Այն, որ Հայաստանի բնակչության մոտ 35%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում, մեզ ամեն օր հիշեցնում են հոգնեցնող խցանումներն ու ազատ կայանատեղիների հազվագյուտ լինելը: Մարդիկ ձգտում են Երեւանում ապրել ոչ այն պատճառով, որ աղմուկ շատ են սիրում, կամ էլ աղտոտված օդի սիրահար են: Մայրաքաղաքում են կենտրոնացած աշխատանքն ու կրթությունը, եւ այստեղ լավ կյանքի հեռանկարն ավելի տեսանելի է:
Սակայն մեր շրջապատում կան մարդիկ, որոնք չեն փնտրում դյուրին ճանապարհներ, այլ սահմանում են մեծ նպատակներ ոչ միայն իրենց, այլեւ համընդհանուր զարգացման համար: Նման երիտասարդների համախմբմանն ու հայրենատիրության գաղափարի տարածմանն է միտված «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի գործունեությունը, որն օգնում է մարզաբնակներին կրթվել ու ստեղծել զարգացման հնարավորություններ հայրենի մարզերում:
Մեդիամաքսը ՄԵՄ ՀԿ անդամների հետ զրուցել է կազմակերպության հայեցակարգի եւ արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին:
Մեկնարկը՝ ճանաչողական արշավներից
Ստելլա Ավետիքյան, «ՄԵՄ»-ի համահիմնադիր. «Մարզերի երեխաները մարզերում»-ը սոցիալ-հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է մարզեցի երեխաների գիտելիքների ու հմտությունների զարգացմամբ, տեխնիկական եւ մենտորական աջակցությամբ:
Դեռեւս 2019 թվականին Մայիս Մարգարյանը, Արմեն Արմոս Մարտիրոսյանը, Քրիստինե Ասատրյանը եւ այլք որոշում են ստեղծել մի ծրագիր, որը մարզերի երեխաներին կպահի իրենց համայնքներում: Նրանք հիմնում են ՄԵՄ-ը, որը սկզբնական շրջանում արշավական ծրագիր էր: Տարբեր մարզերի երեխաների տանում էին այլ մարզեր, որտեղ նրանք կկարողանային շփվել մյուս մարզեցիների հետ, կապեր հաստատել, համատեղ աշխատել որեւէ ծրագրի ուղղությամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
2020 թվականին համավարակային իրավիճակի բերումով ՄԵՄ-ը վերապրոֆիլավորվեց եւ ավելի շատ անցավ օնլայն տիրույթ: Այդ ժամանակ Մայիս Մարգարյանը կամավորների էր հավաքագրում: Առաջիններից դարձանք նաեւ ես, Աիդա Ջանջուղազյանը եւ Անի Ղազարյանը:
Որոշեցինք կենտրոնանալ երեխաների հմտությունների զարգացման ուղղությամբ, կամավորական եռանդուն աշխատանքով էլ դարձանք նոր ՄԵՄ-ի համահիմնադիրները: Այժմ համակարգման աշխատանքները հիմնականում չորսով ենք անում՝ Մայիսի հետ միասին:
Հայրենատիրության գաղափարն ու կրթությունը
Ստելլա. Ներկայումս մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը մարզերի երեխաներին տարբեր ոլորտային գիտելիքների տրամադրումն է՝ ինչպես «կոշտ», այնպես էլ «փափուկ» հմտություններ՝ սկսած «քթածակից»: Մյուս ուղղությունը մենտորների տրամադրումն է: Տարբեր նախագծերի միջոցով մեզ հետ համագործակցող մենտորներն օգնում են երեխաներին ավելի արագ աճել իրենց նախընտրելի ոլորտներում, կարեւոր կապեր հաստատել:
Ունենք նաեւ տեխնիկական աջակցություն ծրագիր: Օրինակ՝ եթե երիտասարդը չունի համակարգիչ, բայց ունենալու պարագայում պատրաստակամ է աշխատել իր հմտությունների զարգացման ուղղությամբ, մեր աջակիցները մեզ օգնում են համակարգչի ձեռքբերման հարցում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեզ համար կարեւոր է նաեւ գաղափարական սեթափը, որն իրականացնում ենք համապատասխան վեբինարների եւ հայրենատիրության գաղափարի սերմանման միջոցով: Ինչու ենք խոսում հենց հայրենատիրության, այլ ոչ պարզապես հայրենասիրության մասին, որովհետեւ հայրենատիրությունը գործուն է եւ հստակ քայլեր է ենթադրում:
ՄԵՄ-ից առաջ ու հետո
Լուսինե Մանուկյան. ՄԵՄ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար թիմի անդամ. Ես Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղից եմ: Դեռեւս դպրոցական եմ, սակայն արդեն ունեմ աշխատանքային փորձ հենց ՄԵՄ-ի շնորհիվ:
ՄԵՄ-ին միացել եմ 2020-ի մարտին: Երբ դեռեւս կամավոր էի, տարբեր առաջադրանքներ էի կատարում՝ տվյալների բազայի հավաքագրում, հարցումներ, տեքստերի հետ աշխատանք: Մասնակցում էի հիմնականում 21-րդ դարի հմտություններին վերաբերող վեբինարներին, որոնք իմ անձնային աճի վրա մեծ ազդեցություն թողեցին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հենց այդ փորձով էլ հմտացա մի շարք աշխատանքներում, իսկ 2021 թվականից ընդգրկվեցի ՄԵՄ-ի մարդկային ռեսուրսների կառավարման թիմում:
Գագիկ Գրիգորյան. ՄԵՄ կրթական բաժնի ղեկավար թիմի անդամ. Գեղարքունիքի մարզի ներքին Գետաշեն գյուղից եմ: Ճանաչում էի ՄԵՄ-ի համահիմնադիր Անի Ղազարյանին ու հաճախ էի տեսնում, որ միշտ զբաղված է: Ինձ դա գրավում էր, դրա համար ես էլ դիմեցի ՄԵՄ-ին, որպեսզի կամավոր դառնամ: Ընդունելության գործընթացի մի փուլում պետք է ներկայացնեի, թե ինչ գործեր եմ կատարել: Այդ ժամանակ հասկացա, որ մինչեւ այդ պահը ոչ մի երեւելի բան չէի արել, որի մասին կարող էի խոսել: Այդ օրն իմ առջեւ նպատակ դրեցի՝ անել այնքան, որ մի օր կարողանամ հպարտանալ:
Լուսանկարը` Մեդիամաքս
ՄԵՄ-ի նախագծերի շրջանակում լավ կամավորության համար հետագայում աշխատանքի առաջարկ ստացա, որը կարող եմ իրականացնել օնլայն: Նախկինում չէի պատկերացնում, թե գյուղում ինչով պետք է զբաղվեմ: Գյուղը միշտ ձգում էր, սակայն չգիտեի, թե ինչպես պետք է համատեղեմ աշխատանքն ու գյուղ գնալը: Այժմ օնլայն աշխատանքը տալիս է այդ ճկունությունը: Քանի որ ՄԵՄ-ում բոլորս կրում ենք այն գաղափարը, որ առանց հզոր համայնքի չունենք հզոր պետություն, այդ ոգով լցված հիմա բոլոր նպատակներս միայն գյուղի հետ եմ կապել՝ ստեղծել բիզնես, բացել աշխատատեղեր:
Ինչպե՞ս դառնալ աշխարհը փոխող կամավոր
Լուսինե. ՄԵՄ-ին միանալ ցանկացողները պետք է գրեն մեր ֆեյսբուքյան էջին: Հետադարձ կապի պատասխանատուն նրանց ուղարկում է համապատասխան հայտ, որը լրացնելուց կարճ ժամանակ հետո մենք կապվում ենք դիմողի հետ: Օնլայն հանդիպման ժամանակ պատմում ենք մեր նախագծերի մասին, ներկայացնում, թե ինչ կարող է տալ ՄԵՄ-ն իրեն ու ինչ կարող է տալ ինքը ՄԵՄ-ին:
Լուսանկարը` Մեդիամաքս
ՄԵՄ-ի թիմին միացող նորեկները դառնում են աշխարհը փոխող կամավորներ: Դրանից հետո էլ հնարավորություն են ստանում մասնակցելու հմտությունների զարգացման վեբինարների ու ցանկության դեպքում կարող են կատարել կամավորական ու սիմվոլիկ վճարներով առաջադրանքներ:
Ստելլա. ՄԵՄ-ի աշխատանքը հիմա մեծապես օնլայն է, օգտագործում ենք Discord-ը, որտեղ ՄԵՄ-ի սերվերում տարբեր ալիքներ ունենք թե´ կամավորների հետ քննարկումների, թե´ կառավարման օղակների համար:
Լուսանկարը` ՄԵՄ
Երեխեքը հավաքված են մի չաթի մեջ, որտեղ էլ ներկայացնում ենք կամավորական ու սիմվոլիկ վճարով առաջադրանքներ: Այդ նախագիծը կոչվում է «Նվիրի´ր թասք»: Տարբեր մարդիկ, որ շատ գործեր ունեն ու կարող են դրանց մի մասը պատվիրակել այլ մարդկանց, իրենց առաջադրանքը «կախում են» ցանցում, երեխեքից ով ցանկանում է, կատարում է: Դա կարող է լինել ֆայլերի հետ աշխատանք, ուսումնասիրություն, լոգոների պատրաստում, վիդեոմոնտաժ եւ այլն:
Լուսանկարը` ՄԵՄ
Այս կերպ էլ առաջ ենք տանում ՄԵՄ-ի ընդհանուր գաղափարն առ այն, իրենք կարող են սովորել, զարգանալ, աշխատել ու առաջ գնալ՝ մնալով իրենց մարզում, ու նաեւ զարգացնել սեփական համայնքները:
Հաջողված նախագծեր
Ստելլա. Երբ ՄԵՄ-ի անդամ երեխեքն ինչ-որ գաղափար են ունենում, ամբողջ ցանցը լծվում է դրա իրագործմանն ու ի վերջո հաջողում:
ՄԵՄ-ի շրջանակում ստեղծել ենք մի շարք մարզային նախագծեր, որոնք հաջողված բիզնես են դարձել ու օգնում են մարզերի երիտասարդներին ունենալ աշխատանք՝ զուգահեռաբար զարգացնելով հմտությունները:
Լուսինե. Նման նախագծերից է, օրինակ, IT's a Village-ը: Այն օնլայն խանութ է, որտեղ վաճառվում են մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների պատրաստած արտադրանքները։ Դրանք ներառում ենք ֆիլամենտից եռաչափ մոդելներ եւ փայտի վրա լազերային ու նկարազարդ աշխատանքներ։
Լուսանկարը` ՄԵՄ
Ունենք նաեւ CreaTeam-ը, որը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ, այդ թվում՝ գրաֆիկ-դիզայն, վիդեոմոնտաժ, թարգմանություններ, կոնտենտ-մարքեթինգ, տվյալների հավաքագրում: Թիմի բոլոր անդամները մարզեցի պատանիներ են, որոնք մասնակցել են ՄԵՄ-ի համապատասխան դասընթացներին ու հմտացել այդ ոլորտում:
«Լիներ հեռու մի անկյուն» բիզնես նախագիծն էլ հանդիսանում է միջնորդ ծառայություն իր հանգիստը գյուղում անցկացնել ցանկացողի եւ գյուղական տների, հյուրատների միջեւ: Սա եւս ամբողջությամբ իրականացվում է մարզեցի պատանիների կողմից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեկնարկել ենք նաեւ Armenian YouTubers, «Անգլերենը բոլորի համար», «Գոյատեւման հմտություններ», «Ճանաչիր թշնամունդ» նախագծերը, որոնք առավելապես կրթական բնույթ ունեն:
Դեպի օֆլայնացում
Ստելլա. Հիմա ՄԵՄ-ը գնում է նաեւ օֆլայնացման: Դրան են ուղղված ՄԵՄ մասնաճյուղերը, որոնք տեղակայված լինելով տարբեր մարզերում, միտված են տվյալ մարզի ՄԵՄ-ականների համախմբմանը:
Խրախուսում ենք նաեւ համայնքներում երիտասարդական կենտրոնների ստեղծումը, որի համար փորձում ենք միջոցներ ներգրավվել: Արդեն իսկ ունենք հաջողված օրինակներ:
Գագիկ. ՄԵՄ օֆլայնացման գաղափարն առաջացավ 2021 թվականի օգոստոսին տեղի ունեցած ճամբարի ընթացքում, որին մասնակցեցին մեր կամավորները Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից: Հասկացանք, թե ինչքան արդյունավետ է, երբ տարբեր մարզեցիները միմյանց հանդիպելու ու նոր ծրագրեր քննարկելու հնարավորություն են ունենում:
Լուսանկարը` ՄԵՄ
«ՄԵՄ օֆլայնացում» նախագծով արդեն երկու ամիս է, ինչ սկսել ենք այցելել տարբեր համայնքներ, ներկայացնել մեր գաղափարներն ու գործունեությունը, ծանոթանալ առկա խնդիրներին ու լուծումների ուղղություն ցույց տալ:
Ինչպես աջակցել
Ստելլա. Արդեն ունենք 600-ց ավելի կամավորներ, նախատեսում ենք առաջիկա 5 տարում հասնել 5000-ի: Երեխեք ունենք, որ մտածում են, թե ՄԵՄ-ը աշխատանքի տեղավորման գործակալություն է: Նման կերպ մտածող կամավորներից մեկը հետագայում դարձավ շատ ակտիվ անդամ ու ի վերջո աշխատանքի առաջարկ էլ ստացավ մեր գործընկերներից: Տարբեր ընկերություններ հաճախ են գալիս ՄԵՄ-ից կադրեր տանելու: Հատկապես երբ մարզային միջոցառումներ է պետք կազմակերպել, մեր ցանցը դա կարող է անել լավագույն ձեւով:
Ովքեր ուզում են աջակցել ՄԵՄ-ին, կարող են մեզ գումար նվիրաբերել Buy me a coffee եւ ReArmenia հարթակների միջոցով:
Բացի տեխնիկական ու ֆինանսական աջակցությունից, նաեւ մասնագետների կարիք ունենք: Այս պահին էլ հավաքագրում ենք տարբեր մենտորների, որոնք մասնագիտացած են ժամանակակից ու Հայաստանին անհրաժեշտ հմտությունների ուղղությամբ ու կարող են այդ թեմաներով վեբինարներ կամ դասընթացներ վարել:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: