QaylTech` հայկական քայլեցնող տեխնոլոգիան - Mediamax.am

3405 դիտում

QaylTech` հայկական քայլեցնող տեխնոլոգիան


Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Արսենյանը
Դավիթ Արսենյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էկզոկմախքի նախատիպը
Էկզոկմախքի նախատիպը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ձախից՝ մանկական կանգնակ, աջից՝ քայլաբեր
Ձախից՝ մանկական կանգնակ, աջից՝ քայլաբեր

Լուսանկարը` «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի և «ՔայլՏեքի»

Լուսանկարը` Մեդիամաքս

Սայլակի էլեկտրական կցորդիչը
Սայլակի էլեկտրական կցորդիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆունկցիոնալ զուգափայտի պատրաստման ընթացքը
Ֆունկցիոնալ զուգափայտի պատրաստման ընթացքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Արսենյանը
Դավիթ Արսենյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ վերջին տարիները Հայաստանի վերականգնողական կենտրոններում չկային բուժման համար անհրաժեշտ մի շարք սարքավորումներ: Տարիների աշխատանքի արդյունքում այս դիտարկմանը եկած մասնագետներն անձամբ են նախաձեռնում դրանց արտադրությունը: Այսպես է ստեղծվում վերականգնողական հատուկ ստեղծող հայկական առաջին ընկերությունը՝ «ՔայլՏեք»-ը:

 

Ընկերության հիմնադիրները Արման Եգորյանը եւ Դավիթ Արսենյանն են: Վերջինս Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է դեպի մեծ նպատակ տանող ճանապարհի մասին:

 

Քայլեցնելով զինհաշմանդամներին

 

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ կինեզիոլոգներ թիմ են կազմում ու սկսում կամավոր կերպով աշխատել հաշմանդամություն ձեռք բերած տղաների հետ: Նրանց թվում էր կինեզիոլոգ Դավիթ Արսենյանը:

 

Նվիրված աշխատանքի շնորհիվ անգամ անհույս թվացող դեպքերում մասնագետները կարողանում են նորից քայլեցնել զինվորներին:

Դավիթ Արսենյանը Դավիթ Արսենյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ընդհուպ մինչեւ գլխուղեղի ծանր վնասվածքներ ունեցող տղաների հետ ենք աշխատել: Երբ նրանց հետազոտությունների արդյունքներն ուղարկում էինք աշխարհի տարբեր հիվանդանոցներ, մեզ ասում էին՝ պացիենտը չի ապրի, իսկ եթե անգամ ապրի, կունենա «վեգետատիվ ստատուս»: Հայաստանում մենք հասանք նրան, որ իրենք ոչ միայն ապրեցին, այլեւ հիմա քայլում են, խոսում են, սպասարկում իրենք իրենց ու վայելում կյանքն այնքանով, որքանով կարող են: Սկսեցինք մտածել՝ եթե մենք դա կարողացանք անել Հայաստանում, ինչու՞ է աշխարհի անունը դուրս եկած: Հասկացանք, որ մեր վերականգնողական կենտրոններն ու հիվանդանոցները չունեն տեխնոլոգիա, մինչդեռ աշխարհի տարբեր զարգացած երկրներում դրանք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Որոշակի ուսումնասիրություններից հետո որոշեցինք Հայաստանում արտադրել նման սարքավորումներ»,- պատմում է Դավիթը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գաղափարը շոշափելի է դառնում «Քայլ Մեդ»-ի ստեղծումով, որն էլ հետագայում փոխակերպվում է «ՔայլՏեք»-ի:

 

Հայկական էկզոկմախքի ծնունդը

 

Դավիթը պատմում է, որ գործունեությունը սկսելիս ֆինանսներ չկային, կար միայն գաղափար ու այն իրագործելու մեծ ցանկություն:

 

Վերականգնողական սարքերից թերեւս ամենաբարդն ու թանկը էկզոկմախք է: Այն նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձին կրկին քայլեցնելու համար՝ մկանների կորցրած գործառույթները վերականգնելու, ուժը մեծացնելու եւ քայլքի իմիտացիայով անձին A կետից B կետ տեղափոխելու միջոցով: Սա հենց այն սարքն էր, որի ստեղծումը առաջնային էր Դավիթի համար:

 

«Չգիտեի, որ այն սարքը, որն ուզում եմ ստանալ, էկզոկմախք է կոչվում: Մասնագետների հետ խոսեցի, ասացին՝ կա նման սարք, արժեքն էլ մոտ 150 հազար դոլար է: Ասացի, որ այդ գնով կարելի է այստեղ էլ սարքել, բայց ոչ ոք չհավատաց»,- հիշում է Դավիթը:

 

Չհավատացողներն ինչ-որ առումով ճիշտ էին. այդ սարքը հաջողվեց ստանալ շատ ավելի մատչելի գնով՝ Հայաստանում արտադրելով նույնիսկ տպասալիկները: Այժմ հայկական էկզոկմախքը վերջնական ստացման փուլում է, որը «ՔայլՏեք»-ը կներկայացնի առաջիկա օրերին՝ նպատակ ունենալով սկսել սերիական արտադրություն:

Էկզոկմախքի նախատիպը Էկզոկմախքի նախատիպը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, սարքի նախագծումն ու ստեղծումը մեծ ջանքեր է պահանջել, ու իրականություն դարձել կամեցող մարդկանց շնորհիվ:

 

«Դռնեդուռ էի ընկել: Ծանոթներիցս հորդորեցին գնալ Բյուրեղավանում աշխատող լավ ինժեների մոտ: Թեեւ մեծ հույսեր չէի կապում, բայց գնացի նրան հանդիպելու ու լեզվի ծայրով ասացի էկզոկմախք արտադրելու գաղափարի մասին: Հաջորդ օրը զանգեց ու ասաց, որ պատրաստ է նախագծել սարքը: Նորից հանդիպեցինք, թեեւ գիտեի, որ նման աշխատանքը շատ թանկ արժե ու ֆինանսներ չկային: Զրույցի ընթացքում հարցրի՝ ի՞նչ կարժենա, պատասխանեց՝ ոչ մի բան, ու շարունակեց նկարագրել՝ ինչպես է պատկերացնում նախատիպի ստեղծումը: Սկզբում կարծեցի, թե չի հասկացել հարցս, եւս երկու անգամ կրկնեցի, երրորդ անգամ ասաց, որ եթե մի անգամ էլ նույն հարցը տամ, լավ կլինի պարզապես գնամ: Հենց սա էր մեր առաջին ծանոթությունը «ՔայլՏեք»-ի գլխավոր ինժեներ Վոլոդյա Հայրապետյանի հետ»,- պատմում է Դավիթը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետագայում արտադրամասը սեփականաշնորհում են ու այսօր արդեն 10-ից ավելի սարքավորումներ արտադրում՝ շարունակաբար նոր աշխատատեղեր ստեղծելով:

 

Հիվանդությունների կանխարգելում՝ քայլքի իմիտացիայով

 

Էկզոկմախքի առաջին մոդելը պատրաստ էր դեռեւս 2018 թվականին, սակայն տարիների ընթացքում այն էլի ավելի են կատարելագործել: Քանի որ սարքի ստեղծումը բարդ ու ժամանակատար էր, դրա պատրաստմանը զուգահեռ՝ ընկերությունը սկսում է մի շարք այլ սարքավորումներ նախագծել ու արտադրել. քայլաբեր, կանգնակ, կանգնակ-մահճակալ, կանգնակ-սայլակ, սայլակի էլեկտրական կցորդիչ:

 

Այս մոդելներից յուրաքանչյուրը ծնվել է ըստ պացիենտների համար դրանց անհրաժեշտությունից: Դավիթ Արսենյանի խոսքով՝ չքայլելու հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձանց մոտ զարգանում են 30-ից ավելի հիվանդություններ, որոնց կանխարգելումն անհամեմատ ավելի արդյունավետ է, քան բուժումը:

Ձախից՝ մանկական կանգնակ, աջից՝ քայլաբեր Ձախից՝ մանկական կանգնակ, աջից՝ քայլաբեր

Լուսանկարը` «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի և «ՔայլՏեքի»

«Հաշմանդամություն ունեցող անձը, որն, օրինակ, ստացել է ողնուղեղային ամբողջական վնասվածքի ախտորոշում, գալիս է վերականգնողական կենտրոն: Նպատակն այն է, որ մասնագետները կարողանան անձի ֆիզիկական հնարավորությունների չափով իրեն դարձնել ունակ ինքն իրեն սպասարկելու, ինչպես նաեւ կանխարգելել հարկադրական դիրքից առաջացող մի շարք հիվանդություններ: Երբ աշխատում էի հիվանդների հետ, նրանք որոշակիորեն կայունանում էին, հետո գնում էին տուն ու նորից գալիս 6 ամիս հետո: Այդ ընթացքում արդեն իսկ նկատվում էին այն բոլոր խնդիրները, որոնք կանխարգելելուն էր ուղղված մեր աշխատանքը, քանի որ պացիենտը տանը քայլելու հնարավորություն չուներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր ստեղծած սարքերից շատերը հենց դրա համար են: Օրինակ՝ քայլաբեր սարքը քայլքի իմիտացիա է ստեղծում, որը բավարար է հիվանդությունների կանխարգելման, կամ դրանց վերահսկելի վիճակի պահպանման համար»,-մանրամասնում է կինեզիոլոգը:

 

Սայլակով զբոսանքը՝ նոր սարքի ծնունդ

 

Դավիթը մշտապես աշխատում է զինհաշմանդամների հետ՝ առանց որեւէ շահույթի: Հարաբերություններն ընկերական են, ինչն օգնում է էլ ավելի արդյունավետ դարձնել վերականգնողական բուժումը՝ փոխադարձ ջանքի շնորհիվ:

 

«Մի անգամ զինհաշմանդամ տղաներին ասացի. եկեք միասին սայլակներով շրջենք քաղաքում: Ես էլ իրենց հետ սայլակ նստեցի: Այդ օրը զգացի, թե իրականում որքան դժվար է սայլակով թեքություն բարձրանալը, որից էլ ծնվեց էլեկտրական կցորդիչ ստեղծելու գաղափարը: Այսօր նաեւ այդ սարքն ունենք, որն ամրանում է սայլակին ու կարող է զարգացնել մինչեւ 15 կմ/ժ արագություն»,- պատմում է Դավիթը:

Սայլակի էլեկտրական կցորդիչը Սայլակի էլեկտրական կցորդիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս սարքերը ստեղծվում են փորձերի, հետազոտությունների եւ սխալների վրա սովորելու շնորհիվ: Ընկերության նորություններից է ֆունկցիոնալ զուգափայտը, որը հաշմանդամություն ունեցող պացիենտին պահում է կանգնած դիրքում:

Ֆունկցիոնալ զուգափայտի պատրաստման ընթացքը Ֆունկցիոնալ զուգափայտի պատրաստման ընթացքը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վերականգնողական կենտրոնում պացիենտի քայլքի իմիտացիա անելու համար 4-5 մասնագետ է պետք. երկու հոգի թեւատակերից են պահում, մեկը կոնքն է պահում, եւս երկուսը փորձում են ոտքերը քայլեցնել: Մեր նոր սարքի շնորհիվ ընդամենը մեկ մասնագետ կարող է հեռակառավարման վահանակի միջոցով կատարել ամբողջ գործընթացը»,- հավելում է Դավիթը:

 

Հեռանկարը՝ միջազգային պրոդուկտ

 

Ընկերության ստեղծած այս սարքերն արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են հիվանդանոցներում ու վերականգնողական կենտրոններում: Զուգահեռաբար արտադրամասում դրանց կատարելագործումը շարունակվում է:

Դավիթ Արսենյանը Դավիթ Արսենյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրինակ՝ քայլաբերն այժմ թվայնացնում ենք: Դրա վրա լինելու է էկրան, որը կգրանցի պացիենտի քայլերի քանակը, անցած ճանապարհն ու ծախսած կալորիաները: Այս տվյալները փոխանցվելու են նաեւ ընդհանուր սերվերին, որով կկարողանանք վերահսկել՝ պացիենտը քայլել է, թե ոչ»,- նշում է Դավիթը:

 

Նա համոզված է, որ սա ինքնին միջազգային բիզնես նախագիծ է, քանի որ ապահովագրական ընկերությունների համար ամենածախսատարը հենց վերականգնողական բուժումն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«ՔայլՏեք»-ի թիմը սարքերը զինհաշմանդամներին եւ այլ կարիքավորներին հասցնելու համար համագործակցում է տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ: Գտնում են բարեգործներին, ներկայացնում իրենց անցած ճանապարհն ու այն, թե ինչպես են սարքերը բարձրացնում մարդկանց կյանքի որակը: Դրանք նաեւ կրճատում են պետության առողջապահական ծախսերը՝ առաջացող հիվանդությունների կանխարգելման շնորհիվ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գուցե գտնվեն մարդիկ, որ կասեն՝ Դավիթը զինվորներին օգտագործելով բիզնես է անում: Այդ թեմային անդրադառնալ չեմ սիրում, պարզապես կասեմ, որ որեւէ զինվորից գումար չեմ վերցրել ու չեմ վերցնի: Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ եթե այս ամենը բիզնես չլինի, պարզապես կմահանա: Վերջերս Գերմանիայի դեսպանատունը չորս քայլաբերի գումար տրամադրեց, Կոլորադոյի հայ համայնքն էլ Նարեկ Սարգսյանի աջակցությամբ արդեն երեք թվայնացված քայլաբերի գումար է հատկացրել, որոնք շուտով կքայլեցնեն պացիենտներին: Այսպես են մեր սարքերը հասնում հիվանդանոցներ ու վերականգնողական կենտրոններ, իսկ ընկերության շահույթը մշտապես ներդնում ենք տեխնոլոգիաների զարգացման մեջ»,- վստահեցնում է Դավիթը:

 

Հայաստանի արտադրական վերածնունդը՝ առաքելություն

 

«ՔայլՏեք»-ի համահիմնադրի խոսքով՝ իրենց նպատակը Հայաստանի երբեմնի արտադրական ներուժը վերականգնելն ու զարգացնելն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ունենք աշխարհը փոխելու հնարավորություն: Մեր երազանքն է արտադրական Հայաստանի վերածնունդն ու խելացի հայերի համախմբմամբ աշխարհին նորովի ներկայանալը»,- ասում է նա:

 

Դավիթի խոսքով՝ նման արտադրության համար Հայաստանը շուկա լինել չի կարող: Ընկերությունը ձգտում է միջազգային ասպարեզ դուրս գալ, որի նախադրյալներն արդեն իսկ կան՝ միջազգային հավաստագիր ստացած, որակյալ ու մրցունակ արժեքով սարքավորումներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանում մեր գործունեությունը միտված է նրան, որ դրսի վաճառքով կարողանանք այստեղ մեր սարքերն անվճար ապահովել, միջնորդների կարիք այլեւս չունենանք, ու բարեգործը հենց մենք լինենք: Վստահեցնում եմ, որ մեկ տարի անց մեծ զարմանք կապրեք՝ լսելով մեր հաջողությունների մասին»:

 

Օգնելու կամքը՝ հաջողության գաղտնիք

 

Տարիների ընթացքում «ՔայլՏեք»-ի զարգացումն, իհարկե, հեշտությամբ չի տրվել: Դավիթը հիշում է, որ մի շարք ծրագրեր հաջողվել են բարի մարդկանց շնորհիվ, որոնց հանդիպել է գրեթե թեւաթափ եղած ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հասկանում ես, որ կան քո խելքի մարդիկ, ու դու մենակ չես: Առաջին հայացքից թվում է, թե դժվարությունները ֆինանսական են, բայց հավատացեք, որ ֆինանսներ հայթայթելն այսօր Հայաստանում խնդիր չէ: Խանգարող կարող են լինել նախանձ, չկամեցող մարդիկ, որ գուցե ընկեր ձեւանան, բայց հետո մեջքից հարվածեն: Դժվարությունը մարդկային բարոյական հարաբերությունների մեջ է, մնացյալը հեշտ լուծելի է»,- ասում է նա:

 

Դավիթը նախկինում բիզնես հիմնելու նպատակ չի ունեցել, ընկերության ծնունդն ու զարգացման շարժիչը բացառապես դիմացինի համար մի լավ բան ստեղծելու մեծ ցանկությունն է եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե ես ինժեներ չլինելով կարողացել եմ այսքան բան ստեղծել, ուրեմն շատ շատերը կարող են անել ավելի լավ ու մեծ գործեր, եթե միայն ցանկություն ունենան: Հայաստանում շատ են բարձիթողի վիճակում գտնվող ոլորտները: Ցանկացած մարդ կարող է մտնել այդ ոլորտներից որեւէ մեկը, եւ եթե նրա համար շահույթը լինի մեկ այլ մարդու կյանքի որակի բարելավումը, ապա շատ բան կփոխվի թե´ իր կյանքում, թե´ երկրում: Պետք է ձգտենք չնայել գումարին: Եթե սոված չես, տանիք ունես, ապա քեզնից ի՞նչ է գնում, եթե աշխատանքից 5-ին տուն գնալու փոխարեն 7-ին գնաս: Գուցե այդ ընթացքում հենց դու կարողանաս մյուսի կյանքն ավելի լավը դարձնել: Ասում են՝ Աստված վերցնում է մեր ջանքը, տեղը դնում իր օրհնությունը: Ինձ համար այս ամենն արդեն իսկ օրհնություն է»,- ամփոփում է Դավիթ Արսենյանը:

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին