Սիրիայում ավելի քան 10 տարի տեւող քաղաքացիական պատերազմը հարյուր հազարավոր մարդկանց ունեզրկեց եւ փախստական դարձրեց: Այս հոդվածը պատմում է երեք տարբեր բնակավայրերում ապաստան գտած մարդկանց մասին, որոնք երազում են խաղաղության մասին:
Մոնտասիր Այլբոյլբոյլ
Ուկրաինա-Սիրիա-Ուկրաինա
Կիեւ, հետնախորշ, փոքրիկ բնակարան, որ բարեկարգ չես անվանի: Այնտեղ ապաստան է գտել 49 ամյա Մոնտասիր Այլբոյլբոյլի 5 անձից բաղկացած ընտանիքը: Սիրիացի տղամարդու կինը՝ 31 ամյա Յարոսլավան, ուկրաինուհի է: Զույգը ծանոթացել է 2010 թվականին Կիեւում եւ մեկ ամիս անց ամուսնացել:
Ամուսնանալուց կարճ ժամանակ անց զույգը տեղափոխվել է Սիրիա: 2011 թվականը նրանք դիմավորել են Մոնտասիրի հայրենիքում՝ երազելով բարեկեցիկ կյանքի մասին: Ընդամենը երեք ամիս անց ընտանիքի երազանքը փշուր-փշուր է եղել:
- Ինքս դեմ էի Ասադի կառավարությունը: Մասնակցում էի ցույցերին: Առաջին իսկ օրերին ձերբակալվեցի, 2 ամիս բանտում եմ անցկացրել,- պատմում է Մոնտասիրը:
-Երբ պատերազմը սկսվեց, երկիրը միանգամից փոխվեց: Տանից ելումուտի հատուկ ժամեր սահմանվեցին: Սնունդ չկար, հաց չկար, ջուր չկար: Իսկ ինձ այդ ժամանակ այնքան պետք էր նորմալ սնվել: Ես սպասում էի մեր առաջնեկին, -պատմում է կինը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հետո արդեն այդ օրերն էին երանելի դարձել զույգի համար: Գնալով խորացող ճգնաժամն ու պատերազմական գործողությունները լուրջ հետք են թողել կնոջ վրա: Ասում է, ամեն կերպ փորձել է իրեն տիրապետել, որ չվնասի պտղին, սակայն իր առջեւ դրված խնդիրն ամբողջովին հաղթահարել չի կարողացել:
- Փոքրիկս ծնվեց սրտի արատով... Նրա ծննդյան օրը ռմբակոծություն էր: Կնոջս հիվանդանոց տանկով ենք տարել...
Կարճ ժամանակ անց Յարոսլավան եւ երեխան կարողացել են տեղափոխվել Ուկրաինա: Մոնտասիրը, սակայն, հայրենիքը չի լքել. մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ շարունակել է կյանքեր փրկել, ապա ինքն է վիրավորվել, բուժվել եւ միայն 2014-ին միացել ընտանիքին՝ Սիրիայում թողնելով ամեն բան՝ տուն, մեքենա, աշխատանք:
Յարոսլավա Այլբոյլբոյլ
Օտար յուրայինների մեջ
- Ի սկզբանե մայրս դեմ էր մեր միությանը: Պատճառը ամուսնուս կրոնն էր: Բավականին մանրակրկիտ ուսումնասիրեցի կրոնը, եւ ի վերջո ես էլ կրոնափոխ եղա, ինչը վերջնական հարված էր մորս համար,- պատմում է Յարոսլավան:
- Երբ պատերազմից փախա-հասա այստեղ, սկզբում մայրս ինձ իր տուն թողեց, սակայն հետո պայման դրեց՝ կամ պետք է կրոնափոխ լինեի, կամ՝ հեռանայի իր տանից: Ես հեռացա:
Կնոջ խնդիրները միայն մոր հետ չեն: Մի ամբողջ հասարակություն չի ընդունում նրանց այսօր:
- Գիտեք, ինչքան ենք վարձով տուն փնտրել: Մեզ բնակարան չեն տալիս: Իմ գլխաշորը վանում է շատերին: Նույնիսկ դեպք է եղել, երբ հարեւանները զանգել են ոստիկանություն եւ բողոքել, թե եկեք, հասեք, այս տանը ահաբեկիչ է ապրում: Չեմ հասկանում, թե ինչու է հիջաբը ոմանց մոտ ասոցացվում ահաբեկչության հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արդեն Ուկրաինայում եւս 2 երեխա լույս աշխարհ բերած ընտանիքի խնդիրները այս 10 տարիների ընթացքում ոչ թե մեղմացել, այլ ավելի են սրվել:
- Այս պահին չունեմ հոգացավ հարազատ, որ իմ կողքին կկանգնի: Թղթաբանական խնդիրների մեջ ենք, ամուսինս փախստականի կարգավիճակով է, չի կարողանում է քաղաքացիություն ստանա, հետեւաբար, հիմնական աշխատանքի անցնել չի կարող: Մեր կյանքի դրական կետն այս պահին այն է, որ ես ի վերջո կարողացա աշխատանքի անցնել: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի եմ, իսկ գլխաշորով ուսուցչուհի ոչ մեկին պետք չէր: Մեծ ճանապարհ անցա, մինչեւ թողեցին հիջաբով դպրոց մտնել:
Երբեմնի հարուստ կյանքով ապրող ընտանիքն այսօր հյուրեր գրեթե չի ընդունում: Նեղվում են իրենց կենցաղային պայմաններից, ինձ էլ խնդրում են տանից լուսանկարներ չանել:
-Պետք չի, որ մեզ մեր այսօրվա կենցաղով ճանաչեն: Մենք դեռ ոտքի կկանգնեք, -վստահ է Յարոսլավան, ում համար անհաս երազ է թվում սեփական տանիքն ու փաստաթղթային քաոսի ավարտը:
-Մենք Սիրիայում հարեւաններ ունեինք, ովքեր տեղափոխվեցին Եվրոպա, իսկ արմատներով հայերը գնացին Հայաստան: Այնտեղ նրանց կյանքն ավելի նորմալ դասավորվեց: Փառք տիրոջը, մենք էլ արեւ դեռ կտեսնենք:
Շանթ Քահվեջյան
Պատերազմից պատերազմ
2016 թվականն էր, երբ Սիրիայից տեղափոխվեցի Հայաստան: Գալիս էի խաղաղության հետեւից: 19 տարեկան էի, հասցրել էի մասնակցել ռազմական գործողությունների. թե զենքն էլ վայր էինք դնում, հատուկ տարաների մեջ ամբարած ջուրն էինք բաժանում կարիքավորներին: Այդ տարիներին մեզ մոտ՝ Հալեպում, ջրի պակասություն շատ կար, երեկոյան ժամերին ջուրը լցնում էինք հատուկ շշերի մեջ ու փորձում պայթյուններից հեռու մնալով՝ ջուր բաժանել,-հիշում է Շանթ Քահվեջյանը, ում խաղաղ կյանքում ռումբերի պայթյունները չեն դադարել Սիրիայից հեռանալուց հետո էլ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Շանթը նոր էր տեղափոխվել Հայաստան՝ Երեւան, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը: «Ապրել հանուն հայրենիքի» գաղափարով դաստիարակված երիտասարդը անմիջապես կամավորագրվեց եւ մեկնեց Արցախ: Հետո տեղափոխվեց Գյումրի եւ միանգամից սիրահարվեց քաղաքին:
-Այս փոքրիկ քաղաքն իր կոլորիտով Հալեպն է ինձ հիշեցնում: Մարդիկ ջերմ են ու հյուրընկալ: Հորս ընկերոջ խորհրդով այստեղ ռեստորան բացեցի: Երկու տարի ապրեցի խաղաղ կյանքով ու էլի պատերազմ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կամավորագրվել եմ, Մատաղիսում էի կռվում, 100 անձից բաղկացած ջոկատով գնացինք, 24-ով հետ եկանք...
25-ամյա Շանթը, ով արդեն 3 պատերազմ է տեսել, կարոտում է Սիրիան, ծնողներին, եղբայրներին ու ընկերներին, ում թողել է այնտեղ, թողել հույսով, որ իր մայր հայրենիքում կգտնի խաղաղություն ու անհոգություն:
-Ես այստեղ ամեն բան 0-ից եմ ստեղծել, տուն չունեմ դեռ, վարձակալում եմ: Ռեստորանի տարածքն էլ վարձով է: Իսկ Հալեպում մեծ տուն ունեինք, մեքենաներ, քաղաքից դուրս էլ տուն ունեինք, որն էլ չկա: Չգիտեմ, է՜: Գնա՞մ Հալեպ: Մնա՞մ Գյումրիում: Այս պահին ինքս էլ չեմ կողմնորոշվում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Պատերազմները իրենց հետքը թողնում են ամեն դեպքում: Նրանք խմբագրում են մեր ճակատագրերը: Ես այլ կյանքի մասին էի երազում, փոքր տարիքից էի լավ կյանքի մասին մտածում, երբ դեռ դպրոց էի գնում ու պատասխանում այն հարցին, թե երբ մեծանամ, ի՞նչ եմ անելու...
Հովիկ Ամարյան
Երբ նորից կորցնում ես
51-ամյա Հովիկ Ամարյանի ընտանիքը 2012 թվականին է Հալեպից տեղափոխվել Ստեփանակերտ: Զբաղում են հողագործությամբ, նաեւ սիրական ուտեստներ մատուցող ռեստորան են բացել:
-Մեր տան շրջակայքը հենց սկսեցին ռմբակոծել, հասկացա, որ պահն է Սիրիայից դուրս գալու: Ես վաղուց էի ընտրել Արցախը: Ճանաչում էի տեղացիներին: Նրանք լավ գիտեն ինչ ասել է պատերազմ, նրանք մեր ցավը լավ են հասկանում:
Հովիկը նշում է, որ կստի, եթե ասի, թե խնդիրների չի բախվել, երբ նոր էր վերադարձել: Սակայն անտրտունջ իր գործն է արել: Հոգսերի մասին խոսել չի սիրում, այլ հիշում է թե ինչքան էր ոգեւորվել, երբ 2015-ին արդեն որակյալ բերք է ստացել:
-Մեր ընտանիքը Հալեպում կորցրեց ամեն բան՝ տուն, գրասենյակ, մեքենա... Կարծում եմ բոլորիս պատմությունը նման է... Երբ գալիս էինք Արցախ, ես ինձ հետ տարբեր ծառերի տնկիներ բերեցի, հողի հետ կռիվ տվեցինք ու հաղթեցինք:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սիրիական ճգնաժամի հետեւանքները սակայն դեռ չհաղթահարած՝ Հովիկի ընտանիքը 2020-ին նոր պատերազմի է բախվում:
- Սեպտեմբերի վերջին օրերին իմ երեք երեխաներին հանեցի Ստեփանակերտից, ուղարկեցի Երեւան: Անհանգիստ էի իրենց համար, նաեւ չէի ուզում պատերազմ տեսնեն: Բայց կարճ ժամանակ անց նրանց հետ եմ բերել:
Ամարյանների ռեստորանը արցախյան երկրորդ պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում բաց է եղել: Աշխատել են բարեգործական հիմունքներով:
-Կինս ու մայրս հաց էին թխում, ճաշեր եփում: Այդ օրերին մենք առավել եռանդով էինք աշխատում: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես էի իմ մեջ ուժ գտնում: Ասեմ՝ հողն է ինձ էներգիա տալիս: Ես ինձ երբեք այս հողում օտար չեմ զգացել, երբ գալիս էի Արցախ, ես ոչ թե պատերազմից էի փախնում, այլ վերադառնում էի իմ արմատներին: Ես այս հողում մեծ պլաններ ունեի, դեռ ունեմ, թե հաջողի, այս ճգնաժամն էլ կհաղթահարենք: Մենք դեռ ապրելու ենք: Ստեղծելու ենք:
Սիրիահայ գործարարը ինչպես Սիրիայում, այնպես էլ Արցախում պատերազմից նյութական կորուստներ է ունեցել: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից մեկում ձիթապտղի այգի ուներ: Բերքը նոր էր ստանալու, նպատակներ կային:
-Ճիշտ չեմ գտնում խոսել նյութական կորստի մասին: Նյութականը ոչինչ է: Նորից կստեղծենք: Մարդիկ են զոհվում, ճակատագրեր են խեղվում պատերազմների պատճառով: Մենք ոչ թե պետք է խոսենք նյութականի մասին, այլ՝ պատերազմների դեմն առնելու:
Արմինե Ավետիսյան
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: