Արշավելու ճիշտ երանգները - Mediamax.am

exclusive
7429 դիտում

Արշավելու ճիշտ երանգները


Տիգրան Շահբազյանը
Տիգրան Շահբազյանը

Մեկ անգամ արշավելուց հետո կամ անհամբեր կսպասես հաջորդ հանգստյան օրերին, որ էլի արշավի գնաս, կամ էլ այլեւս երբեք չես ընկնի սարեր-ձորերը: Պրոֆեսիոնալ արշավական խմբին միանալու ու ճիշտ արշավելու դեպքում գրեթե անհնար է չվարակվել արշավային մշակույթով. միայն թե եթե սկսնակ եք, անհրաժեշտ է հետեւել մի քանի կանոնների, որ արշավն առաջին ու վերջինը չդառնա:

 

Բարձր տակացուով կոշիկը պարտադիր է, գլխարկը ցանկալի, առանց ուսապարկ էլ գուցե քեզ արշավի չտանեն... Ինչո՞ւ պետք է չշփոթել արշավն էքսկուրսիայի կամ «քաղաքից դուրսի» հետ, ինչո՞ւ չվախենալ, ինչպե՞ս ճիշտ արշավել, վերջապես ինչո՞ւ սկսել արշավել. նման հարցերի ու արշավային մշակույթի մասին զրուցել ենք Armenian Geographic նախագծի հեղինակ Տիգրան Շահբազյանի հետ: 

Տիգրան Շահբազյանը Տիգրան Շահբազյանը

 

Տիգրանը կազմակերպել եւ ղեկավարել է ավելի քան 400 արշավ եւ լեռնային վերելք, նա բարձրացել է Հայաստանի գրեթե բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, անցել է ամենախոր ձորերով ու քարանձավներով: 6 տարի առաջ հիմնել է Armenian Geographic նախագիծը, որը Հայաստանում ամենահայտնի ու ակտիվ արշավական ակումբներից մեկն է:

 

Արշավային մշակույթ

 

Պետք է սկսել մատչելի արշավից, որ արշավային մշակույթը քեզ դուր գա: Ամենահայտնի արշավը Լաստիվերն է, շատերը հենց դրանից էլ սկսում են. հեշտ է ու թեթեւ, ընդամենը 6 կմ է: Մենք արդեն Լաստիվեր արշավ չենք կազմակերպում, որովհետեւ հիմա Հայաստանում ով մեկ-երկու անգամ արշավ է գնում, սկսում է ինքը կազմակերպել ու հենց Լաստիվեր գնալ: Մենք միշտ աշխատում ենք նոր վայրեր գնալ եւ հաճախ էքսպեդիցիոն արշավներ կազմակերպել:

 

Ուզում ենք մարդկանց սովորեցնել, որ արշավելը մշակույթ է. առանց ուսապարկի կամ հարմար կոշիկի մարդկանց մեզ հետ արշավ չենք տանում: Պետք է քայլես շարքով, պետք է ինքդ տանես քո ուտելիքը, դեղատուփը ու քո ջուրը... Ես կարող եմ ջուր հյուրասիրել, բայց դա ոչ թե օգնություն է, այլ ընդհակառակը՝ մարդն, ասես, իր հույսը դնում է ուրիշի վրա:

 

Ոչ թե արշավ, այլ էքսկուրսիա

 

Մարդիկ արշավն էքսկուրսիայի հետ են շփոթում, օրինակ, դասարանով պետք է գնան ինչ-որ տեղ խորոված ուտելու, ասում են՝ գնում ենք Բյուրական արշավի: Կամ ինչ-որ բանկի աշխատողներով որոշում են՝ այս կիրակի չգնա՞նք արշավ, գնում են մի «բեսեդկա» են գտնում, խորոված են անում, գուցե 1-2 կմ նաեւ քայլում են, ինչ-որ եկեղեցի են հասնում ու հետո նկարներ են հրապարակում սոցցանցերում՝ «արշավ էինք գնացել, արշավ, #արշավ... »: Մյուսն էլ մտածում է, թե դա է արշավը եւ մարդիկ սխալ ընկալում են ունենում արշավի մասին:

 

Երբ հարցնում ենք՝ արշավական փորձ ունե՞ք, կարո՞ղ եք 20 կմ հաղթահարել, հաճախ պատասխանում են, որ շատ-շատ են արշավների գնացել ու թվում են՝ Տաթեւի վանք, Հաղարծին, Հաղպատ ու այդպես մոտ 20 հատ վանք ու եկեղեցի են նշում: Վստահեցնում են, որ կարող են, բայց այն իրականում լինում է իրենց կյանքի առաջին արշավը: Իսկ առհասարակ, 15-20 կմ արշավը թեթեւ ուսապարկով նորմալ է համարվում, չնայած կախված է նաեւ տեղանքի ռելիեֆից:

 

Չգրված սխալներ

 

Սկսնակ արշավորդներն իրենց ցուցակում ունեն Արագած լեռը, որը շատ հաճախ դառնում է մարդկանց առաջին ու վերջին արշավը: Մարդիկ կան, որ արշավների չեն ուզում գնալ, բայց Արագած երազում են բարձրանալ. չեն հասկանում, որ պետք է կամաց-կամաց հասնել Արագածի գագաթին: Մի քանի անգամ արշավ պետք է գնալ, ցածր սարերից սկսել, քանի որ իրոք, շատ ծանր է մեկ օրում բարձրանալ Արագածի հյուսիսային գագաթը:

 

Իրականում, սկսնակ արշավորդի ու փորձառուի տարբերությունը մեծ չէ, որովհետեւ գուցե սկսնակը ֆիզիկապես ավելի պատրաստ է, քան հաճախ արշավ գնացողը: Ցանկալի է լինել մարզված վիճակում: Չնայած եթե մարդ մարզված էլ չլինի ու պարզապես երիտասարդ լինի՝ առանց առողջական ու քաշի խնդիրների, կարող է մեր երթուղիներով 20 կմ քայլել:

 

Ի՞նչ հագնել #պարտադիրներից

 

Կոշիկը պետք է լինի հաստ տակացուով, քանի որ լեռնային տեղանքում բարակ բոթասով կամ կեդերով քայլելիս ամեն քարը զգում ես:

 

Տաք հագուստ ունենալը նույնպես պարտադիր պայման է: Արշավել պետք է շարժումը չկաշկանդող հագուստով: Կա հատուկ արշավային հագուստ, սակայն սկզբի համար պարզապես հարմար հագնված լինելը բավարար է: Աշխարհում եւ արդեն Հայաստանում շատ ավելի մատչելի է դարձել արշավային հանդերձանքը, օնլայն խանութների միջոցով կարելի է մատչելի հագուստ պատվիրել: Եթե չկա, սովորական հարմար ջինսերով նույնպես կարելի է արշավ գնալ: Մարդ պետք է ուղղակի սկսի արշավել, սկսելուց հետո, մյուսների հետ շփվելով, տեսնում ես՝ ով ինչ է հագնում, ու եթե արշավային մշակույթը հավանեցիր, մյուս հարցերի պատասխաններն ինքնուրույն կգտնես:

 

#ցանկալիներ

 

Արշավային ձեռնափայտը շատ ցանկալի ու շատ կարեւոր է արշավելու համար, բայց եթե չունեք, ոչինչ: Նույնը արեւային գլխարկին է վերաբերում. բոլորին ասում ես դրա մասին, բայց մարդիկ կան, որոնք սկզբունքորեն հրաժարվում են գլխարկ կրելուց:

 

Ճիշտ սեզոնը

 

Հայաստանում արշավելու ճիշտ ժամանակը դեռ սխալ է ընկալվում, այստեղ է երեւում սկսնակների ու փորձառուների տարբերությունը: Փորձառուները գիտեն՝արշավել պետք է գարնանը եւ աշնանը, թեկուզ ձմռանը, բայց ոչ ամռանը: Իսկ սկսնակները սպասում են, որ ամռանը սկսեն արշավ գնալ: Ամռանը շատ դժվար է արշավել, քանի որ շոգ է, դժվար է քայլել, երբ այլեւս ոչինչ չունես վրայիցդ հանելու: Ամռանը պետք է բարձր լեռներ գնալ. 3000 մ-ից վերեւ արդեն հով է: Գուցե ձմեռն էլ հարմար չէ արշավելու համար, քանի որ համապատասխան հանդերձանքի խնդիր կա, մնում է գարուն-աշուն:

 

Մենա՞կ, թե՞ ընկերներով

 

Մարդիկ հաճախ վախենում են միայնակ արշավ գնալ. ուզում են ինչ-որ մեկին գտնել, միայն թե արշավի մենակ չգան, բայց իրականում դա ավելի վատ է: Երբ մենակ ես, ուզած-չուզած սկսում ես ինտեգրվել խմբի հետ: Մեր արշավներին լինում է մի կորիզ, որը մշտապես մասնակցում է, ու մեծ մասը միմյանց ծանոթ են: Երբ օրինակ երկու ընկերուհիներով գալիս են, հաճախ առանձնանում են ընդհանուր խմբից: Որպես առաջին քայլ՝ ես խորհուրդ եմ տալիս մարդկանց միայնակ մասնակցել արշավներին եւ չսպասել ինչ-որ մեկին, որ միանա:

 

Արշավական մեր խմբում սովորաբար լինում է 15-20 հոգի, երկու հոգի ուղեկցորդ է, մեկն առջեւից է քայլում, մյուսը հետնապահ է: Ամեն ինչ կախված է օրվանից, եղանակից, տրամադրությունից ու մարդկանցից. ոչ մի արշավական օր մյուսի նման չէ: Տարբեր մասնագիտությունների մարդիկ են լինում, բայց բոլորին նույն գաղափարն է կապում, խոսակցության հիմնական թեման լեռներն է, բնությունը, ֆոտոն... Խմբում հաճախ գերակշռում են ծրագրավորողները, հիմնականում ասում են՝ աշխատանքը նստակյաց է, դրա համար են մեզ միանում արշավելու:

 

Միայն թե արշավեք

 

Պարտադիր չէ միայն հատուկ արշավական խմբերի հետ արշավի գնալ. ավելի լավ է գնալ արշավի նույնիսկ առանց արշավական ակումբների, քան չգնալ: Ինչպե՞ս են արշավական փորձ ձեռք բերում՝ պարզապես ընկերների հետ արշավներ գնալով, ինքս էլ այդպես եմ սկսել: Եթե նրանք չեն որոշել ինչ-որ ժայռ մագլցել, այլ սովորական արշավի են գնում, կյանքին վտանգ չի սպառնա: Հայաստանում տեղանքն այնպիսին է, որ ամեն տեղ էլ կարող ես քայլել, հատուկ գետեր չկան, որ քշեն տանեն, կենդանի տեսնելու հավանականությունը նույնպես քիչ է, եթե խմբով ես: Կորելու հավանականությունն էլ 5%  տոկոս է, որովհետեւ Հայաստանի որ լեռից էլ իջնես, ինչ-որ գյուղի կհասնես:

 

Դուրս արի քո comfort zone-ից

 

Մարդիկ պարզապես վախենում են դուրս գալ իրենց հարմարավետության տարածքից (comfort zone): Կողքից նայում են մեր նկարները՝ թվում է ուրիշ աշխարհ է, կասեն՝ «վա՜խ, էս ինչ սիրուն է», բայց մտածում են՝ իրենց հասանելի չէ...

 

«Մյուս շաբաթվանից կսկսեմ արշավել, հեսա օրերը բացվի, հեսա անձրեւներն էլ վերջանա... Հետո շոգերն էլ անցնի, հետո արդեն մի քիչ ցրտեց, լավ հեսա կոշիկ կառնեմ ու նոր կարշավեմ... Պապան Մոսկվայից եկել է, հետ գնա, նոր կսկսեմ, Նոր տարին էլ անցնի կսկսեմ, քննություններս ավարտեմ ու նոր...»: Մարդիկ կան, որ այսպես արդեն 6 տարի է՝ ակտիվ հետեւում են մեր էջին, բայց դեռ չեն համարձակվում արշավել:

 

Սրանք ուղղակի պատճառներ են, եթե մարդ արշավելու համար սպասի ինչ-որ մի փուլի ավարտին, երբեւէ չի էլ սկսի: Պետք է ուղղակի որոշել ու գալ արշավի: Եղել է, որ մարդ, ընդհանրապես հետաքրքրված չլինելով, պարզապես մեր էջում նկար է տեսել, անմիջապես կապվել է մեզ հետ ու եկել արշավի: Իրականում արշավի մեջ ոչ մի բարդ կամ անհասանելի բան չկա:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Armenian Geographic նախագծի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին