Առաքելություն՝ Հալեպ. հայկական խմբի առաջին շաբաթները - Mediamax.am

exclusive
8275 դիտում

Առաքելություն՝ Հալեպ. հայկական խմբի առաջին շաբաթները


Հայ ականազերծողները (արխիվային լուսանկար)
Հայ ականազերծողները (արխիվային լուսանկար)

Լուսանկարը` Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն

Հալեպում
Հալեպում

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Հալեպում
Հալեպում

Լուսանկարը` REUTERS

Հայ ականազերծողը (արխիվային լուսանկար)
Հայ ականազերծողը (արխիվային լուսանկար)

Լուսանկարը` Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն

Հալեպում
Հալեպում

Լուսանկարը` REUTERS

Ռուբեն Առաքելյանը
Ռուբեն Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիրիայի Հալեպ քաղաքում 2019թ․ փետրվարի 8-ից մարդասիրական առաքելություն է իրականացնում ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ)։

 

Ինչպե՞ս են հայ մասնագետները տեղավորվել Հալեպում եւ մինչ այժմ ի՞նչ աշխատանքներ են տարվել, Մեդիամաքսը պարզել է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանից, ով 4-օրյա այցով եղել է Սիրիայում, հանդիպումներ ունեցել Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների, սիրիացի եւ հայ հասարակական-քաղաքական գործիչների հետ։

 

Հիմնական անելիքները

 

Հումանիտար խմբի աշխատանքները մի քանի ուղղություններ ունեն՝ ականազերծում, պայթուցիկ նյութերի վնասազերծում, դպրոցներում եւ համայնքում ականային վտանգի իրազեկում, բժշկական օգնություն։

 

Հումանիտար ականազերծումը նշանակում է ամբողջ տարածքի մաքրում՝ նույնիսկ ամենափոքր մետաղից։ Ականազերծումն իրականացվում է այն տարածքներում, որտեղ ապրում է հայ բնակչությունը, ինչպես նաեւ մեր խմբի տեղակայման վայրի հարակից տարածքներն ենք մաքրում։

 

Հալեպում, հիմնականում, գետնի տակ դրված ականներ չեն, այլ այնպիսի զինամթերք, որոնք կրակելուց հետո չեն պայթել, մնացել են գետնին, շենքերի մեջ։ Դրանք այնքանով են վտանգավոր, որ մարդիկ, հատկապես՝ երեխաները, կարող են տեսնել, հետաքրքրությունից դրդված մոտենալ եւ պայթյունի զոհ դառնալ։

Լուսանկարը` REUTERS

Այժմ մեր հիմնական խնդիրն է հավաքել այդ ամբողջ պայթյունավտանգ առարկաները եւ դրանք հանձնել ոչնչացման, ինչն արվում է սիրիական բանակի սակրավորների ուժերով։ Մենք որեւէ դեպքում պայթեցում չենք իրականացնում։

 

Հալեպ են մեկնել փորձառու ականազերծողներ, ովքեր տիրապետում են միջազգային չափորոշիչներին։ Նրանք դպրոցներում եւ համայնքում նաեւ ականային վտանգի իրազեկում են իրականացնում, որպեսզի բնակչության շրջանում անվտանգ վարքագծի կանոններ ձեւավորվեն։ Ականազերծումը երկար տարիներ պահանջող գործողությունն է, եւ այս քայլով մենք օգնում ենք, որ մարդիկ այդ ընթացքում հնարավորինս անվտանգ տեղաշարժվեն։

 

Բժիշկներն աշխատում են հիվանդանոցներում։ Նրանց խումբը բաղկացած է բազմապրոֆիլ մասնագետներից՝ գինեկոլոգ, մաշկաբան, թերապեւտ, վիրաբույժ եւ այլն։ Նրանք աշխատում են տեղի բնակչության հետ եւ անվճար օգնություն տրամադրում ըստ անհրաժեշտության։

 

Առաջնահերթ մաքրվող տարածքները

 

Առաջնահերթ մաքրվում են այն տարածքները, որոնք տանում են դեպի ջրի պաշարներ, հանրային սպասարկման վայրեր եւ այլն։ Այնուհետեւ կսկսեն նաեւ դրանց շրջակա տարածքների ականազերծման աշխատանքները։

 

Ի տարբերություն, օրինակ, Հայաստանում ականազերծվող տարածքների, այնտեղ շատ դեպքերում ինքնաշեն պայթուցիկներ են, ոչ թե ականներ։ Այդ պայթուցիկներն ավելի վտանգավոր են, որովհետեւ հեռակառավարմամբ են աշխատում։

Հալեպում Հալեպում

Լուսանկարը` REUTERS

Մեզ, հիմնականում, բնակչությունն է մատնանշում այն վայրերը, որոնցով հաճախ տեղաշարժվում է եւ որտեղ նկատել է պայթյունավտանգ զինամթերք։ Մենք չենք կարող պլանավորել, թե ինչ հատվածներ պետք է մաքրվեն, այնպես որ՝ մի քանի օր մեր խումբը զբաղված է եղել տարածքների տեղազննմամբ, բնակչության շրջանում հարցումներով եւ առանձնացրել է կոնկրետ վայրերը։ Այս պահին այդ աշխատանքներն արդեն իրականացված են ։ Այնուհետեւ արահետներ են բացվում, մաքրվում, որոնցով առաջ են գնում դեպի վտանգավոր տարածքներ։ Մարվելուց հետո արդեն նշաններ են փակցվում, որոնք բնակչությանը տեղեկացնում են, որ տարածքը մաքրված է։

 

Խմբի տեղակայման բազան

 

Հայ մասնագետները տեղակայվել են Հալեպ քաղաքի մոտակայքում գտնվող բազայում։ Շենքը կահավորված է, վերանորոգված, կենցաղային պայմաններով ապահովված։

 

Հումանիտար առաքելության անդամներն այս աշխատանքների դիմաց վճարվում են տարբեր կառույցների, այդ թվում՝ մեր եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։

 

Բժիշկների աշխատանքային հստակ գրաֆիկ չկա, նրանք աշխատում են ըստ անհրաժեշտության՝ առանց ժամային հստակեցումների եւ բավական ծանրաբեռված։

 

Ականազերծողներն աշխատում են ըստ մեր չափորոշիչների՝ աշխատանքները սկսում են առավոտյան ժամը 09:00-ին եւ ավարտում 16։00-ին։ Այդ ժամից սկսած սիրիական բանակը կատարում է օրվա ընթացքում հայտնաբերված ականների պայթեցման աշխատանքները։

 

Կարծում եմ՝ ամենաքիչը 6-7 ամիս առաքելության խումբը դեռ կմնա այնտեղ։

 

Խմբի անվտանգությունը

 

Հայկական հումանիտար առաքելության խումբը զինված չէ։ Նրանց անվտանգությունն ապահովում է Հայաստանի Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը։

Հայ ականազերծողը (արխիվային լուսանկար) Հայ ականազերծողը (արխիվային լուսանկար)

Լուսանկարը` Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն

Ռազմական ոստիկանությունը, թեեւ հայկական բանակի կազմում է, սակայն մարտական միավոր չի համարվում եւ ոստիկանական գործառույթներ ունի։ Պարեկություն է արվում, տարածքն է վերահսկվում՝ հնարավոր հարձակումներից եւ սադրանքներից պաշտպանվելու եւ անվտանգությունն ապահովելու նպատակով։

 

Սիրիական բանակի եւ ռուսական զորամիավորումների հետ առնչությունները

 

Սիրիական բանակի եւ ռուսական զորամիավորումների հետ առնչություններն ու փոխհամագործակցությունը միայն անվտանգային նպատակներով են։ Հումանիտար խմբի դեմ հնարավոր հարձակումների դեպքում նրանք եւս ապահովելու են անվտանգությունը։

 

Սիրիական կողմի հետ գործակցությունը միայն հայտնաբերված պայթուցիկ սարքերի ոչնչացման շրջանակում է, այլ շփումներ նրանց բանակի հետ չունենք։

Հալեպում Հալեպում

Լուսանկարը` REUTERS

Ռուսական զորամիավորումների հետ գործակցությունը հիմնականում լոգիստիկ խնդիրների լուծման նպատակներով է լինում։ Ինչպես հայտնի է՝ հայ մասնագետների տեղափոխումը Հալեպ նրանց աջակցությամբ է տեղի ունեցել։ Ռուս սակրավորների հետ որոշակի փորձի փոխանակում է իրականացվում, քանի որ նրանք ավելի երկար ժամանակ են աշխատել այդ տարածքներում եւ ավելի լավ են տիրապետում տեղի խնդիրներին, ավելի հմուտ են տեղի ականների վնասազերծման գործում։

 

Համայնքի վերաբերմունքը

 

Մոտ օրերս Առաջնորդարանում կկայանա հայկական դրոշի եւ մեր կազմակերպության դրոշի օրհնումը։ Հայ համայնքի հետ հարաբերությունները շատ լավ են։

 

Երեկոյան ժամերին մեր մասնագետներին խնդրել ենք սահմանափակել տեղաշարժը՝ անվտանգության հարցերից ելնելով։ Այդ պատճառով է, որ հայկական բնակչության հետ ակտիվ շփումներ դեռ չկան։

Ռուբեն Առաքելյանը Ռուբեն Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դամասկոսում հանդիպել եմ Սիրիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գեւորգյանին, ով ասաց, որ մեր մարդասիրական առաքելությունը շատ դրական վերաբերմունքի է արժանացել։ Հայաստանում կարծիքներ են հնչում, թե այս քայլը վտանգում է Սիրիայի հայ համայնքին, բայց դա այդպես չէ։ Տեղի հայերը շատ դրական են ընդունում։ Իսկ այն խոսակցությունները, թե հայ համայնքը դրական չի վերաբերվում այդ քայլին, բացառապես սուտ հայտարարություններ են։ Ինչո՞ւ պետք է բացասական լինի, եթե այդ մարդիկ բժշկական օգնություն են ստանում, եթե մաքրվում են ճանապարհները եւ ապահովվում է նրանց անվտանգ տեղաշարժը, երեխաներին սովորեցնում են ինչպես անվտանգ տեղաշարժվել պայթյունավտանգ տարածքներում։

 

Հանդիպել եմ նաեւ նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի հետ, ով հասարակական կազմակերպություն ունի եւ հսկայական աշխատանքներ է տանում։ Նա բարձր է գնահատում մեր մասնագետների օգնությունը։ Ասում էր՝ շատ շնորհակալ ենք, գիտենք, որ դուք էլ անվտանգային խնդիրներ ունեք, բայց անգամ այդ պարագայում օգնում եք Սիրիայի ժողովրդին։

 

Երկու կողմերն էլ հիշում են, թե ինչպիսի օգնություն է ցուցաբերել Սիրիան 1915թ․-ի Ցեղասպանությունից տուժած հայերին։ Պատերազմը մեր գլխով էլ է անցել, մենք էլ ենք հասկանում այդ արհավիրքի հետեւանքներն ու ծագող դժվարությունները, մենք էլ ենք ժամանակին սպասել այդ օգնությանը։

 

Միջազգային կառույցի արձագանքը

 

Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդին եւս ներկայացրել եմ մեր առաքելության նպատակները։ Իրենք շատ դրական ընդունեցին հումանիտար ականազերծման առաքելության նպատակներն ու դպրոցներում ականային վտանգի իրազեկման ծրագիրը, ինչպես նաեւ խնդրեցին մեզ համագործակցել եւ համայնքում ու դպրոցներում հանդիպումների ժամանակ բաժանել նաեւ իրենց պատրաստած իրազեկման թերթիկները։

 

Հումանիտար ականազերծումը հինգ բաղադրիչ ունի՝ ականային ռիսկի իրազեկում, տուժածների աջակցություն, քարտեզագրում, զուտ ականազերծում եւ ականների ոչնչացմանն ուղղված քարոզչություն։ Հիմա այս բաղադրիչներին համապատասխան ստանդարտները մշակման փուլում են եւ ՄԱԿ-ի մեր գործընկերները խնդրեցին, որ մեր մասնագետները կներգրավվեն դրանում եւ իրենց առաջարկությունները ներկայացնեն։

Հալեպում Հալեպում

Լուսանկարը` REUTERS

Առաջարկել ենք նաեւ 15 սիրիացի երեխաների եւ նրանց ուղեկցող 5 մեծահասակների հյուրընկալել Հայաստանում՝ ամառային ճամբարում, որն ամեն տարի կազմակերպում ենք ականային վտանգից տուժած երեխաների համար։ Որոշ ֆինանսական հարցեր կան նրանց փոխադրման հետ կապված, փորձում ենք այդ հարցերը կարգավորել դոկտոր Յահիայի օգնությամբ։

 

Այն, որ ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնը պատրաստակամություն է հայտնում համագործակցել մեզ հետ, դա արդեն խոսում է այն մասին, թե ինչպիսի արձագանք է ստացել մեր մարդասիրական քայլը։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին