Մանկություն՝ զուգահեռ հոսքով - Mediamax.am

exclusive
3547 դիտում

Մանկություն՝ զուգահեռ հոսքով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում առաջիկայում նախատեսում են լուծարել գիշերօթիկ հաստատությունները։ Պետությունը գիշերօթիկների փակման եւ դրանց վերակազմակերպման որոշումը հիմնավորում է երեխաների լավագույն շահով, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսմամբ։

 

Ոլորտի մասնագետների մի մասը պնդում է, որ սա երեխայի՝ ընտանիք վերադառնալու լավագույն տարբերակն է, մյուս մասն էլ ասում, որ եթե գործընթացը միանգամից կատարվի, ապա երեխաների իրավունքները կարող են ոտնահարվել եւ նրանք կհայտնվեն սոցիալական ծանր վիճակում։ Այդ հաստատություններում խնամք ստացող երեխաների ծնողները եւս դժգոհում են, որ լուծարումից հետո իրենք չեն կարողանա ինքնուրույն խնամել երեխաներին, հոգալ նրանց սոցիալական եւ կրթական կարիքները։

 

Խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպման եւ այլընտրանքային խնամքի ծառայությունների ստեղծման ու զարգացման գործընթացը, պատկան մարմինների վստահեցմամբ, չի վնասի որեւէ երեխայի։

 

«Գիշերօթիկ հաստատությունների փակումը ո՛չ երեխաների, ո՛չ ընտանիքների համար ռիսկային չի լինի»,- հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավաստիացնելով, որ ամեն կերպ աջակցելու են ընտանիքներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը ընտանիքների գնահատումներ է անում։ Կազմակերպության մասնագետները պարզել են, որ 30 տոկոս դեպքերում շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառու երեխայի ծնողներից մեկը կամ երկուսն էլ գիշերօթիկի նախկին սաներ են։

 

«Դա նշանակում է, որ երեխայի՝ ոչ ընտանիքում մեծանալը վերաարտադրվում է։ Բացի այդ՝ ծնողի հետ կապն այնքան է խզվում, որ անգամ 18 տարին լրանալուց եւ ընտանիք վերադարձից հետո, վերաինտեգրման լուրջ հարցեր են առաջանում»,- Մեդիամաքսին ասել է Վորլդ Վիժն Հայաստանի «Ընտանեկան միջավայր եւ ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը։

 

Նա նկատել է, որ բացի երեխաներին խնամելը՝ գիշերօթիկ հաստատությունները պետք է նաեւ ընտանիքների վերամիավորման աշխատանքներ տանեին, «բայց, երբ հետադարձ հայացք ենք գցում, հասկանում ենք, որ այն երեխան, որը մտել է գիշերօթիկ հաստատություն, շատ հազվադեպ, եզակի դեպքերում է վերադարձել ընտանիք։ Սա արդեն բավական լուրջ գործոն է, որ հասկանանք, որ գիշերօթիկներն, իրենց գործառույթի իրականացման առումով, որեւէ կերպ չեն նպաստել ընտանիքների վերամիավորմանը»։

 

Գայանե Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ հաստատություններին գումար կամ որոշակի աջակցություն տրամադրելու փոխարեն ճիշտ է ընտանիքներին աջակցելը.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ աջակցությունը, գիշերելու տեղի կամ մեկ օրվա սնունդ ապահովելուն չի վերաբերում, այլ այնպիսի աջակցություն է, որ ընտանիքին թույլ կտա ինքնուրույն գումար վաստակել՝ կամ զբաղվածություն ունենալով որեւէ գործատուի մոտ, կամ ինքնազբաղ լինելով։ Այսօրվա պետական ռազմավարության միտումներն այնպիսին են, որ այն գումարները, որոնք նախկինում տրվել են հաստատություններին, այժմ ուղղվեն ընտանիքներին, նրանց զբաղվածությունն ապահովվի, ստեղծվեն համայնքահեն ծառայություններ»։

 

Գիշերօթիկի հիմնական ծառայությունները, որոնց կարիքն ունենում են ծնողները համայնքներում, օրինակ՝ ժամանակի կամ կարողությունների պակասի առումով դասապատրաստումն է ու երեխաների խնամքը ծնողի բացակայության ընթացքում։

 

Գայանե Մարտիրոսյանն ասել է, որ երբ պետությունը միտում ունի ստեղծելու համայնքահեն ծառայություններ, դա ընտանիքին մեկ այլ աջակցության ձեւաչափ է, եւ այնտեղ երեխան կկարողանա դասերից հետո դասապատրաստում անել, խմբակների մասնակցել ու զարգանալ։

 

Նախարար Զարուհի Բաթոյանն էլ կառավարության նիստում հայտարարել է, որ «3300 երեխայի համար հանրապետության 10 մարզերում կտրամադրվեն ցերեկային ծառայություններ։ Սա հնարավորություն կտա, որպեսզի երեխան ապրի իր ընտանիքում, հաճախի հանրակրթական դպրոց»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախկինում վերաձեւակերպված գիշերօթիկներից Վանաձորի, Կապանի եւ Նուբարաշենի հաստատությունների գնահատման արդյունքում պարզվել է, որ երբ հաստատություն չկա, պահանջարկը նվազում է կամ գրեթե չի լինում, եւ երբ գալիս են ծառայություններ, որ կարող են ցերեկային խնամք ապահովել, երեխաները տուն են վերադառնում։  

 

«Այն դեպքում, երբ Վորլդ Վիժն Հայաստանը ներգրավված է եղել երեխաների եւ ընտանիքների ճակատագրերում, մինչ օրս աշխատում ենք նրանց հետո։ Անիրատեսական է, որ ընտանիքները մեկ տարում կվերափոխվեն, այսինքն՝ աջակցությունը երկարաժամկետ պիտի լինի, քանի որ արդեն երկու տարի անց մենք տեսնում ենք արդյունքները եւ ընտանիքները ինքնուրույն են սկսում խնամել երեխային»,- ասել է Գայանե Մարտիրոսյանը։

 

Ըստ նրա՝ ապաինստիտուցիոնալացման համար բավական լուրջ նախադրյալներ կան (ցերեկային կենտրոնների ընդլայնում, սոցիալական համակարգում փոփոխություններ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումից մինչեւ նպաստների համակարգի վերանայում)։

 

«Սրանք փոխկապակցված են, չեմ ցանկանում, որ հարցին նայենք միայն նեղ՝ հաստատության փակվելու պատուհանից։ Ծառայությունների ընդլայնմամբ մենք կանխում ենք բազմաթիվ երեխաների մուտքը հաստատություններ»։

 

Գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման մասին քննարկումներում հնչում են տարբեր կողմերի կարծիքները, բայց չի լսվում երեխաների ձայնը. լուսանցքից դուրս են մնում ինչպես նրանց ցանկություններն ու երազանքները, այնպես էլ առօրյան ու խնդիրները։

 

 

Մեդիամաքսի «Մանկություն՝ զուգահեռ հոսքով» ֆիլմը երկու երեխայի մասին է, որոնցից աղջիկը շուրջօրյա խնամքի, տղան՝ ցերեկային կենտրոնի սան է։ Ֆիլմը ներկայացնում է երեխաների մեկ օրը, եւ այդ առօրյա պատմությունների արանքում էլ երեւում է, թե ինչպես են ապրում այդ երեխաները, ինչ են երազում ունենալ եւ ինչի պակաս են զգում իրենց կյանքում։ Ֆիլմի հերոսների մեջ խտացված են շահառու մյուս երեխաների կերպարները, եւ երկուսի օրինակով փորձ է արվում ցույց տալ այն մանկությունը, որ ապրում են նրանք։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին