենք երեք կողմի՝ մարդու, տեխնոլոգիաների ու միջավայրի միջեւ փոխգործակցությունը»:
Մարկ Զեյնունը զբոսաշրջության ոլորտում TÜV սերտիֆիկացման աշխարհահռչակ օրինակ է բերել.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այն առավել կհետաքրքրի ֆուտբոլի սիրահարներին: Մենք սերտիֆիկացրել ենք Մյունխենի «Բավարիան» եւ «Ալյանս Արենա» ստադիոնը՝ ծառայությունների որակի վերահսկման առումով»:
Հայաստանում ընկերությունը ներկայացված է 2004թ.-ից եւ համագործակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների հետ. «Հայաստանյան մեր խոշոր հաճախորդներից է ՀԷՑ-ը` Հայաստանի էլեկտրական ցանցերը սերտիֆիկացված են TÜV-ի կողմից»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի զբոսաշրջային 5 կազմակերպության սերտիֆիկացման նախագիծն իրականացրած Management Mix ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանն ասել է, որ անվտանգության ու մատուցվող ծառայությունների վերահսկման նպատակով կազմակերպություններում ամեն տարի աուդիտ է անցկացվելու.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սերտիֆիկացումը տրվում է 3 տարով, բայց այն վավեր կլինի միայն այն դեպքում, եթե հաջողությամբ անցնեք տարեկան աուդիտը: Շնորհավորում եմ, քանի որ Հայաստանում TÜV սերտիֆիկացում ունեցող առաջին զբոսաշրջային կազմակերպություններն եք»:
Նախագծով սերտիֆիկացում ստացած զբոսաշրջային փորձառություններից մեկը Yell Extreme Park-ն է, որի հիմնադիր, «Apaga projects» ՓԲԸ տնօրեն Տիգրան Չիբուխչյանը նշել է՝ մարդիկ վստահության խնդիր ունեն.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Որքան էլ հավաստիացնենք, որ մենք անվտանգ ենք, միջազգային վերիֆիկացիան անհրաժեշտություն է: Շատ հպարտ եմ թիմիս համար, որովհետեւ ստանդարտները, որոնցով աշխատում էինք մինչեւ այժմ, մեծամասամբ համապատասխանում էին ISO 45 001-ին: Արդեն իսկ կատարել էինք բավականին լուրջ աշխատանք ու անցկացված աուդիտից հետո միայն որոշ թեթեւ փոփոխություններ ենք կատարել: Ընդհանուր առմամբ, ինչպես եղել ենք անվտանգ, այդպես էլ շարունակում ենք՝ հիմա արդեն միջազգային կառույցի կողմից ստանալով լրացուցիչ հաստատում»:
«Մեր լեռները» ճամբարի հիմնադիր Էդգար Նավասարդյանը եւս կարեւորել է նման սերտիֆիկացումը մարդկանց վստահության տեսանկյունից: Ճամբարը Գոշ գյուղում է և անվտանգությունն այստեղ եւս առաջնային է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Իհարկե, սա կարեւոր է թե՛ տեղացի, թե՛ արտերկրից ժամանող զբոսաշրջիկի համար: Անվտանգությունն առաջնային է՝ անկախ տեղացի ես, թե արտերկրից ժամանած: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ TÜV սերտիֆիկացումն առավել կարեւոր կլինի եվրոպացի զբոսաշրջիկների համար, որոնք շատ լավ ծանոթ են այս կազմակերպությանն ու դրա կողմից ստուգված լինելը կընկալեն որպես որակի լուրջ նշան», - ասել է Էդգար Նավասարդյանը:
Նախատեսվում է, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների TÜV սերտիֆիկացումը շարունակական կլինի:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: