Տիգրանը բացահայտում է Արեւմտյան Հայաստանի «անհայտ» լեռները - Mediamax.am

exclusive
7999 դիտում

Տիգրանը բացահայտում է Արեւմտյան Հայաստանի «անհայտ» լեռները


Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am

Լուսանկարը` ArmGeo.am


Armenian Geographic նախագծի հեղինակ, արշավորդ ու լեռնագնաց Տիգրան Վարագը փոքր տարիքում միայն Վախթանգ Անանյանի պատմվածքներում է ճամփորդել եւ որսի գնացել. Երեւանում ապրելու պատճառով բնությանը մոտ լինելու միակ տարբերակը գրքերն էին։ «Հովազաձորի գերիներ» էին անվանում իրեն ու դասընկերներին, երբ չորրորդ դասարանում Գառնի էքսկուրսիայի ժամանակ մաթեմատիկայի ուսուցչի հետ բարձրացել էին սարն ու մնացել այնտեղ. ուսուցիչն անփորձ էր, ժամանակը չէր հաշվարկել, արդյունքում գյուղացիները պարաններով էին երեխաներին իջեցրել։

Արշավելու ճիշտ երանգները

Էքսկուրսիաներին հաջորդել են համալսարանական արշավները, որից հետո Տիգրանն արդեն ինքնուրույն է սկսել արշավներ կազմակերպել։ Կրթությամբ աշխարհագրագետ երիտասարդը 2012-ին հիմնել է Armenian Geographic նախագիծն ու զբաղվել աշխարհագրական տուրիզմով։ Հայաստանի ու Արցախի հայտնի ու անհայտ լեռներն ուսումնասիրելուց հետո Armenian Geographic-ը վերջին տարիներին սկսել է ուսումնասիրել Արեւմտյան Հայաստանում գտնվող լեռները։ 

Լուսանկարը` ArmGeo.am

35-ամյա լեռնագնացը Հայկական լեռնաշխարհի մասին բոլոր բացահայտումներն այժմ ամփոփում է իր երկրորդ գրքում։ Տիգրան Շահբազյանի հետ զրուցել ենք նոր գրքի կարեւորության, Թուրքիա այցելությունների ու Հայկական լեռնաշխարհը նորովի բացահայտելու մասին։ 

 

100 տարվա ընդհատված կապը ձգելով

 

2014-ից ուսումնասիրում ու բացահայտում ենք Հայկական լեռնաշխարհը, նկատի ունենք այն լեռները, որոնք Հայաստանի տարածքից դուրս են։ 5-6 օրով ենք գնում Արեւմտյան Հայաստան։ Ստանդարտ տուրերի աշխարհագրությունն ինչպիսի՞ն է՝ Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում, Բայազետ, հիմնականում քաղաքներ են, մի քանի պատմական հուշարձաններ։ Մեր խումբն այդ ամենը մի անգամ տեսնելուց հետո այդ էջը փակեց. մեզ լեռներն էին ավելի շատ հետաքրքրում: 

 

Սկսեցինք բացահայտել այն լեռները, որոնց մասին ընդհանրապես տեղեկություն չկար։ Կոպիտ ասած՝ 100 տարի առաջվա ընդհատված կապը նորից գցեցինք լեռների մեջ։ 

Լուսանկարը` ArmGeo.am

Մարաթուկ, Անդոկ, Ծովասար, Վարագ, Արտոս, Նեմրութ. այս սարերի մասին հանդիպում էինք միայն գրականության մեջ, երգերում, բայց չէինք ճանաչում գոնե մի մարդու, որը բարձրացել է։ Օրինակ՝ Վարագավանքի մասին բոլորը գիտեն, կաթողիկոսանիստ վանք է եղել, Խրիմյան Հայրիկն է այնտեղ նստել, հայերի համար Վարագը սուրբ լեռ է համարվել, բայց ոչ մեկը չէր բարձրացել, մենք առաջինն էինք։ 

Լուսանկարը` ArmGeo.am

Նոր շունչ տալով լեռներին

 

Արեւմտյան Հայաստան վերջին անգամ 2020 թվականի հունվարին ենք գնացել, Գրգուռ լեռն ենք բարձրացել: Հայաստանից դեռ ոչ մեկը չէր բարձրացել, չնայած պատմական հայտնի լեռ է (ըստ լեգենդի՝ Նոյան տապանը կպել է այդ լեռանը, լեռը գրգռացել է, այդպես էլ Գրգուռ անունն է առաջացել)։ Բարձրացել էինք նաեւ Ընձաքիսար, որը նաեւ Կապուտկող են ասում: 

Լուսանկարը` ArmGeo.am

Ձմեռային վերելքը շատ բարդ էր, խմբից մի քանիսը հասան գագաթ, մնացածս որոշեցինք հետ իջնել, չնայած մնացել էր ընդամենը 70 մետր։ 

Լուսանկարը` ArmGeo.am

Մեր բարձրացած սարերի մասին տեղեկությունները հրապարակում ենք մեր կայքում: Դրանցից շատերն այնքան գեղեցիկ են, որ մարդիկ ցանկություն են ունենում բարձրանալու, ոմանք նույնիսկ գնացել են մեզնից հետո։ Երբեմն մեր ունեցած աշխարհագրական տեղեկությունների մեջ սխալներ ենք գտնում, ուսումնասիրում, ուղղում եւ թարմացրած տեղեկություն հրապարակում՝ «նոր շունչ» տալով լեռներին։ 

Լուսանկարը` ArmGeo.am

Արեւմտյան Հայաստանի ծրագրերով հիմնականում այն մարդիկ են հետաքրքրվում, որոնք Հայաստանի մեջ պարբերաբար արշավների են մասնակցել մեզ հետ։ Շատ հազվադեպ է նոր մարդ միանում մեր խմբերին: Գուցե շատերի համար լեռների անուններն ու տեղանքն են անծանոթ, չեն ցանկանում նոր բան փորձել: Մարդիկ ընդհանրապես սիրում են սովորական տեղեր գնալ, որոնց մասին արդեն լսել են։ Մենք էլ նման արշավները շատ չենք հանրայնացնում, քանի որ անծանոթ մարդկանց հետ դժվար է երկար ճանապարհ գնալ։

 

Կյանքն այնտեղ է 

 

Արեւմտյան Հայաստան այցելելիս զգացողությունները շատ տարբեր են, ամեն անգամ նոր բան ես բացահայտում ինքդ քո մեջ։ Ես հասկացել եմ, որ այն պատմությունը, որը մենք ունենք, շատ սխալ է ներկայացված: Կամ միգուցե ճիշտ է ներկայացված, մենք ենք սխալ ընկալել։ 

 

Ես արմատներով Վանից եմ, պապս Վանում է ծնվել։ Մինչեւ Թուրքիա գնալը պատմությունը լրիվ այլ կերպ էի ընկալում: Ամենահասարակ բանը՝ տեղացին պատմությունից տեղյակ չէ, նրա համար նորություն է, որ քեզ իր տարածքից հանել է. ինքը համոզված է, որ ինքն է մշտապես այդտեղ ապրել։ Այսինքն՝ ոչ թե տեղյակ է եւ թաքցնում է, այլ իսկապես տեղյակ չէ, ու դու նրան չես կարողանում համոզել։ Քրդերն այդ տարածքը համարում են իրենց պատմական հայրենիքը, չնայած մինչեւ հիմա էլ օգտագործում են աշխարհագրական որոշ հին հայկական անուններ՝ առանց հասկանալու, թե դա ինչ է նշանակում։ 

Լուսանկարը` ArmGeo.am

Իհարկե, առաջին այցելությունների ժամանակ շատ հուզմունքով ես վերաբերվում ամեն ինչին, երբեմն վրեժի զգացողություն է առաջանում, բայց հետագայում այդ ամենը շատ սովորական է դառնում։ Ո՞ւմ հանդեպ ունենաս վրեժի զգացում՝ մի մարդու, որը տեղյակ չէ՞: 

 

Այդ կողմերում չեղած մարդիկ հաճախ մտածում են տարածքներն ազատագրելու, վերադարձնելու մասին: Հայերը հիմնականում հնարավոր կոնֆլիկտը պատկերացնում են թուրքերի հետ, բայց երբ գնում ու տեսնում ես, որ այնտեղ ոչ թուրք կա, ոչ հայ, քրդերն են ապրում՝ ամեն ընտանիքում տասը երեխա, հսկայական գյուղ, որտեղ հարյուրավոր երեխաներ են վազվզում, հասկանում ես՝ մինչեւ մենք հայ-թուրքական հարցեր ենք քննարկում, այստեղ մարդիկ ապրում, բազմանում են ու չեն մտածում քո մասին։ Իրականությունն այն է, որ քսան միլիոն քուրդ հիմա այնտեղ ապրում է նպատակներով, երազանքներով, գաղափարներով։ Ի դեպ, ամեն երրորդ քրդի հետ խոսելիս պարզում ես, որ, օրինակ, տատը հայ է: Սկզբնական շրջանում ուրախանում ես, բայց հետո հասկանում ես, որ դա սովորական երեւույթ է։ 

Լուսանկարը` ArmGeo.am

Մշակույթների շփումը կարեւոր է: Եթե սահմանները բացվեն, ազատ այցելության հնարավորություն ունենանք մեկս մյուսի տարածք, միգուցե մարդիկ կարողանան հասկանալ, թե որն ումն է եղել։ Շատ կարեւոր է, որ մարդ այցելի ու ինքը տեսնի, ճանաչի իր պատմությունը։ Մեր ամեն ինչը գրեթե այն հատվածից է եկած։ Սասունցի Դավթի էպոսը կարդալուց հետո երբ գնում ես Սասուն, բնաշխարհը տեսնում ես, հասկանում ես, թե ինչպես է մարդը դարձել «Սասնա ծուռ»։ 

 

Լեռների երկիրն առանց լեռների գրքի

 

Հիմա աշխատում եմ իմ նոր գրքի վրա. այն Հայկական լեռնաշխարհի լեռների մասին է լինելու, ավարտական փուլում եմ։ Առաջին գրքիս մեջ Հայաստանի լեռներն էին ընդգրկված, տարիներ շարունակ Հայաստանի ու Արցախի ամենագլխավոր լեռները, բոլոր լեռնաշղթաներն ուսումնասիրելուց հետո տեղեկությունները հավաքել էի մեկ գրքում՝ հայերեն ու անգլերեն: Նոր գիրքն էլ է երկու լեզվով լինելու։ 

 

«Հայկական լեռնաշխարհ» ասվածը շատ անգամ սխալ է օգտագործվում: Այն օգտագործում են որպես քաղաքական, պատմական տերմին։ Իմ գրքով ուզում եմ բացատրել մարդկանց, որ «Հայկական լեռնաշխարհն» աշխարհագրական տերմին է, ու այն պետք է դիտարկել ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից՝ անկախ այն բանից, թե սահմանները նախկինում ու ներկայում ինչպես են, թե այդտեղ ով է ապրում: Այդ տարածքի անունը, միեւնույն է, Հայկական լեռնաշխարհ է։ 

Լուսանկարը` ArmGeo.am

Գիրքը լինելու է երկու մասից, առաջինը՝ Հայաստանի եւ Արցախի լեռները, երկրորդը՝ Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածը, որն այսօր գտնվում է Թուրքիայում, Վրաստանում եւ Իրանում։ Գրքում այնպիսի լեռներ են ներառված, որոնց մասին կարդալիս մարդիկ կզարմանան, որ նման լեռներ կան Հայկական լեռնաշխարհում, եւ դրանք ինչքան կարեւոր են եղել մեր պատմության մեջ։ 

 

Լեռները ճանաչելը, դրանց պատմական անունները գտնելն ու օգտագործելն այնքանով է կարեւոր, որ դա ազդում է աշխարհընկալման եւ լեզվամտածողության վրա։ Լեռների անունները տեղաբնակներն են դրել, լեռները եղել են որպես կողմնորոշիչ, Թուրքիայի վարած քաղաքականությունից հետո փոխվել են հայկական անունները, հիմա մենք ուզում ենք այդ տարածքներն ուսումնասիրել, լեռների անունները գտնել ու պատմական անուններն օգտագործել։ 

 

Կարծում եմ՝ այս գիրքը պետք է ավելի շուտ ստեղծվեր, ավելի շատ մարդ պետք է հետաքրքրված լիներ, որ նման գիրք լիներ: Մենք ապրում ենք լեռնային երկրում ու լեռների մասին գիրք չունենք։ 

 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները՝ Armenian Geographic-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին