Ամեն մարզում՝ երազանքի մի անկյուն - Mediamax.am

exclusive
2291 դիտում

Ամեն մարզում՝ երազանքի մի անկյուն


Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում
Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում
Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում
Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում
Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում
Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում

Դպրոցը դարձել է Լոռու մարզի Ամրակից համայնքի կենտրոնը, ավելի ճիշտ՝ դպրոցի նորակառույց գրադարանը։ Գիրք կարդալու, միջոցառում կազմակերպելու, ֆիլմ դիտելու,  ոչ «սովորական» դասեր անցկացնելու, ընկերների հետ շփվելու, երազելու համար աշակերտները վազում են գունավոր ու հարմար կահավորված այս սենյակ։

 

Հենց այսպիսի միջավայր ստեղծելու մասին էին երազում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Ամրակից տեղափոխված անգլերենի ուսուցիչ Արուսիկ Զեյնալյանն ու ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը, երբ որոշեցին դպրոցում կառուցել գրադարան։ Այն բացվեց 2018-ի մայիսին՝ մի խումբ մարդկանց ու կազմակերպությունների աջակցությամբ։

Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում

 

«Մինչ գրադարանի բացումը՝ մտածում էի մրցույթներ անցկացնել, որ երեխաները հետաքրքրվեն ընթերցանությամբ, բայց ժամանակ չեմ ունեցել։ Սակայն ինձ ոգեւորում է, որ առանց մեզ էլ աշակերտները շատ լավ օգտագործում են սենյակը, արդեն իրենցն է դարձել։ Շատ հաճելի է, երբ նոր երեխա է գալիս կամ մեկն իր գիրքը վերջացրել ու ուրիշ գիրք է փնտրում, էլ ինձ չեն մոտենում։ Ավելի շատ գրքեր կարդացած աշակերտները փոքրիկ գրադարանավարների նման սկսում են նրանց խորհուրդներ տալ»,-պատմում է Արուսիկ Զեյնալյանը։

 

Ամրակից համայնքը կունենա երազանքների գրադարան

Դպրոցի շրջանավարտներից մեկի՝ Սեդայի շնորհիվ, գրադարանը բաց է ամեն օր՝ սահմանված ժամերին։ Ավելի քան 136 ընթերցող ունեն՝ Ամրակիցի ու հարեւան գյուղերի, Ստեփանավանի աշակերտներն ու մեծահասակները։ Երեխաներն իրենց նախաձեռնությամբ մրցույթներ, միջոցառումներ են կազմակերպում։

Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում

 

Համայնքային կենտրոն դարձած գրադարանի հաջողություններից ոգեւորված՝ Հայկն ու Արուսիկը որոշեցին այսպիսի սենյակներ ստեղծել բոլոր մարզերում։ Նրանց միացան նաեւ ՏՏ ոլորտի մասնագետ ընկերները՝ Սամվելը Չոբանյանն ու Դավիթ Դադալյանը։ Բացեցին «Գրադարակ» կրթամշակութային ՀԿ-ն եւ գործարկեցին gradarak.am կայքը։ Բոլոր ցանկացողները՝ աշակերտ ու ծնող, դպրոցի ու համայնքի ղեկավար, կարող են լրացնել հայտն ու առաջարկել հաջորդ գրադարանը կառուցել իրենց համայնքում։

 

«Գյուղերի դպրոցների գրադարանները, որպես կանոն, շատ վատ վիճակում են ու գրքային ֆոնդն էլ շատ հին է։ Մենք փորձում ենք այնպիսի գյուղեր ընտրել, որոնց կողքին այլ գյուղեր էլ կան, որպեսզի ավելի շատ մարդ օգտվի։ Կարեւոր, բայց ոչ պարտադիր պայման է, որ այդ գյուղում լինի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ, որը կապահովի գրադարանի սկզբնական կյանքը։ Կարեւոր է գյուղի, գյուղական իշխանության, դպրոցի տնօրինության հետաքրքրվածությունը»,- ասում է Հայկ Զալիբեկյանը։

Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում Ամրակից համայնքի դպրոցի գրադարանում

 

Հայտերը ստանալուց եւ քննարկելուց հետո այցելում են թեկնածու դպրոցներ՝ ծանոթանալու եւ վերջնական ընտրություն կատարելու։ Հետո նախագծում են, հաշվարկում բյուջեն ու սկսում դրամահավաքը։

 

Մինչեւ 2019-ը մարտ պատրաստ կլինի եւս երկու գրադարան՝ Տավուշի մարզի Մովսես եւ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղերում։

Մովսես համայնքի դպրոցի այս դասարանը գրադարան է դառնալու Մովսես համայնքի դպրոցի այս դասարանը գրադարան է դառնալու

 

Անհրաժեշտ գումարը՝ յուրաքանչյուրի համար մոտ 9 մլն դրամ, արդեն ունեն։ Մովսեսի գրադարանը գրեթե ամբողջությամբ կառուցվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Մովսես համայնքի դպրոցի գրադարանի էսքիզային նախագիծը Մովսես համայնքի դպրոցի գրադարանի էսքիզային նախագիծը

 

Դրախտիկում նախաձեռնությանը աջակցում են «Իդրամ» վճարային համակարգն ու «Armenian charity runners team»-ը։

 

Ամրակիցի նման, այս կենտրոնները եւս կունենա գունավոր եւ որակյալ կահույք, հարմարություններ՝ ֆիլմեր դիտելու, դասախոսությունների, ընթերցանության, միջոցառումների, շփումների ու խաղալու համար։

Դրախտիկ համայնքի դպրոցի այս տարածքը գրադարան է դառնալու Դրախտիկ համայնքի դպրոցի այս տարածքը գրադարան է դառնալու

 

«Սրանք միայն գրադարաններ չեն, համայնքային կենտրոններ են դառնում։ Գիրք գտնելու եւ կարդալու համար միգուցե կան ավելի հեշտ ու էժան ճանապարհներ, բայց մենք մեր առջեւ խնդիր ենք դնում փոխել բնակիչների մտածելակերպը, որ դուրս գան իրենց գյուղի շրջանակներից, ավելի լայն մտածեն։ Ամրակիցը ցույց տվեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այդ փոփոխությունները հաճելի ու ոգեւորող են։ Դրանք են ստիպում նոր գրադարաններ բացել»,-ասում է Հայկ Զալիբեկյանը։

Դրախտիկ համայնքի դպրոցի գրադարանի էսքիզային նախագիծը Դրախտիկ համայնքի դպրոցի գրադարանի էսքիզային նախագիծը

 

Այս պահին «Գրադարակ»-ի ու նախաձեռնության հեղինակների ֆեյսբուքի էջերը «հանգիստ են»։ Դրամահավաքի մասին գրառումների փոխարեն նոր կառուցվող գրադարանների նախագծերն են:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Հայկ Զալիբեկյանի եւ Արուսիկ Զեյնալյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին