Հալեպը չլքած միակ հյուպատոսն ու չեղարկված աշխարհի վերջը - Mediamax.am

exclusive
19790 դիտում

Հալեպը չլքած միակ հյուպատոսն ու չեղարկված աշխարհի վերջը


Տիգրան Գեւորգյանը եւ ռուսաստանցի զինվորականը Հալեպում
Տիգրան Գեւորգյանը եւ ռուսաստանցի զինվորականը Հալեպում

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

ՀՀ նախագահի կողմից շքանշանի պարգեւատրման արարողության ժամանակ
ՀՀ նախագահի կողմից շքանշանի պարգեւատրման արարողության ժամանակ

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

Բերիո թեմի առաջնորդը պարգեւատրում է  Տիգրան Գեւորգյանին
Բերիո թեմի առաջնորդը պարգեւատրում է  Տիգրան Գեւորգյանին

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

Հյուպատոսության անձնակազմը` ՀՀ անկախության տոնին
Հյուպատոսության անձնակազմը` ՀՀ անկախության տոնին

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

Տիգրան Գեւորգյանը ծաղկեպսակ է դնում Ցեղասպանության զոհերի հուշարձանին, Հալեպ, 2016թ
Տիգրան Գեւորգյանը ծաղկեպսակ է դնում Ցեղասպանության զոհերի հուշարձանին, Հալեպ, 2016թ

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

Տիգրան Գեւորգյանը
Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Գեւորգյանը
Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռումբերի պայթյունների տակ, առանց էլեկտրականության ու ջրի, առանց սիրելի կնոջ, երեխաների, եւ կյանքը մազից կախված՝ Հալեպում մնացած միակ դիվանագետը, որ այդպես էլ չլքեց իր առաքելության վայրը, Հայաստանի հյուպատոսն է:

 

Տիգրան Գեւորգյանը Սիրիայում պատերազմական գործողությունների մեկնարկի ժամանակ աշխատում էր Հայաստանի դեսպանությունում, որը Դամասկոսում էր, եւ որտեղից էլ սկսեցին տեղալ պատերազմական առաջին ռումբերը:

 

Մեկ ամսով Հայաստան վերադարձած Տիգրան Գեւորգյանին հանդիպեցինք Հալեպ վերադարձից մեկ օր առաջ, նրա երեւանյան բնակարանում: Հեռախոսով զրույցի ժամանակ ներողություն խնդրեց, որ մեզ հետ հանդիպման գալ չի կարող, քանի որ թոքաբորբ է, եւ հրավիրեց իր տուն: Տիգրան Գեւորգյանը Մեդիամաքսին պատմեց անցած հինգ տարիների դժվարությունների, ամենածանր եւ ուրախ պահերի, ինչպես նաեւ ապագայի խաղաղության հանդեպ անհավանական հավատով ու պայքարի մեծ ուժով լցված մարդկանց մասին: 

 

Առաջին ռումբերը

 

Ռազմական եւ անվտանգային առումով ավելի վատ էր վիճակը Դամասկոսում: Այդ ժամանակ ես աշխատում էի մեր դեսպանությունում: Կինս եւ աղջիկս ինձ հետ էին: Ռազմական գործողությունները` կրակոցներ, կռիվներ, ճիշտ մեր տան կողքն էին կատարվում՝ 20-30 մետր հեռավորության վրա: Մենք ստիպված էինք փակվել միջանկյալ մի սենյակում, որպեսզի չվնասվենք պատահական փամփուշտներից կամ բեկորներից: Աղջիկս սովորում էր ՌԴ դեսպանության միջնակարգ դպրոցում, որը փակվեց: Մենք ուղղակի հնարավորություն չունեինք տնից դուրս գալու: Որոշեցինք ընտանիքի անդամներին էվակուացնել Դամասկոսից: Առավոտյան վաղ` ժամը 6-ին, բանակի զինվորների օժանդակությամբ կարողացանք հասնել մինչեւ մեր մեքենան եւ ընտանիքիս անդամներին տարա Լիբանան: Նույն օրը վերադարձա Դամասկոս:   

 

Լույսը բերած հյուպատոսը

 

Պատերազմական գործողությունների սկսվելուց մեկ ու կես տարի անց նշանակվեցի Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս: Հալեպն արդեն ռազմական շատ ծանր գործողությունների կիզակետում էր: Հալեպում ինձ դիմավորեցին հյուպատոսության աշխատակիցները: Նստեցինք մի կտոր հաց ուտելու, էլեկտրականությունը, որ մի քանի ամիս ընդհանրապես չէր եղել, հենց այդ պահին միացավ: Բոլորը ծիծաղում էին, թե նոր հյուպատոսն իր հետ լույսը բերեց Հալեպ:

 

Սակայն իրականությունն ավելի դառն էր, քան այդ պահի մեր պատկերացումները, իսկ 2014-ից իրավիճակն ավելի սրվեց եւ դա ձգվեց մինչեւ վերջերս, երբ ինչ-որ մի բան դեպի լավը փոխվեց: Այդ ընթացքում շատ դժվար պահեր եղան թե՛ հյուպատոսության աշխատանքի, թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ կենցաղի ապահովման տարբեր հարցերում: Աշխատում եւ ապրում էինք արտակարգ ռեժիմով` էլեկտրականության եւ ջրի բացակայության պայմաններում: Եվ դա մինչ օրս այդպես է:

Տիգրան Գեւորգյանը Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ արագ հայ բնակչության շրջանում կարողացա ձեռք բերել մտերիմներ, ընկերներ, որոնց հետ մինչ օրս շատ ջերմ բարեկամական հարաբերություններ են մեզ կապում: Գրեթե ամեն օր միասին զրուցում ենք, քննարկում քաղաքի, տեղի, ինչպես նաեւ Հայաստան եկած հայության վիճակը: Մի խոսքով, կարողանում ենք կազմակերպել կենցաղն ու աշխատանքը:

 

Դժվարությունները միայնակ հաղթահարելով

 

Վերջին շրջանում մի քանի անգամ կինս եկավ Հալեպ` մեկ-երկու ամսով, ինձ ընկերակցեց, որովհետեւ միայնակ ապրելը բավական դժվար է, հատկապես` այդպիսի պայմաններում:

 

Միայնակ ապրելը թե՛ կենցաղային, թե՛ հոգեբանական առումով դժվար է: 2012թ.-ից մենակ եմ ապրում: Գտնվելով հալեպյան իրադարձությունների կիզակետում, դժվար է ոչ միայն ինձ համար, այլեւ ընտանիքիս: Հայաստանում հեռուստացույցով լսում են, որ Հալեպը ռմբակոծվել է, անմիջապես սկսում են զանգերը` իմանալու ապահո՞վ եմ, թե՞ ոչ, ռմբակոծությունը մո՞տ է, թե՞ հեռու: Եվ մոտ եղավ, եւ մեր շենքի վրա:

 

Հրաշքով փրկվածները

 

Ես բնակվում եմ հինգհարկանի շենքում, որի տանիքին ռումբեր տեղացին: Սարսափելի իրավիճակ էր, այնպիսի պահեր էին, որ հասկացա, որ միակ ելքն այն է, որ հավաքվեմ եւ որեւէ խուճապ թույլ չտամ: Մեր շենքը հայաբնակ է, եւ դեռ մի քանի ընտանիքներ կան, նրանց հետ ընկերություն եմ անում: Մի անգամ ռումբն ընկավ հարեւան շենքի տանիքին, անմիջապես զանգահարեցի մտերիմ ընկերոջս կնոջը, ասացի` երեխաներին վերցրու, արագ իջեք ինձ մոտ: Իմ բնակարանն ավելի ապահով է, գետնահարկ: Միջանցքում աթոռներ շարեցի, երեխաներին նստեցրի ապահով տեղերում: Իրենց՝ ինձ մոտ գալուց երեք-չորս րոպե անց ռումբն ընկավ մեր շենքի վրա: Օրեր են եղել, որ մեզ թվում էր, թե կարող է աշխարհը վերջանալ:

 

Ուրախություններ՝ փլատակների արանքում

 

Այնպես չէ, որ Հալեպը միայն ծանր օրերի քաղաք է: Ժամանակին այն փայլում էր, եւ այդ փայլքի մի մասը մինչ օրս կա: Հալեպը, իսկապես, պարադոքսալ երեւույթ է, որտեղ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային այդքան ծանր պայմաններում, երբ երեք-չորս կիլոմետրի վրա ռազմական գործողություններ են ընթանում, նաեւ մեծ շուքով հարսանիքներ, մկրտություններ եւ ծնունդներ են տոնում:

 

Հրաշքի հավատի զգացողությունը երբեւէ չի լքել հալեպահայությանը: Բոլորն ասում են, որ կյանքը շարունակվում է, եւ մենք չենք կարող փակվել բնակարաններում:

 

Գրեթե բոլոր հայկական համայնքային միությունները, մարզական ու մշակութային կազմակերպությունները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցներն ամեն կերպ փորձում են շարունակել իրենց աշխատանքը: Սա խոսում է այն մասին, որ չնայած այդ պայմաններին, համայնքը, այնուամենայնիվ, ապրում է: Կարելի է ասել համայնքը վերապրեց պատերազմական շատ ծանր վիճակները, եւ հույս ունենք, որ արդեն գալիք ժամանակաշրջանը մի քիչ ավելի բարենպաստ կլինի, որ այնտեղ մնացած մեր հայրենակիցները կարողանան, ինչպես ասում են, կռնակները շտկել:

Հյուպատոսության անձնակազմը` ՀՀ անկախության տոնին Հյուպատոսության անձնակազմը` ՀՀ անկախության տոնին

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

Դուք պետք է տեսնեք, թե ինչպես են մարդիկ նշում տոները, ինչ լեցուն է եկեղեցին, եւ ինչ խանդավառություն կա այդ տոներին: Զգում ես, որ մարդիկ սպասում են հանդիսությունների, տոնակատարությունների, սրտանց դա ուզում են:

 

Սեպտեմբերին Հալեպում նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքեւի սրահում մեծ ընդունելություն էի կազմակերպել, որին շուրջ 500 հալեպահայ էին մասնակցում: Եթե ավելի մեծ թվով մարդ ընդունելու հնարավորությամբ այլ ապահով տեղ ունենայինք, ապա նրանց թիվն ավելի մեծ կլիներ: Այդ խանդավառությունը, որ կար այդ պահին, բառերով փոխանցել չեմ կարող: Մեզ հետ տոնելու էին եկել Հալեպի`այդ օրը նշանակված նոր նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը եւ այլ պաշտոնյաներ: Բոլորը մեզ հետ կիսում էին մեր ուրախությունը: Մարդիկ ունեն լավը տեսնելու եւ լավին սպասելու ցանկությունն ու հավատը: Այս հավատով են իրենք ապրում:

 

Սիրիական հողին կառչած հայերը

 

Սիրիահայությունը եւ, մասնավորապես, հալեպահայությունը շատ կառչած են իրենց հայրենիքին: Նրանք, ովքեր չլքեցին Հալեպը, որոնց հետ ես ամեն օր շփվում եմ, հասկանում եմ, որ այդ մարդիկ լքելու միտքն ի սկզբանե չէին էլ քննարկել: Իրենք որոշել էին, որ պետք է մնան: Հավատացած էին, հույս կար, որ լավ է լինելու, եւ իրենք կվերագտնեն նախկին լավ օրերը: Ուժ եւ կորով կար այդ մարդկանց մեջ:

 

Ընդհանուր առմամբ, սիրիական հողին հալեպահայության այդ կառչած լինելը շատ զարմանալի երեւույթ ու բացառիկ ուժի նշան է:

 

Հայերի սպասումներն ու միակ դիվանագիտական առաքելությունը

 

Հայերի մնալու, Հալեպում իրենց կյանքն ու գործունեությունը շարունակելու համար խթանիչ էր նաեւ մեր գլխավոր հյուպատոսության աշխատանքների շարունակումը Հալեպում: Բոլոր երկրների հյուպատոսությունները փակվեցին, եւ ողջ դիվանագիտական անձնակազմը դուրս եկավ Հալեպից, մեր պարագայում հանրապետության նախագահը քաղաքական որոշում կայացրեց, որ հյուպատոսությունը չի փակվելու, ցանկացած պայմաններում պետք է մնա, աշխատի եւ ծառայություններ մատուցի մեր հայրենակիցներին՝ սկսած մուտքի արտոնագրերի տրամադրումից, քաղաքացիության գործերի ձեւակերպումներից մինչեւ նոտարական վավերացումներ: Մեր հյուպատոսության մնալը Հալեպում, երբեմն, նաեւ ոչ աշխատանքային օրերի եւ ժամերի մշտապես բաց լինելը նպաստեցին, որ համայնքից շատեր չհուսալքվեն:

ՀՀ նախագահի կողմից շքանշանի պարգեւատրման արարողության ժամանակ ՀՀ նախագահի կողմից շքանշանի պարգեւատրման արարողության ժամանակ

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

Իրենք շատ ուզում են մեզանից լսել, որ ամեն ինչ լավ է լինելու, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի: Երբեմն, գալիս են հարցերով` «ո՞նց եք պատկերացնում այս իրավիճակը, պարոն հյուպատոս, ի՞նչ է լինելու»: Ես, անգամ ոչ այդքան լավատես լինելով, ասում եմ` մի ընկճվեք, ամեն ինչ կարգին է լինելու, ի վերջո աշխարհի մեծ պատերազմներն էլ ավարտվեցին, քաղաքները վերականգնվեցին: Այնպես որ` ոչ միայն պաշտոնական աջակցություն ցուցաբերելու, այլեւ զուտ մարդկային, ընկերական հարաբերությունների մեջ ես միշտ աշխատել եմ, որպեսզի իրենց հնարավորինս գոտեպնդեմ:

 

Վնասված հաստատություններն ու վերակառուցման ծրագիրը

 

Հալեպում այս ամբողջ ընթացքում շարունակել են գործել նաեւ հայկական ազգային կառույցները: Կան վնասված եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, որ ռմբակոծությունների արդյունքում վնասվել են: Օրինակ, մեր առաջնորդանիստ Սրբոց քառասուն մանկանց եկեղեցու տարածքն ու առաջնորդարանի մի մասը վնասվել էին, եւ շարունակում էին մնալ զինյալ խմբավորումների կողմից ռմբակոծվող շրջանում: Բայց այնտեղ էին ամբողջ Բերիո թեմի մատյանները, գրառումները, սրբապատկերները, որոնք շատ մեծ արժեք ունեն: Փառք Աստծո, դրանք չվնասվեցին:

 

Ցավոք, ունեցանք շատ մեծ կորուստներ տնտեսական առումով, Նոր գյուղ թաղամասը հիմնահատակ ավերված է, բնակելի ֆոնդն անօգտագործելի է դարձել եւ զրոյից վերակառուցման կարիք ունի: Եղա այնտեղ եւ տեսա, որ հնարավոր չէ միանգամից վերաբնակեցնել: Բայց այդուհանդերձ, մեր հայության մեջ կա տեսլականը, որ մի քիչ անվտանգ լինի, իրենք նորից կվերակառուցեն բնակարանները, կվերաբացեն խանութներն ու նորից կսկսեն ապրել առաջվա նման:

Տիգրան Գեւորգյանը ծաղկեպսակ է դնում Ցեղասպանության զոհերի հուշարձանին, Հալեպ, 2016թ Տիգրան Գեւորգյանը ծաղկեպսակ է դնում Ցեղասպանության զոհերի հուշարձանին, Հալեպ, 2016թ

Լուսանկարը` Հալեպում ՀՀ հյուպատոսարան

Ամեն դեպքում, հայ համայնքի վնասները շատ-շատ են: Հիմա արդեն, Հալեպում իրավիճակի կայունացման պայմաններում, մեր ազգային իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստում: Այնտեղ ունենք Շտապ օգնության վերականգնման մարմին, որում հայկական համայնքի աշխարհիկ, քաղաքական եւ հոգեւոր ղեկավարներն են ընդգրկված: Կազմել են Հալեպի հայկական հաստատությունների վերականգնման ծրագիր, որը պետք է վերջնական հաստատվի եւ համահայկական օժանդակությամբ իրականացվի:    

 

Արաբ ժողովրդի բարեկամությունը

 

Ես այս ընթացքում առնչություններ եմ ունեցել նաեւ արաբների հետ: Մեր համայնքը ջերմ ու բացառիկ հարաբերությունների մեջ է թե՛ արաբ քրիստոնյաների, թե՛ մահմեդականների հետ: Մեր բոլոր շփումների ընթացքում իրենք` արաբներն, ասում են` դուք` հայերդ, ոչ միայն Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ եք եւ եկաք այստեղ հիմնվելու, այլեւ եկաք ու շենացրիք Սիրիան:

 

Շատ ջերմ, կարելի է ասել ընկերական հարաբերություններ ունեմ նաեւ Հալեպի նահանգային իշխանությունների հետ: Նրանք շատ բարձր են գնահատում հանգամանքը, որ Հայաստանը չփակեց իր գլխավոր հյուպատոսությունը եւ չհեռացավ Հալեպից: Իրենք դա համարում են բարեկամի, ընկերոջ կեցվածք:

 

2016թ. ՀՀ նախագահի որոշմամբ երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն ուղարկվեց Սիրիա, հիմնականում Հալեպ, մի որոշ մասն էլ` Դամասկոս, Լաթաքիա եւ Քեսաբ: Բազմիցս ասել եմ, որ այդ օգնությունը ոչ միայն սիրիահայ համայնքին է ուղարկվում, այլեւ Սիրիայի բարեկամ ժողովրդին: Մեկ ամիս առաջ օգնություն ստացանք Ռուսաստանի հայերից` 100 տոննա ալյուր էին ուղարկել: Մի մասը գնաց Քեսաբի հայությանը, մի մասը՝ Հալեպ: Անմիջապես կապվեցի Հալեպի նահանգապետի հետ եւ ասացի` ո՞ւր ինչքան ալյուր ուղարկեմ, որպեսզի հացի գործարանները վաղը կարողանան անվճար հաց բաժանել արաբ ժողովրդին:

 

Այս ամենը վկայում են բոլոր մակարդակներում բարեկամական հարաբերությունների մասին:

 

Ամենածանր եւ ուրախ պահերը

 

Ամենածանր պահերը եղել են այն ժամանակ, երբ լուր ենք ստացել հայկական թաղամասերի ռմբակոծման եւ զոհերի մասին: Շատ ավելի ծանր պահեր եղան վերջերս` մի քանի ամիս առաջ, երբ զինյալ խմբավորումների ականանետը թիրախ վերցրեց մեր շենքից հիսուն մետր հեռավորության վրա, որտեղ հայ երեխաներ էին խաղում: Նրանք զոհվեցին… անմիջապես վազեցինք դուրս, սակայն, ցավոք, օգնելու ոչինչ այդ պահին արդեն չկար:  

 

Ամենաուրախ պահերիցս մեկն այն էր, երբ հրավեր ստացա մասնակցելու Հայկական ազգային պատսպարանի (մանկատուն) սանի հարսանիքին: Պատսպարանում մեծացած այդ աղջկա հարսանիքի հրավերը շատ մեծ ուրախությամբ ընդունեցի: Բնականաբար, ծնողներ չկային, բայց պակաս չէր նաեւ պատսպարանի խնամակալների, աղջկա ընկերների ուրախությունը: Երևի, Հալեպում եղածս ընթացքում դա ամենաուրախ պահն է եղել:

 

Խաղաղության հավատով

 

Հալեպում այս պահին հայերի թիվը տատանվում է 12-13 հազարի շրջանում, բայց Սիրիայի ծովափնյա շրջաններում շատ մեծ թվով հայեր կան, ովքեր Հալեպից են գնացել: Վստահ եմ, որ այդ շրջաններում, ինչպես նաեւ Լիբանանում եւ Հորդանանում ապաստանած հայերի մեծ մասը վերադառնալու է: Դժվարանում եմ ասել, որ Հալեպը մոտ ապագայում կլինի նախկինը, բայց վստահ եմ, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հալեպը ոտքի է կանգնելու եւ լավ է լինելու: Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը ցանկացած իրավիճակում շարունակելու է մնալ եւ աշխատել այնտեղ` ավելի մեծ եռանդով: Մեր գործունեությունը որեւէ մեկ րոպե չի դադարելու:

Տիգրան Գեւորգյանը Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հալեպահայերին ուղերձս է` ով որ դրսում է եւ ցանկություն ունի վերադառնալու, Հալեպը գրկաբաց սպասում է, իսկ ով մնացել է` նրանց էլ կմաղթեմ, որպեսզի խաղաղությունը վերջնական հաստատվի Հալեպում եւ իրենք բոլորն ապրեն իրենց մեջ փայփայած խաղաղությունը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին